ԶԵՆՔԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է, ՈՉ ԹԵ ԲԻԶՆԵՍ

0

Ռուսաստանն ու Թուրքիան անցնող տարվա վերջին օրերին ավարտեցին ռուսական Ս-400 հակաօդային մի քանի հրթիռակայանների առք ու վաճառքի պայմանագրի պատրաստումը: Ընդ որում ամենաուշագրավն է այն, որ շուրջ 2 միլիարդ դոլար արժողությամբ այս գործարքի կեսն իրականացվում է Թուրքիային հատուկ այդ նպատակով տրված ռուսական վարկի միջոցով: Այսինքն՝ պարտքով: Մեկ անգամ էլ՝ Մոսկվան Անկարային միլիարդավոր պարտք է տալիս, որպեսզի վերջինս նրանից զենք գնի: Եթե սա բիզնես է, ինչպես սիրում են պնդել ռուս գործիչները եւ նրանց ձայնակցող հայ ստրուկները, ապա ի՞նչ է այդ դեպքում քաղաքականությունը: Հայաստանին նման պարագայում 200 միլիոն ռուսական վարկ տրամադրելու փաստարկները համոզիչ չեն՝ Ռուսասանը Հայաստանից ողջ տնտեսությունն ու էներգետիկան է առեւանգել ՛՛գույք պարտքի դիմաց՛՛ Պուծին-Քոչարյան հանցավոր պայմանավորվածությամբ, մինչդեռ ՛՛պարտքը՛՛ կազմում էր նույն 200 միլիոն դոլար եւ առաջացել էր առանց հայ ազգաբնակչության մասնակցության: Ոչ, Ռուսաստանը բիզբեսով չէ, որ զվաղվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, դա մաքուր, կամ ավելի ճիշտ կեղտոտ քաղաքականություն է: Եթե Բաքվի դեպքում Մոսկվայի նպատակն էր դրա միջոցով ծնկի բերել իր իսկ ՛՛դաշնակից՛՛, ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ Հայաստանին, ապա Թուրքիայի դեպքում դա փորձ է ՆԱՏՕ դաշինքի մեջ ներմուծել անվստահություն եւ պառակտում:

Արդյունքները, ինչպես հաճախ է լինում Մոսկվայի քաղաքական խաղերում, անսպասելի եւ չնախատեսված են ստացվում: Հայաստանում դա բերեց լայն հասարակության մեջ արդնացած անվստահությանը հենց Ռուսաստանի նկատմամբ, ինչին հազիվ թե ձգտում էին մոսկովյան ՛՛ռազմագետները՛՛, իսկ Թուրքիայի դեպքում դա բերում է Արեւմուտքի էլ ավելի չոր ու սառը վերաբեմունքին էրդողանյան արկածախնդրություններին եւ ընդհանրապես Անկարային իբրեւ անվստահելի դաշնակցի:

Ռուսաստանն այդ ընթացքում շտապում է նույն եղանակով զենք վաճառել Հնդկաստանին եւ Սաուդյան Արաբիային: Բիզնեսն այստեղ նույնպես զիջում է քաղաքական տրամաբանությանը, ընդ որում դրա յուրահատուկ ռուսական տարբերակով: Հնդկաստանը արագորեն փոխում է իր ավանդական հակումը ռուսական զենքի վերաբերյալ վերջինիս անորակության պատճառով՝ առասպելական են դարձել ռուսական ՄԻԳ 31 եւ 35 կործանիչների անհաջող փորձարկումները Հնդկաստանում, Դելիին վաճառված վերջին ռուսական ավիակիր նավի անվերջ նորոգումները, ինչպես նաեւ Տ-90 տանկի փորձությունները հնկական կլիմայում: Իսկ Սաուդյան Արաբիայի դեպքը պարզապես զավեշտալի է: Ռուսաստանը հակաօդային հրթիռներ է առաջարկում մի երկրին, ում հետ թշնամացած է Իրանը, որին Մոսկվան հայտարարել է տարածաշրջանային դաշնակից եւ որին հինգ տարի առաջ հրաժարվել է վաճառել նույն այդ Ս-300 եւ 400 հրթիռակայաններ: Ավելորդ է հիշեցնել, որ հենց Սաուդյան Արաբիան է ֆինանսավորում նույն ԴԱԻՇ ահաբեկիչներին, որոնց հիշատակոմն անգամ արգելված է Ռուսաստանում եւ հենց Սաուդյան Արաբիան է հանդիսանում նավթի ու գազի շուկայում Մոսկվայի հիմնական մրցակիցը: Կարելի է կանխատեսել Թեհրանի արձագանքը նման ռուսական ՛՛բիզնեսին՛՛:

Իսկ Հայաստանի համար սա եւս մի դաս կհանդիսանա, թե ինչ դաշնակից պետք չէ ընտրել երկրի համար ճակատագրական պահին: Ոչ բիզնեսի, ոչ առավելեւս քաղաքականության ասպարեզում: Վերջում հիշեցնենք, որ Մոսկվան սկսում է Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցումը, այսպիսով փոխանցելով թրքերին միջուկային տեխնոլոգիաներ, ինչից ժամանակին հրաժարվել են ԱՄՆ եւ Գերմանիան: Ընդ որում, Ռուսաստանը դա էլ է պատրաստ անել պարտքով…

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply