ԱՅՆ, ԻՆՉ ՉԻ ՍՊԱՆՈՒՄ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ՝ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ՆՐԱՆ

0

Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր մեղադրանք է ներկայացրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին ՛՛պետական լիազորությունների չարաշահում՛՛ քրեական հոդվածով եւ հեռակա կարգով դատապարտել նրան երեք տարվա բանտարկությանը:

Սահակաշվիլին մի քանի օր առաջ հայտնել էր նման հնարավոր զարգացումների մասին, ըստ երեւույթի զգուշացում ստանալով իր աղբյուրներից Վրաստանում: Պաշտոնական Թբիլիսին դիմել է Ուկրաինայի իշխանությանը խնդրանքով արտահանձնել քաղաքացիությունից զրկված Սահակավիլիին եւ իրավական տեսակետից Կիեւվը կարող է այժմ դիմել այս քայլի, փորձելով այդ կերպ հանգուցալուծում տալ ստեղծված քաղաքական ճգնաժամին: Մյուս կողմից, դա անխուսափելիորեն կբերի զանգվածային դժգոհության պայթյունի Ուկրաինայում, եթե նկատի առնենք, որ պաշտոնական Կիեւն արդեն երեք անգամ թերացել է իրավական միջոցներով զսպել Սահակաշվիլիի գործունեությունը՝ առաջին անգամ, երբ նրա կողմնակիցները ճեղքեցին սահմանապահների շղթան եւ անցկացրեցին նրան լեհ-ուկրաինական սահմանից ներս; երկրորդ անգամ, երբ արդեն ձերբակալված Սահակաշվիլիին ուժով ազատագրեցին ոստիկանական մեքենայից Կիեւում, եւ երրոդ անգամ, երբ Կիեւի քաղաքային դատարանը հանեց ընդդիմադիր գործչից բոլոր մեղադրանքները եւ ազատ արձակեց նրան հենց դատարանի դահլիճում: Այսպիսի նախադեպերի պայմաններում քիչ հավանական է, որ Պորոշենկոն հանդգնի արտահանձնել իր նախկին թիմակցին ու ներկայիս հակառակորդին, այն էլ Վրաստանի պահանջով: Նման փորձը միայն կարագացնի նրա իշխանության տապալումը, որն արդեն անխուսափելի է թվում Պորոշենկույի հասցեին վերջերս Գերմանիայի եւ ԱՄՆ կողմից հնչեցրած խիստ դժգոյության պայմաններում:

Սահակաշվիլին հրապարակայնորեն մեղադրել է Պորոշենկոյին ոչ միայն կոռուպցիան հովանավորելու մեջ, այլ նաեւ իր դեմ Պուծինի եւ նրա վրաց դրածո Իվանիշվիլիի իրականացվող դավադրությանը աջակցելու համար: Դա նման է իրողությանը, եթե հիշենք, որ իր վերջին ասուլիսում Պուծինը կորցրեց հոգեկան հավասարակշռությունը, պատասխանելով ռուսական ընդդիմության դեմ ճնշումների մասին հարցին եւ մի քանի անգամ համեմատեց իր դեմ ուղղված բողոքները Սահակաշվիլիի գործունեության հետ:

Այդ դեպքում պետք է արձանագրել, որ Պուծին-Պորոշենկո-Իվանիշվիլի համատեղ դավադրությունը Սահակաշվիլիի դեմ մի փոքր ուշացավ: Նախկին վրաց նախագահն ու ուկրաինացի նահանգապետն այժմ ոչ միայն վայելում է լայն ժողովրդականություն  Ուկրաինայում, այլ նաեւ վերջին երկու շաբաթվա ընթացքում ուղիղ աջակցության ակնարկներ է ստացել Բեռլինից եւ Վաշինգթոնից: Նման պայմաններում Պորոշենկոն հազիվ թե համարձակվի ուժ կիրառել: Բավական տգեղ եւ անհեթեթ վիճակում է հայտնվում նաեւ պաշտոնական Թբիլիսին, որն այս քայլով հակադրվում է սեփական հովանավորներին ու դաշնակիցներին: Պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ նախագահ Թրամփը, ով հաճախ առաջնորդվում է անձնական համակրանքով, լավ ծանոթ է Սահակաշվիլիին դեռ Բաթումում հյուրանոց կառուցելու նախագծի ժամանակներից եւ կարող է կոշտ արձագանքել եւ Կիեւի, եւ Թբիլիսիի ցանկացած սխալ քայլին:

Այնպես որ մեծ հաշվով այսօրվա դատավճիռը միայն ամրապնդում է Սահակաշվիլիի համբավն ու դիրքերը առաջիկա պայքարում Ուկրայինայում իշխանափոխության համար: Այդ դեպքում Սահակաշվիլին կդառնա հավանաբար առաջին անձը պատմության մեջ, ով հաջողությամբ առաջնորդեց ու իրականացրեց երկու հեղափոխություն երկու տարբեր երկրներում:

Որքանո՞վ է այս ամենը առնչվում Հայաստանին: Սահակաշվիլիի հավանական հաղթանակը Ուկրաինայում անմիջապես սրելու է իրավիճակը նաեւ Վրաստանում, որտեղ նրա կողմնակիցները այդ դեպքում ստանալու են զգալի հոգեբանական եւ քաղաքական առավելություն, ընդհուպ մինչեւ իշխանափոխության նոր փորձի դիմելու: Եթե հավելենք մեր հարավային հարեւան Իրանում սկսված եւ դեռւս հանգուցալուծում չստացած լարվածությունը, ապա պարզ է դառնում, որ Հայաստանը հայտնվում է Կիեւ-Թբիլիսի-Թեհրան թեժ առանցքում որպես առավել թույլ, հետադիմական ու անմեղսունակ միավոր: Նման վիճակը չի կարող երկար տեւել ոչ միայն քաղաքական, այլ նաեւ ֆիզիկական ու կենսաբանական օրենքներով: Հայությունը ստիպված է լինելու իր մեջ գտնել արդիականացման, ժողովրդավարացման, արեւմտյան քաղաքակրթությանը համապատասխանելու ներուժ: Հակառակ դեպքում դա մեր գլխի վրայով եւ մեր գլխին ջարդելով կանեն ուրիշները:

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply