ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ. ՖԵԼԼԻՆԻԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

0
(արտատպվում է “Հրապարակ” թերթից հեղինակի թույլտվությամբ)
Իտալացի նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ Ֆեդերիկո Ֆելլինին ծնվել է 1920 թվականի հունվարի 20-ին Ռիմինիում։ Իր ծննդավայրն այսպիսին է հիշում Ֆելինին․ «Ռիմինի․․․ ինչ-որ անորոշ, ահավոր ու նուրբ բանի զուգորդում եւ զորեղ շնչառություն, լայնարձակ ծովի ամայի տարածք․․․Այնտեղ տխրությունը դառնում է պայծառ, հատկապես ձմռանը, երբ ճերմակում են ալիքների մանր կատարները եւ ուժեղ քամի է փչում․ առաջին անգամ ծովը հենց այդպիսին եմ տեսել»։
Կինոյի հրաշագործը դեռեւս մանկուց սիրում էր ներկայացումներ բեմադրել, դիմակներ ու տիկնիկներ պատրաստել․
Կինոռեժիսորը պատմում է, որ ինքնամփոփ երեխա է եղել, ոտքը գնդակին չի կպել, նա կարող էր ժամերով պառկել վերմակի տակ ու տարբեր հրաշալի պատկերներ տեսնել․ «Իմ կարծիքով, մանուկ հասակում մեր հարաբերությունները ռեալ իրականության հետ ամբողջովին հույզեր են, ինչ-որ աղոտ կերպարներ, անուրջներ։ Երեխային ամեն ինչ արտասաովոր է թվում, որովհետեւ անծանոթ է, չտեսնված, չստուգված։ Աշխարհը նրան ներկայանում է ամենայն իմաստից, նշանակությունից զուրկ, դա պարզապես փառահեղ տեսարան է՝ անվճար ու հիասքանչ»։Ֆելլինի ստացել է դասական կրթություն՝ ավարտելով Ֆաոյի վանական դպրոցը։ 1938 թվականին տեղափոխվելով Հռոմ՝ Ֆելլինին ապրում է կայարանից ոչ հեռու մի փոքրիկ սենյակում՝ չինացիների, գողերի, մարմնավաճառների հարեւանությամբ։ Այդ շրջանում նա գումար է վաստակում ծաղրանկարներ նկարելով ամսագրերի եւ թերթերի համար։
Ֆելինիի մուսան եւ մեծ սերը
«Ես միշտ համարել եմ, որ իմ հանդիպումը Ջուլիետայի հետ կանխորոշված է եղել հենց ճակատագրով, եւ մտքովս էլ չի անցնում, որ կարող էր այլ կերպ լինել»,-գրում է կինոռեժիսորը։
«Փոքրիկ կինը՝ մոլորված շնիկի աչուկներով», -այսպես է բնորոշել իր կնոնջն ու իր մուսա՝ Ջուլիետա Մազինային Ֆելլինին։

1943 թվականին Հռոմի ռադիոներից մեկով հնչում է Ֆելլինիի գրված Չիկո եւ Պոլինա սիրահար զույգի մասին հետաքրքրաշարժ պատմությունները, որից հետո Ֆելլինին առաջարկ է ստանում էկրանավորել դրանք։ Դերակատարներից մեկը Ջուլիտետա Մազինան էր։ Հետագայում նա դառնալու է Ֆելինիի կինը եւ․․․միակ մուսան: «Ես սիրահարվեցի սեփական արտացոլանքիս՝ նրա աչքերում»,-գրում է Ֆելլինին։ Ծանոթությունից երկու շաբաթ անց Ֆելլինին եւ Ջուլիետան ամուսնանում են, ցավոք նրանց այդպես էլ բախտ չի վիճակվում ծնող դառնալ։ Առաջին հղիությունը Ջուլիետան վիժում է՝ ընկնելով աստիճաններից։ Երկրորդ անգամ ծնվում է նրանց, որդին, որին սակայն նրանք կորցնում են երկու շաբաթ անց։ Դա Ջուլիետայի մայրանալու վերջին շանսն էր, նա վշտի մեջ էր, իսկ Ֆելլինի տուն էր գալիս ոգեշնչված նկարահանումներից ու ասում էր․ «Լաց մի եղիր Ջուլիետա, չէ՞ որ դու ինձ ունես» եւ Ջուլիետան աշխատում էր լաց չլինել, գոնե նրա ներկայությամբ։ Հետագայում Ֆելլինի կգրի․ «Մեր ֆիլմերը մեր երեխաներն են․․․»։

1954 թվականին Ֆելլինին նկարահանում էր իր հայտնի «Ճանապարհ» ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսուհոււ կերպարում հանդես է գալիս Ջուլիետա Մազինինան։ Ֆելինին գրում է․ «Այդ ֆիլմը ես նկարահանեցի հավանաբար այն պատճառով, որ սիրահարվել էի մի քիչ խելառ, մի քիչ սուրբ այդ աղջիկ-պառավին, այդ գզգզված մազերով, ծիծաղելի եւ այնքան նուրբ այդ ծաղրածուին, որին ես Ջելսոմինա անունը տվեցի․ նույնիսկ այսօր երբ լսում եմ նրա շեփորի ձայնը թախիծ է իջնում վրաս»։ «Ճանապարհ» ֆիլմը Ֆելինիին բերեց իր առաջին Օսկարը։

Ճանապարհ դեպի կինո
Ֆելլինին իր կարիերան կինոաշխարհում սկսեց որպես սցենարիստ։ Ռոբորտո Ռոսելինիի եւ Սերջո Ամիդեի հետ միասին նա գրեց «Հռոմը բաց քաղաք» է ֆիլմի սցենարը, որը հետագայում մեծ հաջողություն ունեցավ՝ դառնալով նեոռեալիզմի հիմքը։ Ֆելլինին հետագայում եւս մի քանի ֆիլմերի սցենար գրեց Ռոսելինիի համար։ 1950 թվականին Ֆելլինին Ալբերտո Լատուդայի հետ միասին նկարահանում է իր առաջին «Վայրետեի լույսերը» ֆիլմը։ Այսպես է սկսվում է նրա ճանապարհը կինոյում․․․
«Միթե՞ կարող ես ասել, թե ինչպես է ծնունդ առնում ֆիլմի գաղափարը։ Թե երբ եւ որտեղից է այն գալիս, երբեմն անսպասելի կամ խճճված, ի՞նչ է տեղի ունենում։ Երբ ֆիլմն արդեն նկարահանված է, այն կարծես ընդմիշտ հեռանում է ինձնից՝ իր հետ տանելով ամեն բան, այդ թվում նաեւ հիշողությունները։ Օրինակի համար ֆիլմը կարող է ծնունդ առնել բոլորովին չնչին մի մանրամասնից, ասենք՝ այնպիսի, ինչպես որեւէ գույնի հարուցած տպավորությունը, հիշողությանդ մեջ դրոշմված ինչ-որ մեկի հայացքը, երաժշտական որեւէ հատված․․․»։

Գունավոր կինոնկարի մասին Ֆելլինին գրել է․ «Չեմ կարծում, թե գունավոր կինոն ամբողջությամբ կփոխարինի սեւ-սպիտակին․ համենայն դեպս ուզում եմ հավատալ, որ դա չի լինի։ Այսպես ասած «Բնական գույները» որոշ չափով սնանկացնում են երեւակայութունը։ Իմ առջին գունավոր ֆիլմը «Ջուլիետան եւ ոգիներն» է։ Ֆիլմը հղացված էր Ջուլիետայի համար, Ջուլիետայի մասին էր»։
Ֆելլինիի ստեղծագործական վերելք կարելի է համարել 1960 թվականին Մարչելո Մաստրոյանիի մասնակցությամբ նկարահանում է «Քաղցր կյանք» ֆիլմը։ Ֆիլմը պետք է նկալել որպես փիլիսոփայական առակ՝ Իտալիայի հասարակության մասին։
1963 թվականին Ֆելլինին նկարահանում է իր հեղինակային գլուխգործոցը «8½» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում նույնպես հանդես է գալիս Մարչելո Մաստրոյանին`ում խաղը իսկական դերասանական շեդեվր էր, խաղացել է հենց Ֆելլինիին։ Այս ֆիլմը բազմաթիվ մրցանակների է արժանանում, այդ թվում ՝ Օսկար։

Ֆելլինիին հաճախ էին հարցնում, թե ինչ է իր համար Հռոմը, որպես այդ հարցի պատասխան նա 1972 թվականին նկարահանում է իր «Հռոմ» կինոնկարը։ Ֆիլմը հագեցած է լուսավոր ու հեքիաթային տրամադրությամբ։
Հաջորդ «Ամարկորդ» ֆիլմը /1973թ․ արժանացել է Օսկարի, սցենարի համահեղինակ՝ Տոնինո Գուրեա/, նույնպես ամբողջովին կառուցված է կինոռեժիսորի հուշերի հիման վրա, բայց ոչ թե պատմում է Հռոմի, այլ իր մանկության քաղաք՝ Ռիմինիի մասին։
1993 թվականին Ֆելլինին արժանանում է Օսկարի՝ կինոարվեստում թողած ավանդի համար։ Հոկտեմբերի 30-ին Ֆելլինին եւ Ջուլիետան՝ մտերիմների ընկերակցությամբ պատրաստվում էին նշել իրենց ոսկե հարսանիքը, սակայն հոկտեմբերի 15-ին Ֆելլինիին ինսուլտի հարվածով տեղափոխում են հիվանդանոց։ Հոկտեմբերի 31-ին նա մահանում է։ Հինգ ամիս անց, թոքերի քաղցքեղից մահանում է նաեւ Մազինան, նրա վերջին խնդրանքն այն է, որ իրեն հուղարկավորեն ամուսնու լուսանկարը ձեռքին։

Աշխեն Քեշիշյան

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply