ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՛՛24-ԻՆ ՈՉ ՄԻ ԼՈՒՐՋ ԲԱՆ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ՛՛

0

(ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԹԱՐՍ ԽԻՅԱՐԻ, ԿԱՐՄԻՐ ԳՈԻԼՊԱՆԵՐԻ ԵՎ ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ԱՆՄՈՌՈՒԿԻ ՄԱՍԻՆ)

Պետությունների նախագահների հարցազրույցները հազվագյուտ հնարավորություն են ընձեռում մոտ տարածությունից եւ խոշոր պլանով դիտել իշխանության գլխին հայտնված մարդկանց ներքին աշխարհը, ուժեղ ու թույլ կողմերը, բարդույթներն ու թերությունները: Ցավոք, Հայաստանի պես իրական ժողովրդավարությունից զրկված երկրներում մարդկանց կյանքը չափազանց շատ է կախված նման հանգամանքներից, այնպես որ մենք դեռեւս ստիպված ենք ուշադրությամբ վերաբերել դրանց:

Օրինակ, Տեր-Պատրոսյանն իրեն հռետորական տարերքի մեջ էր զգում լրագրողների հետ շփվելիս, լեզվաբանի ու պատմագետի անբռանզբոսությամբ հանդես գալով ցանկացած ամբիոնից: Այդ տեսակետից Քոչարյանի համար ցանկացած ճառը եւ առավել եւս հարցազրույցը գրեթե ֆիզիկական տանջանքի էր վերածվում նրա ռուսական լեզվամտածողության ու ծածկամիտ խառնվածքի պատճառով: Դա արտահայտվում էր անգամ նրա դեմքի մկանների լարվածությամբ ու աղքատիկ բառապաշարով: Նա ակնհայտորեն թեթեւություն էր ապրումˋ առաջին իսկ հնարավորության դեպքում անցնելով ռուսերենի եւ պատահական չէ, որ այժմ էլ հեռացել է Հայաստանից ու ապրում է հենց Ռուսաստանում, աշխատելով իր հովանավոր Պուծինի մասնավոր համակարգում:

Սերժ Սարգսյանը միջանկյալ դիրք է գրավում նրանց մեջ: Նրա բանասիրական կրթությունը թույլ է տալիս ընթերցել օգնականների կողմից պատրաստված բավական բարդ ու պերճախոս ճառերը, սակայն դա միայն ընդգծում է նրա անհամապատասխանությունը ընտրված ոճին, եւ դիմակն անմիջապես պատռվում է, հենց որ նա պոկվում է թղթից ու անցնում իրեն հատուկ բառապաշարի: «Ինչքան կուզենք՝ էնքա՛ն էլ կխփենք», «թարս աճած խիյար», «իյա՜, իրո՞ք» եւ այլ գոհարները հենց այդ անհատական շտեմարանից են: Սարգսյանը չունի լեզվամտածողական հանգրվան, ինչպիսին էր հայերենը Տեր-Պետրոսյանի կամ ռուսերենը Քոչարյանի համար: Սա նրա մեղքը չէ, սա մեր ընդհանուր սովետական ժառանգությունն է եւ լուծման կարոտ պատմական խնդիր: Ի վերջո, մենք նախագահին նրա բանասիրական հմտություններով չենք ընտրում: Ցավն այն է, որ մենք ընդհանրապես արդեն քսան տարի չենք ընտրում:

Սակայն Սերժ Սարգսյանի իրական լեզվամտածողությունն ու էությունը երեւում են ոչ միայն ամբոխի հետ շփման սովետական «նաչալնիկի» կիսափողոցային ոճում, այլ հատկապես նրա ռուսերեն լեզվով հրապարակային ելույթներում, քանզի նրա համար հենց ռուսերենը մնում է «նաչալնիկի» լեզու: Միտքս բացատրելու համար հիշեցնեմ հանճարեղ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի այն դրվագը, երբ Սոս Սարգսյանի միլիցիայի լեյտենանտը մի պահ ինքնամոռաց կռվի է խառնվում հովիվների հետ, հետո համկարծ հիշում է իր կոչումը եւ ՌՈՒՍԵՐԵՆ գոռում է. «Օտստա՛վից»: Եւ հովիվները ենթարկվում են:

Սերժ Սարգսյանը առ այսօր երեք նման «ստուգարքային» հարցազրույց է տվել իր համար «նաչալնիկ» հանդիսացող ռուսական հեռուստատեսությանը՝ բոլորը ռուսերեն: Առաջին երկուսը՝ 2008-ին ու 2013-ին նվիրված էին Ռուսաստանի կողմից հովանավորվող նրա նախագահական «ընտրություններին» ու երկուսն էլ վարում էր Միխաիլ Գուսմանը: Ծնունդով բաքվեցի այդ խորամանկ լրագրողը երկու անգամ էլ աննկատ ու հմտորեն շատ ողորմելի կերպով է ներկայացրել հայ բարձրագույն պաշտոնյային մեծ ռուսալեզու հեռուստալսարանին: Առաջինը պարզապես սադրիչ լրագրողության գլուխգործոց էր եւ խայտառակ բովանդակության պատճառով վաղուց է հանված համացանցային հասանելի արխիվներից: Գուսմանն այնտեղ փայլուն կերպով համագործակցել էր օպերատորի հետ եւ, հյուրընկալվելով Սարգսյանների տանը, շահագործեց երկու անմեղ թվացող յուրահատկություն: Առաջինն էր փափուկ բազմոցը, որտեղ նստեցին զրուցակիցները, եւ խոշորակազմ հրեա Գուսմանի կողքին պարզապես ծիծաղելի էր դիտվում կարճահասակ հայ տանտերը, ում ոտքերը կախված էին օդում, չհասնելով հատակին: Երկրորդ տեսանկյունը, որը ճիզվիտական վարպետությամբ օգտագործեց օպերատորը՝ տանը վանդակում ապրող թութակն էր: Ինչ-որ մի պահի տեսախցիկը դրվեց այնպես, որ առաջին պլանում հայտվեց հենց թութակը, իսկ հեռվում, վանդակի ճաղերի միջից, ոտքերն օդի մեջ, նստած էր ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը… Այս խորհրդանշական տեսարանը պարզ ակնարկում էր, թե ով է ում թութակը, եւ ով ում վանդակում է նստած: Հիշեցնեմˋ դա 2008 թվականն էր:

Հինգ տարի անց հայկական կողմը կրկին հյուրընկալում էր նույն Գուսմանին եւ կրկին Սարգսյանների տանը: Այս անգամ «վերընտրվող նախագահի» օգնականները փորձեցին խուսափել նման խայտառակ մասնագիտական թակարդներից եւ տեսախցիկն այլեւս այդքան անբռնազբոս չէր: Չկար նաեւ թութակն իր վանդակով: Փոխարենը, տնային մթնոլորտն ու անբռնազբոսությունը փորձեց լրացնել Առաջին Տիկինը, որն իր վարժ ռուսերենով հայտնեց մարդկությանը, թե ազգին ծառայելու ծանր հերթափոխից հետո նրա ամուսինը ամենից շատ սիորւմ է «բլինչիկներ» ուտել՝ թխաբլիթ: Այլ դարակազմիկ հայտնություններ այս անգամ չհնչեցին:

Գուսմանի աստղն ի վերջո մարեց, եւ դրա ապացույցը մեկ այլ ռուսական հեռուստահեղինակությանˋՎլադիմիր Պոզների, վերջերս կատարած հրապարակային հարձակումն էր, երբ եթերում նա փարիզյան հրեայի սրությամբ ընդհատեց բաքվեցի հրեայի սրտաճմլիկ հիշողությունները հարազատ քաղաքի մասին. «Վերջ տոˊւր, Միշա, քո այդ հրաշալի Բաքվում ադրբեջանցիները մորթում էին հայերին»: Հայոց Եղեռնի առիթով Սարգսյանից հարցազրույց վերցնողի թեկնածությունը հստակեցվեց:

Պոզների հաղորդումների ընդգծված արեւմտյան ոճը կտրուկ տարբերվում է սովետական եւ առ այսօր ռուսական հեռուստատեսությունում տիրող ոճից: Ի տարբերություն վերջինիս ենթատեքստային, ընդհանրացված, կարծրատիպերով ու կլիշեներով լցված ավանդույթի, Պոզները ուսումնասիրում է զրուցակցի ներքին աշխարհը, օգտագործելով հեռուստատեսության ամենահզոր զենքերից մեկը՝ խոշոր պլանը: Աչքերը, դեմքը ողջ էկրանով, հայացքի ու արտահայտության ամենաթեթեւ փոփոխությունը հսկվում է տեսախցիկի անգութ խոշորացույցով: Այստեղ թութակով վանդակ չկա, այստեղ կա հարց ու պատասխան, որը ցանկացած վանդակից էլ անհարմար է:

Սակայն Երեւանում կատարվեց անսպասելին: Գրեթե առաջին անգամ Պոզների հեղինակային ծրագիրը նկարահանված էր առանց որեւէ խոշոր պլանի: Ես վստահ եմ, որ դա հայկական կողմի պահանջն էր: Դե ինչ՝ Սերժ Սարգսյանն իր արտաքինով ակնհայտորեն զիջում է Ալեն Դելոնին, հատկապես խոշոր պլանի դեպքում, թեեւ նախագահին ընտրում են այլ չափանիշներով: Չմոռանանք, սակայն, որ նրան երկու անգամ էլ չեն ընտրել, բացի դա՝ թութակի ու վանդակի խայտառակությունը դեռ չի մոռացվել նախագահականում: Ինչեւէ:

Պոզների հետ հարցազրույցը անցնում էր Սարգսյանի առանձնասենյակում, շարած փայտերով չվառվող բուխարի ֆոնի վրա՝ լավ է գոնե չեն վառել, Ծիծեռնակաբերդի անմար կրակը բեմադրելու համար: Երկուսի բաճկոններին էլ չարաբաստիկ անմոռուկն էր կպցրած: Պոզներն անհրաժեշտ համարեց հագնել վառ կարմիր գուլպաներ՝ երեւի ընդհանուր պլանների դեմ իր թաքնված բողոքն արտահայտելու նպատակով: Սարգսյանի երրորդ փորձությունը սկսվեց:

Նա ձգտում էր թողնել զուսպ եւ լուրջ, փորձառու եւ անկեղծ քաղաքական գործչի տպավորություն: Միանգամից երեւաց նրա գլխավոր սխալը՝ հրաժարվելով երկրի նախագահին հարիր հարազատ եւ ամենակարեւորը՝ պետական լեզվով խոսելուց հանուն կայսերական ռուսերենի, որին նա չի տիրապետում Պոզների հետ շփվելու համար անհրաժեշտ մակարդակով, Սերժ Սարգսյանն անմիջապես ի ցույց դրեց հենց այն, ինչն այդքան ուզում էր թաքցնել՝ սեփական գավառականությունն ու անվստահությունը: Առաջին իսկ հարցի նրա պատասխանն անհեթեթ էր: Պոզների ենթադրությանը, որ Եղեռնը վերք է թողել բոլոր հայերի մոտ, Սարգսյանը պատասխանեց, որ աղետը բոլորին է կպել, բայց հենց նրա ընտանիքին առանձնապես ոչ մի բան չի պատահել: Սա լեզուն եւ լեզվամտածողությունը շփոթելու վառ օրինակ էր՝ չտիրապետելով վերջինին, նա չգտավ միտքը ճիշտ ու պարզ արտահայտելու բառեր, արդյունքում կորցնելով Պոզների առաջարկված բարձր ոճի ու խոստովանության առաջին իսկ հնարավորությունը: Նույն քաղքենիական մակարդակով նա արձագանքեց երկրորդ հարցին, ընկնելով ռուսաստանյան լրագրողի պատրաստված ծուղակը ԱՄՆ-ի դիրքորոշման մասին: ՀՀ նախագահը պետք է որ ավելի լավ տեղեկացված լինի միջազգային քաղաքականության եւ դիվանագիտության մասին, չկրկնելու համար պուծինյան քարոզչության նմուշի պես հնչող «ԱՄՆ-ի համար շահերը համամարդկային արժեքներից բարձր են»…

Սակայն մեկժամանոց հարցազրույցի ամենապայծառ ադամանդը դա չէր: Վրդովմունք հայտնելով Թուրքիայի կողմից Գալիպոլիի տոնակատարությունն ապրիլի 24-ին անցկացնելու վերաբերյալ, ՀՀ նախագահը զրույցի 16-րդ րոպեին ասաց բառացիորեն հետեւյալը՝ «ապրիլի 24-ին այնտեղ ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել»… Մի գուցե Սերժ Սարգսյանի օգնականները նրան չեն բացատրել, որ անգլո-ավստրալիական զորքը Գալիպոլիի ափ իջավ 1915 թվականի ապրիլի 25-ին, ահա ինչու հենց նախորդ օրը, ապրիլի 24-ին սկսվեցին հայերի ջարդերը Ստամբուլում, սակայն իր այդ նախադասությունից հետո ցանկացած անտեղյակ ռուսալեզու մարդը կարող է հարցնել՝ «Իսկ ինչ են հայերն այդքան խառնվել, եթե նրանց ասելով 24-ին ոչ մի լուրջ բան էլ չի եղել»: Այստեղ նույնպես վատ ռուսերենը լեզվական անհեթեթությունից վերածվում է լեզվամտածողական եւ հետեւաբար քաղաքական խոշոր վրիպակի: Նման սխալներից հետո արդեն զարմանալի չէ նրա մյուս սայթաքումը՝ «Յա նե վլադեյու վսեմի վօպրօսամի, նեօբխօդիմիմի պրեզիդենտու»: Ասել կուզեր՝ «ես ոչ բոլոր գիտելիքներն ունեմ, որ անհրաժեշտ են նախագահին», ստացվեց հակառակը. «ես նախագահին անհրաժեշտ ոչ մի գիտելիք էլ չունեմ»: Պոզները պարկեշտությամբ դա չի մեկնաբանել:

«Հայաստանի վերջին բոլշեւիկին» ներելի է ԽՍՀՄ կազմում Հայաստանի վերածնունդի գովքը, նրանից այլ բան սպասելի էլ չէ, սակայն իսկական բացահայտում էր նրա «մասնագիտական» կարծիքն այն մասին, թե ինչու է Հայաստանն այդքան միատարր ազգային կազմի առումով: Որեւէ խոսք չասելով այստեղ օրվա բուն առիթով՝ Ցեղասպանությունից հետո երկրի փշրանքների վրա հավաքված ազգի մնացորդի մասին, ՀՀ նախագահը ապշեցրեց անգամ շատ բան տեսած ու լսած Պոզներին իր հետեյալ բացատրությամբ. «Հայաստանը միատարր է, որովհետեւ ցարական Ռուսաստանը վստահ էր հայերի հավատարմությանը եւ չեն ձգտել նոսրացնել հայ բնակչությունը այլ ազգերով…»

Պոզները կարծես թե անկեղծ հարգում է հայ մշակույթն ու պատմությունը, երեւի սիրում է որոշ հայերի, սակայն անգամ նրա համակրանքն ու օրվա խորհուրդը չօգնեցին այս եթերաժամից վանել այն սարսափելի ստրկամտությունը, որը մտել է Սերժ Սարգսյանի եւ, ավաղ, բազմաթիվ մեր ազգակիցների ոչ միայն լեզվամտածողության, այլ նաեւ ողն ու ծուծի մեջ: Եւ այդպես է, որ «թարս է աճում նրանց խիյարը», իսկ «ապրիլի 24-ին որեւէ լուրջ բան չի եղել»… Կամ, ինչպես կասեր նրա տատը՝ «Բա մենք այստեղ ի՞նչ հարցով ենք հավաքվել…»

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply