ՌՈՒՍՈՖՈԲԻԱ ԵՐԱԶՈՒՄ ԵՒ ԱՐԹՄՆԻ

0

Երբ հայտնի մտավորական ընտանիքի ներկայացուցիչն անհանգստություն է հայտնում որևէ հասարակական երևույթի մասին, դրան պետք է լուրջ վերաբերվել, քանզի իրական մտավորականությունն ազգի զգայարանն է, հասունացող վտանգի ցուցիչը:
Երբ այդ երևույթը որևէ այլ ազգի հանդեպ խտրականությունն է կամ այլ անարդարացի վերաբերմունքը, դա առավել ևս մտահոգիչ է և տագնապալի: Բայց եթե այդ մտավորականը «Երրորդ ուժի բացառման օրենքը» հայտնի աշխատանքի հեղինակ Ռաֆայել Իշխանյանի որդի Վահանն է, իսկ նրա մտահոգության առարկան, ըստ իր հոդվածի՝ Հայաստանում տարածվող «ռուսոֆոբիան» է, ապա սա նաև շատ հետաքրքիր է…
Ժամանակին, 80-ականների վերջին հենց Իշխանյան ավագի գրքույկն եղավ հայոց հասարակական միտքը ռուսական թելադրանքից ու գերակայությունից ազատագրելու առաջին լուրջ փորձերից մեկը: Հիշեցնեմ մի պարբերություն այդ աշխատությունից.
«Մեր պատմաբանները, կոմունիստ և ոչ կոմունիստ քաղաքական գործիչները հայ ժողովրդին անընդհատ ներշնչել են, որ նա առանց Ռուսաստանի ապրել չի կարող, որ Ռուսաստանը հայերի փրկիչն է ու նման բաներ։ Սա խորացրեց(…) առանց պետականության մնացած հայերի ձեռք բերած ստրկամտությունը։ Այնքան խորացրեց, որ հայերի ինքնառուսացումը սարսափելի չափերի հասավ. Հայաստանի մտավորականության մեծ մասն այսօր ռուսագիր և ռուսախոս է, տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ, Հայաստանում ապրելով, ռուսերեն են խոսում, Հայաստանում ռուսական դպրոց հաճախող հայ երեխաների թիվը մոտենում է 100 հազարի։ Հայաստանի ներքին գործավարության 90 տոկոսից ավելին ռուսերեն է։ Էլ չեմ խոսում Հյուսիսային Կովկասի, Ռոստովի և Ռուսաստանի այլ վայրերի հայերի մասին, որոնք չքվեցին աշխարհից առանց եղեռնի, ինքնառուսացմամբ։ Այսօր, Հայաստանը զգալիորեն ռուսացել է և շարժվում է դեպի լիակատար ռուսացում։ Այսպես որ գնանք, կվերանանք»:

Ռաֆայել Իշխանյանն այստեղ դիպուկ եւ խիստ բանաձեւ է առաջարկել՝ «ինքնառուսացում», որպես ազգային գաղափարական եւ մշակութային ինքնասպանության հոմանիշ: Եվ ահա քառորդ դար անց Իշխանյան Վահանն է ահազանգում նույն հայ հասարակության շրջանում իբր թափ առած ռսատյացության մասին, որը նա անվանում է «ռուսոֆոբիա» ՝ ռուսական շրջանակներում տարածված բնորոշմամբ:
Ի՞նչ է պատահել. արդյո՞ք Հայաստանն, ի դեմս ռուսական գաղութային գերիշխանության, այնպիսի թափով է «բացառել երրորդ ուժը», որ ժամանակն է եկել պաշտպանելու Ռուսաստանը հայ ծայրահեղականներից…
Բացարձակապես ոչ: 2016 թվականի մայիսին Հայաստանը գրեթե նույնքան է վերահսկվում Ռուսաստանի կողմից, որքան որ 1989 թվին, երբ իր ահազանգն էր հնչեցնում Ռաֆայել Իշխանյանը: Ռուսական զորքը տեղակայված է Գյումրիում, ռուս սահմանապահներն ու չեկիստներն են հսկում ՀՀ սահմանը ընդհուպ մինչեւ «Զվարթնոց» օդանավակայանը (բացառությամբ հայ-ադրբեջանական սահմանի), ռուսական հեռուստաքարոզն է իշխում հայոց եթերում եւ բազմաթիվ հայերի գլուխներում, ռուսական հատուկ ծառայություններն են վխտում ՀՀ ԱԱԾ–ում, ՆԳՆ–ում եւ անգամ ՊՆ-ում, ռուս գործակալներով են լցված քաղաքական կուսակցություններն ու շարժումները:
Ո՞վ է դիմակայում այս հսկայական ընդհատակյա «ինքնառուսացման» մեքենային՝ մի «20-30 ջղաձգված մարգինալներ»` Լեւոն Տեր-Պետրոսյանի անմահ բնորոշմամբ: Արժե՞, արդյոք, հոդվածաշար նվիրել նման չնչին խոչընդոտին… Ուրեմն, արժե:
Ապրիլյան սպանդն Արցախում հանկարծ ապացուցեց այդ «ջղաձգվողների» իրավացիությունը, եւ 20-30 մարգինալներն հանկարծ վերածվեցին սկզբում ազգաբնակչության 20-30 տոկոսի, իսկ հաշված օրեր անց, երբ բոլորին պարզ դառձավ ռուս-թրքական հակահայ դավադրության ողջ հրեշավոր պատկերը, այդ թիվը կազմեց արդեն ոչ պակաս քան հայերի 2/3 մասը:
Ես բնավ չեմ պատրաստվում համեմատել Ռաֆայել եւ Վահան Իշխանյանների դիրքորոշումները եւ միանգամայն հարգում եմ վերջինի սեփական կարծիք ունենալու իրավունքը, որքան էլ այն տարբեր լինի հոր տեսակետից: Ես այստեղ քննարկում եմ ոչ թե մարդկանց, անգամ ոչ թե նրանց գաղափարները, այլ բուն երեւույթը, որը Վահան Իշխանյանը դարձրել է վերջերս տպագրված եւ շարունակելի իր հոդվածի վերնագիր՝ «ռուսոֆոբիա»: Հենց այդ բնորոշումից են սկսվում շատ անճշտություններ ու վրիպումներ: Բանն այն է, որ թարգմանաբար «ֆոբիա» բառը հունարենում նշանակում է «վախ, սարսափ» եւ օգտագործվում է ոչ այնքան քաղաքականության, որքան հոգեբուժության մեջ: «Ռուսոֆոբիա», այս իմաստով, բառացիորեն նշանակում է «վախ ու սարսափ ռուսների հանդեպ»: Այսինքն, իրականում, դա հենց այն հոգեբանական ու նաեւ քաղաքական երեւույթն է, որը կայսերական Ռուսաստանն ու նրա քարոզիչ-գործակալները ձգտում են սերմանել այլ ազգերի ու պետությունների շրջանում: Բոլորովին պատահական չէ, որ այդ «ռուսոֆոբիա» բառն հենց ռուսական իշխանամետ մամուլում ու եթերում այսօր ամենահաճախ օգտագործվող մեղադրանքն է այլախոհների հասցեին: Այստեղ կատարվում է խորամանկ հոգեբանական ու քաղաքագիտական հնարք, երբ ուրիշներին վերագրվում է հենց այն, ինչին ձգտում է պուծինյան քարոզչությունը, այսինքն` Ռուսաստանի հանդեպ վախի ու սարսափի տարածումը, մինչդեռ մակերեսորեն այդ երկիրը հայտարարվում է «զոհ» եւ դրվում է իբր թե նվաստացած, համակրանքի արժանի, «անարդարության» թիրախի դիրքում: Զարմանալի է, որ հայ մտավորական Վահան Իշխանյանն է կիրառում ռուսական պետական քարոզչության զինանոցի այս ժանգոտ զենքը, մինչդեռ հայերենում կա սույն գաղափարն ու անհանգստությունը կարծես թե շատ ավելի ճշգրիտ նկարագրող բնորոշում՝ «ռսատյացություն»:
Բայց արդյո՞ք հայերի շրջանում կա այդ չարաբաստիկ «ռսատյացությունը»: Ոչ: Եվ դա է, որ խառնում է ռուս եւ ռուսամոլ հայ քարոզիչների հաշվարկները: Բանն այն է, որ նրանց իրական նպատակն է ոչ թե պաշտպանել Մայր-Ռուսիան այլոց ռսատյացությունից, որի վրա Մոսկվան միշտ էլ թքած ունի, այլ նպատակն է հենց սերմանել այլոց մեջ ռուսոֆոբիան, այսինքն վախն ու սարսափը ռուսների հանդեպ: Սա է միշտ եղել ու մնում է ռուսական կայսերական արտաքին քաղաքականության առանցքը: Հայերի դեպքում դա սկզբից ի վեր կրում էր մի փոքր ավելի կատարելագործված տեսք՝ այսպես կոչված «լավ ոստիկան-վատ ոստիկան» հայտնի հնարքի ձևով, ուր վատ ոստիկանի կամ գորշ գայլի դերում հանդես էր գալիս Թուրքիան, իսկ լավ ու բարի ոստիկանի դերում՝ Ռուսաստանը: Արդյունքում, երկու ոստիկանները մշտապես համաձայնության էին գալիս եւ միասին էին բռնաբարում միամիտ ու խեղճ Կարմիր գլխարկի դերը կատարող Հայաստանը:
Սակայն իսկական հայ մտավորականի համար ռսատյացությունը երբեք չի եղել ու չի լինելու մտածելակերպ այն պարզ պատճառով, որ իսկական մտավորականը երբեք չի շփոթել հանցավոր ռուսական պետությունն ու նրա գահին փոփոխվող դահիճներին՝ ռուս մշակույթի, արվեստի, հասարակ ռուս ժողովրդի հետ, որը միշտ եղել ու մնում է իր իսկ իշխանավորների գլխավոր եւ հիմնական զոհը: Հայ մտավորականի համար հարազատի չափ թանկ են եւ անփոխարինելի Պուշկինի ու Լերմոնտովի, Գրիբոյեդովի ու Տոլստոյի, Դոստոեւսկու ու Բունինի, Չեխովի ու Նաբոկովի, Բուլգակովի ու Բաբելի, Ախմատովայի ու Ցվետայեվայի, Մանդելշտամի ու Պաստերնակի, Պլատոնովի ու Սոլժենիցինի արվեստը, լեզուն, աշխարհընկալումը: Նկատեք՝ թվարկած բոլոր, անխտիր բոլոր հանճարները հալածվել, աքսորվել, խոշտանգվել կամ սպանվել են նույն այդ անիծյալ ռուսական պետության կողմից, որը երբեք ոչ մի ընդհանուր եզր չի ունեցել ու չունի ո՛չ ռուս մշակույթի, ո՛չ ռուս ժողովրդի, ո՛չ անգամ ռուսաց լեզվի հետ: Բավական է միայն հիշեցնել, որ համաշխարհային մշակույթի հսկա Լեւ Տոլստոյի հոգեհանգիստն ու թաղումը կազմակերպել էին… հայ ուսանողությունը եւ հայոց եկեղեցին, քանզի ռուսական պետությունն ու ռուս ուղղափառ եկեղեցին անեծքի էին մատնել ռուս հանճարին:
Այնպես որ` բառերի ու հասկացությունների հետ պետք է վարվել շատ զգույշ: Հատկապես երբ դա վերաբերում է մտավորականներին: Ես անձամբ ռուս մշակույթի մասնագետ եմ: Թեկնածուական թեզս նվիրված էր Լեւ Տոլստոյին: Համալսարանում, մինչեւ որ հեռացրին, դասավանդում էի հռչակավոր ռուսական Արծաթե դարի գրականությունը: Հենց դա է ինձ դարձնում ռուսական չեկիստական կայսրության եւ դրա գաղութային քաղաքականության անհաշտ ու սկզբունքային հակառակորդ: Որպես հայ մտավորական ես «ռուսոֆոբ» չեմ այն պարզ պատճառով, որ չեմ վախենում ռուս չեկիստներից, ես նրանց պարզապես ատում եմ: Սակայն դա էլ «ռսատյացություն» չէ, քանի որ նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն Ռուսաստանի հետ, որը նրանք ստրկացրել, կողոպտել ու գնդակահարել են: Այնպես որ պետք չէ, ռուսական հայտնի արտահայտության պես շփոթել «Աստծու նվերը ձվածեղի հետ»:
Ինչպես արդարացիորեն ասել էր Ռաֆայել Իշխանյանը, չի կարելի ազգովի «ինքնառուսացում» գործել, դա ինքնասպանության է հավասարազոր եւ շատ ավելի վտանգավոր է քան ցանկացած հնարովի «ռուսոֆոբիան»: Դա հայատյացություն է:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply