ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԼԵՏԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՄՓՈՒՇՏԸ

0

Ծանր սրտով ու երբեմն էլ նոխկանքով եմ կարդում մեր շուրջը սրնթած զարգացող քաղաքական իրավիճակի վերաբերյալ որոշ հայ եւ սփյուռքահայ մեկնաբանների արձագանքը: ՛՛Բուդինը մեզ սուրպ Արարադ լեռը կվերադարձնէ՛՛, ՛՛ Թուրքիո հատուցման ժամը հասած է՛՛,՛՛Ռուսաստանը կարող է զրկել Թուրքիան տարածքի երեսուն տոկոսից՛՛ եւ այլ նման զառանցանքներով են լցված այս օրերին սոցիալական ցանցերը, կուսակցական վարձու մամուլը եւ օլիգարխներին պատկանող հեռուստաեթերը:  Երբ մեր նահատակների ոսկորների վրա իրենց քաղաքական խրախճանքն են սարքում կայսրության իշխանովոր խուլիգանները, դա հասկանալի է: Զզվելի է, երբ ապուշության ու անմեղսունակության այս շքերթին մասնակցում են հայ սապոգասեր ստրկամիտները Հայաստանում ու Սփյուռքում:

Պետք է բացարձակապես անտեղյակ լինել համաշխարհային ու տարածաշրջանային պատմությանն ու քաղաքականությանը նման զառանցանք դուրս տալու ու տարածելու համար: Ցանկացած երկրի, հատկապես խոշոր պետության արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը խիստ համակարգված է եւ ծառայում է այդ պետության ազգային շահերին ու կողմնորոշմանը: Ռուսաստանի քաղաքականությունը մահմեդական Միջին եւ Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Թուրքիայի վերաբերյալ, նույնպես խիստ համակարգված ու ավանդական է, դարեր շարունակ: Բոլոր բախումներով ու պատերազմներով հանդերձ, այդ քաղաքականության առանցքը մնում է անփոփոխ՝ Ռուսաստանը ազդեցության ոլորտներ է կիսում եւ այդ երբեմն փոփոխվող սահմաններում սերտորեն համագործակցում է իր հարավ-արեւելյան իսլամական հարեւանների հետ Արեւմուտքի ներկայության եւ ազդեցության դեմ: Այդպես էին վարվում ռուս արքաները, հետո բոլշեւիկյան առաջնորդները, հիմա էլ ճիշտ այդպես է վարվում նաեւ ժամանակակից Ռուսաստանը: Ավելին՝ դեռ երբեք սույն գաղափարը չեր ընդունել սկզբունքային տեսլականի այնպիսի հղկված ձեւ, ինչպես այժմ՝ Դուգինի, Կուրղինյանի, Ժիրինովսկու եւ այլ ՛՛եվրասիության առաքյալների՛՛ ջանքերով: Դեռ երբեք ռուսական կայսրության բարձրաստիճան ջատագովները չէին արտահայտվում այսպիսի անկեղծությամբ ռուսական ուղղափառության եւ իսլամի մտերմության, Ռուսաստանի եւ թաթար-մոնղոլական ընդհանուր արմատների, պատմության ու շահերի մասին, ինչպես վերջերս Պուծինն ու պատրիարք Կիրիլը: Հայաստանին այս աշխարհակալական ցնորքում հատկացված է ՛՛ֆորպոստի՛՛, այսինքն հենակետի, փորձադաշտի, մարտական փամփուշտի անփառունակ դերը: Ոչ ավելին: Թուրքիայի հետ ռուսական այսօրվա տարաձայնությունները նույնպես կրում են զուտ մարտավարական բնույթ, որը հատուկ ընդգծում է Պուծինը, ասելով, որ նրանք ՛՛բարեկամական պատություններ են՛՛ եւ համարելով վերջին բախումը ՛՛հարված մեջքին՛՛, այսինքն դավաճանություն: Իսկ դավաճանությունն ու մեջքին հարվածը գալիս է ոչ թե թշնամուց այլ դաշնակցից, որին ՛՛զոհը՛՛ միամտաբար դարձնում է իր անպաշտպան մեջքը: Սա ոչ առաջին եւ ոչ վերջին հարվածն է Թուրքիայի կողմից Ռուսաստանի մեջքին, ինչպես նաեւ ոչ առաջին ու վերջին հարվածը Ռուսաստանի կողմից՝ Թուրքիայի տեսանկյունից: Ղրիմի զավթումը Եկատերինայի օրոք կամ Ստալինի չկայացած հարձամումը երկրորդ աշխարհամարտի ավարտին նույն ավանդույթի մաս են կազմում: Սակայն այս ամենը երբեք չի վերացնում հին կայսերական օրենքը՝ մեծ տերությունները համագործակցում են ու դաշնակցում տարածաշրջանի մեծագույն եւ գերակա ուժի հետ: Մեր տարածաշրջանում Ռուսաստանը մշտապես ընտրում է գերակայող մահմեդական տարրը, օգտագործելով Հայաստանն ու հայերին իբրեւ մանրադրամ ու փամփուշտ Թուրքիայի հետ հարաբերություններում: Ահա ինչու ռուս արքաները հենվում էին հայերի վրա միայն սեփական  սահմանների ընդլայնման ժամանակ, սակայն անվերապահորեն գերադասում էին սուլթանական շահերը մեր ազգային պայքարի ընթացքում: Սա բնավ ոչ միայն ռուսական ավանդույթ է, այլ ցանկացած կայսրության մշտական դիրքորոշումն է գաղութների հանդեպ: Հենց այդ մասին էր խոսում անգլիական հետախույզ գնդապետ Լոուրենսը, երբ զգուշացնում էր միամիտ ամերիկացիներին հայերի անսպառ ներուժի եւ վտանգավոր նկրտումների մասին իր տխրահռչակ հարցազրույցում: Հատկանշական է, որ գոռոզ բրիտանացին կայսերական իր քարոզը կարդում էր հենց ամերիկացիներին, ովքեր իդեալիստական միամտությամբ էին վերաբերվում համաշխարհային քաղաքականությունը դեռեւս XX դարի սկզբին եւ հենց Հայաստանն էին ընտրել իրենց օգնության ու օժանդակության նպատակ Եղեռնից հետո ըստ նախագահ Վիլսոնի նախագծի: Լոուրենս Արաբիացու ցինիկ դատողությունները կարող էին նորություն թվալ ամերիկացիներին, սակայն դրանք միանգամայն հասկանալի էին ռուս դիվանագետներին, որոնք նույն տարիներին հենց լոուրենսյան կայսերական գաղափարներով էին առաջնուդվում հայկական հարցում, հմտորեն օգտվելով հայ կամավորների ռազմական սխրանքներից թրքական ռազմաճակատում, եւ սառնասրտորեն հետ քաշելով բանակը ամեն մի առաջխաղացումից հետո, որպեսզի թրքերը կոտորեն ազատագրված տարածքում մնացած խաղաղ հայ բնակչությանը, տեղ բացելով հետագա ռուսական զավթման համար: Սա է կատարվել ուղիղ հարյուր տարի առաջ ռուս-թրքական ռազմաճակատում, հայոց տարածքի ու հայ ժողովրդի հաշվին: Այս նույն տրամաբանությամբ են առաջնորդվում Ռուսաստանի այսօրվա ղեկավարները Թուրքիայի հետ իրենց հերթական մարտավարական հակամարտության ընթացքում: Սարսափելի է, երբ հայերի մի ստվար զանգված, հատկապես ՛՛հարյուրամյա պատմական կուսակցությունների՛՛ խոսնակները կույր հավերի նման նորից ու նորից մտնում են նույն ծուղակը, որի մասին իր հայտնի բեմադրության մեջ զգուշացնում էր փայլուն դերասան Վարդան Պետրոսյանը: Ավաղ, մեզ մոտ քաղաքական գործիչները դերասանությամբ են զբաղվում, ստիպելով արվեստագետներին զբաղվել քաղաքականությամբ:

Հայաստանի համար փրկվելու եւ գոյատեւելու միակ բաղադրատոմսը գտնվում է նույն կայսերական մեծ քաղաքականության չգրված բայց հայտնի օրենքների շտեմարանում: Փոքր երկրի գոյատեւումը հարեւան խոշոր գիշատիչների արանքում ապահովելու համար անհրաժեշտ է ձեռք բերել երրորդ ուժի աջակցությունը: Մեր աչքի առաջ այս հին օրենքը հաջողությամբ կիրառում են քրդերը, ստեղծելով իրենց անկախ պետությունը Արեւմուտքի հետ սերտ ռազմական եւ քաղաքական համագործակցությամբ: Քրիստոնեական Հայաստանի համար այդ երրորդ փրկարար ուժը անփոփոխ է արդեմ մեկ հազարամյակից ավել՝ դա նույն քրիստոնեական Արեւմուտքն է, ասպետական խաչակիր արշավներից մինչեւ վիլսոնյան ժամանակի ու նաեւ այսօրվա ԱՄՆ եւ Եվրոմիությունը, որի հետ ինտեգրացումից հանցավոր կերպով հրաժարվեցին ՀՀ իշխանությունները Մոսկվայից իրենց անձնական կախվածության պատճառով: Մեր դեպքում այսօր ավելանում է եւս մի կարեւոր ու ավանդական դաշնակից՝ շիա Իրանը, որը հենց մեր միջոցով է ձգտում ճանապարհ հարթել դեպի Արեւմուտք՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի տարածքով: Սա է մեր ճամփան, սա է այսօրվա փակուղուց միակ արժանապատիվ ելքը:

Ռուսները աշխարհին տվեցին մի քանի արժեք, որոնք մտել են աշխարհի բառարաններ՝ ՛՛սպուտնիկ՛՛, ՛՛պոգրոմ՛՛, ՛՛վոդկա՛՛, ՛՛ռուսական ռուլետկա՛՛: Հայերը, որ աշխարհի լեզուներին տվել են այլ կարգի հասկացություններ, օրինակ նույն ռուսներին ՛՛գիրք՛՛ բառի հոմանիշը՝ ՛՛կնիգա՛՛, որն առաջացել է հայերեն ՛՛կնիք՛՛ բառից, պետք է որ կարողանան խուսափել հերթական անգամ փամփուշտի վերածվելուց հերթական ռուսական ռուլետկայում…

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply