ԻՐԱՆԸ ԿԱՄ ՅԵՄԵՆԸ, ՌՈՒՄԲԸ ԿԱՄ ՆԱՎԹԸ

0

Առաջիկա մի քանի ժամերը կարող են բեկումնային լինել համաշխարհային եւ հատկապես տարածաշրջանային քաղաքական եւ տնտեսական իրավիճակի համար: Մարտի վերջին օրը լրանում է Լոզանում ընթացող Իրանի միջուկային ծրագրի շուրջը երկարաշունչ ու դժվար բանակցությունների ժամկետը: Այն կարող է, իհարկե, հետաձգվել, սակայն Յեմենում բռնկված ճգնաժամը եւ նավթի գների տատանումները լուրջ խթան են հանդիսանում համաձայնությանը հասնելու համար: Եւ առավել շահագռգռված դերակատարն է այստեղ ԱՄՆ-ը, որը մի կողմից ձգտում է հասնել Օբամայի հավակնոտ նպատակին եւ բացել Իրանն Արեւմուտքի համար, մյուս կողմից էլ ցանկանում է դուրս գալ Սաուդյան Արաբիայի եւ Իսրայիելի կողմից լարած թակարդից, որն այս օրերին բացվեց Յեմենում:

Հակաիրանական կոալիցիան, որտեղ բացահայտ հայտնվեցին Սաուդները, Նեթանյահուն, Էրդողանը, իսկ ավելի թաքուն կերպով նաեւ Պուծինը, հետապնդում է մի շարք բարդ նպատակներ, սկսած Թեհրանի թուլացումից, որպես շիաների եւ ողջ տարածաշրջանի առաջնորդի, վերջացած նավթի գնի աճով, որը կենսական է Ռուսաստանի եւ արաբական թագավորությունների համար: Սակայն Յեմենը բավական անհաջող ընտրություն էր նման ծրագրի իրականացման համար, քանի որ հենց այս աղքատ արաբական պետության բնիկ ցեղերն են կազմում Սաուդյան վարձու բանակի հիմքը եւ բացի դա` Իրանը ունի հզոր գաղափարական հաղթաթուղթ. այն կարող է հակադրել հարուստ սուննիական նավթային միապետություններին աղքատ արաբական աշխարհը, հատկապես դրա ճնշված շիա փոքրամասնությունները: Սա վերածելու է հակամարտությունը ողջ տարածաշրջանում սուր սոցիալական ու քաղաքացիական բախմանը, որից տուժելու են նախեւառաջ հենց հարուստ նավթային թագավորությունները: Այդպես որ Սաուդյան արկածախնդրությունը նման է հուսահատ “va bank” քայլին, առավելեւս որ դրան բացահայտ դաշնակցում է անհամբեր Նեթանյահուն, ինչն անմիջապես սուր հարցեր է առաջացրել արաբական փողոցներում: ԱՄՆ-ի վիճակն իսկապես բարդ է, քանի որ Օբաման ստիպված է  գոնե ձեւականորեն իր նեցուկը հայտնել ավանդական դաշնակիցներին` Սաուդներին, Բահրեյնին, Իսրայելին, Պակիստանին եւ Թուրքիային, սակայն նա վատ թաքնված դժգոհությամբ է վերաբերվում նման ինքնագործունեությանը, որը խախտում է ԱՄՆ-ի խորքային ծրագրերը եւ կաշկանդում է Վաշինգթոնի գործողությունների ազատությունը: Նման պարադոքսալ իրավիճակում հստակ գնահատական ու կանխատեսում կարելի է ստանալ հատկապես նավթային գներից, որոնք շարունակում են իջնել` մայիսյան պատվերները Նյու Յորքի բորսայում երկուշաբթի օրը կազմել են $48 մեկ տակառի դիմաց: Սա նշանակում է, որ շուկան վստահում է ԱՄՆ-ի քաղաքական գծի անփոփոխ բնույթին հատկապես Իրանի հետ հարաբերությունների վերականգնման հարցում: Հենց պատժամիջոցներից ազատվող Իրանի սպասվող նավթն է քաշում ներքեւ համաշխարհային վառելիքի շուկայի գները, ի հեճուկս Սաուդների, Ռուսաստանի եւ այլ նավթային միապետությունների, որոնց անզգուշորեն միացան Թուրքիան, Իսրայելը, Պակիստանը: Խաղադրույքները շատ բարձր են եւ սխալի գինը անչափ մեծ է: Մենք նույնպես չպետք է սխալվենք, քանի որ Իրանի հաջողությունը նշանակելու է հզոր հարված Մոսկվայի եւ Անկարայի դաշինքին, իսկ դա հանդիսանում է Հայաստանի փրկության կարեւորագույն գրավականը: Իհարկե` ԱՄՆ-ի պահպանվող բարեհաճության դեպքում, որը հպարտ կուրությամբ կամ կույր հպարտությամբ անտեսում են տեղական շատ գործիչներ: Ինչ արած` ճիճուները արծիվներից չեն վախենում, նրանք ավելի շատ վախենում են հավերից:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply