Ռուբեն Դարբինյան. “Ռուսական վտանգը”: 1920 թ.

0

…Ռուս ազգը հանձին իր պետության և ոչ միայն նվաճել էր ֆիզիկապես հայ ժողովրդի մի մեծ հատվածը, ոչ միայն ճնշում էր այն քաղաքականապես, այլ ամեն ջանք էր թափում տարրալուծելու հայ ազգությունը, ձուլելու այն իր մեջ և կուլտուրապես ու բարոյապես դիմազուրկ անելու:
Ռուս պետության այս հայակործան քաղաքականության նպաստում էին մեծապես և մեր երկրի տնտեսական պայմանները, որոնց շնորհիվ հայ բուրժուազիան և հայ ինտելիգենցիան դուրս էին եկել իրենց հայրենիքի սահմաններից և կենտրոնացել օտար վայրերում՝ Թիֆլիս, Բաքու, Մոսկվա…
Կտրված իրենց հայրենի հողից և հարազար ժողովրդից՝ հայ ինտելիգենցիան և հայ բուրժուազիան հարաճունորեն ենթարկվում էին այլասերման, օտարացման, բարոյալքման: Աստճանաբար, միշտ ավելի սպառնական չափերով ռուսական ոգին, ռուսական կուլտուրան իր տիրական դրոշմն էր դնում հայ ինտելեգենցիայի և հայ բուրժուազիայի մտքի և զգացմունքների վրա: Եվ պատմության դառն հեգնանքով մեր ազգի ռուսահայ հատվածի ամենաբարեկեցիկ և ուսյալ տարրերը, որոնք ուրիշ ազգերի մեջ սովորաբար ազգային կուլտուրայի գլխավոր մշակներն ու սպասավորներն են լինում, մեզ մոտ հետզհետե կորցնում էին իրենց ազգային դիմագիծը, իրենց բնական կապերը հարազար ժողովրդի հետ, անդիմադրելիորեն տոգորվում էին օտար գաղափարներով, օտար տրամադրություններով ու օտար մղումներով:
Բնական է, որ այս հանգամանքը մահացու հարված էր հասցնում մեր ազգային ուրույն կուլտուրայի զարգացման:
Այս է պատճառը, որ մեր բարձր դասերի ազդեցությունը մեր ժողովրդի աշխատավորական զանգվածների վրա ազգային տեսակետով եղել է բացասական, քայքայիչ, այլասերող: Ավելի կամ նվազ չափերով ռուսացել է հոգեպես ռուսահայ ինտելիգենցիան և իր հերթին ռուսացման է ձգտել ենթարկվելու նաև հայ աշխատավորությունը, որքան նա ազդեցություն է ունեցել վերջինիս վրա: Հայ ինտելիգենցիան և հայ բուրժուազիան մեզ մոտ եղել են իրոք ռուսական կուլտուրայի, ռուս լեզվի տարածողը և քարոզողը:
Եվ այսպես աստճանաբար, հարաճունորեն հայ ժողովրդի առջև ծառացել է մի մեծ վտանգ՝ ռուսացման վտանգը:
Հայ քաղաքական ղեկավար շրջանները, ստիպված լինելով ուղղել իրենց բովանդակ ուժերը թուրքական ճակատի վրա, հանկարծ ղարհուրանքով նկատել են այդ վտանգը և զգացել են, թե որ աստիճան անպաշտպան է մնացել հայ ժողովրդի թիկունքը – ռուսական ճակատը: Հայ ծխական դպրոցների փակումը, հայ եկեղեցական կալվածքների գրավումը և առհասարակ ամբողջ գոլիցինյան ռեժիմը հանդիսացան սթափեցնող ազդակներ հայ ազգի ինքնագիտակցության համար նաև Հյուսիսի հանդեպ: Սակայն ռուսական տիրապետության այնքան խորը արմատներ էր գցել հայ ժողովրդի հոգու մեջ, այնքան էր ապազգայնացրել նրա վերին խավերը և այնքան էր ընդարմացրել հայ քաղաքական միտքը, որ ծայր տվավ մի հեղափոխական կռիվ ոչ թե ռուս պետության, այլ ռուսական ռեժիմի դեմ: Չափազանց բնորոշ է, որ անգամ համաշխարհային պատերազմի նախօրյակին և այդ պատերազմի ընթացքում, երբ փոքր ազգերի ազատագրման խնդիրն այնքան հրատապ կերպարան էր ստացել, մեր հանրային կյանքում առաջ չեկավ որևէ քաղաքական հոսանք ընդդեմ ռուս պետության: Ռուսամոլությունն այն աստիճան կուրացրել էր մեր աչքերը, Ռուսաստանի զորությունն այնքան էր կաշկանդել մեր քաղաքական միտքը, որ մենք, կարծես, զրկվել էին ընդունակությունից զատելու հայ ազգի և Հայաստանի շահերը ռուս ժողովրդի և Ռուսաստանի շահերից…

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply