ԵՎՐՈՊԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԻՐԱՆԸ ԱՄՆ-ից

0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կտրուկ քննադատության է ենթարկել ԱՄՆ,Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը Իրանի վերաբերյալ, մեղադրելով նրանց պատերազմ հրահրելու փորձի համար: Նկատի առնելով Մակրոնի սերտ համագործակցությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, կարելի է ենթադրել, որ Փարիզը տվյալ դեպքում արտահայտում է նաեւ Բեռլինի կարծիքը, պարզապես տիկին Մերկելը որոշեց առայժմ զերծ մնալ Թրամփի հետ նոր ուղիղ հակամարտությունից: Անուղղակիորեն դա հաստատվում է նաեւ Եվրոմիության փաստացի արտգործնախարար տիկին Ֆեդերիկա Մոգերինիի դեռեւս անցյալ շաբաթ արտահայտած լուրջ վերապահումներով Իրանի հանդեպ ընդգծված թշնամական գնահատականներին, որ հնչում են Վաշինգթոնից: Իսկ նույն տիկին Մոգերինիի վերջերս բարձրաձայնած անհամաձայնությունը Կուբայի շարունակվող շրջափակման ԱՄՆ-ի կողմից եւ նրա հայտարարությունը այն մասին, որ ԵՄ հանդիսանում է Կուբայի հավատարիմ գործընկերը սկսված բարեփոխումներում, վկայում է, որ Եւրոպայում լրջորեն սկսվում է Անգելա Մերկելի անցյալ տարվա նոր տեսլականի իրականացումը՝ Եւրոպան ինքնուրույն է կառուցում իր արտաքին քաղաքականությունը եւ ինքնապաշտպանությունը:

Վերադառնալով Իրանի մասին նախագահ Մակրոնի դիրքորոշմանը, պետք է ընդգծել, որ այն արտահայտված էր Անկարայում, Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում, ինչն էլ ավելի մեծ նշանակություն է հաղորդում եւրոպական ընդդիմությանը, քանի որ դա հստակ զգուշացում  է Թուրքիային չմիջամտել հակաիրանական արշավին ԱՄՆ, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հետ միասին:

Հայաստանի շահերի տեսակետից եւրոպական տեսակետը պետք է որ առավել շահեկան եւ հավասարակշռված գնահատվի, քանի որ ռազմավարական տարածություն եւ այլընտրանք է ստեղծում Իրանի համար: Թրամփի փորձը կրկին շրջափակել Իրանը եւ վերականգնել համապարփակ պատժամիջոցներն, եթե ոչ ռազմական միջամտություն սկսել, այս անգամ չի ստացվի, դիմավորելով եւրոպական դիմադրությանը: Ի տարբերություն Ռուսաստանի, որի հարցում Արեւմուտքը պահպանում է հակապուծինյան համերաշխություն, Իրանը չի թվում Փարիզին եւ Բեռլինին ՛՛չարիքի կայսրություն՛՛ եւ ԵՄ հաստատապես ցանկանում է ՛՛շանս տալ խաղաղությանը՛՛ եւ նախագահ Ռուհանիի բարեփումներին: Իսկ դա հույս է տալիս նաեւ Հայաստանին խուսափելու մեր հարավային սահմաններում պատերազմ եւ քաոս ստանալու ահավոր հեռանկարից: Արձանագրենք, որ մեր քաղաքական գերխնդիր եւ նպատակ Եվրոմիությունը հանձինս Մերկելի եւ Մակրոնի ստացան հզոր եւ վստահելի հավասարակշռության կենտրոն: Իրանը միայնակ չէ, ուրեմն մենք էլ կարող ենք ավելի հանգիստ նայել դեպի ապագա:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply