ԿՏՐՈՒԿ ԱՃՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՐԸ

0

Ամերիկյան մեծ նոյեմբերյան հեղաշրջման առաջին պտուղներն արդեն հասել են: Թրամփը, դեռ իշխանության չեկած, արդեն մատուցեց Ամերիկային առաջին խոշոր պարտությունը՝ Սիրիայում: Պուծինը համտեսում է իր առաջին հաղթանակը: Նրա ծխացող ու հնամաշ նավատորմը բավական եղավ սիրիական նժարի վրա ծանրանալու եւ արեւմտյան ներկայության բացակայությունը ցուցադրելու համար: Ասադն ամենայն հավանականությամբ մինչեւ տարեվերջ վերցնելու է Հալեպը եւ դրանով սիրիական ճքնաժամը մտնելու է նոր փուլ, որը կարելի է համեմատել իրաքյան ներկայիս իրավիճակին՝ երկիրը մասնատված է ու բաժանված մի քանի մասի. ասադա-ալավիթական, ԻՍԻՊ-սուննիական, քրդական եւ ապստամբ դաշինքի վերահսկողության տակ: Եթե ավելացնենք, որ վերջինին այժմ միանում է Թուրքիան, իսկ Ասադին աջակցում են Ռուսասատնն ու Իրանը, ապա հասկանալի կդառնա, որ լուծում այստեղ չի լինելու դեռ երկար ժամանակ: Սակայն այս փուլում կարեւոր է հասկանալ նոր դիրքավորումը եւ գիտակցել մեր շահերն ու սպառնալիքները:
Սերժ Սարգսյանի ցուցադրական միացումը ռուսական բանակին պետք է դիտել հենց այս զարգացումների ենթատեքստում: Ու թեեւ ներքին օգտագործման համար կիրառվում է Ադրբեջանից պաշտպանվելու վարկածը, միայն անհուսալի միամիտներն են հավատում, որ Ալիեւը կհանդգնի որեւե բան ձեռնարկել առանց Մոսկվայի համաձայնության: Ուրեմն Սարգսյանի քայլը հանդիսանում է նոր աշխարհաքաղաքական իրավիճակի երեւանյան պաշտոնական գնահատական եւ հետեւանք: Սերժ Սարգսյանը որոշեց հետեւել Ասադի օրինակին եւ բոլոր ձվերը դրեց ռուսական զամբյուղի մեջ: Ի միջի այլոց, ուշադրություն դարձրեք երկու հանգամանքի վրա՝ Դամասկոսն այս խառնաշփոթի մեջ հանկարծ քննարկման առավ Հայոց Եղեռնի ճանաչման հարցը, իսկ Իրանի նախագահը հետաձգեց Երեւան նախատեսված իր այցելությունը: Վերջին զարգացումը հատկապես հետաքրքիր է, քանզի եթե կա որեւե իրական հաղթող սիրաիական պատերազմում, ապա առայժմ դա Թեհրանն է: Հենց նրա զորքերն են, դաշնակից արաբ ՛՛Հեզբոլլայի՛՛ հետ, որ հասան դեպի Միջերկրական ծով շիա-ալեւիտական համայնքի համար ելք պահպանելու ռազմավարական նպատակի: Ի տարբերություն պուծինյան ռազմաբազայի արկածախնդրությանը, որը երկար կյանք չի ունենա, Իրան-Սիրիա դաշինքը շատ ավելի ամուր եւ խոստումնալից է ապագա նավթային ու գազային խողովակաշարերի տեսանկյունից: Նախագահ Ռոհանիի այցը Երեւան հետաձգվեց մի իրավիճակում, երբ տարածաշրջանի բոլոր երկրները ստիպված են անել դժվար քաղաքական ընտրություն եւ Թեհրանը այս պահին մնում է Մոսկվայի հետ:
Նույն պատճառով հերթական կտրուկ շրջադարձ կատարեց Թուրքիայի նախագահ Էրդողանը: Նրա վերջին հայտարարությունը Սիրիա զորք ուղարկելու եւ Ասադին տապալելու մասին ոչ միայն Ռուսաստանին կրկին ՛՛մեջքից խոցելու՛՛ թրքական ավանդույթի հերթական օրինակն է, թեեւ ծիծաղելի կլինի լսել Անկարայից նոր վերադարձած ու այնտեղ թրքերեն երգող Ժիրինովսկու հիստերիկ արդարացումները: Էրդողանին հեշտ չեր տրվել Պուծինին կրկին հակադրվելու որոշումը, սակայն նա ելնում է թրքական ազգային շահից, իսկ դա պահանջում է միջամտել Սիրիա՝ իհարկե ոչ թե Ասադին տապալելու, այլ քրդերին թուլացնելու նպատակով: Քանի որ հենց քրդերի համար է առավել շահավետ ստեղծված իրավիճակը՝ նրանք Սիրիայում շատ մոտ են հասել իրաքյան իրենց հաջողությունը կրկնելու փուլին՝ մնում է միայն միացնել Իրաքի հյուսիսում արդեն ստեղծված քրդական ինքնավարությունը Սիրիայի հյուսիսում ստեղծվող քրդական ինքնավարությանը, որոնք միասին հասնելու են Թուրքիայի հարավ-արեւելյան սահման: Սա է Էրդողանի մղձավանջը, որի պատճառով նա երկու տարվա մեջ երկրորդ անգամ ապտակում է Պուծինին եւ այսպիսով կրկին անցնում է Արեւմուտքի ճամբար: Ահա ինչու է նա քողարկում սեփական նպատակը Ասադին տապալելու սուտ խոստումով՝ դա արեւմտյան շուկաների համար պատրաստված կեղծիք է: Այսպիսին է Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի նոր դիրքավորումը Սիրիայում՝ ԱՄՆ-ի թուլացման պայմաններում: Քանի որ ԱՄՆ-ի բացակայությունը հենց թուլության նշան է եւ դա հասկանում են բոլորը:
Ի՞նչ է այս ամենը նշանակում հայության եւ Հայաստանի համար: Սիրիայում հայ համայքնը դատապարտված է եւ անհետանալու է՝ անկախ Հալեպի պատկանելիությունից: Մենք դա կանխատեսում էինք դեռ չորս տարի առաջ, հորդորելով կազմակերպել սիրիահայերի ներգաղթը: Ինչեւե:
ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի նահանջը ժամանակավոր է եւ տեւելու է երկուսից-չորս տարի: Այս ժամանակահատվախում սառեցվելու են ժողովրդավարացման բոլոր հույսերն ու սկսված գործընթացները, Հայաստանը մնալու է եւ շարունակելու է խորասուզվել պուծինյան ճահիճը, կորցնելով որեւե միջազգային դերակատարություն ու կարեւորություն:
Այդ պայմաններում կտրուկ աճում է հայոց Սփյուռքի նշանակությունը, հատկապես ԱՄՆ-ում: Թրամփի հեղաշրջումը փորձելու են ներկայացնել իբրեւ պահպանողական արժեքների հաղթանակ, իսկ դա բերելու է ԱՄՆ-ում առկա եւ ազդեցիկ քրիստոնեական բողոքականության քաղաքական վերելքին: Դա վերադարձնում է կրոնական համերաշխության գործոնը մեծ քաղաքականության մեջ, ինչպես դա եղել է մոտ հարյուր տարի առաջ նախագահ Վիլսոնի օրոք: Ու քանի որ մարդու իրավունքների եւ քաղաքական ազատությունների ասպարեզում Հայաստանը քիչ բանով է տարբերվում շրջակա ասիական բռնապետություններից, հայոց Սփյուռքն այժմ կարող է եւ պետք է օգտագործի հենց քրիստոնեական համերաշխությունը որպես ազդեցության եւ լոբբիզմի գործիք Վաշինգթոնում: Սա դժվար թե տպավորիչ լինի անձամբ Թրամփի համար, սակայն նա շրջապատված է բողոքական արմատականներով, ովքեր խուլ ու համր չեն մնալու նման փաստարկներին: Եւ այնտեղ, ուր անզոր է լինելու նախկին չեկիստ ու ՛՛վերջին բոլշեւիկ՛՛ Սերժ Սարգսյանը, պետք է խոսեն Սփյուռքը ու եկեղեցին: Վաշինգթոնն առաջիկա տարիներին խոսելու է այս լեզվով, ուստի հայության, հատկապես ամերիկահայության համար քաղաքական հասունություն հանդես բերելու պահն է գալիս: Մեր թույլ ու կախյալ պետությունն այստեղ անզոր է: Կրկին ժամանակն է եկել, որ ազգն ինքնակազմակերպվի եւ օգնի պետությանը: Սա այլեւս ոչ թե ՛՛տելեթոն՛՛ է, ոչ էլ 1000 դրամի հանգանակություն: Սա մեր լինել-չլինելու հարցն է:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply