ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ԵՐԿՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ

0

Կա՞ արդյոք որեւեր տարեթիվ, որն ավելի կարեւոր լինի հայության համար, քան Եղեռնի 100-ամյակը: Կա: Մեկ տարի անց լրանալու է Առաջին հանրապետության 100-ամյակը: Ցեղասպանության ընթացքում, ազգաբնակչության կեսը կորցնելով, հայությունը կարողացավ ոչ միայն ջախջախել Սարդարապատ եւ Ապարան հասաց թրքական բանակի ընտրյալ զորամիավորումները, որոնք դրանից երեք տարի առաջ Դարդանելի ափին պարտության էին մատնել բրիտանական ու ավստրալիական զորքը , այլ նաեւ անկախ հանրապետություն է հռչակել 1918 թ. մայիսի 28-ին:

Մի կողմ թողնենք այն զավեշտալի իրողությունը, թե իրականում ինչպես, որ օրը եւ ինչ հանգամանքներում էր տեղի ունեցել Առաջին հանրապետության հռչակումը: Ընդունենք հարյուր տարվա սրբագրված ավանդույթը եւ կենտրոնանանք մայիսի 28-ի վրա: Կրկնեմ՝ ես համոզված եմ, որ Հայաստանի եւ հայության համար այս տարեդարձը շատ ավելի կարեւոր ու էական է քան անգամ Եղեռնի տարելիցը: 99 տարի առաջ մենք դաս տվեցինք աշխարհին, թե ինչպես է զոհը հաղթող դառնում, թե ինչպես է վերապրում ոչնչացման եզրին հայտնված ազգը, թե ինչին է ունակ մարդն ու մարդկությունը, եթե չի ցանկանում մահանալ: Բոլորովին պատահական չէ, որ աշխարհն այդպիսի ոգեւորությամբ էր ընդունել Հայաստանի վերածնունդը, ԱՄՆ-ից մինչեւ Ճապոնիա ճանաչելով հայոց պետականությունը, Ազգերի Լիգայում նախագծելով մեր երկրի սահմանները Սեւ ծովից մինչեւ Արաքս:  Պատահական չէ նաեւ, որ հենց նորաստեղծ գերտերությանը՝ Ամերիկային հանձնեցին Հայաստան ստեղծելու միջազգային մանդատը: Ասեմ միգուցե անսովոր, բայց գոնե ինձ համար անվիճելի մի բան՝ հենց Հայաստանի վերստեղծման մանդատն էր դարձրել ԱՄՆ-ը աշխարհի բարոյական առաջնորդ եւ քաղաքական գերտերություն: Հայերն այսօր համարյա չեն գիտակցում այդ երեւույթը եւ բավարարվում են քաղքենի ՛՛օգուտ ունենալու՛՛, ՛՛մասոնական դավադրությունների՛՛ ու ՛՛կեղտոտ քաղաքականության՛՛ մասին գավառական բարբաջանքով: Սակայն Ամերիկան լավ է հիշում Վուդրո Վիլսոնի առաքելական քաղաքականությունը եւ ուղիղ մեկ դար, ընդհուպ մինչեւ ներկայիս չարաբաստիկ նախագահ Թրամփը, աչքի լույսի պես էր պահպանում ազատության, անկախության եւ մարդկանց իրավունքներն ողջ աշխարհում պաշտպանելու վիլսոնյան գաղափարն ու պատգամը: Որքան էլ ջանք ու եռանդ չթափեցին մոսկովյան չեկիստները արմատախիլ անելու, մոռացության մատնելու, վարկաբեկելու այդ պատմական իրողությունը հայոց հիշողության մեջ, Հայաստանի ՛՛վիլսոնյան՛՛ պատկերը կրկին նշմարվում է ոչ միայն հայ ազգի երազանքներում, այլ նաեւ համաշխարհային քաղաքականության նախագծերում:

Սակայն այդ մասին մեկ այլ անգամ: Այսօր մենք իբրեւ ազգ եւ պետություն գտնվում ենք ծանրագույն քաղաքական ճգնաժամում: Մեր երկիրը փոստորեն օկուպացված եւ գաղութացված է Ռուսաստանի բանակով, հատուկ ծառայություններով, բանկային եւ ֆինանսական կորպորացիաներով: Հայաստանն այլեւս անկախ ինքնիշխան հանրապետություն չէ: Բոլոր տնտեսական, մշակութային, բարոյահոգեբանական խնդիրները, համատարած ընկճախտն ու աղքատությունը, արտագաղթն ու գործազրկությունը հանդիսանում են այդ քաղաքական օկուպացիայի եւ գաղութացման հետեւանքն ու արդյունքը:

Երկու անգամ անցած հարյուր տարիների ընթացքում Հայաստանին հաջողվել էր վերստեղծել սեփական անկախ պետականությունը՝ երկու անգամ էլ դա կապված էր Ռուսաստանի քայքայման հետ, սկզբից կայսրության, հետո ԽՍՀՄ: Երկու անգամ էլ հաշված տարիներ անց կայսրությունը կարողանում էր վերականգնվել եւ վերանվաճել, վերազավթել Հայաստանը, ոչնչացնելով հայոց անկախությունն ու պետականությունը: Առաջին հանրապետությունը դիմացավ երկու տարի մինչեւ 11-րդ Կարմիր բանակի մուտքը 1920 թ. նոյեմբերի 29-ը, Երրորդ հանրապետությունը դիմադրեց շուրջ ութ տարի՝ մինչեւ 1999 թ. հոկտեմբերի 27-ի պետական հեղաշրջումը, որից հետո մեր երկիրը հայտնվեց ռսական հատուկ ծառայությունների եւ դրանց տեղական գործակալների լիակատար վերահսկողության տակ:

Մեկ տարի անց նշվելու է հայոց անկախության վերստեղծման 100-ամյակը: Արդյո՞ք Հայաստանը դիմավորելու է այդ տարեդարձը նույն օկուպացված կարգավիճակում: Արդյո՞ք հերթական կեղծ ու ձեւական ծիսակատարություններով է վարկաբեկվելու մեր անկախությունը: Ի՞նչ ապուշ խորհրդանիշ կընտրվի այս հոբելյանի համար, նախանցյալ տարվա խղճուկ ու ամոթալի անմոռուկների պես, որոնց անհեթեթ մանուշակագույն երանգը կարծես կոչված լիներ ՛՛՛ջրիկացնելու՛՛ եւ թաքցնելու միլիոնավոր նահատակների արյան գույնը…

Պուծինյան չեկիստական կայսրությունը կրկին հոգեւարկ է ապրում: Հայաստանը կորցրեց 2015 թ. ապրիլի 24-ին ճակատագրով մեզ տրված ազատագրվելու, անջատվելու, անկախանալու պատմական հնարավորությունը, որը ոչ մի Պուծին մեզնից չեր կարողանա խլել այդ օրերին ողջ աշխարհի աչքի առջեւ: Մեր իշխանությունը չհամարձակվեց ազգային արժանապատվություն ու քաղաքական իմաստություն հանդես բերել՝ եւ մեկ տարի անց մենք պատժվեցինք ապրիլյան քառօրյա պատերազմով: Հայոց բանակը դիմացավ եւ չնահանջեց: Հայոց բանակը երբեք թրքերին չեր զիջել եւ չեր պարտվել մարտում, երբ նրան չեն քայքայել ու չեն զինաթափել, երբ թիկունքից չեն դանակահարել չեկիստ ու բոլշեւիկ դավաճանները:

Հայոց հասարակությունը այս քառորդ դարում չգտավ իր մեջ անկախության բանաձեւը: Շարժումներ ու կուսակցություններ, անհատ ՛՛փրկիչներ՛՛ եւ խմբեր շարունակ տանում էին մարդկանց կեղծ ու սխալ թիրախների վրա, սխալ հասցեներով: Անգամ մեր ազնվագույն ասպետները չքաղեցին միջնադարյան Դոն Քիշոտի դասը, շարունակելով շփոթել հողմաղացներն իրական հրեշների հետ: Մի՞թե չեն կարդացել Սերվանտեսի վեպը…

Հայոց անկախության բանալին այսօր, ինչպես եւ հարյուր տարի առաջ գտնվում է ռսական կայսրությունում: Իսկ մեր անկախության կողպեքը՝ մեր հոգիներում ու սրտերում է, ընդ որում այն հասցրել է ժանգոտել առանց օգտագործման: Բանալիները կհայտնվեն նորից, ուշ թե շուտ, մնում է, որ մեր հոգիներում մնա անկախության երազանքն ու ցանկությունը, առանց որի ոչ մի բանալի չի բացի ստրկամտության ժանգոտած կողպեքը: Իրականանում են միայն անկեղծ իղձերը:

Իսկ մինչեւ Անկապության 100-ամյակ մնում է 365 օր…

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply