2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԾ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

0

Ռուսաստանով մեկ՝ Վլադիվոստոկից մինչեւ Պետերբուրգ անցյալ շաբաթվա վերջին կայացած բողոքի զանգվածային ցույցերն իրենց ծավալով առաջացրել են անխուսափելի մի հարց՝ արդյո՞ք 2017-ի գարունը կարող է 1917 թ. ռսական հեղափոխության կրկնություն հանդիսանալ:

Հակակոռուպցիոն պայքարի կարգախոսների, Ալեքսեյ Նավալնիի անձի, Պուծինի փոխարեն խամաճիկ Մեդվեձեւի թիրախավորման եւ բազմաթիվ այլ հարցադրումների մեջ առավել կարեւոր է ինձ թվում ռսական քաղաքների փողոցներ ու հրապարակներ դուրս եկածների տարիքը: Նրանց մեծամասնությունն այս դարի հասակակիցներ են՝ 17-20 տարեկան տղաներ ու աղջիկներ, ուսանողներ ու դրպոցականներ, ով Պուծինից բացի այլ իշխանություն չեն էլ հիշում, ում ուղեղների մեջ ուսուցիչներն ու հեռուստատեսությունը ողջ կյանքի ընթացքում լցնում էին սուտն ու կեղծիքը, եւ ով հրաժարվեց այդ սուտն ու կեղծիքը լսելուց, գերադասելով ինքնուրույն որոշումներ կայացնել սեփական կյանքի ու երկրի վերաբերյալ: Ահա թե ինչով են այս բողոքներն էապես տարբերվում նախորդներից եւ ահա ինչու ես կհանդգնեմ բնորոշել այս երեւույթը ոչ թե Հեղափոխություն, այլ Սերնդափոխություն: Սերնդափոխություն է տեղի ունենում Ռուսասատնում եւ դա ամենակարեւորն է:

Ես չէի անդրադառնա այս պահին ռսական այդ զարգացումներին, որքան էլ դրանք էական են հայկական քաղաքական կյանքի համար, եթե չտեսնեի դրանց մեջ այն ուղիղ հետադարձ կապը, որի մասին հաճախ եմ խոսել ու գրել վերջին տարիներին: Իմ խորին համոզմամբ, ռսական ու նաեւ համաշխարհային բոլոր խոշոր զարգացումները  ճակատագրական  կերպով ունենում են իրենց պատմական նախադեպը Հայաստանում: Հայոց Եղեռնը կանխատեսեց ու նաեւ կոնխորոշեց Առաջին  եւ Երկրորդ աշխարհամարտերի մղձավանջը՝ պետությունների ոչնչացումից մինչեւ ցեղասպանություններ: Հայոց Մեծ Գաղթը նախադեպ էր 20-րդ դարի հսկայական տեղաշարժերի եւ փախստականների համաշխարհային հոսքերի: Հայոց ազգային-ազատագրական շարժումը 1988 թ.  ողջ սովետական ճամբարի փլուզման եւ տապալման մարգարեական կարապետն էր ու նախազգուշացումը: Հայոց պետականության գնդակահարումը 1999 թ. հոկտեմբերի  նախադեպն ու փորձադաշտ էր երկու ամիս անց ԿԳԲ-ի կողմից Ռուսաստանի վերջնական զավթման համար:

Ճիշտ այս տրամաբանության մեջ է, որ Ռսաստանում ներկայիս հեղափոխական սերնդափոխությունը առնվազն մեկ ամիս առաջ արդեն ակնհայտ էր ու փաստորեն կատարվեց Հայաստանում, որտեղ Հաց Բերողի ազատության ու արժանապատվության համար պայքարելու դուրս եկան միայն 17-20 ամյա ուսանողներն ու դպրոցականները, Շահեն Հարությունյանի գլխավորությամբ:

Եզրակացությունը կարճ է եւ դառը, ինչպես բոլոր ծանր հիվանդությունների ախտորոշումը.  մեծահասակներ, եթե կարող եք, օգնեք երիտասարդներին, իսկ եթե չեք կարող՝ օր առաջ գնացեք մեռեք, որ գոնե չխանգարեք:

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply