ՊՈւԾԻՆԸ ”ԲՈԼՈՐԻՆ ՀԱՂԹԵՑ” ԵՎ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է ՍԻՐԻԱՅԻՑ

0
ՌԴ նախագահ Պուծինը կարճ անակնկալ այցով ժամանեց Սիրիա, որտեղ հայտարարեց ՛՛Իսլամական պետության՛՛ հանդեպ Ռուսաստանի տարած լիակատար հաղթանակի մասին եւ հրամայեց Սիրիայում տեղակայված ռուս զորքին վերադառնալ տուն:
Ջիհադական մոլեռանդների պարտության լուրը երեւի թե չափազանցված է, քանի որ դրանք ոչ թե  կանոնավոր բանակ են, այլ պարտիզանական ոճով գործող ահաբեկչական մի շարք խմբավորումներ: Սակայն տխրահռչակ ISIS-ի ակտիվությունն իսկապես նվազել է վերջին շրջանում, թեեւ հարցական է, թե ո՞վ է արդյոք այստեղ ավելի մեծ դեր խաղացել՝ ռուսական ռմբակոծիչները, քրդական ջոկատները, իրանական հատուկ ստորաբաժանումները, թե՞ ամերիկյան օգնություն ստացող սիրիական ապստամբները: Հաղթանակը միշտ շատ հայրեր ունի եւ Պուծինն առաջինը հայտնեց իր հավակնությունը: Ինչեւե, ընտրված պահը շատ հաջող է՝ ողջ մահմեդական աշխարհն ալեկոծվում է այս օրերին զայրույթից ԱՄՆ նախագահ Թրամփի Երուսաղեմը հրեական մայրաքաղաք հռչակելու միակողմանի որոշումից: Այդ իմաստով Պուծինը ստացավ եւ լավագույնս օգտագործեց սեփական համբավը բարելավելու հնարավորությունը: Նրա համար էլ ավելի կարեւոր է որպես սեփական ձեռքբերում ներկայացնել սիրիական արշավը հատկապես 2018 թ. մարտին նշանակված իր վերընտրության եւ առաջիկա Օլիմպիական խաղերում արդեն իսկ ստացած նվաստացուցիչ հարվածից առաջ:
Իրականում Սիրիայի ներքաղաքական իրավիճակն անչափ հեռու է պատերազմի ավարտից եւ որեւե քաղաքական լուծումից: Ասադի բանակը իրանցիների եւ ռուսների օգնությամբ վերահսկում են միայն երկրի ծովափնյա շրջանը, քրդերը զբաղված են հյուսիսում ձեռքբերվածի ամրապնդմամբ, Սիրիայի արեւելքը բաշխված է հակակառավարական ուժերի եւ իրանամետ ջոկատների միջեւ, կենտրոնակամ անապատային հատվածը մնում է անվերահսկելի եւ իսլամական ծայրեհեղականներով լցված: Ինչ-որ իմաստով Պուծինի որոշումը հեռանալ Սիրիայից կարող է մասամբ թեթեւացնել լարվածությունը, նկատի առնելով, որ հենց ռուսական տվյալներով ISIS-ի կազմում 10-12 հազար գրոհայինները, այսինքն ողջ այդ խմբավորման կեսը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ միջինասիական պետությունների քաղաքացիներ են, ուստի եւ որոշ չափով վերահսկվում են ռուսական հատուկ ծառայությունների կողմից:
Մեզ, հայերիս համար կարեւոր է հիշել երկու բան՝ Սիրիայի հայկական համայնքը հիմնականում վերացել է Հալեպի կործանումից հետո: Դամասկոսիժում, Դեյր-էլ-Զոհրում եւ այլ շրջաններում մնացած սիրիահայերի համար մեծագույն սխալ կլինի մտածել, որ պատերազմն իսկապես ավարտվել է եւ կյանքը կվերադառնա հին հունի մեջ: Սիրիայի ապագան մնում է վտանգված եւ լի է նոր սպառնալիքներով: Երկրորդ հանգամանքը վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը: 2015 թ. նոյեմբերին, Ռուսաստանի սիրիական արշավի ամենասկզբում ես նույն այս կայքում հոդված էի գրել ՛՛Սիրիան փրկում է Արցախը՛՛ վերնագրով: Հետագայում կրկին անդրադառնում էինք Արցախի վրա կախված վտանգը Պուծինի սիրիական արկածախնդրությամբ մեղմելու գաղափարին: Շարունակում եմ համարել, որ ե՛վ Արցախը, ե՛վ Սիրիան հանդիսացել էին Կրեմլի համար նավթագազային գներին եւ միջազգայօին խողովակաշարերին ազդելու լծակներ ձեռք բերելու նախագծեր: Ահա ինչով է մեծ մասամբ բացատրվում 2016 թ. ապրիլյան պատերազմը եւ դրա ձախողումից հետո Սիրիա վերադառնալու Պուծինի որոշումը: Ուշադիր դիտորդները հիշում են, որ դրանից առաջ Պուծինն արդեն մեկ անգամ հայտարարել էր Սիրիայից զորքը դուրս բերելու մասին, եւ դա իմ կարծիքով Արցախի համար ամենավտանգավոր պահն էր, քանի որ այդժամ Կրեմլը որոշել էր իր նպատակներին հասնել ոչ թե Սիրիայում թանկարժեք եւ անարդյունավետ գործողություններով, այլ հեշտ ու էժան թվացող ՛՛փոքր պատերազմով՛՛ Արցախում: Ես այդ մասին գրավոր ու նաեւ հեռուստաեթերով բազմիցս ահազանգել էի 2015-16 թթ. ձմռանն ու գարնանը: Միայն հայոց բանակի հերոսության եւ պաշտոնական Երեւանի այդ պահին կոշտ դիրքի շնորհիվ ռուս-ադրբեջանական ՛՛blitz krieg”-ը տապալվեց եւ Պուծինը ստիպված եղավ կրկին զորք ու նավատորմ ուղարկել Սիրիա: ՛՛Նավապետ Կուզնեցողի՛՛ չարաբաստիկ արշավը երեւի չեք մոռացել:
Եւ ահա Մոսկվան երկրորդ անգամ է պատրաստվում Դամասոկոսում ՛՛Սլավոնուհու հրաժեշտը՛՛ հնչեցնել՝ ռսական զորքի հեռանալու ավանդական քայլերգը: Ի՞նչ փոխվեց այս երկու տարիների ընթացքում: Փոխվեց մեկ կարեւոր հանգամանք՝ Ռուսաստանի դիրքը աշխարհում: Հանդգնեմ կրկին կանխատեսել մոտալուտ զարգացումները եւ պնդել, որ սա իրականում Մոսկվայի գլոբալ նահանջն է աշխարհաքաղաքական իր բոլոր դիրքերից՝ Ուկրաինայից եւ Սիրիայից սկսած, մինչեւ Մոլդովա եւ Հայաստան: Հուսանք, որ պաշտոնական Երեւանը սթափ է գնահատում ընթացող զարգացումները եւ վերջերս ԵՄ-ՀՀ կնքված պայմանագիրը կարծես թե հենց դա է վկայում: Ինչեւե, մենք պարտավոր ենք պատրաստ լինել հարյուր տարվա մեջ Ռուսաստանի երրորդ նահանջին մեր տարածաշրջանից՝ 1918 եւ 1991 թթ. հետո: Այդ նահանջը համընկնում է Հայոց անկախության վերականգնման 100-ամյակին եւ մենք գոնե այս անգամ պետք է անպատրաստ չլինենք մեծագույն մարտահրավերների եւ հնարավորթյունների մոտեցող պահին:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply