ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻԲՐԵՎ ՎՈՅՑԵԽ ՅԱՐՈՒԶԵԼՍԿԻ

0

Քիչ կան եկրներ այս աշխարհում, որտեղ քաղաքական առաջնորդն այնքան հակակրանք, անվստահություն եւ անգամ ատելություն առաջացներ, որքան Սերժ Սարգսյանը Հայաստանում: Քննադատություն եւ անեծքներ, ծաղրանկարներ ու հայհոյանքներ են ուղեկցում այդ գործչին իր իշխանության գրեթե առաջին իսկ օրվանից: Նրան համեմատում են Պինոչիտի հետ, նրան խոստանում են Չաուշեսկուի կամ Քադաֆիի վախճանը, թեեւ չիլիական եւ լիբիական բռնակալներն ապահովել էին իրենց ազգերին տնտեսական վերելք ու բարգավաճում, իսկ ռումինականը գոնե թողեց իր երկիրն առանց պարտքերի: Սակայն այս պայմաններում ինձ շատ ավելի արդիական է թվում Սերժ Սարգսյանի համեմատությունը մեկ այլ արեւելաեւրոպական ղեկավարի՝ 1979-1981 թթ. Լեհաստանի առաջնորդ, գեներալ Վոյցեխ Յարուզելսկու հետ:
Հայաստանում այսօր քչերն են հիշում այդ անունը, իսկ ավագ սերնդի մոտ տպավորվել էր սեւ ակնոցով ու զինվորական համազգեստով մռայլ մի կերպար, որը ձերբակալեց լեհական ՛՛Սոլիդարնոստ՛՛ հռչակավոր ապստամբության բոլոր ղեկավարներին եւ սահմանեց երկրում ժամանակավոր ռազմական դիկտատուրա: Սակայն, որքան էլ զավեշտալի ու զարմանալի կարող է թվալ այսօր, լեհերի մեծ մասը հիշում են նրան հարգանքով ու անգամ շնորհակալությամբ: Պպատճառն այն է, որ նույն ՛՛Սոլիդարնոստի՛՛ առաջնորդների խոստովանությամբ՝ գեներալ Յարուզելսկին իր գործողություններով կանխեց ամեասարսափելին. նա թույլ չտվեց Մոսկվային զորք մտցնել Լեհաստան եւ փրկեց իր հայրենիքը այն ճակատագրից, որին արժանացավ Հունգարիան 1956 թ., Չեխոսլովակիան 1968 թ., Աֆղանստանը 1979 թ.: Գեներալ Յարուզելսկին ասաց Բրեժնեվին, որ ամեն ինչ կանի ինքնուրույն եւ կանխեց Լեհաստանի զավթումը: ՛՛Սոլիդարնոստի՛՛ տղաների գլխներից բանտում ոչ մի մազ չընկավ, իսկ ամիսներ անց նրանք դուրս եկան հաղթողների կարգավիճակով եւ դուրս հանեցին Լեհաստանը սովետական ճամբարից, սկիզբ դնելով ԽՍՀՄ փլուզմանը:
Այս տարվա սկզբին ես հոդված էի հրապարակել ՛՛Սերժ Սարգսյանի ընտրությունը Յանուկովիչի եւ Յարուզելսկու միջեւ՛՛, որտեղ անդրադարձա այս պատմությանը, հիշեցնելով ուկրաինական նախագահի անփառունակ փախուստը: Յանուկովիչը չհետեւեց իր լեհ հարեւանների օրինակին եւ ճգնաժամի պահին հրավիրեց ռուսներին ներս: Հետեւանքը՝ նրա խայտառակ ճակատագիրն է եւ Մայդանի հարյուրավոր զոհերը: Հանդգնում եմ ենթադրել, որ Սերժ Սարգսյանն ավելի շրջահայաց գտնվեց եւ վերջին օրերին կատարեց ճիշտ ընտրությունը: Նա չի կանչել ռուսներին, նա թույլ չի տվել քաղաքացիական պատերազմի ռուսական սցենարի իրագործումը, նա խուսափեց սպանություններից, նա թեեւ բանտերում, սակայն պահպանեց իր քաղաքական հակառակորդներին: Բոլոր ոստիկանական անճոռնություններով հանդերձ, նա հուլիսին կրկնեց այն, ինչ համարձակվեց անել ապրիլին Արցախում՝ նա մերժեց Պուծինի ծրագիրը: Ապրիլին նա ներս չթողեց ռուսական բանակը, հուլիսին նա ներս չթողեց ռուսական հատուկ ծառայությունները: Որպեսզի սա չհնչի որպես բռնապետի գովք, հավելեմ, որ նաեւ Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքում Հայաստանում այսօր առկա է եւ ռուսական բանակի եւ ռուսական ԿԳԲ-ի 13-հազարանոց զինուժը եւ խոսքն այս պահին միայն նրանց զսպելու ջանքերի մասին է, հետագա հեռացման հեռանկարով: Սակայն Սերժ Սարգսյանի ջանքերը նույնպես պետք է տեսնել, քանի որ Կեսարի սպանությունից մինչեւ Ելցինյան հաղթանակը ԳԿՉՊ-ի հանդեպ՝ աշխարհի պատմության բոլոր հեղաշրջումները հաջողվում են միայն այն դեպքում, երն իշխող համակարգի մի մասը, կամ դրա վերին ատյանները անցնում են ապստամբության կողմը : Դա պետք է տեսնել հատկապես այս պայմաններում, երբ ՛՛Սասնա Ծռերի՛՛ գաղափարական առաջնորդ Վարուժան Ավետիսյանի հուլիսի 29-ի պատմական հայտարարությունը ՛՛ռուսական իմպերիալիզմի դեմ Հայաստանի ապագաղութացման ազգային-ազատագրական պայքարի մասին՛՛ զավեշտալի կերպով մոռացության է մատնվում եւ չի հիշատակվում իբրեւ թե ՛՛Սասնա Ծռերին՛՛ նվիրված հանրահավաքներում, հայտարարություններում եւ ճառերում: Ապագաղութացումը, պայքարը ռուսական իմպերիալիզմի դեմ՝ սա էր ապստամբության բարձրագույն կետը, դրա պատգամը եւ հորդորը: Ցանկացած այլ մեկնաբանություն, ցանկացած այլ օրակարգ ուրանում է Վարուժանի այս կոչը, հանդիսանալով պայքարի խեղաթյուրում եւ դավաճանություն:
Օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանը հանդիպելու է Պուծինին, որը մինջ այդ բանակցելու է Ալիեւի եւ Էրդողանի հետ: Հայաստանի համար դժվար է պատկերացնել առավել բարենպաստ արտաքին քաղաքական պայմաններ: Միջազգային մամուլը եւ արեւմտյան կենտրոնները աննախադեպ կերպով կոշտացրել են Պուծինի ու Էրդողանի հասցեին հնչող ոչնչացնող քննադատությունը: ԱՄՆ-ում արդեն քննարկվում է Թուրքիան ՆԱՏՈ կազմից հեռացնելու հնարավորությունը, իսկ Պուծինին ուղղակիորեն անվանում են ավազակ, խաբեբա եւ մարդասպան: Պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանին զեկուցում են այս իրավիճակի մասին եւ դա պետք է որ ամրապնդի նրա թույլ դիմադրությունը: Հայաստանը դուրս պետք է գա ռուսական ազդեցության ոլորտից եւ դա իրականացվում է փոքր բայց հստակ քայլերով: Իրանական գազի մուտքը Հայաստան եւ տարանցիկ ուղին դեպի Ուկրաինա՝ դրա առաջին լուրջ արդյունքներից մեկն է:
՛՛Սասնա ծռերի՛՛ ապստամբությունը խարխլեցին ՀՀ քաղաքական համակարգը, սակայն դրանից չկարողացան օգտվել ռուսական ԿԳԲ-ի տեղական եւ օտար գործակալները: Ավաղ, դրանից դեռեւս չի կարողանում օգտվել նաեւ ՀՀ քաղաքացիական հասարակությունը, որն ինքն է քայքայված ու խարխլված նաեւ Սերժ Սարգսյանի պառակտիչ գործունեության պատճառով: Սակայն մենք չունենք այլընտրանք քաղաքական գործընթացի վերստեղծմանը եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն դրա առաջին շոշափելի արդյունքը: Սերժ Սարգսյանը ոչնչացրել է քաղաքական դաշտը եւ այժմ նրա վերջին հնարավորությունն է սեփական երաշխիքներով ու ռեսուրսներով ազատ եւ արդար ընտրությունների ապահովումը: Դա է նրա համար միակ իրական փոխզիջումը հասարակության կողմից, որը դեռ կարող է փրկել նրա քաղաքական կյանքը: Քանի որ նոր ու պարզունակ վերարտադրությունը ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ-ՀԱԿ տեսքով կդառնա նրա եւ նրանց բոլորի քաղաքական ինքնասպանությունը: Սա սպառնալիք չէ, համենայնդեպս ոչ թե նոր զինված ապստանբության ակնկալիք: Սա դաժան իրողություն է եւ աշխարհաքաղաքական նոր իրավիճակ որի մասին զուսպ կերպով ակնարկել էր ապստամբության նախավերջին օրը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլզը, ով պարզ ասաց ՀՀ պաշտոնյաների հանդեպ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին: Օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանը կարող է պատժամիջոցների մասին հարցնել Պուծինին: Բայց կարծում եմ նա լավ հասկացավ ԱՄՆ եւ ԵՄ ակնարկները եւ նոր սեպտեմբերի 3 թույլ չի տալու: Նա պետք է որ ցանկանա մնալ պատմության մեջ գոնե որպես Յարուզելսկի, այլ ոչ թե որպես Յանուկովիչ: Ինչ որ բան ինձ դա է հուշում:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply