ՍԵՐԺՆ ԻԲՐԵՎ ՀԱՅ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ

0

ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեայի տարեկան նիստը, որն ավարտվեց այս օրերին Նյու-Յորքում՝ տարվա գլխավոր քաղաքական հավաքն է, ամփոփումների եւ զարգացումների դիտարկման կարեւորագույն ամբիոնը: Ու թեեւ քաղաքական տարին դեռ հեռու է ավարտից, եւ մենք դեռ կտեսնենք էական փոփոխություններ ու անակնկալներ՝ հիմնական ուղղություններն ու միտումներն արդեն պարզ են: Մեզ համար հատկապես կարեւոր են դեռեւս համարյա աննկատ, բայց շատ լուրջ փոփոխությունները, որոնք նշմարվել են վերջին շաբաթներում հայկական քաղաքականության օրակարգում: Դրանց վկայությունն է Սերժ Սարգսյանի ճառը ՄԱԿ-ում:

Հայաստանում քաղաքական բանավեճերն ու քննարկումները հաճախ նմանվում են Հրանտ Մաթեւոսյանի հանճարեղ սցենարով նկարահանված Հենրիկ Մալյանի «Մենք ենք մեր սարերը.» ֆիլմի դրվագին. «Գլխավորը մենք ենք ու Ամերիկան, չէ՞: -Ավստրիան…»

Վերջին տարիների քաղաքական ոդիսականը, որը կատարել է հայոց նավը իր տխրահռչակ նավապետի գլխավորությամբ ռուսական ահաբեկման եւ արեւմտյան գայթակղությունների արանքներում՝ արժանի է արկածային բազմասերիանոց ֆիլմի, որը գուցե կնկարահանվի տարիներ անց: Վախենում եմ, որ դրա գլխավոր հերոսը կլինի հենց Սերժ Սարգսյանը՝ նախկին կոմսոմոլի քարտուղար, ՊԱԿ-ի գործակալ, ազգային-ազատագրական շարժման ակտիվիստ, բանակի մատակարար, նախարար, «Արմենիկումի» պահեստապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, վարչապետ, նախագահ…

Նման սովորական եւ անսովոր կենսագրությունը եզակի չէ՝ նույնն ունեցել են նրա ժամանակակից եւ սերնդակից այլ ղեկավարներ. Ալիեւը, Շեւարդնաձեն, Լուկաշենկոն, անգամ Պուծինը: Սերժ Սարգսյանը այժմ մտնում է քաղաքական այդ կարուսելի վերջին պտույտը, փորձելով ՀՀ, ՀՀԿ, ԵՊՀ հոգեբարձուների խորհրդի եւ շախմատային ֆեդերացիայի նախագահի իր տիտղոսներին ավելացնել նաեւ հայ ընդդիմության առաջնորդի ոչ պաշտոնական կոչումը՝ որքան էլ անհեթեթ ու զարհուրելի սա չթվա: Բացատրությունը ոչ թե Սերժ Սարգսյանի բացառիկ ու անզուգական առաքինություններն են, այլ սույն դաշտի թուլամորթությունն է, մտավորական սահմանափակությունը կամ պարզունակ ծախվածությունը: Միակ իրական, անկեղծ, սկզբունքային ու հետեւողական քաղաքական գործիչն այս դաշտում Պարույր Հայրիկայնն է, որը, կարծես, դատապարտված է յուր երկրում մերժված մարգարե մնալու դերին: Իսկ Սերժ Սարգսյանը դատապարտված է այլ դերակատարության: Կարծես, պլաստիրինից սարքված այս գործիչն իդեալական կերպով հարմարվում ու հարմարեցվում է մեր շուրջը պտտվող ահեղ փոթորիկներին: Նա լեզու էր գտնում Հեյդար Ալիեւի հետ եւ սահուն կերպով թափանցեց նրա երկրպագու Պուծինի շրջապատը: Նա պատերազմի տարիներին ընտելացնում էր դաշտային հրամանատարներին սկզբից «Մարլբորո» ծխախոտով, հետո «Մերսեդեսներով», հետո պաշտոններով ու կոչումներով: Նա մարտի մեկի սպանդից մեկ տարի անց կարողացավ համոզել ամերիկացիներին ու ֆրանսիացիներին, որ Տեր-Պետրոսյանից ավելի լավ է կատարելու Արեւմուտքին Հայաստանը մերձեցնելու գործը, քանի որ նա Մոսկվայի հետ կարողանում է «լեզու գտնել»՝ եւ նրա այդ փաստարկներն ընդունվեցին անգամ չորս տարի անց, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ տրագիկոմիկ մենամարտում: Եւ հիմա, ռուսական բիրտ ուժին չդիմադրելու, այլ սղոսկելու նրա մարտավարությունը տալիս է իր արդյունքը՝ չգտնելով որեւէ այլ մեկին Հայաստանում, ով հասկանում է աշխարհաքաղաքական փոփոխությունների տրամաբանությունն ու տրամաչափը, ԱՄՆ-ը կրկին շանս է տալիս Սերժ Սարգսյանին, որից վերջինս հմտորեն օգտվում է, դատելով ՄԱԿ-ում նրա վերջին ճառից եւ նույն օրը Միշել ու Բարաք Օբամա զույգի հետ նրա համարյա «ընտանեկան» լուսանկարից: Սա բոլորովին պատահականություն կամ պարկեշտություն չէ: Պետք է հիշել, որ ՄԱԿ-ի այս նստաշրջան չի ժամանել ԱՄՆ-ի նախկին անբաժանելի դաշնակից Թուրքիայի նախագահ Էրդողանը, որին հասկացրեցին, որ Օբաման նրան չի ընդունելու: Իսկ Պուծինի հանդեպ ԱՄՆ նախագահի արհամարհական եւ ստորացուցիչ վերաբերմունքը այսօրվա միջազգային մամուլի ամենատարածված թեմաներից է: Էլ չհիշատակենք Ադրբեջանի մասին արեւմտյան ԶԼՄ-ների ոչնչացնող քննադատությամբ լի նյութերի երկար շարքը:

Անհնար է չհասկանալ, թե որն է այդ աշխարհաքաղաքական միտումն ու զարգացման ուղղությունը, որը կռահեց ու որին զգուշորեն բայց հստակ հետեւում է հիմա Սերժ Սարգսյանը: Դա Արեւմուտքում կազմվող «ներկա-բացակաների» նոր ցուցակն է, որտեղ ոչ թե Սերժին, այլ Հայաստանին է տեղ հատկացված միակ ճիշտ եւ ապահով սյունյակում: Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը դուրս են մնում այդ ցուցակից, եւ մեր կողմից մեծագույն ու աններելի ապուշություն կլիներ չօգտվել նման առիթից: Սերժը դա հասկացավ, կամ նրան հասկացրին, եւ դա հույս է տալիս մեր ազգին ու երկրին՝ փրկվելու հույս: Իզուր չէ, որ մեր տեղը մեզ ցույց են տալիս ոչ թե ռուսական հատուկ գործակալության բաժանմունք վերածված ՀՀ ԱԳՆ-ի միջոցով, այլ հայոց բանակի օրինակով: ՊՆ նախարարի առաջին օգնական Դավիթ Տոնոյանը, կարծես, Արեւմուտքում ամենաճանաչված եւ ընդունված հայ քաղաքական գործիչն է, իսկ հայ խաղաղապահների ջոկատները ՄԱԿ-ի եւ NATO զորքերի կազմում ընդգրկելու որոշումը՝ ամենակարեւոր քաղաքական գնահատականն է այս աշխարհում, որտեղ ԱՄՆ նախագահ Օբաման անհրաժեշտ համարեց հիշեցնելու ՄԱԿ-ի ամբիոնից, որ ինքը հանդիսանում է պատմության մեջ ամենահզոր բանակի հրամանատարը:

Սերժ Սարգսյանի նյու-յորքյան ճառը՝ քաղաքական խոհեմության եւ խորամանկության լավ օրինակ է: Նա միանշանակ հայտարարեց այնտեղ, որ Հայաստանը եւրոպական երկիր է, «փաթաթելով» դա փախստականներին ընդունելու անվրեպ գաղափարի մեջ: Սերժ Սարգսյանը կարողանում է դասեր քաղել պարտություններից, նվաստացումներից ու դուրս գալ անվնաս եւ ուժեղացած: Սա կարեւոր հատկություն է, որին ընդունակ չեղավ հայկական ընդդիմությունը: Սերժն ընդդիմությունից ավելի շատ բան է սովորել, քան ընդդիմությունը՝ իշխանությունից: Ահա ինչու Սերժը դեռեւս պահպանում է իշխանությունն ու հայտ է ներկայացնում առաջնորդել նաեւ ընդդիմությունը: Ամոթ է, բայց այդպես է: Մխիթարվենք նրանով, որ սա Սերժ Սարգսյանի վերջին «պլաստիլինային» կերպարափոխումն է լինելու՝ այդ մասին էլ ակնարկեց ՄԱԿ-ի ամբիոնից Բարաք Օբաման. «Քաղաքական առաջնորդները, ովքեր փոխում են Սահմանադրությունը սեփական իշխանությունը երկարաձգելու նպատակով, դրանով իսկ ապացուցում են, որ չկարողացան կառուցել կայացած պետություն իրենց ազգի համար՝ բայց չէ՞ որ մեզնից ոչ ոք հավերժ չէ: Դա վկայում է, որ նրանք ձգտում են իշխանության հանուն իշխանության, այլ ոչ թե բարելավելու համար ազգի կյանքը, որին նրանք պարտավոր են ծառայել»:

Սա վերաբերվում է Սերժի սերնդի մանր ու խոշոր բռնակալներին: Խոսքն ասած է: Մնաց գործը: Այդ գործը մենք պետք է անենք, թե չէ Սերժը կրկին համոզելու-հավատացնելու է բոլորին, որ դա էլ է նա անելու բոլորից լավ եւ մեզանում կրկին ոչինչ չի փոխվելու… Ամոթ մեզ:

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply