100 ՕՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ: ԵՎ ԱՌԱՋ…

0

Վաղուց է ասված՝ նոր պատերազմը սկսվում է, երբ մարդիկ մոռանում են նախորդը: Ընդամենը 100 օր անցավ Արցախում վերջին արյունալի բախումներից հետո, որ ՛՛ապրիլյան պատերազմի՛՛ անվանում ստացան: Ամբողջ մի 100 օր: Քի՞չ է սա, թե՞ շատ…
Նապոլեոնը 100 օրվա ընթացքում անզեն գրավեց ողջ Ֆրանսիան, պետությունների ղեկավարներն այդ ժամկետում ձեւավորում են կառավարություններ եւ նոր քաղաքականություն, մարդիկ օտար լեզուներ են սովորում 100 օրում: Մենք թաղեցինք 102 զինվոր, համազգային սուգ անգամ չհայտարարեցինք, եւ թույլ տվեցինք 102 ստրուկներին կողմ քվեարկել մի դավաճանությանը, որը կյանքի գնով փորձում էին կանխել մեր նահատակները: Հետո ամեն ինչ մոռացվեց եւ վերադարձավ իր հունի մեջ:
Սկզբից շատերին թվում էր, որ այդ մղձավանջը էապես փոխելու է հայոց երկիրն ու հասարակությունը: Իսկապես, հոգեբանական առումով որոշ բաներ փոխվել են եւ էապես: Ռուսական հեքիաթը վերջացավ Հայաստանում: Հայ մայրերն ու երիտասարդ հայուհիներն այլեւս երբեք չեն ների ռուսներին, ովքեր խլում են իրենցից հայ տղաներին՝ զինելով մեր թշնամուն կամ գայթակղելով խոպանի փողով ու էժան սիրով: Սակայն ռազմաքաղաքական ոլորտում չի փոխվել բացարձակապես ոչինչ: Ակնհայտ դավաճանության եւ դրան հավասար հանցավոր ապիկարության դեպքերը չեն բացահայտվել, իրական մեղավորները չեն պատժվել, հետոեւություններ չեն արվել: Իրական դավաճանները պահպանեցին իրենց պաշտոններն ու անգամ խրախուսվեցին, իրական հերոսներն անտեսվեցին կամ ենթարկվեցին հետապնդումների: Հայ-ադրբեջնական պատերազմը գնալով ավելի ու ավելի քաղաքացիական պատերազմի բնույթ է ստանում:
Ի՞նչ կատարվեց հայոց իշխանական համակարգում եւ բանակում այս 100 օրվա ընթացքում: Ոչինչ:
Ոչ մի զինատեսակ՝ հին կամ նոր՝ չի ներկրվել Հայաստան: 200 միլիոն դոլարի չափ պարտքով տրվելիք զենքն ԱՌ ԱՅՍՕՐ մեզ չի հասել: Այն փոխանցելու դիմաց Ռուսաստանի կողմից պահանջվող ՀՀ հակաօդային պաշտպանությունը տրվեց ռուսներին՝ սակայն զենքն այդպես էլ չկա: Փոխարենը՝ Ադրբեջանն այս օրերին ցուցադրական լկտիությամբ սկսել է իր օդուժի աննախադեպ խոշոր վարժությունները մեր սահմանի ողջ երկայնքով, տասնյակ ռազմական ինքնաթիռների եւ ուղղաթիռների մասնակցությամբ: Երկու տարի առաջ հայկական ուղղաթիռը խոցվեց առանց համատեղ ՀՕՊ-ի, իսկ երկու թրքական ուղղաթիռները խախտել էին ռսների կողմից ՛՛պաշտպանվող՛՛ սահմանն ու մոտեցել էին Մեծամորի ԱԷԿ-ին՝ նույնպես առանց որեւե խոչընդոտի: Իսկ ահա հիմա ազերիները օդային շքերթ են անցկացնում մեր քթի տակ, ցույց տալու համար, որ նրանք թքած ունեն մեր ՀՕՊ-ի եւ հայ-ռսական պայմանագրերի վրա: Բայց նրանց բացարձակ գերակայությունն այլեւս չի սահմանափակվում միայն օդով: Նրանք 100 նորագույն ռուսական Տ-90 տանկ ունեն, որոնք անխոցելի են հայկական հնամաշ ականանետների համար, մինչդեռ մեր Տ-55 եւ Տ-72 կեսդարվա պատմություն ունեցող տանկերը չունեն անգամ տարրական դինամիկ պաշտպանության համակարգ եւ ահա ինչու ապրիլին մենք կորցրեցինք 14 նման տանկ: Բացի դա՝ Ադրբեջանն ինքնուրույն է արտադրում զրահամեքենաներ, գնդացիրներ, ռումբեր, ականներ, փամփուշտներ եւ այլ զինատեսակներ: Մենք այդ ամբողջը շարունակում ենք մուրալ ռսներից: Ոչ մի բարեփոխում հայկական բանակում տեղի չի ունեցել այս 100 օրվա մեջ, եթե չհաշվենք շտաբի պետ Խաչատուրովի որդու պաշտոնի բարձրացումը: Ոչ մի մարտական հրամանատար չի հրավիրվել բանակ, եթե չհաշվենք, որ պահեստի գեներալ Բալասանյանը խիստ զգուշացվեց, գեներալ Բաբայանը սպառնալիքներով հեռացվեց, իսկ գնդապետ Սեֆիլյանը բանտարկվեց: Ոչ մի քաղաքական ճեղքում չի արձանագրվել, եթե չհաշվենք, որ Գեղամյանը մերժեց հայանպաստ արեւմտյան արձանագրությունը, իսկ ռուսները վերսկսեցին քննարկել ազատագրված տարածքների հանձնումը Ադրբեջանին: Ոչ մի դատական հայց միջազգային դատարան ՝ ազերիների կողմից խոշտանգված ու գլխատված հայ գերիների վերաբերյալ չի ներկայացվել:
Այս պայմաններում կա միայն մի ելք՝ հավաքել երկրում մնացած բանական ու չծախված ուժերը եւ ուղիղ դիմել Արեւմուտքին քաղաքական եւ ռազմական օգնության խնդրանքով՝ ազգային աղետը կանխելու համար: Ռուսաստանը պետք է բոյոկոտի ենթարկվի Հայաստանի կողմից եւ հեռացվի Մինսկի խմբից որպես կողմնակալ եւ պատերազմ հրահրող երկիր, ինչպես առաջարկում է Պարույր Հայրիկյանը: Հայաստանը պետք է անմիջապես դուրս գա ՀԱՊԿ եւ ԵՏՄ կազմից, ինչես ԱԺճում առաջարկում էր Խաչատուր Քոքոբելյանը: Արցախը պետք է անմիջապես ճանաչվի ՀՀ կողմից եւ սկսի Հայաստանի կազմ մտնելու գործընթացը, ինչպես առաջարկում է Զարուհի Փոստանջյանը: Հայաստանը պետք է շտապ դիմի ՆԱՏՈ՝ հակատանկային ՛՛Ջեւելին՛՛ հրթիռային շարժական համալիրներ ստանալո խնդրանքով, որոնք արդեն տրամադրվում են Ուկրաինային: Հայաստանը պետք է անմիջապես վերսկսի ԵՄ ասոցիատիվ անդամակցության եւ ՆԱՏՈ-ի գործընկերության կարգավիճակ ստանալու բանակցությունները, ինչպես արել էր այդ կարգավիճակն արդեն ստացած Վրաստանը:
Ահա ինչով պետք է զբաղվեր Հայաստանն ասյ 100 օրվա ընթացքում: Մինչդեռ թալանն ոը դավաճանական նահանջը շարունակող վարչախումբը բերել է մեր երկիրը հերթական քառօրյա, կամ քառասունօրյա պատերազնի շեմին:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply