ՈՉ ԹԵ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ, ԱՅԼ ԱՐԵՒԵԼՔ-ԱՐԵՒՄՈՒՏՔ

0

Աշխարհագրությունը՝ պատմության արտահայտումն է, իսկ պատմությունը՝ աշխարհագրության բովանդակությունը: Հայաստանը կարող է դիտվել իբրեւ այս բանաձեւի ապացույցը:

Հնդեւրոպական քաղաքակրթության երբեմնի օրրանը, գերմանական-արմենական ցեղերի հայրենիքը, որը սփռեց իր զավակներին Իռլանդիայից մինչեւ Հնդկաստան. ինչպե՞ս հասավ այս հնագույն երկիրը մերօրյա թշվառությանն ու գավառականությանը…

Հայքի բազմադարյա պատմության ընթացքում ազգի ճակատագիրն մշտապես զարգանում էր ոչ թե հյուսիս-հարավ, այլ արեւելք-արեւմուտք առանցքով: Արտաշես արքան մ.թ.ա 3-րդ դարում քաղաքական ապաստան տրամադրեց կարթագենցի առաջնորդ մեծն Հաննիբալին, մարտահրավեր նետելով հզոր Հռոմին: Նրա թոռ Տիգրան Մեծը դաշնակցեց Միհրդատ Պոնտացու հետ, միաժամանակ հակադրվելով ե՛ւ հռոմեացիներին, ե՛ւ պարթեւներին: Տիգրանի եւ Միհրդատի պատմական առաքելությունը կայանում է Ալեքսանդր Մակեդոնացու երազանքի իրականացման մեջ՝ Արեւմուտքի եւ Արեւելքի միավորում, սկսած կրոնական միաձուլումից, որի հիշատակը պահպանվեց Նեմրութ լեռան գագաթին կառուցված աստվածների միավորված պանթեոնի տեսքով, մինչեւ համաշխարհային ազատ առեւտրի հեղափոխական գաղափարը, որը կապեց Սեւ ծովը Պարսից ծոցի հետ, նախանշելով ապագա Մետաքսե Ճանապարհը:

Միջնադարյան Հայաստանի պատմության երեք մեծագույն բարձունքները նույնպես կապված են Արեւելքն Արեւմուտքին կամրջելու առաքելության հետ:

Առաջինը՝ փայլուն Կիլիկյան թագավորությունն էր, որը մի կողմից բազմաթիվ ընտանեկան եւ պետական կապերով միաձուլված էր Եւրոպայի արքայական ու ասպետական վերնախավի հետ եվ միաժամանակ Հեթում արքայի օրոք իրականացրեց աննախադեպ քաղաքական արշավանք դեպի Կարակորում, եղբայրության պայմանագիր կնքելով աշխարհի սարսափը հանդիսացող մոնղոլական խանության հետ:

Երկրորդ նման սխրանքը կատարեց Մխիթար Սեբաստացին, ով Վենետիկում հիմնեց եւ պահպանեց հայոց մշակույթը Հայրենիքի վրա իջած խավարի ամենամռայլ տարիներին:

Երրորդ եւ գրեթե անհայտ մնացած հերոսական դրվագը մեր միջնադարյան պատմության մեջ գրանցեցին ջուղայեցի հայերը, ովքեր ստեղծեցին մի ամբողջ առեւտրային կայսրություն, հարյուրից ավելի նավ ունեցող նավատորմով, որը 17-18 դդ. կապում էր Հնդկաստանն ու Չինաստանը Եւրոպայի հետ, մրցելով ու դիմադրելով հզոր Անգլիային:

Դրա շարունակությունն էր Օսմանյան կայսրության տնտեսական, մշակութային, առեւտրական զարգացումը, որը դարերով գտնվում էր հայության գերակայության ներքո:

Անշուշտ, հենց այս ամբողջ պատմությունը հիմք հանդիսացավ Ազգերի Լիգայի համար` Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Հայաստանը որպես ընդարձակ ազգային պետություն վերստեղծելու նախագծի իրականացումը առաջադրել ԱՄՆ նախագահ Վիլսոնին: Այդ ծրագրի աշխարհաքաղաքական առանցքը նույնպես Հայաստանի միջոցով Արեւմուտք-Արեւելք կապի ապահովումն էր:
1920 թվականի ձմռան շեմին, նոյեմբերի վերջին Հայաստանի վրա իջավ հյուսիսային սառցակալումը՝ մեր երկիրը մտավ ռուսական սովետականացման շրջան: Պատմության բանուկ խաչմերուկը վերածվեց աշխարհագրական փակուղու, որի հարավային սահմաննն ավարտվում էր փշալարով, իսկ հյուսիսայինը կորչում էր Սառցե օվկիանոսի ամայության մեջ: Այդ քաղաքական ձմեռը տեւեց մինչեւ 1988 թ. փետրվար, երբ ընդհատվեց հայկական ապստամբությամբ եւ պսակվեց կարճատեւ անկախությամբ, որը կրկին բեկանվեց 1999 հոկտեմբերի 27-ին եւ ապա մարտի 1-ին, մնալով այդպես էլ գարուն չդարձած հայկական ձմեռ:

Մեր պատմական վերելքն ու ապագա վերածնունդը ոչ թե Հյուսիս-Հարավ երբեք չավարտվող ու շարունակ թալանվող ճանապարհային նախագծի մեջ է, այլ միայն Արեւելք-Արեւմուտք քաղաքական, աշխարհագրական, տնտեսական ու մշակութային առանցքի ու ճանապարհի վրա: Վերջերս Սերժ Սարգսյանին հենց դա ակնարկեց մեր հին ու հզոր հարեւան Իրանի նախագահ Ռուհանին, հիշեցնելով, որ իր երկրին այդքան անհրաժեշտ Պարսից ծոցից մինչեւ Սեւ ծով ճանապարհն անցնում է Հայաստանով: Եւ դա բոլորովին էլ դեպի հյուսիս, այսինքն դեպի Ռուսաստան տանող ճանապարհը չէ, այլապես Իրանը կօգտվեր Կասպից ծովով: Դա հենց հնագույն Մետաքսե ճանապարհի ուղղությունն է՝ ոչ թե Հյուսիս-Հարավ, այլ Արեւելք-Արեւմուտք:

Հայաստանի համար միակ ճիշտ ճանապարհը: Ճշգրիտ ճանապարհային քարտեզը: Օրվա կարգախոսը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply