ՀԱՅԱՍՏԱՆ 2015-2025

0

 

Քաղաքական կանխատեսումներն անշնորհակալ, բայց անհրաժեշտ գործ են: Կյանքումս առաջին նման բան արել էի հեռավոր 1990 թվականին, տպագրելով այն ժամանակ ընդդիմադիր ռուսալեզու «Գոլոս Արմենիի» պարբերականում «Շոկտեմբերյան Իմպերնացիոնալ» հոդվածս, որտեղ պնդում էի, որ դեռևս ողջ ու հզոր ԽՍՀՄ-ը կործանվելու է մեկ տարի անց: Ես սխալվեցի ընդամենը երկու ամսով` դա իրականացավ 1991 թվականի ոչ թե հոկտեմբերին, այլ դեկտեմբերին:

Այսօր դժվար է հավատալ, որ նման հոդված հնարավոր էր հրապարակել դեռևս խորհրդային համարվող Հայաստանում, ինչպես նաև պատկերացնել, որ ամերիկյան հետախուզությունն այդ օրերին շարունակում էր վստահեցնել ԱՄՆ իշխանություններին, որ ԽՍՀՄ-ն ամուր է եւ կդիմանա սաստկացող ճգնաժամին: Դրսում հաշվարկում էին խորհրդային տնտեսության ու բանակի վիճակը, չտեսնելով այն, ինչ զգում էինք մենք ներսում ` համակարգի բարոյական, գաղափարական, հոգեբանական հոգեւարքը:

Անկախության շրջանում քաղաքական վերլուծությունն ու կանխատեսումները որոշ ժամանակ հանդիսանում էին իմ մասնագիտությունը` հատկապես դա կարեւոր եւ արդյունավետ գնահատվեց ԱՄՆ-ում հայկական լոբբիի հետ իմ համագործակցության տարիներին: Այսօր, մեր պետականության համար ստեղծված մարտահրավերների, սպառնալիքների ու նաեւ հնարավորությունների բեկումնային պահին քաղաքական վերլուծություններն ու կանխատեսումները ստանում են կենսական կարեւորություն: Փորձենք անել դա մեր տարածաշրջանի օրինակով:

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Երրորդ անգամ վերջին հարյուր տարվա ընթացքում Հայաստանի համար ճակատագրական փոփոխությունները կապված են ու կախված Ռուսաստանի հերթական ու անխուսափելի թվացող վերաձեւավորումից: Անցյալ դարավերջում այդ երկրում բացարձակ ու անսահմանափակ իշխանության եկած հատուկ ծառայությունների փորձը վերականգնելու եւ արդիականացնելու կայսերական ու գաղութատիրական համակարգը ավարտվում է մեր աչքի առաջ դրա քաղաքական, տնտեսական և գաղափարական սնանկությամբ:

Եթե սովետական շրջանում քաղաքական ու տնտեսական զարգացումը հիմնված էր հարաբերական ինքնաբավության սկզբունքի, այսպես կոչբած ՛՛ավտարկիայի՛՛ վրա, որի պայմաններում բնակչությունը սպառում էր թեեւ ոչ լավագույն որակի եւ ոչ բավարար քանակի բայց շատ թե քիչ սեփական, տեղական արտադրության իրեր, սնունդ եւ ծառայություններ՝ թղթից ու գրչից մինչեւ զենք ու տեղադրամիջոցներ, ապա հետխորհրդային Ռուսաստանը գրեթե բոլոր ոլորտներում ու ամբողջությամբ անցավ ներմուծվող արտադրանքի, սակայն ցանկացավ միաժամանակ պահպանել խորհրդային շրջանի ազդեցությունն ու հավակնությունները միջազգային ասպարեզում: 1984-85 թթ. բավական եղավ կտրուկ կրճատել նավթի գները, որպեսզի սովետական տնտեսության եկամուտների մեկ քառորդը հանդիսացող այս աղբյուրի նվազումը ծնկի բերեր ողջ ԽՍՀՄ քաղաքական համակարգը: Այժմ, երբ նավթի ու գազի վաճառքը կազմում է Ռուսաստանի պետական եկամուտների երեք քառորդը, նման գնանկումն էլ ավելի արագ ու արդյունավետ է հանգեցնում նույն աղետալի արդյունքի: Բացի զուտ տնտեսական անհաջողություններից, Կրեմլը ներքաշվեց միանգամից  մի քանի բացահայտ եւ ստվերային հակամարտությունների մեջ համարյա բոլոր իր հարեւանների հետ: Վրաստան եւ Ուկրաինա, Մերձբալթյան երկրներ եւ Մոլդովա, կասկածելի ու երկիմաստ դերակատարություն հայ-ադրբեջանական պատերազմում, վատթարացող հարաբերություններ Միջին Ասիայի պետությունների հետ, անհեթեթ եւ վտանգավոր ՛՛սիրավեպ՛՛ Չեչնիայի հանցագործ ու լկտի առաջնորդի հետ, աճող կենտրոնախույզ միտումները Հյուսիսային Կովկասում, թաթարական եւ բաշկիրական ինքնավարություններում՝ սա պուծինյան իշխանության հետեւանքներն են երկրի ներսում եւ մատույցներում: Եթե ավելացնել դրան ՛՛սառը պատերազմի՛՛ փաստացի վերսկսումը ԱՄՆ ու Երրոպայի հետ, անհեթեթ ու կործանարար արկածախնդրություն Սիրիայում, Պուծինի անձնական մեկուսացումն ու նվաստացուցիչ վանումը բոլոր միջազգային ատյաններից, Ռուսաստանի դեմ սաստկացող պատժամիջոցները՝ պարզ է դառնում, որ այդ երկիրը գրեթե իր ողջ պատմության ընթացքում, բացառությամբ ԽՍՀՄ ստեղծման առաջին տարիների, չի հայտնվել նման ողորմելի վիճակում: Կրեմլի պաթետիկ աշխարհաքաղաքական ծրագիրը՝  Չինաստանի հետ դաշինք կազմելու որպես հակակշիռ Արեւմուտքին, բախվեց արեւելյան հսկայի սառը հեգնանքի եւ կոշտ մերժմանը: Չինաստանը չի պատրաստվում կորցնելու իր ապրանքների սպառման մեծագույն արեւմտյան շուկան հանուն ռուսական ցնորքի, առավելեւս որ այժմ Պեկինն է թելադրում Մոսկվային տնտեսական, իսկ շուտով նաեւ քաղաքական պայմաններն ու սահմանները:

Անկախ նրանից` պահպանելու է արդյոք Ռուսաստանն իր տարածքային ամբողջականությունը, թե տրոհվելու է, կորցնելով որոշ, հատկապես մահմեդական իր կալվածքները, նրա ազդեցությունը մեր տարածաշրջանում կտրուկ նվազելու է արդեն մոտ ապագայում:

Երկրի տարածքային քայքայման դեպքում ռուսական նահանջը միայն մեծացնելու է հայության առջև խոյացող մարտահրավերները և կտրուկ կրճատելու է դրանց դիմակայելու ժամանակը, նկատի առնելով այդ երկրից սպասվող հայերի զգալի մասի ներգաղթը դեպի Հայաստան: Լուրջ ու կենսական վտանգներ են առաջանալու հայ համայնքների համար անջատողական շարժումներով տոգորված Ռուսաստանի շրջաններում, նկատի առնելով հայերի ավանդական ռուսամետությունը: Այս բոլոր սպառնալիքները կարող են իրականանալ մոտ ապագայում և պահանջելու են կտրուկ պետական ու համազգային լուծումներ, որոնց հավանականությունն ու արդյունավետությունը խնդրահարույց է, նկատի առնելով  հայ փախստականների նախորդ հոսքերի դառը փորձը` 1988-1990 թթ. Ադրբեջանից եւ 2004-2014 թթ. Իրաքից ու Սիրիայից: Պետք է նկատի առնել, որ Ռուսաստանից հայկական սպասվող ներգաղթը կարող է հասնել ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր հազարների: Սա հենց այն դասական օրինակն է, երբ մարտահրավերը վերածվում է հնարավորության եւ ճիշտ գործելակերպի դեպքում՝ խոշոր հաջողությանը: Այստեղ անհրաժեմտ կլինի ոչ միայն ազգային եւ պետական ողջ ներուժի կենտրոնացումը, այլ նաեւ միջազգայն մարդասիրական կազմակերպությունների օգնությունն ու համաշխարհային ջանքերը, նախեւառաջ ներգաղթի օրինական համարվող իսրայելական փորձի կիրառումը: Անթույլտրելի է դավաճանության եզրին հասնող նեղ համայնքային, կուսակցական կամ եկեղեցու դեպքում՝ թեմական շահերի դրսեւորումն ու գերադասումը ազգային ու պետական գերակա շահերից, որի ականատեսը եղանք մենք վերջերս Իրաքից եւ հատկապես Սիրիայից հայկական համայնքի անկազմակերպ ու հախուռն փախուստի ժամանակ: Առայժմ կարելի է արձանագրել, որ հայոց պետությունը շարունակում է անպատրաստ ու անհաղորդ մնալ նման մարտահրավերների առջեւ, որի տարրական օրինակն է մեր շրջափակված երկրում ազգային ավիացիայի իսպառ բացակայությունը որեւե աղետալի կամ հատուկ այլ իրավիճակում ինքնուրույն գործելու համար:

Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները նման են ջրի հաղորդակցվող տակառների՝ ժողովրդավարական եւ ազատ Ռուսաստանը հանդիսանում է անկախ ու հզորացող Հայաստանի լավագույն երաշխիքը, մինչդեռ չկա Հայաստանի անկախության համար ավելի վտանգավոր թշնամի, քան բռնապետական վարչախումբ Կրեմլում: Մեր հարաբերությունները լավագույնս բնորոշվում են հին հեղափոխական կարգախոսով՝ ՛՛Հանուն մեր եւ ձեր ազաության՛՛:

ԹՈՒՐՔԻԱ

Ոչ պակաս անորոշ է մեր մյուս հզոր հարևանի և պատմական ախոյանի` Թուրքիայի ապագան: Այդ պետության հետ մեր դարավոր թշնամությունն ու վեճն այսօր մեծապես կախված ու կապված է տարածաշրջանի մեկ այլ աճող ուժի՝ քրդերի հետ: Այդ բազմամիլիոնանոց տրոհված ժողովրդի հազարամյա երազանքը ազգային պետության մասին սկսում է իրականանալ մեր սերնդի կյանքի օրոք: Իրաքի ու Սիրիայի հյուսիսից մինչև Թուրքիայի հարավ-արևելք տարածվող քրդական պահանջատիրությունը վերջին հատվածում մասամբ համընկնում է հայոց քաղաքակրթության բնօրրանի տարածքի հետ և այստեղ վաղուց արդեն անհրաժեշտ էին լուրջ ու անաղմուկ բանակցություններ մեր երկու ազգերի վերնախավի միջև: Մինչդեռ վիճակն այս ասպարեզում անմխիթար է: Հիշում եմ, ինչպիսի հեգնանքով ու քմծիծաղով ընդունվեց տեղական մի «վերլուծական կենտրոնում» դեռ մի քանի տարի առաջ արված իմ պնդումը, որ հայ-թրքական սահմանի փոխարեն մենք շուտով կունենանք արդեն հայ-քրդական սահման, որի մասին էլ պետք է մտածել:

Այս խնդրի անբաժան մասն է կազմում Արևմտյան Հայաստանի տարածքում պահպանված մեր հազարավոր «ծպտյալ» կամ ավելի ճիշտ էթնիկապես չինքորոշված ազգակիցները, որոնց հանդեպ անհրաժեշտ է դրսեւորել պետական ու մարդասիրական, զգուշավոր ու նրբանկատ վերաբերմունք: Սակայն ոչ համշենցիների, ոչ դերսիմցիների, ոչ զազա կամ քրդախոս հայերի հետ որևե լուրջ աշխատանք ու անգամ խոսակցություն սկսել հնարավոր չէ, քանի դեռ հայերը լիարժեք ու արժանապատիվ քաղաքացի չեն զգում իրենց հենց  Հայաստանի հանրապետությունում եւ քանի Հայաստանը չի դարձել անկախ ու ինքնիշխան երկիր:

Թուրքիան հայելանման ճշգրտությամբ արտացոլում է Ռուսաստանի իրավիճակն ու նրա խնդիրները` սկսած կայսերական մարող ցնորքներից ու վերջացրած ազգային ու կրոնական փոքրամասնությունների աճող խռովություններով: Միանման են նաև երկու այս երկրների կատարված արմատական սխալները ներքին քաղաքականության մեջ` իշխանության կողմից որդեգրած պետական ազգայնականությունը հակասում է բազմազգության սկզբունքով կառուցված այդ նախկին երկու կայսրությունների առանցքին, անխուսափելիորեն արդնացնելով նրանց ներսում կենտրոնախույզ շարժումները: Թուրքիայի հանդեպ հայկական պետության քաղաքականությունը այս ժամանակաշրջանում պետք է լինի նույնը, ինչ էլ Ռուսաստանի վերաբերյալ` զինված չեզոքություն, որը հատկապես կարեւոր է այս երկու պետությունների ներկայիս փոխադարձ թշնամանքի պայմաններում: Քաղաքական այբուբենը թելադրում է, որ երկու հզոր հարեւանների թշնամանքից փոքր պետությունը կարող է շահել, եթե գտնում է իր համար շահավետ ու շահագրգիռ երրորդ ուժ, որպես ռազմավարական դաշնակից: Ռուսաստանն ու Թուրքիան երկուսն էլ առանձնանում են այժմ բռնապետական կեցվածքով, ուստի Հայաստանի համար նման պայմաններում բնական դաշնակից է հանդիսանում ժողովրդավարական Արեւմուտքը, իսկ բնական կարգավիճակ` ազատ ժողովրդավարական երկրի կառուցում: Միայն նման դիրքերից Հայաստանը կարողանալու է վերսկսել Եղեռնի հետեանքների վերացման եւ փոխհատուցման մասին բանավեճն ու պահանջատիրությունը Թուրքիայի նկատմամբ: Ընդհանուր առմամբ, ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի հետ բնականոն, գործընկերական եւ անգամ բարիդրացիական հարաբերությունները մեզ համար հնարավոր կլինեն միայն այդ երկրներում ժողովրդավարության հաստատման արդյունքում:

ԱԴՐԲԵՋԱՆ

Ժամանակակից աշխարհում գործում է յուրահատուկ ծուղակ մեծ ու փոքր բռնապետությունների համար ` իրական ու հարատեւ զարգացումն ու բարգավաճումը որևե երկրին կարող է ապահովել միայն ժողովրդավարական համակարգը, օժտված ազատ տնտեսությամբ եւ անկախ արդարադատությամբ, իսկ դա անհնար է իրականացնել որեւե ազգային, գաղափարական կամ կրոնական բռնություն կիրառող երկրում: Բոլոր հակառակ օրինակները կրում են կարճաժամկետ և անհեռանկար բնույթ: Ասածի վառ ապացույցն է հանդիսանում մեր արեւելյան հարեւան ու հակառակորդ Ադրբեջանը: Նրա նավթագազային բարեկեցությունը տեւեց ընդամենը  մեկ տասնամյակ և այժմ ավարտվում է, թողնելով չլուծված հին և նոր առաջացող քաղաքական, տնտեսական եւ ազգամիջյան խնդիրների ծանր ժառանգություն: Հայաստանի հետ իրական պատերազմ վարել նման իրավիճակում Ադրբեջանը չի կարող եւ վերջին շրջանում թանկարժեք, անհամաչափ ու անիմաստ զինվածության իր պաշարը պաշտոնական Բաքուն օգտագործում է հայկական սահմանի վրա հիմնականում սեփական քաղաքական, տնտեսական եւ ազգամիջյան հիմնախնդիրները այս միջոցով թաքցնելու եւ հետաձգելու նպատակով: Վերջին շրջանում թալիշ, լեզգի, ավար ազգային փաքրամասնությունների մշտական անհանգստություններին գումարվել են շիա, սուննի եւ վահաբիթական կրոնական խռովությունները, որոնք հետեւողականորեն ուղղորդվում են դրսից: Բաքվում առավել զայրույթով ու տագնապով են հետեւում ու դիմադրում աճող իրանական ազդեցությանը: Իսլամական հանրապետությունն իր հերթին դիտում է Ադրբեջանն իբրեւ ռուսական իմպերիալիզմի իսկ հետո նաեւ բոլշեւիկյան ծավալապաշտության արդյունքում իրենից զավթած տարածք, որն անհրաժեշտ է վերադարձնել: Նկատի ունենալով իր ավանդական դաշնակիցների՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի աննախադեպ թուլացումը եւ Իրանի նույնքան սրընթած վերականգնումը տարածաշրջանային գերտերության դերում, Ադրբեջանի քաղաքական ապագան որպես անկախ պետության ներկայիս սահմաններում թվում է անմխիթար եւ կասկածելի: Հատկապես խոցելի են Ադրբեջանի հարավային՝ թալիշ-մուղանական շրջանները, հյուսիսային լեզգիաբնակ հատվածը, եւ Նախիջեւանյան ինքնավարությունը, որը անջատված է նրանից ոչ միայն Հայաստանի եւ Իրանի տարածքով, այլ նաեւ այդ շրջանում ակտիվացող քրդական ապստամբներով, ովքեր սպառնում էն կտրել Նախիջեւանի կապը դրա հովանավոր Թուրքիայից: Նախիջեւանի խնդրահարույց աշխարհաքաղաքայան կարգավիճակն ու դիրքը, ինչպես նաեւ Հայաստանի ու Իրանի համար կենսական կարեւորություն ունեցող եւ ներկայումս փակ երկաթուղային գծի առկայությունը դարձնում են այդ տարածքն առավել խոցելի Ադրբեջանի անխուսափելի թվացող ապագա տրոհման ընթացքում: Ավելորդ եմ համարում կրկնել Հայաստանին Արցախյան նահանգի միացման անխուսափելիության մասին:

ՔՐԴՍՏԱՆ

Հավակնում եմ պնդել, որ առաջիկա տասնամյակում մենք ականատես ու մասնակից ենք լինելու քրդական ազգային պետականության կայացմանը, որի տարածքը մեծ հավանականությամբ կարող է սահմանակցել Հայաստանի հանրապետությանը: Ցանկացած նոր պետության ստեղծումը եզակի եւ անչափ ուսանելի գործընթաց է, հատկապես այս դեպքում: Քրդերը հնագույն հնդեւրոպական ցեղախումբ են, ըստ որոշ գիտական տեսությունների նրանք ժառանգն են Հին աշխարհի Միդիական պետությանը: Քրդական պետականության հարցը միջազգային խնդիր էր հանդիսանում դեռեւս հարյուր տարի առաջ, երբ Սեւրի պայմանագրով քրդական ինքնավարություն էր նախատեսվում մոտավորապես այսօրվա ստեղծվող քրդական պետության սահմաններում: Քրդերի որոշ մասը ակտիվ մասնակցություն էր բերել Հայոց Եղեռնի զանգվածային սպանություններին եւ թալանին, հիմնականում քրդերի թվից էին համալրվում տխրահռչակ ՛՛համիդիե՛՛ զորամիավորումները: Միաժամանակ մեծ թվով քրդական ցեղեր եւ գյուղեր ընդունում էին ու փրկում հայ փախստականներին, որի ապացույցն են առ այսօր պահպանված բազմահազարանոց հայկական համայնքները, թեեւ հաճախ քրդախոս, սակայն պահպանած իրենց ազգային ինքնությունը: Դրանց օրինակն է Հրանտ Դինքի աներոջ՝ հայտնի Վարդո գերդաստանը: Ընդհանրապես, բարդել այսօր ողջ քուրդ ժողովրդի վրա հայոց ջարդերի պատասխանատվությունը ոչ միայն սխալ է, այլ նաեւ անարդար: Քրդական պատժիչ ջակատները 1915 թ. ուղորդվում էին թրքական պետության կողմից, ինչպես օրինակ ռուս կազակների պատժիչ գործողությունները 1912 թ. հայկական դրպոցների, եկեղեցիների եւ մտավորականների դեմ ուղորդվում էին ռուսական կառավարությամբ, ինչը կարծես թե առիթ չի դարձել մեր ազգային դժբախտությունների ողջ մեղքը բարդելու բոլոր կազակների կամ ամբողջ ռուս ժողովրդի վրա:

Հետաքրքրական է, որ առաջին, թեեւ ժամանակավոր քրդական ինքնավարությունը իրականում ստեղծվեց ԽՍՀՄ-ում, որպես ազգային ինքնավարություն այն ժամանակվա Ադրբեջանական խորհրդային հանրապետության Քելբաջարի ու Լաչաինի շրջանների տարածքում: Արդեն 1936 թվականի սովետական սահմանադրությունը լուծարեց այդ քաղաքակաան միավորը, վերածելով այն շարքային շրջանի, իսկ քրդերին գրանցելով իբրեւ ադրբեջանցիներ: Այս տողերի հեղինակը համեստ մասնակցություն էր ունեցել դեռեւս 1990 թվականին Արցախյան շարժման եւ քրդական շրջանակների միջեւ վարվող բանակցություններում, որոնց ընթացքում հայկական կողմն առաջարկում էր վերականգնել քրդական ինքնավարությունը այդ տարածքում, Հայաստանից դեպի Արցախ կայուն եւ անվտանգ հաղորդակցություն ապահովելու երաշխիքների դիմաց: Այդ քննարկումը տեղի էր ունենում Մոսկվայում, քրդական կազմակերպությունների կենտրոնակայանում, եւ ակնհայտորեն ռուսական հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո, որոնց ճնշման տակ մեր առաջարկը մերժվեց: Ինչպես հայտնի է, հաշված տարիներ անց այդ խնդիրը լուծեցին հայ կամավորական ջոկատները, 1992 թվականին բացելով Լաչինի միջանցքը, իսկ 1993-ին ազատագրելով Քարվաճառը: Քրդական ազգաբնակչությունը հեռացել էր ադրբեջանական բանակի հետ: Այդ դրվագը հետաքրքիր է նախեւառաջ հայ-քրդական հարաբերություններում ռուսական միջամտության տեսանկյունից: Գաղտնիք չէ, որ սովետական շրջանում եւ անգամ դրանից հետո որոշակի կապեր եւ համագործակցություն քրդերի հետ իրականացվում էր հայկական տարածքից, կրկին սովետական, իսկ հետո արդեն ռուսական հատուկ ծառայությունների նախաձեռնությամբ: Դա մաս էր կազմում Քրդական բանվորական կուսկացությանը եւ անձամբ Աբդուլլա Օջալանին ցուցաբերվող աջակցության ԽՍՀՄ, ապա նաեւ Ռուսաստանի կողմից: Սա բավականաչափ բնորոշ եւ ուսանելի պատմություն է, քանի որ քրդերի այս մարքսիստ առաջնորդը ձերբակալվեց այն բանից հետո, երբ Սիրիան եւ Ռուսաստանը արտաքսեցին նրան, դրժելով բազմամյա համագործակցությունը: Առավել ուշագրավ է, որ հենց դրանից հետո քրդական ազգային շարժումը կրկին գլխավորեցին հին առաջնորդներ Բարզանին եւ Թալաբանին, ովքեր այլեւս ապավինում էին ոչ թե Ռուսաստանի, այլ Արեւմուտքի աջակցությանը: Արդյունքը ակնհայտ է՝ այժմ քրդական ինքնավարությունը փաստորեն իրողություն է Իրաքի հյուսիսում եւ օրեցոր ամրապնդվում է նաեւ Սիրիայի հյուսիսում: Սակայն ամենադժվար եւ արյունալի ընթացք է սպասվում քրդական իշխանությունը հաստատելու փորձի դեպքում հենց հարավ-արեւելյան Թուրքիայի տարածքում, որտեղ առ այսօր մեծ ազդեցություն ունի Օջալանի հետեւորդ Քրդական բանվորական կուսակցությունը իր զինված ուժերով: Նոր եւ կարեւոր դերակատարություն է ստանձնել այստեղ երիտասարդ քուրդ-զազա քաղաքական գործիչ Սելահադին Դեմիրթաշի Խաղաղության ու ժողովրդավարության կուսակցությունը, որն ընտրեց քաղաքական խաղաղ պայքարի ուղի եւ պատգամավորներ է անցկացրել թրքական խորհրդարան: Այս կուսակցության աննախադեպ հաջողությունը բացատրվում է դրանում որ միայն քուրդ, այլ նաեւ հայ, զազա, ալեւի ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ եւ աջակցությամբ: Այստեղ մեզ համար էական է սթափ եւ իրատեսական հաշվարկ կատարել Արեւմտյան Հայաստանի տարածքում մնացած հայերի ներուժի վերաբերյալ: Որեւե կասկած չկա, որ նման աշխատանք եւ համագործակցություն Հայաստանի կողմից ոչ միայն հնարավոր է, այլ վաղուց արդեն խիստ անհրաժեշտ: Սակայն դա կարող է իրականացվել միայն ինքնուրույն, անկախ պետականություն եւ ազգային քաղաքականություն ունենալու դեպքում: Ներկայիս խամաճիկային կարգավիճակում եւ ռուսական համատարած ազդեցության պայմաններում նման նախաձեռնությունը արկածախնդիր եւ աղետալի կլինի հայերի համար, ինչի ապացույցն է հենց Աբդուլլահ Օջալանի ճակատագիրը:

Քրդերի երկարամյա անձնուրած հակամարտությունը Թուրքիայի հետ, որը մեր աչքի առաջ մոտենում է իր տրամաբանական գագաթնակետին, ոչ միայն ապացուցում է ազատության ու անկախության համար պայքարի արդարությունը, այլ նաեւ հիշեցնում է պատմական հատուցման անխուսափելիության մասին: Թրքերը օգտագործում էին քրդերին հայերի դեմ եւ պատժվեցին պատմության կողմից հենց քրդերի միջոցով: Նրանց պետությունը պահպանելու գործիքը վերածվեց նույն պետությունը քայքայելու գործիքի: Հայ-քրդական հարաբերությունները հայ-թրքական դառը պատմությանը նմանացնողներ որոշ հայերը կամ նեղմիտ ու սահմանափակ մոլորյալներ էն, կամ էլ օտար կամքի ու շահի խոսնակներ: Այս պատմական փուլում հայերի եւ քրդերի շահերը որոշ մասով համընկնում են եւ մեզնից հսկայական աշխատանք ու իմաստություն է պահանջվելու նոր հակասություններից խուսափելու համար: Թուրք-քրդական ներկայիս առճակատումը հնարավորություն է ստեղծում մեզ համար որոշ տարածքային հարցեր քննարկելու, մասնավորապես Արարատ լեռան, Անի քաղաքի, Կարսի ու Բայազեթի, ընդհուպ մինչեւ Արթվինի ու Արդաղանի շրջաններով դեպի Սեւ ծով ելք ունենալու մասին: Այլ հարց է, թե ում հետ ենք մենք դա քննարկելու՝ թուրքերի կամ քրդերի: Որոշ առումով, դա կախված է մեզնից:

Այսպիսով, հայ-քրդական հարաբերությունները գտնվում են այժմ ապագա մերձեցման շեմին եւ ապագան այդ ավելի մոտ է, քան թվում է շատերին:

ԻՐԱՆ

Իմ խորին համոզմամբ, ապագա անկախ հայոց պետության ազատ ընտրված առաջնորդն իր առաջին պաշտոնական արտասահմանյան այցը պետք է կատարի դեպի Իրան: Կարելի է պնդել, որ աշխարհում չկա այլ երկու ազգ ու պետություն, որոնք ունեն այդքան հին, կայուն եւ ամուր հարաբերություններ, ինչպես Հայաստանը եւ Իրանը: Եթե Իրանը արդարացիորեն հպարտանում է երեք հազարամյակ շարունակ չըդհատված իր պետականությամբ, ապա Հայաստանը ողջ այդ շրջանում գտնվում էր այդ տերության հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային, կրոնական եւ մարդկային ամենասերտ թեեւ երբեմն բարդ հարաբերություններում: Մեր Արտաշեսյան եւ Արշակունի արքայական տոհմերը ունեին ընդհանուր հայ-պարթեւական ծագում: Տիգրան Մեծ արքան, գրավելով հսկայական Պարթեւական կայսրությունն ընդհուպ մինչեւ Հնդկական օվկիանոս, ներկայացրել էր դա ոչ թե իբրեւ զավթում, այլ որպես նույն թագավորական ընտանիքի ներքին իշխանափոխություն: 5-րդ դարի կրոնական հակամարտությունը պարսիկների ընկալմամբ դիտվում էր որպես հարազատ եւ ընդհանուր արեւային պաշտամունքի ուրացում հայերի կողմից:  Հայոց պատմության մռայլ էջ համարվող Շահ Աբասի հրամանով Արեւելյան Հայաստանի ազգաբնակչության զանգվածային տեղահանումը դեպի Պարսկաստան 17-րդ դարի սկզբին կազմակերպվում էր պարսիկ իշխանության կողմից ոչ թե իբրեւ հակահայկական պատժիչ գործողություն, այլ որպես հայոց ստեղծագործ ոգու շնորհիվ սեփական երկրի տնտեսական ու մշակութային զարգացման ծայրահեղ միջոց: Իրանի հայկական համայնքը բոլոր փոփոխվող համակարգերի պայմաններում եւ առ այսօր մնում է երկրի ամենահարգված եւ արտոնյալ ազգային փոքրամասնություն: Այս ամենը հանդիսանում է կարեւոր եւ անգնահատելի հիմք մեր պետությունների ապագա համագործակցության համար: Իրանը ամենայն հավանականությամբ լինելու է առաջիկա տասնամյակի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը աշխարհում: Պատճառը ոչ միայն Իրանի հսկայական նավթային եւ գազային պաշարներն են, որոնք այժմ ազատվում են պատժամիջոցներից ու սահամանափակումներից եւ շուտով ուղղվելու են դեպի Արեւմուտք, այլ նախեւառաջ այդ ութսունմիլիոնանոց երկրի բնակչության երկու երրորդը կազմող երիտասարդությունը, որը անխուսափելիորեն տանելու է Իրանը կտրուկ արդիականացման եւ բարեփոխումների ճանապարհով:

Հայաստանի դերը սկսվող այս հսկայական գործընթացում կարող է լինել բավական մեծ ու շահավետ, նկատի առնելով աշխարհի հայության փորձառությունն ու հմտությունը գիտատեխնիկական, ֆինանսաբանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում, որոնք պահանջելու են մասնագիտական աջակցություն եւ ստանալու են մեծ պահանջարկ Իրանում: Հայաստանի հնարավորությունն այս առումով կարելի է համեմատել 1970-ական թվականների Ֆինլանդիայի կարգավիճակի հետ որպես տնտեսական եւ տեխնոլոգիական կամուրջ Արեւմուտքի եւ ԽՍՀՄ միջեւ: Հենց այդ շրջանի հմուտ քաղաքականությունը հիմք է հանդիսացել այսօրվա ֆինլանդական ՛՛տնտեսական հրաշքի՛՛:

Հայերը պետք է հավերժ երախտապարտ լինեն Գարեգին Նժդեհին, որի խիզախությունն ու իմաստությունը պահպանեցին Հայաստանի համար Սյունիքի փոքր բայց կենսական սահմանը Իրանի հետ, որն էլ ավելի ընդլայնվեց Արցախյան հերոսամարտի տարիներին:

Իրանը ամենայն հավանականությամբ լինելու է Հայաստանի կարեւորագույն տնտեսական ու ռազմավարական գործընկերներից մեկը մոտ ապագայում:

ՎՐԱՍՏԱՆ

Հյուսիսային մեր անմիջական հարեւանի հետ դաշնակցային հարաբերությունները չունեն այլընտրանք եւ սա ակնհայտ դարձավ հատկապես անցած տասնամյակում, երբ մեր երկրները գտնվում էին տարբեր եւ անգամ հակադիր քաղաքական ճամբարներում՝ Հայաստանը կամա թե ակամա ենթարկվեց ռուսական մենաշնորհին, իսկ Վրաստանը, ձգտելով ազատվել նման կախվածությունից, հայտնվեց թուրք-ադրբեջանական կաշկանդող ազդեցության տակ: Պատահական չէ, որ այժմ մեր երկու պետությունները փորձում են շտկել իրավիճակը, շոշափելով համատեղ եւ փոխշահավետ գործողությունների հնարավորությունները: Հետաքրքիր է նաեւ, որ եթե անցյալում Վրաստանի մերձեցումը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ միտված էր Ռուսաստանի կայսերական նկռտումներին հակակշիռ գտնելու նպատակին, ապա այժմ նույն Թուրքիան ու Ադրբեջանը հայտնվել են արեւմտյան խիստ քննադատության տակ իրենց բռնապետական նկռտումների համար: Հետեւաբար Վրաստանի արեւմտամետ կողմնորոշումը բերեց նրան կտրուկ շրջադարձ կատարող Իրանի եւ զգուշորեն խուսանավող Հայաստանի հետ նշմարվող դաշինքի մեջ: Իր հերթին, Իրանի համար խիստ կարեւոր է Հայաստանի եւ Վրաստանի մերձեցումը, քանի որ ամենայն հավանականությամբ իր էներգետիկ ու տրանսպորտային մայրուղիների ելքը դեպի Եւրոպա Թեհրանը գերադասելու է անցկացնել հենց այս ուղղությամբ, այլ ոչ թե Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի տարածքով, նկատի առնելով վերջինների պատմական ու ներկա մրցակցությունն ու քաղաքական հակասությունները Իրանի հետ:

Սակայն Իրան-Հայաստան-Վրաստան խոստումնալից դաշինքը լիակատար չէ առանց եւս մեկ կարեւոր մասնակցի, եւ դա Ուկրաինան է: Հենց այն պետության սեւծովյան նավահանգիստներն ու տարածքը կարող են ու պետք է հանդիսանան նկարագրվող քաղաքատնտեսական համակարգի արեւմտյան առանցքը: Այսպիսով, Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունները դուրս են գալիս երկկողմանի եւ անգամ տարածաշրջանային մակարդակից, հանդիսանալով նոր միջազգային համակարգի կարեւոր բաղկացուցիչ մաս: Շատ հավանական է թվում, որ Հայաստան-Վրաստան քաղաքատնտեսական դաշինքի առանցքը հանդիսանալու է հայաբնակ Ջավախքը, որի բնակիչները առաջիններից պետք է զգան Վրաստանի եւրոպական կողմնորաշման առավելությունները եւ մեր երկու պետությունների մերձեցման ընթացքում լուծում գտնեն շրջանի սոցիալական եւ մշակութային հիմնախնդիրների համար:

Հայաստանի առջեւ խոյացող մարտահրավերները համարժեք են բացվող հսկայական հնարավորություններին: Վերջինները կարող են իրականանալ միայն առաջիններից ամենամեծի հաղթահարման դեպքում, այն է՝ ազատագրում գաղութացումից եւ միացում եւրոպական ազատ ազգերի ընտանիքին:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply