ԿԵՍ ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ՝ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ

0

Ամռան սկիզբը քաղաքական ամփոփման հնարավորություն եւ անհրաժեշտություն է ստեղծում, քանզի անչափ քաոտիկ եւ անկանխատեսելի 2017 թվականը շատ արագ է փոխում միջազգային իրավիճակը եւ մեր երկրի առջեւ խոյացող մարտահրավերները: Հանդգնեմ անկոչ վելուծաբանի դիրքից միջանկյալ եզրակացություններ անել անցած հինգ ամիսների արդյունքներով: Խոսքը ոչ տնտեսական, ոչ էլ ներքին քաղաքական գնահատականի մասին է՝ մեր օկուպացված եւ գաղութացված երկրում նշված ոլորտները հանդիսանում են արտաքին ուժերի քաղաքական վերաձեւավորման  հետեւանքը:

Ուստի միջազգային ասպարեզում կենտրոնական զարգացում, իմ կարծիքով, պետք է համարել բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրողություն, որն արտահայտվեց Արեւմուտքի տրոհման եւ դրա տեղում երկու առանձին կենտրոնների ստեղծման մեջ: Դոնալդ Թրամփի ամերիկակենտրոն եւ մեկուսացմանը միտված գաղափարախոսությունը, ամենայն հավանականությամբ, արտահայտում է ամերիկյան հասարակության եւ վերնախավի մի ստվար զանգվածի մինջ այդ թաքնված բայց իրական պահանջն ու պատվերը: Չխորանալով այստեղ այդ երեւույթի քաղաքական, տնտեսական եւ հոգեբանական նրբերանգների մեջ, արձանագրենք դա եւ ընդունենք դրա կարեւորագույն հետեւանքը: Այն է՝ մեր աչքերի առաջ վերջին օրերին ԱՄՆ-ի կողքին եւ նրանից անկախ իր առանձին եւ ինքնուրույն քաղաքական ուժ լինելու հայտը ներկայացրեց Եւրոպական Միությունը: Եթե բովանդակային առումով այդ գործընթացի սկիզբը հայտարարել էր Գերմանիայի զգուշավոր եւ զուսպ կանցլեր տիկին Մերկելը, ապա ֆորմալ կերպով դրա ձեւավորումը կատարեց Ֆրանսիայի նորըտնիր նախագահ Մակրոնը: Մինչդեռ ֆրաու Մերկելն իր վրա վերցրեց այդ գաղափարի պաշտպանության արեւմտյան ճակատը, Թրամփի աղետալի այցից հետո ասեելով, որ Եւրոպան այլեւս չի կարող կախված մնալ ԱՄՆ-ի բարեհաճությունից եւ ինքնուրույն պետք է ապահովի սեփական անվտանգությունը, ապա մեսյե Մակրոնը տպավորիչ հաղթանակ տարավ արեւելյան ճակատում, Պուծինի հետ հանդիպմանը խստորեն մատնանշելով Ռուսաստանի համեստ տեղը ժամանակակից աշխարհում: Փաստորեն, անցած շաբաթվա ընթացքում հօդս ցնդեց երկու համաշխարհային գերտերությունների ՝ ԱՄՆ եւ Ռուսասատնի մասին հնամաշ պատրանքը: Փոխարենը վերջնականապես նշմարվեց եւ իրականություն դարձավ նոր Մեծ Եռյակը՝ ԱՄՆ, ԵՄ եւ Չինաստան: Դա բոլորովին էլ չափազանցությւոն չէ, քանի որ պարբերաբար ընկնող եւ վթարի ենթարկվող սովետական հրթիռների ժանգոտող ժառանգությունն այլեւս չի կարող ապահովել հետամնաց եւ բռնապետական Ռուսասատնին ոչ տեղ, ոչ ձայն, որ հեղինակություն համաշխարհային քաղաքականության որոշում ընդունողների ակումբում: Միաժամանակ գերմանական տնտեսական հզորությունը կատարելապես համալրում է ոգեւորված Ֆրանսիայի տեղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եւ այդ երկրի զգալի միջուկային ներուժը: Պատահական չէ, որ Փարիզից վերադարնալուց անմիջապես հետո Պուծինը վերացրեց բոլոր նախկին տնտեսական սահմանափակումները Թուրքիայի առջեւ եւ փաստորեն նոր մերձեցում սկսեց Վաշինգթոնից նույնքան անփառունակ այցից հետո վերադարձած Էրդողանի հետ: Այլընտրանք այս երկու բռնապետները չունեն:

Մյուս կողմից, ԱՄՆ-ի նախագահի արկածախնդիր վարքը մեծապես նպաստեց ոչ թե Ամերիկայի հզորավմանը, ինչպես խոստանում էր Թրամփը, այլ Եւրոպայի միավորմանը, կենտրոնացմանը եւ ուժեղացմանը: Զարմանալիորեն, դրան էլ ավելի օգնեց մշտապես մայրցամաքային Եւրոպային հակադրվող Բրիտանիայի հեռացումը ԵՄ-ից: Բնականաբար, Արեւմուտքի հակասություններից եւ Ռուսասատնի թուլացումից շահեց երրորդ կողմը՝ Չինաստանը, որը շարունակում է իր տնտեսական զարգացումն արդեն չթաքցնելով Ռուսաստանի վիթխարի ու անմարդաբնակ արեւելյան մասի հանդեպ իր ոչ անշահախնդիր հետաքրքրությունը: Կարելի է չկասկածել, որ այս անգամ չինական ՛՛փափուկ ներխուժմանը՛՛ դեպի Սիբիր չեն խորընդոտելու ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ ԵՄ-ը:

Որքանո՞վ է այս ամենը էական Հայաստանի համար: Դատեք ինքներդ՝ ստեղծված իրավիճակում փոքր երկրներին չի մնում ոչ մի այլ բան, քան արագ կողմնորոշվել նշված երեք  գերտերությունների՝ ԱՄՆ, ԵՄ եւ Չինաստանի արանքում: Մեր դարավոր ՛՛դաշնակից՛՛ Ռուսաստանը վերադարձել է 1920 թ. վիճակին, երբ մերձեցան երկու միջազգային վտարանդի՝ լենինյան Մոսկվան եւ քեմալական Թուրքիային՝ հայկական շահերի, հողերի եւ արյան հաշվին: Մնալով Ռուսաստանի գաղութ, Հայաստանը դատապարտում է ինքն իրեն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռսական զենքով երկրորդ բաժանմանը: Մեր միակ փրկության օղակն է մնում Եվրոպական Միությունը եւ ՆԱՏՕ-ն, որոնք միայն կարող են զսպել մեր գլխին խոյացող ռուս-թրքական սպառնալիքը: Վրացիներն եւ ուկրաինացիները դա հասկացել են վաղուց եւ արագորեն հեռանում են մահացու վտանգի գոտուց: Իսկ Հայաստանի իշխանությունը եւ ընդդիմությունը շարունակում են պայքարել ծխախոտի եւ միմյանց դեմ…

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply