Մուշեղ Բաբայան. ՛՛ԶԱՐԿԵՐԱԿ՛՛ թե ՛՛ԶԱՐ ԿԵՐԱ՞Ք՛՛…

0

Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը ներկայացրեց «Ամենակարող Երգիչ» նախագծի շուրջ առաջացած աղմուկի պատճառները։

Նա ասաց, որ իրականում նախագծի յուրաքանչյուր փուլում տարբեր ոճերում են մրցելու մասնակիցները և որ ուղղակի այդ անգամ ռաբիզի օրն էր և մարդիկ փաստորեն թյուրիմացաբար կարծել են թե նախագիծը ռաբիզի մրցույթ է։

Փաստորեն սխալ ենք հասկացել։ Լա՜վ։

Սկսենք սկզբից։ Նախագծի Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող գովազդային անդրադարձերից մեկում ասվում է, որ նախագծին մասնակցում են ռեստորանային երգիչները։ Փաստորեն մենք պետությանը հարկեր ենք վճարում, որպեսզի դուք մեզ պատկանող թիվ մեկ հեռուստաալիքով մեզ ռեստորանային շոու ցուցադրե՞ք։ Քավ լիցի, կազմակերպեք այդ մրցույթը, բայց ձեր գրպանի գումարով և մի հեռարձակեք մեզ պատկանող հեռուստաալիքով։

Ի դեպ ավելի լավ առաջարկ ունեմ։ Կարելի էր կազմակերպել Երևանի փողոցներում փող մուրացող երաժիշտների հեռուստատեսային նախագիծ` այսպիսով նաև օգտակար լիելով այդ մարդկանց։

Հետո` եթե նախագծի յուրաքանչյուր փուլում մասնակիցները ներկայացնելու են տարբեր ժանրի երգեր, ապա ինչո՞ւ է հաղորդման անոնսի համար գրված երգը ռաբիզ (կամ ինչպես եթերից հնչեցնում եք` 6/8)։ Մի տեսակ անտրամաբանական է. մարդիկ ներկայացնելու են դասական երաժշտություն, մյուս փուլում ուժերն են չափելու ջազ ոճի մեջ, բայց հաղորդման «լեյտմոտիվը» ռաբիզն է։ Դա նույնն է, որ օրինակ չինական ռեստորան բացես, բայց վրան գրես. «քեբաբ»։

Ինչո՞ւ այդ 6/8-ն ընդհանրապես պիտի տեղ ունենար մրցույթում։ Կամ ինչո՞ւ դա պետք է լիներ հենց առաջին փուլը։ Հարցերն անթիվ են` չեմ կարողանում հարցերի «զարկերակը» գտնել։ Ջաղինյանն ասաց, որ այսուհետ ավելի հետևողական կլինեն, որպեսզի կարողանան գտնել զարկերակը։ Պարոնայք, հայ ժողովրդի զարկերակը երբեք կորած չի եղել։ Մեր երաժշտական զարկերակը Կոմիտասն է։ Մեր զարկերակներն են Ալեքսանդր Թամանյանը, Արտավազդ Փելեշյանը, Մինաս Ավետիսյանը… Կարելի է առնվազն հարյուր անուն թվարկել։ Ահա թե որն է մեր զարկերակը։ Եվ դուք դա լավ գիտեք` նոր չէ, որ պիտի գտնեք։ Ուղղակի այդ զարկերակը սովետական տարիներին դրվեց մամլիչի տակ ու սկսեց սեղմվել։ Հիմա էլ այդ գործի շարունակողները անընդհատ ձգում են այդ մամլիչը։

Բայց ո՛չ սովետական գործիչները, ո՛չ էլ նրանց գործի մերօրյա շարունակողները չկարողացան սովորել ֆիզիկայի ամենապարզ դասերից մեկը. ցանկացած նյութ ունի սեղմվածության աստիճան, որին հաջորդում է պայթյունը, ինչի արդյունքում սեղմող մեխանիզմի դետալները մեծ արագությամբ շպրտվում են շատ հեռու` տեղ բացելով ազատություն տենչացող սեղմված նյութի համար։

Այնպես որ, զարկերակի տեղը մենք էլ` սեղմվողներս, դուք էլ` սեղմողներդ, լավ գիտենք։ Այլ հարց է, որ կախարդական փայտիկ չկա, որով հնարավոր կլիներ մեկ ակնթարթում մեզ պատկանող հեռուստաալիքը կարգի հրավիրել։ Բայց փայտիկը ձեզ է հարկավոր, քանի որ մենք առանց դրա էլ պայթելու ենք։ Սպասե՛ք այդ պայթյունին, պարոնայք։

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply