ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ԹՇՆԱՄԻ

0

Կատարվեց այն, ինչի մասին մենք առնվազն վերջին չորս տարիների ընթացքում բազմիցս զգուշացրել էինք ՀՀ հանրությանը եւ իշխանություններին՝ ամերիկյան մամուլում հստակ եւ առանց վերապահումների ձեւակերպվեց ՀՀ նոր կարգավիճակը՝ Ռուսաստանի վասալ, կցորթ, ռազմական դաշնակից եւ հետեւաբար ԱՄՆ թշնամի: Հենց այսպիսի բնորոշում է տվել մեր երկրին ՛՛Վաշինքթոն Իկզեմինըր՛՛ քաղաքական-վերլուծական հանդեսը, տպելով ՛՛Կարծիքներ՛՛ բաժնում ոմն Ալեքսանդր Մուրինսոնի ՛՛Ռուսաստանի հետ Հայաստանի դաշինքի ամրացումը պետք է զրկի նրան ԱՄՆ օգնությունից՛՛ հոդվածը:

Մեծ հաշվով մեկ հոդվածը ոչ ամենաընթերցվող թերթում չպետք է խուճապի մատնի որեւե կայացած պետությանը, սակայն հրապարակման ժամանակը, ոճը, բառապաշարը եւ ենթատեքստն իսկապես տագնապալի են, այն էլ ՀՀ պես անկայուն ու խոցելի երկրի համար: Ասում եմ դա որպես ԱՄՆ-ի քաղաքական խոհանոցին որոշ չափով տեղյակ մարդ, ով հայկական կողմից մասնակցել է Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանին  ռազմական օգնություն ցուցաբերելու ԱՄՆ Կոնգրեսի արգելքի պատրաստմանը: Լոբբիսատական աշխատանքին ծանոթ լինելով, նշեմ, որ մեզ համար չափազանց անցանկալի այս նյութը կազմված է շատ գրագետ: Հոդվածագիրը՝  իսրայելցի արեւելագետ, Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին աշխատությունների հեղինակն ակնհայտորեն կատարում է այդ երկու երկրների քաղաքական պատվերը, ինչը միանգամայն օրինական եւ ընդունելի է ԱՄՆ-ում: Մանր տառատեսակով հոդվածի տողատակում նշված նրա անձնական տվյալները չեն խանգարելու ներգրավվել այս նյութը արդի վաշինգտթոնյան քաղաքական շրջանառության մեջ, դարձնելով այն հիմք ավելի հեռու գնացող եզրակացությունների եւ մեղադրանքների համար: Ցավալի կլինի, եթե մեր կողմից սա ընդամենը հերթական հակահրեական կամ հակամերիկյան գավառական զազրախոսությունների առիթ դառնա: Բերված փաստերը ճշգրիտ են իսկ բնութագրությունն անաչառ: Հենց այն պահին, երբ ողջ աշխարհը՝ ԱՄՆ-ից մինչեւ Ֆրանսիա եւ Գերմանիայից մինչեւ Ավստրալիա միավորվում է պուծինյան սադրանքների դեմ՝ Հայաստանի նախագահը հայտարարում է Գյումրիում ռուս-հայկական ռազմատնտեսական համալրի ստեղծման նախագծի մասին, հայկական հակաօդային պաշտպանությունը եւ մի ամբողջ զինվորական բրիգադ փոխանցվում են ռսական հրամանատարության տակ, իսկ ՌԴ ԱԳՆ Լավրովը տեղեկացնում է ՀՀ զինուժը եւ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ ռազմաբազաները Միջին Արեւելքում ընթացող պատերազմներում ռսական շահերի համար օգտագործելու ծրագրի մասին: Հոդվածագիրը դեռ շատ բան բաց է թողել՝ օրիանակ այն հանգամանքը, որ պուծինյան քարոզչության ու լրտեսության գործիք հանդիսացող ՛՛Ռաշա Թուդեյ՛՛ եւ ՛՛Սպուտնիկ՛՛ տեղեկատվական գործակալությունները ղեկավարում է հայազգի Մարգարիտա Սիմոնյանը; որ պուծինիզմի ամենակատաղի գաղափարախոսներն ու քարոզիչներն են հայազգի Սերգեյ Կուրղինյանը, Անդրանիկ Միհրանյանը, Արամ Գաբրելյանովը, ընդ որում վերջինս տխրահռչակ ՛՛Լայֆ նյուզ՛՛ հեռուստատեսության եւ դեղին մամուլի վերածված ՛՛Իզվեստիա՛՛ թերթի սեփականատերն է: Ոմանց կարող է թվալ, որ հայերը ոչ միայն սպասարկում, այլ նաեւ փաստորեն ՛՛ղեկավարում՛՛ են պուծինյան կայսերապաշտական արկածախնդրությունը: Ես արդեն ասել եմ ու կրկնում եմ՝ կգա ժամանակը եւ մեզ բոլորիս, որպես ազգի, հաշիվ են ներկայացնելու պուծինյան հանցագործություններին կամավոր եւ զանգվածաբար մասնակցելու համար: Մենք դեռ կհիշենք հայկական ռադիոյի հին ու տխուր կատակը. ՛՛Պահպանեք հրեաներին՝ նրանցից հետո հայերով են զբաղվելու…՛՛

Նոր երանգ է հաղորդում հակահայկական քարոզարշավին հոդվածի այն մասը, որն ուղված է ԱՄՆ-ում գործող Կոնգրեսի հայամետ խմբերի եւ հայկական կազմակերպությունների դեմ: Վերջիններից դաշնակցական Հայ ազգային կոմիտեն (ANCA) պարզապես անվանվում է ՛՛ռսական խամաճիկ՛՛, ինչն ամերիկյան այսօրվա մթնոլորտում հնչում է շատ վտանգավոր: Միաժամանակ ստվեր է ընկնում հայկական լոբբիի ամերիկացի կենտրոնական  գործիչների՝ Ֆրանկ Պալլոնեի, Ջեք Սփեյերի, Դեվիթ Տրոտի եւ Դեվիթ Վալադաոյի վրա: Խորամանկորեն շրջանցվում է դեմոկրատական կուսակցության առաջատարներից մեկի, հակաթրամփյան արշավի առաջնորդ եւ հայկական լոբբիի գլխավոր դերակատար Ադամ Շիֆֆի անունը: Այս ամենի նպատակն է ոչ միայն եւ ոչ այնքան ԱՄՆ-ի կողմից Հայաստանին եւ Արցախին տրամադրվող եւ առաջվանի համեմատ արդեն իսկ զգալիորեն կրճատված ֆինանսական օգնության վերացումը, ինչի մասին խոսվում է հոդվածում, այլ շատ ավելի վտանգավոր ու հեռու գնացող ծրագիրը ՝ մեկընդմիշտ մրոտել Հայաստանն իբրեւ ռսական ճորտ, պուծինյան հավատարիմ ստրուկ եւ նրա հանցագործությունների գործիք: Զավեշտալի է, որ նման խայտառակությունը կատարվում է հենց այն պահին, երբ Թուրքիան լրջագույն հակասություններ ունի ԱՄՆ-ի հետ քրդական հարցով, իսկ Ադրբեջանն Արեւմուտքում հանդիսանում է կոռուպցիայի եւ ընտանեկան կառավարման հոմանիշ, երբ Անկարան ու Բաքուն բռնապետների եռամիություն են ստեղծում պուծինյան Մոսկվայի հետ… Սակայն ո՞վ կարող է ՀՀ իշխանություններից առավել նպաստել այս բարենպաստ պայմաններում մեր երկրի այսպիսի նվաստացմանը… Հայաստանը զարմանալի եւ նախանձելի համառությամբ դրսեւորում է ինքն իրեն իբրեւ ԱՄՆ-ի եւ ողջ քաղաքակիրթ աշխարհի հետեւողական հակառակորդ, փոխարենը մշտապես քվեարկելով, գործելով ու ծառայելով Ռուսաստանի օգտին՝ մի բարձրատիճան ամերիկյան պաշտոնյայի ձեւակերպմամբ ՛՛աշխարհի համար ամենամեծ սպառնալիքի՛՛՝ վերջին դաշնակիցներից մեկի կարգավիճակով, Հյուսիսային Կորեայի, Վենեսուելայի եւ Զիմբաբվեի հետ միասին:

Սա արդեն զարմանալի էլ չէ, եթե նկատի առնենք, որ ՀՀ ՛՛վերնախավում՛՛  ի սպառ բացակայում են ազգային գաղափարաոսությունը, քաղաքական գիտությունը, դիվանագիտական արվեստը, փոխարինվելով նեղ եւ բավական տգետ շրջանակի անձնական պատկերացումներով ու շահերով: Ութ տարի առաջ ես ներկա էի իշխանության կողմից հովանավորվող ՛՛Նորավանք՛՛ քաղաքական-վերլուծական կենտրոնի մի քննարկմանը հայ-թրքական հարցերով, որտեղ ընդհանուր ծիծաղ ու հեգնանք առաջացրեց իմ կանխատեսումն այն մասին, որ մոտ ապագայում մենք հայ-թրքական սահմանի փոխարեն կունենանք հայ-քրդական սահման: Հետաքրքիր կլիներ տեսնել այսօր այս ծիծաղասեր ՛՛մասնագետներին՛՛ ու տեղեկանալ, արդյո՞ք նրանք շարունակում են ճոխ գրանտեր ստանալ եւ նույնքան արժեքավոր խրատներ տալ իշխանությանը…

Անցյալ տարվա մարտի կեսին ՛՛Երկիր՛՛ դաշնակցական հեռուստատեսության եթերում ես պնդում էի, որ ռսական հակահայկական քարոզչությունը պատրաստում է հասարակությունը պատերազմի՝ եւ կրկին երկու հրավիրված ՛՛փորձագետները՛՛ հեգնում ու ծաղրում էին ինձ, իբրեւ ԿԳԲ-ից պարանոյա ունեցող ՛՛ռուսոֆոբի՛՛: Այն ժամանակ քննարկվում էր ռսական ռազմական հանդեսում ՀՀ եւ ԼՂՀ բանակների ստորաբաժանումների եւ զինատեսակների քանակի եւ տեղանքի դավաճանական հրապարակումը: Երկու շաբաթ անց սկսվեց ապրիլյան պատերազմը: Որքան գիտեմ, երկու ՛՛փորձագետներն՛՛ էլ շարունակում են իրենց ՛՛ազգանվեր՛՛ խորհրդատվական աշխատանքը պետական կառույցներում: Զարմանալի չէ, որ նման ողորմելի ֆոնին այդքան թշվառ է երեւում մեր արտաքին քաղաքականության իրական պատկերը: ՀՀ  որոշ դեսպանների մասին էլ գրական հայերենով արտահայտություններ պարզապես չգիտեմ:

Ամերիկյան թերթում հրապարակված հակահայկական հոդվածը, ինչպես եւ մեկ տարի առաջ ռսական ամսագրի սկանդալային հրապարակումը հիմք ու հող է նախապատրաստում շատ լուրջ դիվանագիտական եւ քաղաքական հարձակման համար, որն իր հերթին կոչված է արդարացնելու իրական ռազմական հարձակումը: ՀՀ տարածքում երկու ռուսական ռազմական օբյեկտները գտնվում են Երեւանի եւ Գյումրիի տարածքում՝ ՛՛Էրեբունի՛՛ օդանավակայանը եւ  102-րդ ռազմաբազան:

ԱՄՆ նախագահ Թրամփը վերջերս ցույց տվեց, որ քաղաքական որոշ նպատակներով կարող է մեկ օրում որոշում ընդունել 59 հրթիռ արձակելու եւ թշնամական համարվող ռազմաբազան փոշի դարձնելու մասին: Սիրիական ռմբակոծված օդանավակայանը գտնվում էր Դամասկոսից հարյուր կիլոմետր հեռավորության վրա: ՛՛Էրեբունի՛՛ օդանավակայանը եւ 102-րդ ռազմաբազան գտնվում են Երեւանի եւ Գյումրիի կենտրոններից ընդամենը 5 կիլոմետր հեռու: Մենք ինքներս բերեցինք այդ տրոյական ձիերին իրենց ախոռներով մեր ամրոցի ներսը, մեր տների կողքը, մեր երեխաների գլխին: Մնացածը նկարագրված է դեռեւս Հոմերոսի ՛՛Իլիականում՛՛…

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply