ԹՈՒՐՔԻԱՆ ԴԺՈԽՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

0

Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք թրքական Մարմարա Համալսարանի դասախոս Բեհլուլ Ուզկանի համանուն հոդվածը, հրապարակված հուլիսի 30-ին ամերիկյան «Հաֆինգթոն փոսթ» կայքում (http://www.huffingtonpost.com/behlal-azkan/turkey-on-the-road-to-armageddon_b_7900004.html)

՛՛Թուրքիայում ներկայումս ստեղծված իրավիճակը միանգամայն ապոկալիպտիկ է:  Իսլամիստ ծայրահեղականները, որոնք Անկարայի լուռ ու կույր համաձայնությամբ երկիրը վերածեցին դեպի Սիրիա տանող «ջիհադի մայրուղու», այժմ գրոհի անցան հենց Թուրքիայի դեմ: Անցած շաբաթ Սուրուչ քաղաքում իսլամիստների ահաբեկչությունից հետո, որը տարավ 32 մարդկային կյանք, այլեւս անհնար է անտեսել «Իսլամական պետության» (ԻՊ) սպառնալիքը Թուրքիային: Պաշտոնական տվյալներով «ԻՊ» բարձրաստիճան ղեկավարներից շուրջ 700-ը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ Ստամբուլում, Անկարայում եւ այլ քաղաքներում գործում են «ԻՊ» տասնյակ բջիջներ: Երկրի բնակչությունը վերջին օրերին գտնվում է մշտական տագնապի մեջ, հասարակական վայրերում նոր ահաբեկչական գործողությունների սպառնալիքների պատճառով: Եւ կարծես թե քիչ էր այս ամենը, անցած շաբաթն արձանագրեց նաեւ Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) եւ թրքական պետության միջեւ երկամյա զինադադարի վերջը: Սուրուչի ահաբեկչությանը, որի զոհ դարձան հիմնականում քուրդ երիտասարդները, ՔԲԿ-ն պատասխանեց թուրք զինվորների ու ոստիկանների դեմ մահացու գրոհներով: Հաշված օրեր անց թրքական օդուժը ռմբակոծեց քրդական բանակի ճամբարները հյուսիսային Իրաքում, արձանագրելով Թուրքիայի վերադարձը մղձավանջային քաղաքացիական պատերազմին, որը տեւեց երեք տասնամյակ եւ խլեց շուրջ 40 հազար մարդկային կյանք:

Հասկանալու համար Թուրքիայի ներկայիս սայթաքումն անհրաժեշտ է վերհիշել Անկարայի վերջին չորս տարվա արտաքին քաղաքականությունը, հատկապես Սիրիայի վերաբերյալ:

ԷՐԴՈՂԱՆԻ ՍԻՐԻԱԿԱՆ ՄՂՁԱՎԱՆՋԸ

Էրդողանի իշխող ԱԿՊ կուսակցության մոտեցումը Սիրիայի հարցում 2011-ից ի վեր թրքական հանրապետության պատմության մեջ ամենախայտառակ քաղաքական տապալումն է: Արաբական գարունների սկզբից Թուրքիան, համագործակցելով Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի հետ, սկսեց զինել եւ վարժեցնել սիրիական ընդդիմությունը սեփական տարածքում կազմակերպված ռազմական ճամբարներում: Էրդողանն ու Դավութօղլուն հաշվարկում էին, որ նրանց նախաձեռնած օդային հարվածներից մի քանի ամիս անց Սիրիայի ներսում Ասադի դեմ սկսվելու է զինված ապստամբություն, ինչպես որ եղավ Լիբիայում Քադաֆիի դեմ ՆԱՏՕ-ի ավիագրոհներից հետո: Ըստ այդ նախագծի՝ Ասադի գահը պետք է անցներ Անկարային հավատարիմ «Մուսուլման եղբայրներին», իսկ Էրդողանն ինքն իրեն պատկերացնում էր Սիրիայի «ազատագրողի» դերում, դեռեւս 2012 թվականին գոռոզանալով, որ «շուտով աղոթելու է Դամասկոսի Ումայադի մզկիթում»:

Իր հերթին Դավութօղլուն հայտարարում էր Թուրքիան` «նոր Մերձավոր Արեւելքի տեր ու առաջնորդ»: Սակայն Արեւմուտքը այդպես էլ չդիմեց օդային հարվածներին, իսկ «Մուսուլման եղբայրները», որոնք Սիրիայում երբեք էլ ժողովրդի աջակցությունը չեն վայելել՝ ընդհանրապես չքվեցին քաղաքական բեմից:

«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՄՈՒՏՔԸ

Սիրիայում իրավիճակի վատթարանալու հետ մեկտեղ իսլամական ծայրահեղականները նեցուկ գտան Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում եւ Քաթարում, որոնք կազմեցին «Սիրիայի բարեկամներ» հեգնական անունով դաշինքը: Զուգահեռ Սիրիայում աճեց «Իսլամական պետության» ազդեցությունը: Բազմաթիվ վկայություններ ապացուցում են իսլամական ծայրհեղականների կապերը Թուրքիայի հետ: Համաձայն բրիտական «Գարդիան» թերթի հրապարակման` ԱՄՆ հատուկ ստորաբաժանումների գործողության արդյունքում մայիս ամսին հարյուրավոր փաստաթղթեր բացահայտվեցին ջիհադիստների կողմից Թուրքիային նավթ վաճառելու մասին: Նույն հոդվածում անժխտելի փաստեր են բերվում «Իսլամական պետության» անդամների հետ թուրք պաշտոնյաների հարաբերությունների վերաբերյալ: Դեռ ավելին, անհայտ է մնում, թե ինչ պայմաններով են «ԻՊ» գրոհայինները ազատ արձակել անցած տարվա հունիսին Մոսուլում առեւանգված թուրք 49 դիվանագետներին: Էրդողանն անձամբ խոստովանել էր, որ տեղի է ունեցել «քաղաքական սակարկություն»:

Ուշագրավ է, որ Թուրքիան հրաժարվեց միանալ 2014 թ. սեպտեմբերին «ԻՊ» դեմ ստեղծված դաշինքին, մինչդեռ թուրք բանակը չեր միջամտում սահմանից մի քանի հարյուր մետր անդին «ԻՊ»-ի կողմից սիրիական Քոբանի քաղաքի պաշարմանը: Կառավարության նման դիրքրորոշումից զայրացած Թուրքիայի քուրդ բնակչությունը դուրս եկավ բողոքի ցույցերի, որոնց ճնշման ընթացքում ոստիկանությունը սպանեց ավելի քան 30 մարդու: Թուրքիայի վերջերս կայացրած որոշումը` զորք ուղարկել «ԻՊ» դեմ բացատրվում է ինչպես Սիրիայում նոր զարգացումներով, այնպես էլ «ԻՊ» ահաբեկչությամբ Թուրքիայի ներսում: «ԻՊ»-ը կորցրեց Սիրիայի հետ թրքական գրեթե ամբողջ 900-կիլոմետրանոց սահմանի վերահսկողությունը, որը կիսով չափ անցել է քրդական ջոկատների ձեռքը:

Հետեւաբար, «ԻՊ» դեմ զինված գործողությունների պատրվակով Թուրքիան ձգտում է կասեցնել քրդական բանակի առաջընթացն ու փոխարենը հանձնել սահմանային դիրքերը սիրիական ապստամբներին եւ իսլամական ուժերին: Պահպանելով 100 կմ երկարությամբ և 40 կմ լայնությամբ վերահսկվող տարածք այդ գոտում, Թուրքիան նախատեսում է այնտեղ տեղադրել շուրջ երկու միլիոն սիրիացի փախստականների, ստեղծելով իր ռազմական ազդեցության ոլորտը Սիրիայում եւ շրջանցելով ռուսական veto-ն հյուսիսային Սիրիայում ապառազմականացված եւ թռիչքներից ազատ գոտի ստեղծելու համար: Միաժամանակ Թուրքիան վերջապես թույլ է տվել ԱՄՆ-ին օգտագործել Ինջիրլիք ավիաբազան «ԻՊ»-ի դեմ օդային հարվածների համար:

Չորսամյա սիրիական պատերազմից հետո Էրդողանը հասկացավ, որ Թեհրանի եւ Մոսկվայի աջակցությունն ունեցող Ասադը չի զիջելու տասնյակ խայտաբղետ ընդդիմադիր խմբավորումներին, որոնք ավելի շատ իրար մեջ են կռվում, քան նրա դեմ: Ավելին, ԱՄՆ-ը Իրաքում ստացած դառը փորձից հետո, առանց հստակ պատկերացնելու, թե ով է փոխարինելու Ասադին, չի աջակցելու իշխանափոխությանը: Այնուամենայնիվ, Էրդողանը շարունակում է ձգտել ընդլայնելու իր ազդեցությունը Սիրիայում անգամ Ասադի ներկայությամբ: Թուրքիայի նախատեսած «խաղաղ գոտին» պետք է ընդլայնվի համարյա մինչեւ Հալեպի արվարձանները: Եթե թրքամետ ապստամբները վերահսկեն Հալեպը, դա մեծ սփոփանք է լինելու Էրդողանի համար՝ Դամասկոս չհասնելու դիմաց ու նաև` ազգայնական թուրքերի շրջանում սեփական վարկը բարձրացնելու միջոց:

ԽԱՂ ԿՐԱԿԻ ՀԵՏ

Ռմբակոծելով քրդական ռազմական ճամբարները հյուսիսային Իրաքում`Անկարան բացեց երկրորդ ճակատը՝ պատերազմելով ե՛ւ «ԻՊ»-ի, ե՛ւ ՔԲԿ-ի դեմ: Սա վտանգավոր արկածախնդրություն է Թուրքիայի համար, որի 30-ամյա պայքարը քուրդ ապստամբների հետ պետք է դաս լիներ առ այն, որ անհնար է հաղթել պարտիզանական պատերազմում: Առավել եւս, որ իշխող կուսակցության խորհրդարանական պարտությունից հետո կառավարությունը Թուրքիայում կազմված է կոալիցիոն եղանակով: Եւ այս պայմաններում, անդունդ սլացող երկրի հիմնահարցերի լուծումը փնտրելու փոխարեն, էրդողանը մտահոգված է անձնական իշխանության ամրապնդմամբ: Նրան չհաջողվեց դառնալ համազգային քվեարկությամբ «ընտրված սուլթան», այնպես որ հարձակվելով քրդերի վրա Իրաքում եւ Սիրիայում, Էրդողանը հույս ունի պառակտել եւ մեկուսացնել Թուրքիայի ձախակողմյան ընդդիմությունը, որն հունիսյան քվեարկության արդյունքում համախմբվեց քրդամետ ՀԴՊ կուսակցության շուրջը: Պատահական չէ Էրդողանի նոր պահանջը` ստուգել ՀԴՊ պատգամավորների կապերը «ահաբեկիչների» հետ:

Այս հայտարարությունը հիշեցնում է քուրդ պատգամավորների ձերբակալումները 1990-ականներին եւհանդիսանում է խորհրդարանական ՀԴՊ կուսակցությունը օրենքից դուրս հայտարարելու փորձ:

Էրդողանը հույս ունի, որ կոալիցիոն կառավարության տապալման դեպքում նա կարողանալու է նոյեմբերին անց կացնել նոր արտահերթ ընտրություններ եւ շահարկել հակաքրդական զգացմունքները իր կուսակցությանը բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում ապահովելու համար:

Այլ կերպ ասած, Էրդողանը չի վարանում իր քաղաքական եւ կուսակցական շահերը վեր դասել պետության շահից եւ ազգային անվտանգությունից: Վերջում պարտվելու է Թուրքիան եւ թուրք ժողովուրդը:՛՛

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply