ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻՆ ԵՎ ԳՐԻԲՈԵԴՈՎԸ

0

Այսօր մասնսկցել էի քաղբանտարկյալ իրավապաշտպան Վարդգես Գասպարիի բանտարկմանը նվիրված ասուլիսին եւ որոշեցի այստեղ հակիրճ ամփոփել կարծիքս: Հատկապես որ հենց նոր տեղեկություններ եկան նրան ոստիկանության կողմից հոգեբուժարան տեղափոխելու մասին: Սա արդեն սպառիչ պատասխան է տալիս՝ «ինչու՞ եւ ինչո՞վ է նա վտանգավոր» հրետորական հարցին:

Մենք  առնչվում ենք արդեն չթաքնվող հին հրեշավոր «սովետական» պատժիչ համակարգին, որը նորից պղտոր ջրի երես է գալիս ռուս-հայկական համատեղ բռնատիրության տեսքով: Բայց ինչու՞ է դա այսքան ակնհայտ գործում հենց Վարդգես Գասպարիի դեպքում: Փորձենք հասկանալ:

Առաջինը՝ Շանթ Հարությունյանի խմբից ու Պարույր Հայրիկյանից զատ, Գասպարին այն հազվադեպ հայ ընդդիմադիրներից է, ով ուղիղ խոսում  է Հայաստանի զավթված կարգավիճակի մասին եւ մատնանշում դրա կրեմլյան գաղութատիրոջը:

Երկրորդը, Գասպարին գործում է ոչ միայն համակարգի դեմ, այլ նաեւ համակարգից դուրս` նա չի պատկանում որեւե քաղաքական կուսակցությանը կամ խմբին, հրաժարվելով որեւե գործարքներից այդ շրջանակներում, ինչպես վարվում են շատերը:

Երրորդը, Գասպարին գործում է բացարձակապես անհնազանդության եւ բռնություն բացառող խաղաղ միջոցներով, ինչն ընգծվում է նրա «պարկած բողոքի» եղանակով: Բռնակալներին զինաթափող այս «գանդիական» պայքարի մասին խոսում են շատերը, բայց հետեւողականորեն իրականացնում է միայն Գասպարին:

Չորրորդը, Վարդգեսը գործում է ընդգծված օրինական, ավելի ճիշտ՝ սահմանադրական եղանակով, անգամ բանտում  մերժելով «գողական ճշտի» թելադրանքը եւ առաջնորդվելով ու քարոզելով մարդու իրավունքների գերակայությունը:

Հինգերորդ՝ Գասպարին սփյուռքահայ է, սակայն ուրիշների պես չի ընկճվում հետապնումներից, սպառնալիքներից ու չի հեռանում Հայրենիքից դառնացած հիասթափությամբ:

Կարճ ասած՝ Վարդգես Գասպարին օրինական հայ քաղաքացի է, որի մասին պետությունը պետք է որ երազեր՝ արժանապատիվ, հայրենասեր եւ ազնիվ: Հենց սա է այդքան սարսափեցնում իշխող ստրկամիտ համակարգին ու դրա ռուս գաղութատերերին, որ անհիմն ու զավեշտալի մեղադրանքով բանտարկված այս մարդու համար տեղ չի գտնվում անգամ դրանց  կողմից լիովին վերահսկվող զնդաններում: Նա այնքան վտանգավոր է իր անկեղծ ու ազնիվ կեցվածքով, որ ռուսական ռազմաբազայի վերածված ՀՀ-ում նրա համար միակ հնարավոր տեղը հոգեբուժարանն է…

Սա ուղիղ կապ է հաստատում այսօրվա Ռուսաստանի, նրա հրահանգերով շարժվող ՀՀ-ի եւ մեռած ու չթաղած Սովետի միջեւ, որտեղ ստալինյան ԳՈՒԼԱԳ-ից հետո «բուսակերական» համարվող բրեժնեւյան շրջանում հազարավոր այլախոհներին շպրտում էին հոգեբուժարաններն, քանի որ միայն «գիժը» կարող էր բողոքել սովետական համակարգի դեմ: Զավեշտալի է, որ ԽՍՀՄ չարաբաստիկ «պատժիչ հոգեբուժության» ղեկավար պաշտոնները ստանձնում էին մի շարք հայազգի «մասնագետներ»:

Երկու դար առաջ Երեւանի բերդի կայազորում տեղի ունեցավ Գրիբոեդովի «Խելքից պատուհասի» առաջին ներկայացումը: Այժմ Գրիբոեդովի ազնիվ անունը շահագործող ԿԳԲ-շնիկները Հայաստանում բառի բուն իմաստով վերարտադրեցին այդ տխուր կատակերգությունը: Հայաստանի ամենախելացի ու ազնիվ քաղաքացիներից մեկը հայտարարվում է խելագառ, մինչդեռ ագահությունից ու տգիտությունից խենթացած ոհմակը շարունակում է կործանել մեր ազգն ու երկիրը:

1982 թ. Կրեմլում իշխեց ԿԳԲ-ի պետ Անդրոպովը եւ երկրում անմիջապես սկսվեցին ձերբակալումները: Ես ԵՊՀ երրորդ կուրսի ուսանող էի, երբ ի թիվ այլոց բանտարկեցին մեր սիրած ուսուցիչներից փիլիսոփա Էդմոն Ավետյանին եւ լեզվաբան Ռաֆայել Պապայանին, ընդ որում Ավետյանին ուղարկեցին հենց հոգեբուժարան: Նրա կյանքի վերջի տարիներին, արդեն հետխորհրդային Հայաստանում նրան կարծես թե նյութական օգնություն էին տրամադրել, եթե չեմ սխալվում հենց Սերժ Սարգսյանն էր հիշատակվում այդ կապակցությամբ: Տասը տարի անց դերակատարները փոխվում են, իսկ ներկայացումը մնում է նույնը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply