ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՆ Է ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻՑ

0

Հարգելի գործընկերներ ու համախոհներ: Կից ուղարկում եմ ձեզ ծանոթանալու, կարծիք եւ դիտողություն, ուղղում եւ առաջարկ անելու մի փաստաթուղթ, որը համարում եմ շատ կարեւոր: Ձեր արձագանքները ամփոփելուց հետո, ներկայացնելու եմ սա որպես ՛՛Հայաստանի Եւրոպական ընտրություն՛՛ նախաձեռնության պաշտոնական դիմում ՀՀ քաղաքացիական հասարակությանը եւ միջասգային հանրությանը:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՆ Է ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻՑ

Անվիճելի փաստ է, որ ներկայումս միջազգային քաղաքականության առանցքն է քաղաքակրթական նոր լարվածությունն Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, վերջինիս քաղաքական ու տնտեսական մեկուսացումը, դրա հանդեպ պատժամիջոցների կիրառումը եւ դրանց արդյունքում Ռուսաստանի անխուսափելի թուլացումն ու նահանջն աշխարհաքաղաքական դիրքերից:

Հայաստանի Հանրապետության համար դա նշանակելու է վերջին հարյուր տարվա ընթացքում Ռուսաստանի երրորդ հեռացումը տարածաշրջանից, դրանից բխող բոլոր քաղաքական, տնտեսական, ռազմական եւ քաղաքակրթական հետեւանքներով:

Այս հարցի շուրջը մեր երկրում ծավալվող քննարկումներում, վերլուծություններում, տրվող գնահատականներում եւ կանխատեսումներում բացակայում է երեք կարեւորագույն փաստերի հիշատակումը, որոնք կենսական ու բախտորոշ նշանակություն ունեն ոչ միայն մեր անցյալի գիտակցման, այլ նախեւառաջ մեր ներկայի եւ ապագայի ամենահիմնական խնդիրների լուծման համար:

Առաջինն այն է, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը, որի իրավահաջորդն է հանդիսանում ներկայիս ՀՀ-ը, ոչնչացվել է արտաքին հարձակման՝  Սովետական Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի համատեղ ու պայմանավորված օկուպացման արդյունքում: Ընդ որում, կարեւոր է նշել, որ ՀՀ զավթումը 1920 թվականի նոյեմբերին հանդիսացել է եւ Սովետական Ռուսաստանի եւ Թուրքական հանրապետության համար առաջին նման պատերազմ եւ օկուպացում ապագա զավթումների երկար ցուցակում:

Երկրորդ կարեւորագույն հանգամանքն այն է, որ ներկայիս ՀՀ-ը, որը համաձայն 1991 թ. օգոստոսի 23-ին ընդունած Անկախության հռչակագրի հանդիսանում է Հայոց առաջին հանրապետության իրավահաջորդը, ինքը կորցրել է ինքնիշխանությունն ու քաղաքական անկախությունը Ռուսասատնի հատուկ ծառայությունների կողմից 1999 թ. հոկտեմբերի 27-ին կազմակերպված ահաբեկչության եւ պետական հեղաշրջման արդյունքում, որի հետեւանքով Հայաստանում իշխանության եկան Ռուսասատնի աջակցությունը ստացած դրածոները: Այսինքն, եթե 1920 թ. նոյեմբերի 29-ին հայոց Առաջին հանրապետությունը զավթված էր Սովետական Ռուսաստանի բանակի կողմից, ապա 1999 թ. հոկտեմբերի 27-ին զավթումը եւ հետագա գաղութացումը կատարվեց ԿԳԲ/ՖՍԲ/ԳՌՈՒ պատժիչ ծառայությունների եւ դրանց ենթակա տնտեսական կառույցների ջանքերով:

Եւ երրորդ առանձնահատկությունը՝ Հայաստանի Հանրապետության ռուս-թուրքական օկուպացումը 1920 թ. եւ հետագա մասնատումը 1921 թ., ինչպես նաեւ այդ պետության իրավահաջորդ հանդիսացող ներկայիս Հայաստանի փաստացի գաղութացումը Ռուսաստանի կողմից եղել եւ մնում են 1915-1922 թթ. Հայոց Ցեղասպանության եւ հայ ժողովրդի հայրենազրկման հետեւանքները, ինչպես նաեւ մարդկության ու մարդկայնության դեմ այդ հրեշավոր հանցանքի անպատժելիության, դրա իրավական, տարածքային, նյութական ու բարոյական որեւե փոխհատուցման բացակայության արդյունքը:

Այս երեք կետերից հետեւում են երկու սկզբունքային եզրակացություններ:

Առաջինը՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը չի կարելի անջատել Եղեռնի հետեւանքով տեղի ունեցած հայության հայրենազրկումից եւ 1918 թ. վերստեղծված հայկական պետության օկուպացումից ռուս-թրաքական հանցավոր ու ապօրինի պայմանագրի արդյունքում: Հենց այդ պայմանագրի հետեւանքն է եղել Ռուսասատնի կողմից Արեւմտյան Հայաստանի փոխանցումը Թուրքիային, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ու Նախիջեւանի կցումը Ադրբեջանին:

Երկրորդը՝ Հայաստանն իրավունք եւ պարտականություն ունի միջազգային ատյաններում դնել ոչ միայն Եղեռնի, այլ նախեւառաջ մեր երկրի օկուպացման, մասնատման եւ գաղութացման փաստից առաջացող քաղաքական եւ իրավական պահանջներ: Որպես ակնհայտ նախադեպ պետք է օգտագործել 1939 թ. Մոլոտով-Ռիբենտրոպ, իսկ ավելի ճիշտ Ստալին-Հիտլեր պայմանագրի արդյունքում մերձբալթյան երեք պետությունների՝ Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի օկուպացման օրինակը, որն, ինչպես հայտնի է, կես դար շարունակ չեր ճանաչվում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Վատիկանի կողմից եւ որն ի վերջո բերեց այդ հարցի իրավական լուծմանը:

Այսպես, Եվրոպայի խորհուրդը 1960 թ., 1994 թ. եւ 2005 թ. բնորոշում էր մերձբալթյան երկրների սովետականացումը նույնպես որպես օկուպացում: Նմանատիպ որոշում ընդունել էր նաեւ Եվրոպական Խորհրդարանը 1983 եւ 2005 թթ.:

2008 թվականի սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց օրինագիծ, որը պահանջում էր Ռուսաստանից ճանաչել ԽՍՀՄ կողմից մերձբալտյան երեք երկրների օկուպացման անօրինականությունը:

Մարդու իրավունքերի Եվրոպական դատարանը հետեւյալ բանաձեւն էր ընդունել 1939-1991 թթ. Մերձբալթյան երկրների սովետական զավթման հարցով, մասնավորապես Էստոնիայի բռնակցման վերաբերյալ.

՛՛Դատարանը նշում է, որ Էստոնիան կորցրել էր անկախությունը Գերմանիայի եւ ԽՍՀՄ միջեւ կնքված՝ այսպես կոչված ՛՛Մոլոտով-Ռիբենտրոպ պայամանագրի արդյունքում, որը ստորագրվել էր 1939 թ. օգոստոսի 23-ին, ներառյալ դրան կցված գաղտնի հավելվածը: Էստոնիային ներկայացված վերջնագրից հետո 1940 թ. հունիսին այդ երկիր մտցվել էին սովետական բանակի խոշոր ստորաբաժանումներ: Օրիանական կառավարությունը հեռացված էր եւ սովետական իշխանությունը հիմնադրվեց բռնի ուժով: ԽՍՀՄ համայնավարական բռնապետական վարչախումբը ձեռնարկեց լայնածավալ հալածանքներ Էստոնիայի բնակչության դեմ, արտաքսելով շուրջ 10 հազար մարդ 1941 թ. հունիսի 14-ին եւ ավելի քան 25 հազար մարդ 1949 թ. մարտի թջ-ին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տասնյակ հազարավոր մարդիկ փախել են անտառներ, ծուսափելու համար սովետական իշխանության հալածանքներից: Դրանց մի մասն ակտիվորեն դիմադրում էր սովետական զավթիչներին: Անվտանգության ծառայության տվյալներով, շուրջ 1500 մարդ սպանվեց եւ համարյա 10 հազարը փերբակալվել էր 1944-1953 թթ. Դիմադրության տարիներին՛՛:

Մերձբալտյան ժողովրդների եւ միջազգային հանրության դիրքորքշումն ու կես դարվա պայքարը հանուն անկածության պսակվեցին հաջուղությամբ՝ 1991 թ. սեպտեմբերի 6-ին ԽՍՀՄ նորաստեղծ Պետական խորհրդի առաջին իսկ որոշմամբ Սովետական Միությունը ճանաչեց Էստոնիայի, Լատվիային ու Լիտվայի անկախությունը, այսինքն ընդունեց այդ երկրների օկուպացման փաստը եւ դրա համար սեփական պատասխանատվությունը: Դրանից հետո երեք մերձբալթյան պետությունների եւ Ռուսաստանի միջեւ կնքվեցին երկկողմանի միջպետական պայմանագրեր, որոնց մեջ մասնավորապես նշվում էր ԽՍՀՄ օկուպացիայի պատճառով Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի սուվերենության խախտումը եւ դրա ճանաչումն իբրեւ կողմերի միջեւ վստահության վերականգնման գրավականը:

Միջազգային հարաբերությունների իրավական կողմը սովորաբար հիմնվում է նախադեպի սկզբունքի վրա: Կասկածից վեր է, որ ճիշտ այնպես, ինչպես Մոլոտովի-Ռիբենտրոպի 1939 թ. օգոստոսի 23-ի պայմանագիրը հիմք հանդիսացավ մերձբալթյան երեք երկրների օկուպացման համար, Հայաստանի օկուպացումը ռուս-թրքական համատեղ ուժերով արդյունք էր 1920 թ. գարնանը սկսված ռուս-թրքական բանակցությունների եւ դրանց հիմքի վրա 1921 թ. մարտի 21-ին կնքված Լենինի եւ Քեմալի Մոսկովյան պայմանագրի:

1920 թ. հունիսի սկզբին Լենինը ստացավ ապրիլի 26-ին գրված Մուաֆա Քեմալի նամակը, որում Թուրքիայի նորաստեղծ ազգային ժողովի նախագահը հայտնում էր, որ ՛՛Թուրքիան պարտավորվում է Սովետական Ռուսաստանի հետ համատեղ պայքարել իմպերիալիստական պետությունների դեմ հանուն բոլոր ճնվածների ազատագրմանը, ինչպես նաեւ պարտավորվում է ազդել Ադրբեջանական հանրապետության վրա, որպեսզի վերջինս միանա սովետական պետությանը: Թուրքիան պատրաստ է մասնակցել Կովկասում հակաիմպերիալիստական պայքարի եւ հույս ունի ստանալ Սովետական Ռուսասատնի աջակցությունը իր վրա հարձակվող իմպերիալիստական թշնամիների դեմ պայքարում:՛՛

Բառացիորեն երկու օր անց, ապրիլի վերջին Բաքվում հռչակվեց Սովետական իշխանություն եւ ռուսական 11-րդ Կարմիր բանակն Ադրբեջան մտնելուց հետո ադրբեջանական ուժերի հետ համատեղ անմիջապես հարձակման անցավ հայաբնակ տարածքների վրա: 1920 թ. հունիսի կեսերին ռուս-ադրբեջանական զինված ուժերը զավթեցին Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, իսկ հուլիսի 28-ին գրավեցին Նախիջեւանը, հռչակելով այնտեղ սովետական իշխանություն: Օգոստոսի 10-ին Թիֆլիսում Հայաստանի հանրապետությն եւ Սովետական Ռուսաստանի ներկայացուցիչները կնքեցին զինադադարի պայմանագիր, ըստ որի Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջեւանը մնում էին ռւուսական Կարմիր բանակի վերահսկողության տակ:

Նույն օրը Փարիզում կնքվել էր Սեւրի պայմանագիրը, համաձայն որի Հայաստանի հանրապետությունը վերստեղծվում էր շուրջ 100 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, Տրաբզոնի նավահանգստով, Վան, Բիթլիս, Էրզերում, Կարս նահանգներով: Քեմալական Թուրքիան չի ճանաչել Սեւրի պայմանագիրը եւ Սովետական Ռուսաստանի հետ համատեղ վերսկսեց հարձակումը Հայաստանի հանրապետության վրա, սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին զավթելով Սարիղամիշը, Կարսը եւ Ալեքսադրապոլը, մինչդեռ ռուսական բանակը միաժամանակ հարձակվեց արեւելքից, նոյեմբերի 29-ին զավթելով Երեւանը:

Այսպիսով, 1920 թ. նոյեմբերի 18-ի Ալեքսանդրապոլի եւ դեկտեմբերի 2-ի Երեւանի տխրահռչակ պայմանագրերը Հայաստանի հանրապետության կառավարությունը ստիպված էր կնքել երկրի երկկողմանի օկուպացման պայմաններում, երբ Գյումրին գրավված էր քեմալական Թուրքիայի, իսկ Երեւանը բոլշեւիկյան Ռուսասատնի զորքերով, ընդ որում ռուս-թրքական համատեղ պատերազմը Հայաստանի դեմ կրում էր բացարձակապես զավթիչ բնույթ, քանի որ հայոց Ցեղասպանությամբ ու հայրենազրկմամբ հյուծված հայ ժողովուրդը ձգտում էր միայն վերականգնել իր ազգային եւ պետական ինքնությունը, չսպառնալով ոչ Ռուսաստանի, ոչ Թուրքիայի, ոչ էլ Ադրբեջանի գոյությանը:

Այս ամենը վաղուց հայտնի պատմական փաստ է եւ ոչ մի նոր բան այստեղ չկա: Նորը, թերեւս այն է, որ օկուպացված երկրից բռնությամբ կորզած Երեւանյան պայմանագիրը, ինչպես նաեւ դրա հիմքի վրա եւ անգամ առանց հայկական կողմի մասնակցությամբ ստորագրված 1921 թ. մարտի 16 ռուս-թրքական Մոսկովյան պայմանագիրը հակասում են միջազգային իրավունքի տարրական չափանիշների, եւ այսպիսով ապօրինի են:

Կրկին անդրադառնալով Մերձբալթյան երկրների նախադեպին, նշենք, որ Մոլոտով-Ռիբենտրոպ համաձայնագիրն իրականացնելով, ԽՍՀՄ 1939 թ. նոյեմբերին նույնպես ստիպեց այդ երկրների կառավարություններին ինչ-որ ձեւական ՛՛պայմանագրեր՛՛ կնքել իր հետ, միաժամանակ սովետական բանակի խոշոր ստորաբաժանումներ մտցնելով Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի տարածք: Միջազգային հանրությունը մերժեց այդ կեղծ պայմանավորվածությունները հենց այն պատճառով, որ դրանք կոռզված էին բիրթ ուժի կիրառմամբ եւ չեն կարող համարվել արդար ու օրինական: Օրինական չէին կարող դիտվել նաեւ սովետական ճնշման տակ 1940 թ. այդ երկրներում ստեղծված կոմունիստական կառավարությունները, քանի որ դրանք չեն ընտրվել ազգերի ազատ կամարտահայտության միջոցով եւ հետեւաբար չէին ներկայացնում մերձբալթյան ժողովրդներին:

Այդ բոլոր զարգացումները միանգամայն ու միանշանակ կրկնօրինակում էին դրանցից ընդամենը 18 տարի առաջ կնքված մեկ այլ խայտառակ եւ ապօրինի պայմանագիրը՝ 1921 թվականի Լենին-Քեմալ Մոսկովյան համաձայնագիրը, որը վավերացրեց Հայաստանի հանրապետության օկուպացիան եւ մասնատումը Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Հետաքրքիր է, որ Մոսկովյան պայմանագրի նմանակ հանդիսացող Կարսի պայմանագրի մեջ Թուրքիան հատուկ մտցրել էր 2 կետը, ըստ որի ՛՛Կողմերը չեն ընդունում որեւե համաձայնագիր կամ միջազգային օրենքմ որոնք կարող են ընդունված լինեն ուժի ճնշման տակ՛՛: 1921 թ. Թուրքիան այս կետով փորձում էր չեզոքացնել Սեւրի պայմանագիրը: Մեկ դար անց հենց այս կետը կարող է եւ պետք է դառնա Թուրքիայի եւ Ռուսաստանի կողմից Հայաստանին բռնի ուժով թելադրված պայմանագրերի չեղարկման իրավական հիմք:

Մոլոտով-Ռիբենտրոպ եւ Լենին-Քեմալ պայմանագրերի միջեւ միակ, թեեւ ամենաէական տարբերությունն է այն, որ եթե մերձբալթյան երկրների օկուպացումը առաջացրեց այդ հասարակությունների եւ միջազգային հանրության մերժումը, Հայաստանի օկուպացումը որպես այդպիսին չեր բնորոշվել եւ չեր դիտվել առ այսօր ոչ միջազգային ատյանների եւ ոչ էլ հայ հասարակության մեծ մասի կողմից: Ո՞րն են դրա պատճառներըը:

Մեր կարծիքով, հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի օկուպացումը շարունակվում է առ այսօր: Ընդ որում, եթե սովետական 70-ամյա շրջանում այն իրականացվում էր գերակայող ու անհաղթահարելի թվացող ուժի՝ ԽՍՀՄ կողմից, ապա 1991 թվականից հետո եւ հատկապես 1999 թ. հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչական հեղաշրջումից հետո Հայաստանի օկուպացիան պահպանվում է առավել քողարկված ու ցինիկ կերպով, ռուսական հատուկ ծառայությունների եւ նրանց տեղական գործակալների միջոցով:

Ահա ինչու, ի տարբերություն Մերձբալթյան երկրների, Հայաստանում պետական մակարդակով այդպես էլ չի ձեւաորվել պաշտոնապես երկրի ռուս-թուրքական օկուպացման գաղափարը եւ դրանից բխող քաղաքական ու իրավական հետեւությունները: Ոչ պակաս հետաքրքիր է այն հանգամանքը, որ ի տարբերություն մերձբալթյան պետությունների, որոնք սովետական օկուպացիայի ողջ շրջանում պահպանում էին արտերկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում իրենց վտարանդի կառավարությունների գործող ներկայացուցչությունները, ՀՀ առաջին հանրապետության իշխանությունները, ունենալով հսկայական եւ ազդեցիկ Սփյուռք, թերացել են պահպանել զավթված պետականության թեկուզ խորհրդանշական ներկայացչություն, փոխարինելով դա նեղ կուսակցական, մեկուսացված կառույցներով, իսկ հետագայում, որոշ տվյալներով, անգամ համագործակցելով զավթիչ ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ:

Հենց այդ պատճառով տասնամյակներ շարունակ աշխարհասփյուռ հայությունը ներքաշված է միանգամայն թյուր ու սահմանափակ նպատակներ հետապնդող, առանձին ու բացառապես մեկուսացված խնդրի՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մեջ, չտեսնելով, թերանալով տեսնել, բարձրաձայնել եւ պահանջել դրա անբաժան միասնություն հանդիսացող հիմնախնդիրը՝ Եղեռնի հետեւանքով Հայաստանի Հանրապետության օկուպացումը եւ մասնատումը Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ:

Մեր խորին համոզմամբ, միայն այդպիսի լուրջ, հասուն եւ պատասխանատու դիրքորոշման դեպքում հայոց պետությունը կարողանալու է վերականգնել սեփական անկախությունն ու ինքնիշանությունը, միջազգային իրավունքի սկզբունքներով լուծոլով հայ-ռուսական, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հիմնահարցերը:

Եթե ներկայիս հայոց իշխանությունը ունակ չէ այս քաղաքական օրակարգը վեր հանել եւ միջազգային ատյաններում ներկայացնել այն, եթե քաղաքական ընդդիմության, կուսակցաքան ու քաղաքական դաշտում չի գտնվում որեւե ուժ, որը կարող է անել դա, ապա այդ առաքելության պատասխանատվությունը իր վրա պետք է վերցնի քաղաքացիական հասարակությունը: Ի վերջո, կես դար շարունակ մերձբալթյան ժողովուրդները վառ էին պահում անկախության եւ ապագաղութացման գաղափաչը, սովետական օկուպացիայից ազատվելու նպատակը, չունենալով ոչ պետական, ոչ կուսակցական, ոչ այլ քաղաքական կառույցենր ու աջակցություն: Ի վերջո, ԽՍՀՄ փլուզումը սկսվեց հայ ժողովրդի, հայ քաղաքացիական հասարակության ընդվզումից, որը, մի բուռ այլախոհ ասպետներից բացի, նույնպես չուեր ոչ մի կուսակցական ու պետական կառույց իր վիթխարի եւ աննախադեպ հաջողությամբ պսակված պայքարում: Այսօր օրակարգում առավել կարեւոր նպատակ է: Մենք չենք փրկի Արցախը, եթե չփրկենք Հայաստանը: Մեր երկրըն ազատագրման ենթակա օկուպացված տարածք հայտարարելը՝ առաջին քայլն է այս ճանապարհին: Այս ուղերձով եւ միջազգային աջակցույան կոչով մենք պետք է դիմենք աշխարհին, որպեսզի միայնակ չմնանք այդ անհավասար պայքարում: Դարից ավել Հայաստանը եղել է ռուս-թուրքական հարաբերությունների թատերաբեմն ու զոհը: 97 տարի առաջ Հայաստանը օկուպացվեց եւ մասնատվեց ռուս-թուրքական հանցավոր եւ ապօրինի պայմանագրի հետեւանքով: Մեր անկախության հարյուրամյակին մենք պարտավոր ենք ազատվել այդ խայտառակ ստրկությունից, վերականգնելով Հայաստանի սահմանադրական կարքը եւ ինքնիշխանությունը:

Հանուն մեր եւ ձեր ազատության:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply