ԳՐԻՐ ՛՛ՔԱԹԱՐ՛՛, ՄՏՔՈՒՄ ՊԱՀԻՐ ՛՛ԻՐԱՆ՛՛

0

Քաթարի դեմ արաբական չորս խոշորագույն պետությունների անսպասելի պոռթկումը թաքցնում է շատ ավելի խորը հակասություն՝ Սաուդյան Արբիայի եւ Իրանի միջեւ պայքարը: Այս հանգամանքը, ինչպես եւ Քաթարի հետ վերջերս ազատ վիզային կարգի անցումը կարեւոր են դարձնում այս խմդիրը նաեւ Հայաստանի համար: Քաթարը բավական յուրահատուկ պետություն է, որը վարում է ընդգծված անկախ քաղաքականություն եւ դեռեւս տասը տարի առաջ աչքի էր ընկել իր հանդեպ Ռուսաստանի անթաքուն հակակրանքով ու ատելությամբ: ՄԱԿ-ում Ռուսաստանի նախկին երջանկահիշատակ ներկայացուցիչ Չուռկինը մի անգամ իրեն թույլ էր տվել աննախադեպ սպառնալիքներ՝ ոչնչացնել Քաթարը մի գիշերվա մեջ, եթե այդ արաբական էմիրությունը շարունակի իր հակառուսական գործունեությունը: Այդքան բարձր էր Մոսկվան գնահատում Քաթարի մշտական աջակցությունը չեչենական պայքարին ռսական բանակի դեմ: Քաթարն ընդհանրապես հայտնի է ոչ միայն աշխարհահռչակ ՛՛Բարսելոնային՛՛, այլ նաեւ տարբեր ապստամբներին հովանավորելով: Հայաստանի չաթ բնակչություն ունեցող այդ երկիրը կարող է իրեն թույլ տալ նման շռայլություն, քանի որ հանդիսանում է աշխարհի ամենահարուստ պետությունը, որտեղ 2,5 միլիոն բնակիչների միջին տարեկան եկամուտը կազմում է 130 հազար դոլար: Քաթարի հարստության աղբյուրն է հեղուկ գազի ամենամեծ պաշարները: Ցամաքից շրջապատված լինելով արաբական այն երկրներով, որոնք հենց նոր խզեցին բոլոր կապերը եւ փաստորեն շրջափակման մեջ առան անհնազանդ հարեւանին, էմիրությունը ծովային սահման ունի Իրանի հետ: Հենց այդ հանգամանքը շատ բան է բացատրում Քաթարի քաղաքականության մեջ: Ինչպես հայտնի է, վերջին տարիներին Մերձավոր Արեւելքում խոշորագույն հակասություններ են առաջացել վահաբբի Սաուդյան Արաբիայի եւ շիա Իրանի միջեւ: Սաուդները պատերազմ են վարում Եմենում, բնաջնջման եզրին հասցնելով աղքատ շիա այդ երկիրը, Սաուդները հայտնի են ամեն տեսակ իսլամական ահաբեկիչներին հովանավորելով, սկսած 2001 թ. սեպտեմբերի 11-ի ԱՄՆ-ի վրա հարձակումից ու Բեն-Լադենից, վերջացրած Ալ-Քաիդայուվ ու Իսլամական խալիֆաթով: Իրանն իր հերթին օժանդակում է Եմենի, Սիրիայի ու Լիբանանի շիաներին: Քաթարն այս հակամարտության մեջ ընդունել է Թեհրանի կողմը: Քաթարն այդքան էլ խոցելի թիրախ չէ Սաուդների համար նաեւ այն պատճառով, որ Ծոցի պատերազմի ժամանակ հենց Քաթարում են իրենց մերձարեւելյան ռազմական կենտրոնը հիմնել ԱՄՆ-ը, երբ դրա համար տարածք տրամադրել հրաժարվեց Սաուդյան Արաբիան: Քաթարում ներկայումս խոշոր ամերիկյան ավիաբազա է տեղակայված եւ 10 հազար ԱՄՆ զինծառայող, այդպես որ անգամ Սաուդների 100-300 միլիարդանոց զենքի գնումը Թրամփից չի կարող խարխլել Քաթարի ռազմավարական պաշտպանվածությունը:
Այս օրերին շատերը հարցնում են՝ ի՞նչ նշանակություն ունի այս ամենը ՀՀ համար եւ արդյո՞ք սխալ չէ հենց հիմա ազատ վիզային կարգավիճակ հաստատել Քաթարի հետ: Իմ համեստ կարծիքով, որքան էլ զգույշ եւ շրջահայաց պետք է վարվի Երեւանն այս տարածաշրջանում հատկապես հիմա, մեզ համար էական է նույն հանգամանքը, որը առանցքային է Քաթարի համար: Մեր երկու երկրների համար էլ ռազմավարական գլխավոր հարեւանն է Իրանը՝ երբեմն միակ կապը աշխարհի հետ, ինչպես Քաթարի համար այսօր եւ ՀՀ-ի համար Արցախյան պատերազմի որոշ պահերին: Զուսպ բայց ակնհայտ համակրանքը Քաթարին այսօր տեղին է եւ օգտակար Հայաստանի համար, հենց այն պատճառով, որ դա նկատվում եւ գնահատվում է նաեւ Իրանում: Հեռու գնալ պետք չէ, սակայն գոնե այս հարցում չդիմել ռսամոլության խայտառակ ավանդույթին առողջավետ է բազմաչարչար եւ կիսամեռ հայոց դիվանագիտության համար: Իսկ եթե խելացի լինենք՝ նաեւ տնտեսությանը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply