ՍՈՒՐԲ Է ԱՄԵՆ ՄԻ ԾՆՈՒՆԴԸ՝ ՀԱՆՈՒՆ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ

0

Մարդկության գլխավոր ստեղծագործությունն է արվեստը: Ոչ թե աշխատանքային գործիքների կամ զենքի, անիվի կամ գութանի գյուտը, ոչ թե կրակի կամ կենդանիների ընտելացումը, ոչ թե գիրն ու գրականությունը, գիտությունն ու բժշկությունն, այլ նախեւառաջ արվեստն է առանձնացրել եւ բարձրացրել մարդուն կենդանական աշխարհից: Արվեստը՝ մարդկության հայելին է,  ինքնագիտակցման ու ինքնագնահատման միջոց, հիշողության ու երազանքի արտացոլում: Արվետսը մարդկության պատասխանն է մահվան եւ ծննդի մեծագույն գաղտնիքների մասին գլխավոր հարցին: Արվեստը սփոփանք է եւ ազատություն, սիրո եւ կյանքի պատմություն է:

Մարդկային արվեստի գլխավոր առանցքն է կինը: Կինն է աշխարհի կենտրոնը: Կյանքի աղբյուրն ու զարդը: Պայքարի ու պատերազմի պատճառն ու նպատակը: Տղամարդու ցանկությունների ու երազանքների առարկան: Դա ապացուցելու անհրաժեշտություն չկա՝ բավական է ընդամենը հիշել համաշխարհային կերպարվեստի բոլոր շատ թե քիչ հայտնի պատկերները՝ նրանց ճնշող մեծամասնությունը նվիրված է կնոջ կերպարին:

Հաճախականությամբ երկրորդ պատկերը արվեստում նույնպես կինն է, բայց երեխայի հետ: Քրիստոնեության տարածումը Եւրոպայում դարձրեց կնոջ եւ մանուկի կերպարները կրոնական պաշտամունքի առարկա, ծաղկելով հազարամյա ավանդույթի պարարտ հողի վրա: Մայրը նորածին երեխայի հետ հանդիսանում էր հնագույն ծեսերի եւ սրբավայրերի առանցքը դեռեւս ժայռապատկերների եւ քարանձավային նկարների ժամանակներից: Մանուկների հետ իրենց դիցուհիներին էին պատկերում հին Եգիպտոսում եւ Հունաստանում, Հռոմում եւ Հնդկաստանում: Քրիստոնեության գլխավոր գաղափարը՝ ոգու հաղթանակը մարմնի նկատմամբ, անմեղ եւ թույլ նորածինի գերբնական հզորությունը վերջ դրեցին հին աշխարհի կենդանակերպ հրեշների բիրտ ուժի պաշտամունքներին: Նոր աշխարհն իրեն բնութագրում էր նորածին երեխայի կերպարանքով: Եւ այդ երեխան պաշտպանված էր իր մոր սիրով ու զոհաբերությամբ: Սուրբ ու անարատ Ծնունդը դարձավ քրիստոնեության առանցքային հրաշքը: Սակայն մի՞ թե յուրաքանչյուր ծնունդը հրաշք չէ: Մի՞թե ցանկացած երեխան անարատ չէ: Եւ մի՞թե ամեն մի մայրը սուրբ չէ: Տղամարդկանց աշխարհում Աստվածամոր պաշտամունքը ամենամռայլ դարերում էլ պահպանում էր կանանց արժանապատվությունն ու պաշտպանում էր նրանց արական սեռի դաժանությունից:

Սուրբ Ծննդյան տոները շարունակում են միավորել արեւմտյան քաղաքակրթությունը այս խորհրդավոր ճշմարտությամբ: Ոչ միայն եւ ոչ այնքան ավետարանական քարոզը, ընտանեկան ջերմությունը, ավանդույթի ու մանկական հիշողությունների հմայքը, այլ խորին ենթագիտակցության մեջ ապրող, գրեթե բնազդային ընկալումն այն ճշմարտության, որ աշխարհի առանցքն ու կենտրոնը կինն է, իսկ կյանքի ամենավառ ու թանկ արտահայտումը՝ երեխան, ահա թե ինչ է միավորում այս օրերին միլիոնավոր մարդկանց տասնյակ երկրներում: Եւ ահա ինչու մենք, հին ու ամեն ինչ տեսած մի ազգ, միանում ենք արեւմտյան աշխարհի տոնակատարությանը այս օրերին, մեծահոգաբար անտեսելով եկեղեցու տոմարը, որը պահպանել է Սուրբ Ծննդի զուտ կրոնական գաղափարը, մինչդեռ մենք ենթագիտակցաբար տոնում ենք դեկտեմբերի վերջին սկսվող արեւային նոր տարին, որը չի ենթարկվում ոչ մի տոմարներին եւ միացնում է մեզ աշխարհին եւ մեր իսկ հին աստվածներին միակ ճշգրիտ՝ արեւային, աստղային օրացույցով:

Մենք, հայերս, առ այսօր երթվում ենք մոր արեւով եւ մեր մանուկներին արեւ-արեգակ ենք անվանում: Մեր լեզուն մեզնից իմաստում է եւ հիշում է մեր պատմությունը մեզնից լավ: Այսօրվա մայրամուտը եւ լուսավոր օրն ամենակարճն են տարվա մեջ, իսկ գիշերն՝ ամենաերկարը: Բայց արդեն վաղվանից արեւային լույսը սկսելու է ավելանալ,  իսկ օրը՝ երկարել: Ցրտեր դեռ կլինեն, բայց գարունը անշրջելիորեն մոտենում է այսօրվանից սկսած: Շնորհավոր Սուրբ Ծնունդը, շնորհավոր նոր տարին, շնորհավոր նոր արեւը: Հայաստանը մոտենում է աշխարհին՝ սկսվող տարին բեկումնային է լինելու:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply