ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՈՊՈՔԸ ԵՎ ՌՍԻ ՕՐՀՆՎԱԾ ՍԱՊՈԳԸ

0

Շնորհավորենք ու սիրենք զմիմյանս, հայեր՝ հալելույա: Պարզվեց, որ ոչ թե ռուսն է մեզ պաշտպանելու թրքից, այլ ճիշտ հակառակը՝ մենք ենք կոչված ռսին պաշտպանել թրքից: Երկու հարյուր տարվա օրհնված ոտքի ու դրա հագի մի թայ սապոգի հեքիաթը հօդս ցնդեց երկու օր առաջ, երբ առաջին անգամ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռուսական ռազմական ինքնաթիռ խփեցին, այն էլ ով՝ Թո՛ւրքիան: Հետն էլ մի հատ փրկարար ուղղաթիռ խփեցին, որ երկու անգամ չվերկենան: Եվ հզոր, հոգեւոր, միջուկային Ռուսաստանը ոչ միայն չզայրացավ, չպատասխանեց, զենք ու բազուկ չբարձրացրեց,  այլ… որոշեց հայերին թրքերի դեմ լարել ու այդպես վրեժ առնել իր անպատվության համար: Չէ, այնպես չէ, որ մենք շատ զարմացանք՝ մեզնից ոմանք վաղուց էին պնդում, թե իրականում Հայաստանն է Ռուսաստանի հարավը պաշտպանում, այլ ոչ թե հակառակը, սակայն սապոգ օրհնող ճնշող մեծամասնույունը լսել դա չեր ուզում եւ աշխարհի չորս ծայրերից ոռնում էր ամեն առիթով, որ ՛՛առանց ռսի թուրքը մեզ կուտի՛՛: Հիմա ի՞նչ եք ոռնալու, այ սապոգասեր ստրուկներ: Սա էլ հո ես չեմ ասել՝ ՌԴ խորհրդարանի փոխխոսնակն է ամբիոնից ճչում, իմիջիայլոց՝ չորրորդ մարդը ռուսական իշխանության բուրգում:Մոսկվայում պատգամավորներն ու քաղաքագետները հանկարծ Հայոց Ցեղասպանություն հիշեցին, 1921 թվի Մոսկովյան պայմանագիրը, Կարսն ու Արդաղանը, Վանն ու Էրզերումը: Զղճում են, որ Պուծինը Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին  ՛՛գենոցիդ՛՛ բառը չարտասանեց, կարծես մի Օբամա լիներ: Զենք ու զինամթերք են առաջարկում Հայաստանին տալ, կարծես 5 միլիարդ դոլարի զենք Հայաստանի դեմ նրանք չեն Բաքվին ծախել:

Այսինքն, ինչ անելու ենք՝ մենք ենք անելու: Մենք էլ թրքի հետ վերջին անգամ պատերազմի դաշտում Սարդարապատում ու Ապարանում ենք հանդիպել: Շատերը այդպես էլ չգիտեն, որ եթե մենք այնտեղ դրանց չփետրեինք, ապա ՛՛Գալիպոլի՛՛ կոչվող դիվիզիան մտնելու էր ոչ միայն Երեւան ու Էջմիածին, այլ շարունակելու էր շարժվել դեպի Թիֆլիս, հետո Բաքու, միացնելով Թուրքիան միջասիական Թուրքեստանին, ինչի մասին առ այսօր երազում են Էրդողանն ու Դավութօղլուն իրենց ՛՛նեօ-օսմանյան՛՛ ցնորքներում: Այնպես որ հայերն երբեք իրենց իրական գինն ու կարեւորությունը չեն հասկացել, թե չէ Պերմյակովի անվան Գյումրվա ռուսական բազաի համար չէին վճարելու սեփական գրպանից:

Սա բեկումնային պահ է հայոց քաղաքական մտքի համար: Եթե հիմա էլ չհասկանանք, ում հետ գործ ունենք, ինչ արժեն դրանց հետ կնքված պայմանագրերը, ոնց է պետք վարվել ազգային անկախության եւ անվտանգության գերագույն շահերից ելնելով՝ ապա մենք չարժենք անգամ այն յոթ դրամը, որը ողորմության նման մուրում էինք ռուս օլիգարխներից:

Հայեր, թրքերից ռուսը մեզ երբեք չի պաշտպանել, որովհետեւ. Ա՝ նրա հետ միշտ մեր հաշվին էր հաշտվում եւ Բ՝ որովհետեւ նա այլեւս ինքն իրեն չի կարող պաշտպանել: Հոգնեցի զգուշացնել՝ ամեն ինչ կրկնվելու է, ինչպես հարյուր տարի առաջ՝ ռուսական բանակը այստեղից հեռանալու է, ինչպես նաեւ շատ այլ տեղերից: Պատրաստվել է պետք դրան: Զինվել, կազմակերպվել, անցնել ինքնապաշտպանությանը: Օր առաջ ազատվել օկուպացիոն ադմինիստրացիայի գործակալներից, հատուկ ծառայություններից, ամեն տեսակ ՛՛վերջին բոլշեւիկներից՛՛ որոնք 1920 թվականին քայքայեցին հայոց բանակն ու պետականությունը եւ այդ օրվանից օրհնում են իրենց իշխանությունը ապահովող ռսի սապոգը: Թուրքը ոչ միայն ռսին դաս տվեց, այդ դասը մեզ էր ուղղված նախեւառաջ: Ասա՝ ով է դաշնակիցդ, ու ես կասեմ ինչպես կվերջանա քո պատերազմը: Հերիք է լիզել ռսի սապոգը, լսել ռսի հեռուստացույցը, սիրել ռսի կանանց, հույս դնել ռուս ինքնաթիռների ու ավտոմատների վրա: Ավտոմատից մեր երեխեքին մեր հողում են խփում, ինքնաթիռ ու ուղղաթիռն էլ թրքերը օդում են խփում:

Ավելի լավ է սիրեք զմիմյանս, քանզի էլ ոչ ոք մեզ չի սիրի: Պատրաստվենք, հայեր: Դժվար է լինելու, բայց կարճ: Կայսրությունները երկար են ստեղծվում, բայց արագ են փլուզվում: Տակը չմնանք: Հա, մեկ էլ թարգեք էդ սահմանադրական կապիկությունները՝ ռսի հեռանալուց հետո մեր երկիրը ամբողջությամբ փոխվելու է: Սահմանադրությունն էլ հետը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply