”ՀԱՅԵՐԸ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ ՉՈՒՆԵՆ…՛՛

0

ՌՈՒԲԵՆ ՇՈՒԽՅԱՆ՝ ՀԵՆՐԻ ԼԻՆՉԻ ՄԱՍԻՆ
Հենրի Լինչի արժեքավոր աշխատությունը և ուշագրավ դիտարկումը… Անգլիացի անվանի հայագետ, աշխարհագետ, ճանապարհորդ և հասարակական-քաղաքական գործիչ Հենրի Լինչը պատմական Հայաստան կատարած իր երկու այցելությունների (1893-1894 և 1898) ընթացքում հավաքագրված նյութերի հիման վրա 1901 թ. Լոնդոնում հրատարակել է լայն ճանաչում ստացած «Հայաստան. ուղևորություններ և ուսումնասիրություններ» աշխատությունը, որը կազմված է երկու հատորներից՝ «Ռուսահայաստան» և «Տաճկահայաստան»: Գրքի հայերեն թարգմանությունը լույս է տեսել 1913-ին Պոլսում, իսկ ռուսերենը՝ 1910-ին Թիֆլիսում: Ի դեպ, Լինչի մայրական տատը՝ Սեբաստիայից սերող հայուհի էր:

Աշխատությունը արժեքավոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի պատմության, աշխարհագրության, ժողովրդագրության, բանահյուսության վերաբերյալ, գրքում առկա են նաև բազմաթիվ հազվագյուտ լուսանկարներ և քարտեզներ։ Լինչն իր գրքում ցույց է տալիս, որ և ցարական, և սուլթանական կառավարությունները հայերի նկատմամբ նույն հետադիմական քաղաքականությունն էին վարում։ Իսկ հակառակ դրան, ինչպես նշում է Լինչը, մասնավորապես Հարավային Կովկասում՝ «բոլոր մասնագիտությունների, առևտրի, արհեստների մեջ և պետական ծառայություններում հայերը մրցակիցներ չունեն, և գործունեության ծանրակշիռ դաշտն ամբողջովին գտնվում է նրանց ձեռքում»:

Հենրի Լինչն իր գրքում նաև մի ուշագրավ դիտարկում է արել՝ ներկայացնելով ռուս չինովնիկի հավաքական կերպարը: Նկարագրելով Ախալցխայի իր այցելությունը, նա մասնավորապես գրում է. «Ռուսաստանի կազմում գտնվող այս հայկական գավառներում վարչական ողջ մեխանիզմը ղեկավարվում է փոքրաթիվ խումբ կազմող ռուսական պաշտոնյաների կողմից՝ որոնք վերահսկում են ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող հայերին, սակայն կան, իհարկե, հայեր, որոնք զբաղեցնում են նաև բարձր պաշտոններ… Հայը՝ դա հինավուրձ մշակույթի կրող և բնատուր տաղանդների տեր անհատակություն է: Իսկ ահա իր վերևում կանգնած ռուս պաշտոնյան չի կարող հավակնել ոչ նրա (հայի) բնազդներին, ոչ էլ նրա ունակություններին: Ավելի ստույգ, նա (ռուս պաշտոնյան) ընդամենը կառավարման այդ համակարգի սովորական մի գործիք է, քան՝ բնածին ղեկավար, և ընդհանրապես զրկված է այն անհրաժեշտ ճկունությունից և անհատական նախաձեռնությունից, որը, ինչպես գիտենք, խիստ բյուրոկրատական ռեժիմի պայմաններում մշտապես սպանվում է հասարակության մեջ: Բացի այդ, ստեղծվում է տպավորություն, որ ռուս պաշտոնյան տանջահար է լինում՝ մնալով հենց այդ իսկ համակարգի ճնշման տակ, ինչպես այն երեխան, որին նոր դաս է տրված սովորելու: Եվ երբ դուք տեսնում եք այդ պաշտոնյային աշխատանքի ընթացքում առնչվելիս հայերի հետ՝ ակամա ինքներդ ձեզ հարց եք տալիս. ո՞նց է այդպես պատահել, որ այս տաղանդաշատ ազգը ղեկավարվում է այդ բթամիտների կողմից»:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply