ՄՈՍԿՎԱ-ԲԱՔՈՒ՝ ՛՛ՍԻԿՏԻՐԻՑ՛՛ ՄԻՆՉԵՎ ՛՛ ՀՈՇԳԵԼԴԻՆԻԶ՛՛

0

Ինչպես վկայում է պատմությունը՝ Հայաստանի համար ծանրագույն քաղաքական իրավիճակ է ստեղծվում է ռուս-թուրքական յուրաքանչյուր մերձեցման ժամանակ:

Այդպես էր 1890 թթ. կոտորածների ընթացքում, երբ Պետերբուրգը առաջնորդվում էր կայսերական համերաշխության սկզբունքով ընդդեմ «հեղափոխական վարակի» եւ սահմանապահ կազակները թրքերին էին վերադարձնում յաթաղանից մահապուրծ եղած ու Արեւմտյան Հայաստանից Արեւելյան անցնող հայ փախստականներին: Այդպես էր ֆիդայական շարժման ընթացքում, երբ երբ ձերբակալում-աքսորում կամ թիկունքից հարվածում էին Էրգիր անցնող մարտիկներին ու թրքերի հետ միասին արյան խրախճանք ու շքերթ անում նրանց դիակների վրա: Այդպես էր 1915-16 թթ. եղեռնական տարիներին, երբ նույն Պետերբուրգում «անարդար» համարեցին կոտորածներից հետո նոսրացած հայ բնակչությանը հանձնել մահմեդականներով լցված Թուրքիայի հայկական շրջանները եւ ռուսական զորքի «անբացատրելի» նահանջներով մահվան էին մատնում այնտեղ մնացած հայերին: Այդպես էր 1920-21 թթ., երբ Լենինն ու Ստալինը գերադասում էին «հեղափոխական» Էնվերին ու Աթաթուրքին փոխանցել Արեւմտյան Հայաստանը, իսկ Նարիմանովին ու Բաղիրովին՝ Նախիջեւանն, Արցախն ու Զանգեզուրը: Այդպես էր 1953-ի մայիսին, երբ Խրուշչովն ու Մալենկովը, անտեսելով հայ ժողովրդի ակնկալիքներն ու ձգտումները, Թուրքիայի կառավարությանը հայտարարեց, թե «հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պաքանջներից»:  Այդպես էր 1965 թ., երբ Բրեժնեւը, Կոսիգինն ու Գրոմիկոն հայստատեցին Թուրքիայի հանդեպ ԽՍՀՄ որեւէ տարածքային պահանջների բացակայության մասին եւ որպես հատուցում հայերին թույլատրեցին Ծիծեռնակաբերդում հուշահամալիր կառուցել: Այդպես էր 1988-1990 թթ., երբ Գորբաչովը Ադրբեջանում հայ համայնքի ճակատագրի մասին սպառնալիքներով խրախուսեց Սումգայիթի և Բաքվի ջարդերը, երկու դեպքում էլ երեք օրով հետաձգելով զորքերի միջամտությունն ի պաշտպանություն անմեղ զոհերի: Այդպես էր վարվում եւ Ելցինը 1992 թ. հունիսին, փոխանակելով Ադրբեջանի միացումը ԱՊՀ կազմին՝ ռուսական զորքեր ուղարկելով Հյուսիսային Արցախից հայերին վտարելու եւ այն Բաքվին հանձնելու հրամանով: Այդպես պատահեց եւ նույն տարվա սեպտեմբեր-հեկտեմբերին, երբ արդեն հակաելցինյան խռովարարաններ Խասբուլաթովն ու Ռուցկոյը գաղտնի պայմանավորվեցին թուրք վարչապետ Չիլլերի հետ՝ համաձայնվելով անտեսել թրքական ներխուժումը ՀՀ եւ Արցախ, որը վերջին պահին կասեցվեց ԱՄՆ միջամտությամբ:

Կներեք պատմության այս հանրահայտ ու երկար փաստագրությունը կրկնելու համար: Պատճառը` դրա հնարավոր կրկնությունն է մոտ ապագայում, որի ախտանշանները արդեն երեւում են: Վերջին երկու տարում Բաքվի ու Մոսկվայի հարաբերությունները ենթարկվեցին կտրուկ փոփոխությունների, զարգանալով ՌԴ արտգործնախարարի հասցեին «սիկտիր» հայտնի արտահայտությունից մինչեւ «հոշգելդինիզ» թրքական հյուրասիրության բարեմաղթանքի: Պնդերես թիֆլիսեցի հայ Սերգեյ Լավրովը կրկին հաճախում է Բաքու իր կրեմլյան տիրոջ եւ ադրբեջանական բռնապետի միջեւ նոր մտերմությունը ձեակերպելու համար:

Հերթական մերձեցման պատճառներն այս անգամ ավելի շատ անձնական են եւ մարտավարական՝ երկու երկրների միատերերն էլ հայտնվել են միջազգային մեկուսացման եւ տնտեսական անկման պայմաններում: Երկուսն էլ հանդիսանում են արեւմտյան իրավապաշտպանների, լրագրողների եւ առաջնորդների կոշտ քննադատության թիրախ եւ պատասխանում են դրան ընդդիմության հանդեպ սաստկացող բռնությամբ ու հակաարեւմտյան լպիրշ ու լկտի հայհոյանքներով: Երկուսն էլ հսկայական կորուստներ են կրում նավթի գնի շարունակվող անկման պատճառով եւ շտապում են ուժեղացնել անձնական իշխանությունը «հայրենասիրական» ճառամոլությամբ ու ներքին եւ արտաքին թշնամիների որոնումներով: Վերջին հանգամանքը ուղղակիորեն վերաբերում է հայերիս, քանզի զուգորդվում է Մոսկվայից Բաքու տեղափոխվող զանգվածային ոչնչացման արդիական զենքով: Հենց այս թեմաների շուրջն էլ կենտրոնացված են Պուծինի վերջին հանդիպումները Ալիեւի ու Լավրովի բանակցությունները Մամեդյարովի հետ: Բոլորովին պատահական չէ, որ մերձեցման անմիջական առանցքը հանդիսանում է Գաբալայի ռադիոհետախուզական կայանից ժամանակին վտարված ռուսական բազայի վերադարձը Ադրբեջան:  Պարզ է, որ Կրեմլին ոչ թե ռադիոկայան է պետք Գաբալայում, այլ ռազմական ներկայություն, որն էլ վերջնականապես հավասարեցնելու է ՀՀ եւ Ադրբեջանի խորհրդանշական կշռաքարերը Մոսկվայի խաղում եւ զրկելու է երեւանյան հաճախորդներին միակ մնացած արժեթղթից այս քաղաքական բորսայում, որտեղ նրան արդեն սնանկ են: Հիշեցնենք, որ նախորդ երեք տարիների ընթացքում Մոսկավան արդեն մեծահոգաբար նվիրել էր Բաքվին Դաղստանի տարածքներ եւ Սամուռ գետի կարեւոր մասը, որը սնում է Ադրբեջանի մայրաքաղաքը խմելու ջրով: Այսինքն Կրեմլը արդեն ապացուցել է սեփական տարածքները զիջելու իր պատրաստակամությունը՝ ի՞նչ ասել հայկական տարածների մասին:

Ոչ մի կասկած չկա, որ նշմարվող նոր գործարքի դիմաց Բաքուն պահանջում է Մոսկվայից Արցախի մասնակի կամ ամբողջական գրավումն ու հանձնումը ռուսական զորքի եւ նրա հայ գործակալների միջոցով: Դրա ապացույցն է վերը շարադրված ողջ պատմությունը: Պուծինյան Ռուսաստանն այսօր աննախադեպ թուլացած է: Նրա նախահարձակումը Ուկրաինայում կասեցված է եւ արգելափակված Կիեւի դիմադրությամբ եւ Արեւմուտքի համերաշխ տնտեսական ու նաեւ ռազմական հակահարվածով՝ ահավասիկ Ուկրաինայում այս օրերին անցնող ՆԱՏՕ-ի խոշորագույն վարժությունները: Նույն ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի բացումը Վրաստանում նշանակում է այդ երկրի հանդեպ Արեւմուտքի պաշտպանական երաշխիքը, հետեւաբար Կրեմլի վերջին շրջանի շարժումներն այդ ուղղությամբ նույնպես արգելափակված է: Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլու աննախադեպ գործունեությունը Օդեսայում, որն անկասկած համակարգված ու համաձայնեցված է ԱՄՆ-ի հետ, ի թիվս այլ հետեւանքների, արդեն բերեց Մոլդովայում ռուսական ռազմակայանի եւ շրջակա Մերձդնեստրյան տարածքի մեկուսացմանը եւ կտրուկ թուլացմանը: Մերձբալթյան ուղղությամբ ՆԱՏՕ-ն պարզապես տեղադրել է զորքեր, որպես ռուսական սպառնալիքի դեմ հակամիջոց ու պաշտպանություն: Կենտրոնական Ասիայում ռուսական հնարավոր ոտնձգությունները չեզոքացվում են Ղազախստանի ու Ոզբեկստանի տնտեսական մեծ հաջողություններով եւ այդ տարածաշրջանում Չինաստանի լուռ, բայց ծանրակշիռ ներկայությամբ:

Հետեւաբար, Կրեմլի համար անհրաժեշտ կայսերական ծավալապաշտության միակ ուղղությունը մնում է Հայաստանը… Ավելի ճիշտ, Հայաստանի արեւելյան տարածքները՝ ազատագրված Արցախը, քանզի տեղական իշխանավոր գործակալների շնորհիվ բուն ՀՀ գրեթե ողջ տնտեսական ենթակառույցներն արդեն հանձնված են Մոսկվային: ՀՀ իշխանությունների պետական եւ ազգային դավաճանության արդյունքում հենց Հայաստանն է հանդիսանում այսօր համաշխարհային հակապուծինյան ճակատի ամենաթույլ օղակը: Մեր թուլությունը հատկապես զավեշտալի է այն առումով, որ ամենամեծ վտանգը գալիս է հենց մեր «ռազամավարական դաշնակից» հռչակված ռուս-թյուրքական դաշինքից, մինչդեռ Արեւմուտքի պաշտպանությունից Երեւանը հրաժարվել է սեփական կամքով, կամ ավելի ճիշտ՝ անսկզբունքային ու կամազուրկ դիրքորոշման պատճառով:

Ընդ որում, իշխանությունների խոցելիությունն ու թուլամորթությունը հիմնվում է հասարակության մեծ մասի անմեղսունակության եւ կուսակցությունների բացարձակ ծախվածության վրա: Հայաստանում չհայտնվեց ո՛չ Սահակաշվիլու կամ գոնե Նազարբաեւի, անգամ Լուկաշենկոյի կարգի ազգային առաջնորդ, ոչ էլ ուկրաինական կամ վրացական հասարակության ազգային ընդդիմություն՝ Կրեմլի գաղութացմանը դիմակայելու համար: Արցախում սկսված հակագաղութային ապստամբությունը, որը տապալեց ԽՍՀՄ-ը, քառորդ դար անց վերածվեց նույն ԽՍՀՄ արգելոց հիշեցնող ՀՀ-ԼՂՀ զույգ գաղութների, որտեղ բնակչության հանդուրժողության շնորհիվ պահպանվեցին նույն սովետական ԿԳԲ-կոմկուս-կոմսոմոլի ողորմելի էշ-խանությունը: Անգամ մեր հարեւան ու թշնամի խանությունն ավելի մեծ ինքնուրույնություն եւ ազգային արժանապատվություն է հանդես բերում, ինչի ապացույցն են այս օրերին Կրեմլի ծավալվող բանակցությունները հենց նրա հետ՝ ի հաշիվ մեր շահերի, ինչպես միշտ:

Ադրբեջանի ընթացող մերձեցումը Մոսկվայի հետ, բնականաբար, կրելու է զուտ ժամանակավոր ու մարտավարական բնույթ, ինչպես եւ 1921 կամ 1992 թթ., երբ խաբելով Կրեմլի տերերին, Բաքուն լուծում էր իր տարածքային եւ քաղաքական խնդիրները: Նույնն էլ լինելու է այս անգամ, քանզի Երեանի պաշտոնական քաղքենիները կազմավորվել ու կայացել են հենց Բաքվի եւ Մոսկվայի համապատասխան հաստատություններում եւ հետեւաբար չունեն ազատ ու անկախ ազգային կյանքի պատկերացում ու երազանք: Հայաստանը Մոսկվայի ու Բաքվի պատանդ է, որը տառապում է ոչ թե «ստոքհոլմյան» այլ զուտ հայկական բարդույթով:

Դա ոչ միայն առեւանգող ահաբեկչի հանդեպ պարտադրված հանդուրժողականությունն է, այլ առանց այդ կախվածության ու ստորացման ապրելու անկարողությունը: Պատահական չէ, որ «սիկտիր» արտահայտությունից հետո Բաքվում կրկին ժպտացող եւ ձեռք սեղմող միջուկային Ռուսաստանի արտգործնախարարն ունի հենց հայկական ծագում: Ճապոնացի կամ վրացի լիներ՝ կհրաժարվեր կամ խարակիրի կաներ իրեն: Իսկ այդպես՝ «հոշգելդինիզ, բիզիմդիր, Խանքյանդի՝ սիկտիր Լավրով էֆենդի»…

 

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply