Վարդան Պետրոսյանի` ս.թ. հունվարի 26-ին դատարանում ասած վերջին խոսքը

0

«Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ:
Ես գիտեմ նաև, թե էս գործն ինչու էսպես դասավորվեց ու ինչու էսպես սարքվեց:
Մի բան, որ վերջին դատերից մեկում մեղադրողը հարգարժան դիմում էր փաստաբանին:
Ես գիտեմ…
66 թվականին Պարույր Սևակը գրողների միությունում խոսեց Հայաստանում գազոնային քաղաքականության մասին:
Սա նույնի շարունակությունն է:
Անհատ և հասարակություն, ավելի ճիշտ` ռեժիմ:
Չեմ ուզում ես ինձ մեծարել:
Պատահական չեն Սևակի օրինակը, Մինասի, Երվանդ Քոչարի, Աճառյանի, Չարենցի…
Շատ-շատերին, որոնց ճնշել են, ճզմել են:
Աբովյանին նույնիսկ…
Բայց ի տարբերություն էդ ամեն ինչի, մի զարմանլի, զավեշտական բան եմ ուզում ձեզ պատմել:
Երվանդ Քոչարը, մեր մեծանուն մաեստրոն, որ Փարիզից 36 թվականին եկավ էստեղ:
Նրան նստեցրել էին բանտ ու ծեծում էին, ծեծում էին ու ծեծում…
Բան չէր արել, իհարկե…
Նա, որ մեզ թողեց արվեստի, քանդակագործության,
նկարչության ամենամեծ տրադիցիաները:
Բանտից դուրս գալուց հետո տարեց Երվանդ Քոչարը սիրում էր նարդի խաղալ մի մարդու հետ, մի էդպես ռամիկ մարդու հետ, էդպես անկիրթ, տեսքով չհամապատասխանող:
Ինձ պատմել է Քոչարի որդին;
Ռուբեն Քոչարը hարցնում է.
«Հայրիկ, ինչո՞ւ ես նրա հետ նարդի խաղում, ո՞վ է էս մարդը»:
Ասում է.
«Գիտե՞ս, սա բանտում ինձ ծեծողն էր»:
«Ինչո՞ւ ես իր հետ խաղում»:
Ասում է.
«Որովհետև ինքը ձեռը եկածի չափ քիչ էր ծեծում, ինչքան կարում էր»:
Ի՞նչ ասեմ, հարգելի դատարան:
Ես չեմ ուզում ինձ իմ մեծ ուսուցչի` Երվանդ Քոչարի հեետ համեմատել,
բայց հավատացնում եմ, իմ վերաբերմունքը նույնն է:
Ես չարացած չեմ ոչ մի բանի հանդեպ, ոչ մեկի…
Ճիշտ է, ես էդքան կողմ չեմ հարգարժան մեղադրողի մեղադրանքին:
Էդ ուրիշ հարց է:
Բայց ես չեմ կարող չնշել` ամբողջ դատավարության
ընթացքում նրա կոռեկտությունը, զսպվածություն:
Երևի թե բոլորից ավելի շատ, երևի թե…
Չեմ կարող չնշել Ռուբեն Բալոյանի` էսպես սարյանական դեղին, օրանժ գույնը.
հայեցի` շիրա, խաղողի ողկույզի պես հայեցի մի բան ունի…
էդպես փոթորիկի պես…
Ի՞նչ ասեմ, մարդն իր գործն անում է, և դեռ անելու է…
Տուժածների նկատմամբ… (էստեղ նստած է տիկին Նաիրան),
իհարկե, իմ վերաբերմունքը միշտ նույն է և մնալու է նույնը` մինչև կյանքիս վերջը:
Նորից եմ շեշտում, չմտածեք, թե ուզում եմ բարի վերաբերմունք կորզել:
Ես հասկացա, որ մենք հեռվից հեռու իրար հետ առանձին կգնանք:
Երևի հնարավոր չի միասնական կյանքը, մխիթարությունը:
Շատ ցավում եմ, որ էդպես ստացվեց:
Ես կարծում էի, որ այլ կերպ կլիներ, մենք ձեռք-ձեռքի կտանք, ավելի հեշտ
կապրենք էդ վիշտը միասին:
Ես գիտեմ, որ մի մարդ եմ, որ կարողացել եմ մի՛շտ մխիթարել մարդկանց,
իրենց կողքին լինել ամենադաժան, ծանր պահերին:
Ես ինքս ինձ էլ ճանաչում եմ:
Բայց դա չստացվեց…
Ես շնորհակալ եմ շատ իմ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին:
Նա շատ ծանր պայմաններում աշխատեց, շատ ծանր:
Նման չէր մյուս փաստաբաններին` հոգեբանական ճնշումների տակ:
Ուղղակի զարմացել եմ: Եվ ինքը ճիշտ է ասում: Եղել է նույնիսկ պահ, որ ես ասել եմ.
«Նիկոլայ, ես քեզնից պիտի հրաժարվեմ, որովհետև էսպիսի վիճակ է ստեղծվել»
Տեսեք, էսօր էլ ասացի.
«Ուզում եմ հրաժարվել: Մարդիկ ինչ-որ բանի են սպասում,
ինչ-որ բանի չեն հավատում»:
Եվ նույնիսկ նա նստել, հետս քննարկել է հարցը:
Շնորհակալ եմ Սամվելին, իհարկե:
Գնաց Գերմանիա, էլի հետ եկավ:
Շնորհակալ եմ Մարի Դոզենին:
Ես չեմ ուզել փաստաբաններ վարձել, առավել ևս` Ֆրանսիայից:
Ես մի անգամ գրել եմ: Էդ ծախսը կտայի: Իհարկե, էդ ծախսը կտայի:
Բայց փաստաբանները վարձվել են, հարգելի դատարան, մի նպատակով.
քննչական, քննությունների հետ, էդ դատաիրավական պրոցեսների ընթացքում
իմ նկատմամբ կիրառված անօրինությունների պատճառով:
Առանց դրա ես չէի կարող պաշտպանվել:
Ես շատ շնորհակալ եմ լրագրողներին: Շնորհակալ եմ:
Ես երբեք չեմ ուզել, չեմ հավակնել իմ նկատմամբ գովեստի խոսքերի:
Ես նրանց ներկայությունը պահանջել եմ մի բանի համար,
որպեսզի էստեղից դուրս գա էն, ինչ որ կատարվում է:
Որովհետև երկու անգամ ես մասնակցել եմ իմ առաջին սանկցիայի,
էդ խափանման միջոցի դատավարություններին:
Ես ապշահար եմ եղել, թե ինչպես կարող է էսպիսի դատ տեղի ունենալ:
Ոչինչ չէի ուզում:
Ես ասում էի` թող լրագրողները նայեն, դուրս գնան, ուղղակի պատմեն`ինչ է տեղի ունենում, ոչ թե մեկնաբանություններ անեն, էս անեն, էն անեն:
Եվ լրագրողները եկել են, կարողացել են ուժերի ներածին չափով լուսաբանել:
Ինչպե՞ս…
Ես գնահատականներ չեմ ուզում տալ: Այնուամենայնիվ, ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում:
Մինչև էսօր մարդիկ կանգնած են:
Շատ շնորհակալ եմ իմ մոտ ընկերներին, իմ լավ ընկերներին, որոնք ամենածանր պահին իմ կողքին եղան:
Մարդս սայթաքում է:
Վթարը բոլորիս համար է:
Հիշեք բոլորդ. ամենամեծ վարորդը կարող է վթար տալ…
Եվ գիտեք ի՞նչ. մեծ նվեր է երբ էդ պահին, (էսպես են ասում. «երբ եզն ընկնում է,
դանակավորները շատանում են»), էդ ժամանակ կողքդ կանգնում են մարդիկ,
որոնք չեն գնում:
Լավ մարդիկ են կանգնում…
Ես չեմ կարող իմ երախտագիտությունը չհայտնել իմ սիրելի, իմ հարազատ,
իմ կալանակից եղբայրներին, որոնց դուք անվանում եք հանցագործ, իսկ իրենք հանցագործ չեն:
Նրանք ինձ ոտի կանգնեցրին: Նրանք ինձ սովորեցրին էս դժբախտությունն ապրել,
իսկապես` ժպտալ նույնիսկ, մտածել և դեպի առաջ նայել, առանց մոռանալու,
առանց ուրանալու էս դժբախտությունը:
Եվ, վերջապես, ես շատ շնորհակալ եմ իմ սիրելի հանդիսատեսին, որն իմ կյանքի իմաստն է:
Փափազյանին հարցնում են.
«Մեռնելուց ի՞նչ կուզես հետդ տանել»:
«Ես,-ասում է Փափազյանը,-մեռնելուց կուզեմ մի բան հետս տանել` իմ հանդիսատեսի սերը:
Ես էլ մտածում եմ` ի՞նչ կուզեի հետս տանել, եթե ես էլ մեռնեի:
Իհարկե` հանդիսատեսի սերը:
Ավտովթարից հետո, երբ ինձ շտապօգնությամբ տանում էին Երևան, ինձ թվում էր, թե ես խաղում էի իմ վերջին ներկայացումը:
Ես չգիտեմ, ինչքա՞ն է տևել Եղվարդ-Երևան ճանապարհը: Շատ արագ էին քշում:
Երիտասարդներ էին, որոնք ասում էին.
«Դիմացիր, Վարդան, դիմացիր…»
Ես հասկանում էի, որ ինչ-որ մի վատ բան է կատարվում…
Ապտակում էին, որ ուշքս տեղը գա…
Ես էդտեղ սկսեցի անեկդոտներ պատմել, կատակներ անել…
Ասում եմ` ես ուրախ եմ, որ մահվան դռան առաջ ես կատակել եմ և իմ հանդիսատեսին չեմ
մոռացել:
Իհարկե, իմ սիրելի, հարազատ ընտանիքը, որ նաև ինձ հետ է եղել միշտ: Եվ ինձ հետ սպասել է, ինձ հետ տառապել է, ինձ հետ ուրախացել:
Գալով վերջին խոսքին, ամենավերջին մասին:
Իհարկե, տեղի ունեցածը ես համարում եմ դժբախտ պատահար, որ կարող է պատահել բոլոր մարդկանց հետ: Բոլո՛ր:
Ես գիտակցում եմ իմ պատասխանատվության չափը:
Ես գիտեմ` ինչ է պատահել:
Բայց իսկապես գիտեմ:
Ընդ որում` ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ:
Շատ էլ, ես էստեղ շատ բան չեմ ասում, երևի թե` չեմ էլ ասելու: Որովհետև ես գտնում եմ`
լռությունն ավելի տղամարդկային է, քան շատ խոսելը:
Չեմ ասում, չեմ խոսում…
Գիտակցելով պատասխանտվությանս չափը, զղջալով հատկապես սգավոր մայրերի առջև,
ես իմ առաջին խոսքն հենց նրանց եմ ուղղել, հայրերի առջև, ծնողների առջև…
Այնուամենայնիվ ասում եմ.
Այո, ինքս ինձ առաջադրված մեղադրանքում մեղավոր չեմ ճանաչում:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply