ՍԻՐԻԱՆ, ԱՄԵՐԻԿԱՆ, ՌՈՒՍԱՍՍԱՆՆ ՈՒ ՄԵՆՔ

0

Պուծինյան մեղրամիսը Թրամփի հետ տեւեց շուրջ հարյուր օր՝ ապրիլի 7-ին, Թրամփի նախագահության 77-րդ օրը եւ Առաջին համաշխարհային պատերազմին նախագահ Վիլսոնի որոշմամբ ԱՄՆ միանալու ուղիղ 100-ամյակի օրը Ամերիկան, ի վերջո, նորից դարձավ հզոր, թեեւ ոչ այն իմաստով, որն ի նկատի ուներ Թրամփը: ԱՄՆ-ի 45-րդ նախագահը դեռեւս մեկ շաբաթ առաջ անզգուշորեն ասել էր՝ ՛՛ Ես ոչ թե աշխարհի, այլ Ամերիկայի նախագահն եմ՛՛: Նրան հավանաբար բացատրեցին, որ դա տարբեր բաներ չեն եւ եթե նա չի հասկանում այս պարզ ճշմարտությունը, նա ստիպված կլինի հեռանալ իր պաշտոնից: Քչերն են ուշադրություն դարձրել, որ Սիրիայի ռազմական օդանավակայանը ռմբակոծելուց ժամեր առաջ մեկ այլ կարեւոր նորություն տարածվեց Վաշինգթոնից՝ ԱՄՆ Անվտանգության խորհրդից հեռացվեց Թրամփի ամենավտանգավոր ու տխրրահռչակ խորհրդական համարվող Սթիվ Բեննենը, ով իրեն ՛՛լենինիստ՛՛ էր հայտարարում: ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, առանց հանրաքվեի եւ կաշառք բաժանելու կատարեց այն, ինչ խարդախություններով նախօրեին արեց ՀՀ Հանրապետական կուսակցությունը՝ փոխեց երկիրը նախագահական համակարգը խորհրդարանականով: Ամերիկան այժմ կառավարվում է ոչ թե Սպիտակ Տնից, այլ Կոնգրեսից: Ամերիկյան վերնախավը դիմեց այս քայլի, որպեսզի փրկի Թրամփի մեղքով ԱՄՆ-ի խարխլված միջազգային հեղինակությունը եւ այդ նպատակով դիմեց առավել համոզիչ փաստարկի՝ զենքի: Այսօր շատերը վերագրում են ուրբաթ օրվա գրոհը Թրամփի էմոցիոնալ բնավորությանը: Ոչ: Ընդամենը երեք օր դրանից առաջ Թրամփը հրապարակավ առաջարկում էր ՛՛հանգիստ թողնել Ասադին՛՛: Ես դեռ երկու ամիս առաջ հոդվածներումս ենթադրում էի, որ Թրամփին կամ հեռացնելու են, կամ էլ սանձելու եւ վերահսկելու են կոշտ միջողներով: Իրականացավ երկրորդ տարբերակը: Ո՞վ է դա անում: Հեռացված դավաճան Մայքլ Ֆլիննի տեղը ԱՄՆ անվտանգության հարցերով նախագահի նոր խորհրդական գեներալ ՄաքՄաստերը եւ Պենտագոնի նոր ղեկավար գեներալ Մաթիզը: Պուծինը չեր ուզում գործ ունենալ մտավորական Բարաք Օբամայի եւ բյուրոկրատ Հիլարի Քլինթոնի հետ՝ հիմա նա գործ ունի գեներալների հետ, ովքեր կրակում են առանց զգուշացնելու: 59 ՛՛թոմոհավկներից՛՛ վրիպեց միայն մեկը: Հեղուկի վերածված հին ռսական ինքնաթիռները եւ ծպտուն չհանած Ս-300 եւ 400 ՀՕՊ համակարգերը լուռ վկայությունն են, թե ով՝ ով է աշխարհամարտի դաշտում:

Բայց վերադառնանք Հայաստան: ՀՀ արտգործնախարար Նալբանդյանը նույն օրը լռությամբ զարդարում էր Թաշկենթում ԵԱՏՄ/ԱՊՀ երկրների ԱԳՆ հավաքը, որի ընթացքում ՌԴ գլխավոր դիվանագետ Լավրովը ռազմատենչ հայտարարություններ էր անում ԱՄՆ-ի հասցեին: Ի՞նչ է սա նշանակում՝ արդյո՞ք ՀՀ լուռ համաձայնվում է հերթական ռսական արկածախնդրության մասնակից եւ պատանդ լինել… Թուրքիան անցած շաբաթվա ընթացքում սկսեց մաքրել ականապատված դաշտերը հայ-թրքական սահմանի երկայնքով: Ինչու՞: Հասկանալու համար հիշեք, թե որտեղ են գտնվում Թուրքիային, այսինքն ՆԱՏՕ-ին ամենամոտ տեղակայված ռսական ռազմաբազաները՝ մեկը Գյումրիում, 102-րդը; մյուսը՝ Երեւանի արվարձանում, ՛՛Երեբունի՛՛ օդանավակայանում, որը ՀՀ իշխանությունները նվիրեցին Կրեմլին: Եւ եթե սիրիական Շայրաթ ավիաբազային կրակում էին ամերիկյան նավերը, ապա ռազմական գորշողությունների դեպքում Գյումրվա ու Երեւանի վրա կրակելու են արդեն թրքական օդանավերը: Եւ ինչ-որ բան ինձ հուշում է, որ նրանք կարող են ոչ այդքան ճշգրիտ գտնվել, ինչպես ամերիկյան հրթիռները Սիրիայում… Իսկ երկու տարի առաջ ՀՀ սահմանն անցած եւ Մեծամորի ԱԷԿ-ին մոտեցած երկու թրքական ռազմական ուղղաթիռները ապացուցեցին, որ ՀՀ իզուր է վստահել իր ՀՕՊ-ը Ռուսաստանին, որը երեկ չպաշտպանեց Սիրիան եւ հաստատ վաղը չի պաշտպանելու Հայաստանը պատերազմի դեպքում:

Մեր գեներալները, ի տարբերություն ամերիկյանների, գերադասում են զբաղվել ոչ թե իրենց ուղիղ պարտականություններով, այլ քաղաքականություն են խաղում: Մեկը խորհրդարան է ուզում անցնի, մյուսը խորիմաստ հարցազրույցներ է տալիս հայ-ռսական դարավոր բարեկամության մասին, մնացածը զբաղված են իրենց բնավայրերի կամ զորամասերի թալանով… Ամբողջ ծանրությունը կրկին 18-20-ամյա զինվորների ուսերին է ընկնելու: Ռուսիայի ստրուկ մնալու կոչեր անողներն էլ շտապ արտագաղթում են ԱՄՆ: Իսկ ԵԱՏՄ/ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ԵՄ/ՆԱՏՈ միանալու ծրագիր առաջարկած միակ կուսակցությունը միայն 1 տոկոս ձայն է հավաքել ընտրություններում: Եթե մեր ժողովուրդն ու նրա կողմից հանդուրժվող իշխանություններն այս անգամ էլ չլսեն ու չհասկանան այս վերջին զգուշացումները, ուրեմն հաջորդիվ խոսելու են հրթիռները: Իսկ ու՞մ հետ ենք մենք մնալու այդ պահին: Թուրքիան իր ընտրությունն արեց անմիջապես՝ նրանք նույն օրը բացարձակ աջակցություն հայտնեցին ամերիկացիներին: Մեր ԱԳՆ լուռ ներկայությունը Թաշքենթում կարող է թարգմանվել միայն իբրեւ լուռ համաձայնություն Մոսկվայի դիրքորոշմանը: Այդ դեպքում Երեւանն ու Գյումրին վերածվում են թիրախների, իսկ Ադրբեջանը մեծ պատրաստակամությամբ կօգտվի առիթից ՛՛վերականգնելու միջազգային ճանաչված սահմանները եւ իր տարածքային ամբողջականությունը՛՛մեր թիկունքում, ինչպես արեց 1921 թվին: Դուք գոնե հասկանու՞մ եք, ինչ կրակի հետ եք խաղում, այ տգետներ…

Երբ խոսքերն այլեւս անզոր են՝ լսվում են հրթիռների պայթյունները: Այդպես եղավ Սիրիայում: Եթե չհասկանաք դա՝ այդպես կլինի նաեւ Հայաստանում:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply