ՉԵՌՆՈՌՈՒՍԻԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

0

Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ լինի միշտ: Իսկ ավելի լավ է ու ճիշտ, որ Ռուսաստանի մաս դառնա: Ինչպես, օրինակ Մալոռոսիան, այսինքն փոքր Ռուսիան, այսինքն Ուկրաինան էր, կամ Բելոռուսիան, այսինքն սպիտակ Ռուսիան: Մենք էլ պետք է լինենք Չեռոռուսիա, այսինքն` սեւ Ռուսիա: Իհարկե` ազատ, անկախ ու միացյալ, յուրային իշխանությամբ,բայց Ռուսաստանի հետ ու Ռուսաստանի կազմում: Էդ դեպքում ոչ թե ծովից ծով, այլ օվկիանոսից օվկիանոս ենք տարածվելու` Կալինինգրադից մինչեւ Վլադիվոստոկ: Ի՞նչ վատ ա… Մեր կառկառուն քաղաքական գործիչներից մեկն այդպես էլ ասել էր` «Սաղ վախտ մեկի լծի տակ էինք, հմի լա՞վ չի ռսի փեշի տակ մնանք, քան թրքի»: Էս ռսի փեշը շատերին շատ դուր եկավ: Հատկապես ամռանը, երբ ռսի փեշն այդքան կարճ է:
Ռուսը մեզ միշտ փրկել ա: Սկզբից եկավ 1828 թվին ու իր օրհնած սապոգով մեզ փրկեց պարսիկներից, որոնք 451 թվից սկսած անընդհատ մեզ փորձում էին հարբած փղերով ճնշել, որ մենք քրիստոնեությունից հրաժարվենք ու էլի արեւապաշտ դառնանք: Ռուս ցարը տեսավ, որ սենք լավ չի ու 1840 թվին ընդհանրապես վերացրեց քարտեզից հայկական որեւե անուն, սարքեց գուբերնիա, որ մենք արագ դառնաինք Չեռնոռուսիա: Մեր լավն էր ուզում: Եկեղեցին ու դպրոցն էլ փակել տվեց, որ հեշտ լինի: Բայց եկան խառնակիչները` մասոն, սիոնիստ, ամերիկացի շպիոններն ու սկսեցին խանգառել: 1915 թվին հրեա ու ամերիկացի մասոնները, թրքական ֆեսեր հագած, որ ոչ ոք չճանաչի, սարքեցին Հայոց Եղեռնը: Ռուսները զորք ուղարկեցին, դես ման եկան, դեն ման եկան, բանակը հետ-առաջ բերեցին, մինչեւ բերեցին, նահանջեցին, էս թուրք-հրեա-մասոն ամերիկացիներն ու անգլիացիները սաղ հայերին կոտորեցին: Մի մասն էլ նենգաբար իրանց մոտ տարան, որ մենք ստեղ չմնանք, չբազմանանք: Մուսա Դաղից նավերով տարան, Գյումրի նրանց նավերը չհասան` սրիակաները որբանոց սարքեցին, 120 հազար հայ երեխա խաբեցին, տարան Ամերիկա, որ Չեռնոռուսիային չհասնի: Եդ քիչ էր, հլը 1920 թվին էլ մեզ ինադու Մեծ Հայաստան էին հռչակել` Սեւ ծովից մինչեւ Արցախ, 170,000 քառակուսի կիլոմետրով: Նենք մասոնական դավադրություն: Ռսները ճարահատյալ թրքերի հետ սկսեցին սիլի-բիլի անել, որ ամերիկացիներին ու անգլիացիներին ստեղից ռադ անեն: Թրքերը սկզբից չեն հավատացել, որովհետեւ երկու տարի առաջ ռսները նրանց Սարդարապատում ջարդել-կոտորել են: Բա չգիտե՞ք, որ ռսական զորքն է եղել: Տո ճէ, մեզ ուր տենց ուժ, որ թրքի դեմ կռվենք ու հաղթենք` էդ ռուսն էր մեր տեղը կռվում: Մի քանի դավաճան հայ եղավ` փորձեցին դիմադրել, բայց հետո թողեցին, փախան իրանց Ամերիկան` Անդրանիկ Օզանյանն էր, մեկ էլ Գարեգին Նժդեհը: Հաստատ, գրանտակեր էին… Դե ռսներն էլ թրքերին հաղթեցին ու որպես պատիժ տվեցին դրանց Արեւմտյան Հայաստանը, Արցախն ու Նախիջեւանը: Մնացածն էլ հռչակեցին Չեռնոռուսիա: Չեռնոռուսիայում սարքեցին ատոմակայան, մետրո, ստադիոն, այրոպորտ: Բա ո՞նց: Կարգին երկիր էր: Մի քանի ամերիկյան ու գերմանական շպիոն ստիպված բռնեցին-դատեցին` Չարենցին, Բակունցին: Մի քանիսն էլ իրանք մեքենայի տակ ընկան` Սեւակը, Մինասը: Մնացածն էլ շատ լավ էին ապրում` կալբասը էժան, օղին լիքը, ամառը` Սոչի, գարնանը` խոպան: Ռուս աղջկեք, բան-ման… Կայֆ երկիր էր… Բայց էս մասոն հրեա ամերիկացիները չէին հանգստանում` մեկ Սումգայիթ սարքեցին մեր գլխին, մեկ երկրաշարժ: Լավ ա, ռուս զինվորները փրկեցին, մեկ էլ էն Ռիժկովը եկավ, լացեց: Դրա համար երկուսին էլ արձան ենք դրել` լացող Ռիժկովին էլ, երեխուն փրկող ռուս սալդատին էլ: Գյումրիում: Ամերիկացիք ու փչացած եւրոպացիք սա որ տեսան` գժվեցին: Մի Ցէ-Ռէ-Ու ագենտ ղրգեցին, ռսի անունով, իբր թե «Պերմյակով», որ հայ ընտանիք մորթի ու փախչի իր հայրենիքը` Թուրքիա: Լավ ա, մեր ռուս պաշտպանները եդ ամերիկացի հրեային բռնեցին, հիմա դատում են իրանց բազայում:
Բայց հանգիստ չկա, ախպորս ասեմ… Ամերիկացիք ու գեյրոպացիք էլի դավեր են մոգոնում: Մենակ թե մեր գյոզալ Չեռնոռուսիան լավ չապրի: Մեր թագավոր Պուծինին գող են հանում, ասմեն` միլիարդներ ա դիզել: Բա կարողացել ա, արել ա, դու չէ՞իր անի, արյա… Աբիժնիկ գռատնակեր մասոն մեռնում են: Հմի սրա վերջը ի՞նչ ա լինելու…Մեր միակ փրկությունը Պուծինն ա, թող եդ ամերիկա-գեյրոպա պայթացնի` պրծնենք են աննամուս անասուն փչացածներից, մենք մեր չեռնոռուս-բելառուս մայլում հանգիստ ֆռֆռանք: Ռսի փեշն էլ հմի կարճ ա…

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply