ՉԱՐԻՔՆԵՐԻՑ ՄԵԾԱԳՈՒՅՆԸ

0
Հին ճշմարտությունն ասում է, որ երկու չարիքներից պետք է ընտրել նվազագույնը: Էլ ավելի հին իմաստությունը մարդկային դաժան փորձի հիման վրա սովորեցնում է, որ երկու թշնամիներից պետք է խուսափել առավել վտանգավորից, առաջին հերթին վնասազերձել հենց նրան, իսկ անելանելի երկընտրանքի դեպքում՝ գոնե ժամանակավոր միավորվել պակաս վտանգավոր թշնամու հետ ընդդեմ առավելագույն չարիքի: Դա քաղաքականության այբուբենն է:
Երբ մենք,  ՀՀ քաղաքացիներս ենք անիծում, փնովում եւ դիմադրում ՀՀ իշխանություններին՝ դա բնական է եւ միգուցե բացարձակապես բավարար չէ: Երբ ՀՀ իշխանություններին քննադատում են արեւմտյան քաղաքական գործիչները, առաջացնելով ՀՀ պաշտոնյաների վրդովմունքն ու դժգոհությունը՝ դա էլ է հասկանալի ու ողջունելի, թեեւ նույնպես բավարար չէ: Սակայն երբ ՀՀ իշխանություններին սկսում են մեղադրել, սպառնալ եւ նրանց դեմ դավադրություններ կազմակերպել Ռուսաստանից՝ դա շատ կասկածելի է եւ վտանգավոր: Ոչ միայն այն պատճառով, որ հենց Ռուսաստանի հատուկ ծառայությունների օգնությամբ եւ Կրեմլի քաղաքական կամքով Հայաստանում իշխանության եկավ ներկայիս վարչախումբը 1999 թ. հոկտեմբերի 27-ի պետական հեղաշրջման եւ 2008 թ. մարտի 1-ի սպանդի արդյունքում: Ոչ միայն այն պատճառով նաեւ, որ մինչեւ վերջերս Մոսկվային ամեն ինչ գոհացնում էր Հայաստանում եւ այնտեղից լսվող դժգոհ ձայների անկեղծությանն այսօր դժվար է հավատալ: Այլ նախեւառաջ այն պատճառով, որ Մոսկվայից Երեւան դարից ավել գալիս է միայն չարիք, սարսափ ու մահ, այնպես որ ռսական ամեն մի նոր նախաձեռնությունը Հայաստանում որպես օրենք նախորդից էլ ավելի դաժան եւ առավել մահաբեր է մեր ազգի համար:
Ես արդեն տարուց ավել հանդգնում եմ ասել, որ Պուծինը ձգտում է հեռացնել Սերժ Սարգսյանին ոչ բավարար հավատարմության եւ հնազանդության պատճառով: Հայ հանրության համար անտանելի եւ անընդունելի դարձած ՀՀ իշխանությունը, այնումենայնիվ, չի կատարել Պուծինի կարեւորագույն պահանջները, ինչի հետեւանքն էր մասնավորապես Ապրիլայն քառօրյա պատերազմը: Դա հանդիսացավ Մոսկվայի եւ Երեւանի հակասությունների թիզակետը, թեեւ Հայաստանում քչերը հասկացան դա: Հայոց բանակի եւ քաղաքական ղեկավարության դիմադրությունը կասեցրեց Ռուսաստանի աշխարհաքաղաքական խոշորագույն արկածախնդրությունը, որի արդյունքը պետք է լիներ, ըստ Պուծինի նախագծի՝ ռսական զորքի ու բազաների տեղադրումը Արցախի հյուսիսում եւ հարավում՝ Իրանի սահմանին, նավթագազային առկա եւ նախագծվող խողովակաշարերի անմիջական հարեւանությամբ, ինչն ապահովելու էր Մոսկվային նավթի ու գազի միջազգային գների վրա ազդելու հզոր լծակ: Այդ ծրագրի տապալման պատճառով Պուծինը կրկին ստիպված եղավ մտնել Սիրիա, որտեղ անզորությունից ու կատաղությունից վերջին տվյալներով ռազմական մարտահրավեր է ներկայացնում արդեն ԱՄՆ-ին: Ես բազմիցս գրել էի, որ Պուծինը չի կարող ներել Սերժ Սարգսյանին նման կամակորություն եւ ցանկանում է փոխարինել նրան առավել հավատարիմ մեկով ՝ կամ անդեմ ու անճար մի ՛՛խորհրդարանով՛՛: Մենք տեսանք եւ դեռ շարունակում ենք տեսնել պուծինյան ՛՛թեկնածուների՛՛ շքերթը՝ Գագիկ Ծառուկյան, Արա Աբրահամյան, Հովիկ Աբրահամյան, Սամվել Կարապետյան, Կարեն Կարապետյան՝ եւ դա միայն երեւացող մասն է: Սերժը եռապատկել է իր թիկնազորը, խուսափում է Ռուսաստան մեկնելուց առանց խիստ անհրաժեշտության, վարպետորեն քանդում է ողորմելի մրցակիցների դավադրությունները եւ համփերատար ու սրտատրոփ սպասում է աշխարհի հետ Պուծինի մենամարտի ավարտը: Ընթացքում նա շարունակում է սիրաշահել եւրոպացիներին, որոնք համոզվեցին, որ 2013 թ. սեպտեմբերի 3-ը պետական բռնաբարության օրինակ էր ՀՀ հանդեպ Պուծինի կողմից, սակայն նրանք չեն վստահում Սերժին, թեեւ պարզ տեսնում են, որ նրա ընդդիմախոսներն էլ ավելի ստրկամիտ են եւ ստորաքարշ իրենց ռսամոլության մեջ:
Այս ամենը հիշելու հերթական առիթ հանդիսացավ Հայաստանին ՛՛կցված՛՛ ռուս մի գործիչ Վլադիմիր Զախորովի հոդվածը, որտեղ ռսական հմայիչ ծեր պրոֆեսորի արտաքինով այս պարոնը այնքան ճիշտ ու արդար քննադատություն է թափում Սերժ Սարգսյանի գլխին, որ ցանկացած անտեղյակ ու միամիտ հայը պետք է հիացած մնա ռուս ճշմարտասեր մտավորականի ազնվությամբ: Սակայն ես անձամբ գիտեմ պարոն Զախարովին եւ չեմ հավատում նրա անկեղծությանը: Պարոն Զախարովն իսկապես բանիմաց ու որոշ չափով կրթված անձնավորություն է, նա գլխավորում է հայկական ուսումնասիրությունների մի կենտրոն, որը գործում է, բնականաբար, մեծահարուստ հայերից մեկի փողերով եւ ժամանակ առ ժամանակ գրքույկներ է հրապարակում ռսական կայսրությանը այս կամ այն հայի հավատարմության եւ ռսական ծառայության մեջ գործած սխրանքների մասին: Այսինքն պարոն Զախորովը կատարում է ռսական կայսրության ու գաղութացման փառաբանման իր աշխատանքը հայերի փողերով, քանի որ ռսական հատուկ ծառայությունները Հայաստանի անկախության դեմ միշտ էլ գործում են հենց մեծահարուստ ու ռսահպատակ հայերի փողերով: Ռուս մտավորականը ծառայում է իր երկրին, որին ծառայում են նաեւ բոլոր ռսահպատակ հայերը, առավելեւս մեծահարուստները՝ եւ դա նրա եւ նրանց գործն է եւ իրավունքը: Սակայն այն պահից, երբ նա եւ նրա ղեկավարությունը անցնում է ուղիղ դիվերսիոն գործողություններին, ես, որպես ՀՀ քաղաքացի, մի կողմ եմ դնում Սերժ Սարգսյանին իմ անձնական շատ-շատ-շատ երկար ու ծանր մեղադրանքների ցուցակը եւ սկսում եմ պաշտպանել իմ երկրի անկախ պետականությունը: Ավաղ, ամոթ ու ցավ մեզ, որ Հայաստանի պետականությունն ու անկախությունը մարմնավորում է Սերժ Սարգսյանը: Սա մեր ողբերգությունն է: Բայց սա ՄԵՐ, ազգային, ներքին ողբերգությունն է, ինչպես որ ծանրագույն եւ հակասական, անարդար ու արյունալի զարգացումներով էր ընթանում հայոց անկախ պետականության կայացումը մինչեւ 1999 թ. հոկտեմբերի 27-ը: Կարելի է ինչպես ասեք վերաբերվել Վազգեն Սարգսյանի ու նաեւ Կարեն Դեմիրճյանի անձերին, կենսագրությանը, խառնվածքին: Մեկ բան անվիճելի է՝ նրանք հայ ազգային քաղաքական գործիչներ էին եւ իրականացնում էին հայկական ազգային քաղաքականություն, ինչպես որ հասկանում էին այն եւ կարողանում էին գործել իրենց տված ուժերի եւ ունակությունների շրջանակներում: Նրանց սպանությունը, որն անկասկած կազմակերպված էր ռսական հատուկ ծառայությունների կողմից, սպանեց նաեւ հայոց անկախ պետականությունը: Այդ պահից սկսվեց Հայաստանի ռսական զավթումը, միայն ոչ թե 11-րդ կարմիր բանակի, այլ ԿԳԲ-ի գորշ շարասյունների կողմից:
Եւ այսօր այն ամենը, ինչ ռսական հատուկ ծառայություններն ու նրանց տեղական գործակալները պատրաստում են Հայաստանում՝ դա մեր սպանված պետականության, մոլորված ազգի եւ քայքայվող երկրի ոչնչացումն է: Եւ եթե Պուծինն ու նրա գործակալներն այսօր Սերժ Սարգսյանի դեմ են՝ ես Սերժ Սարգսյանի կողմն եմ: Որքան էլ դա զավեշտալի հնչի, որքան էլ չարախնդություն դա առաջացնի ոմանց մոտ, որքան էլ անհեթեթ է դա թվում հենց ինձ համար, ով կորցրել է նրա պատճառով սիրված աշխատանքը, իմ կյանքի գործը, անգամ դասավանդելու իրավունքը, ում ընկերների մեծ մասը բանտարկված են՝ դա իմ անձնական խնդիրն ու ցավն է եւ ես մի կողմ եմ դնում այդ ամենը որոշ ժամանակով: Գոնե մինչեւ ս.թ. նոյեմբեր, երբ ՀՀ նոր համաջայնագիր պետք է կնքի ԵՄ հետ: Մինճեւ նոյեմբեր Պուծինը կարող է դեռ շատ հայկական արյուն խմել: Ու քանի դեռ իմ Հայրենիքին սպառնում է շատ ավելի ահավոր, դարավոր, արնախում ահդ հրեշը՝ ես ընտրում եմ չարիքներից փոքրագույնը եւ պայքարում եմ առավել մեծ չարիքի, առավել վտանգավոր հրեշի՝ պուծինյան օկուպացիայի դեմ: Միայն դրանից հետո, աշխարհի լուսավոր ուժերի հաղթանակից հետո պուծինյան ռեժիմի հանդեպ, հնարավոր կլինի մեր զենքն ու ցասումն ուղղել տեղական այս գաճաճների դեմ: Եթե իհարկե նրանք դեռ մնան այստեղ այդ ամենից հետո: Ինչն ինձ համար շատ կասկածելի է:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply