ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՐՆԱՀՈՍ ԱՐԳԱՆԴԸ

0

Մարդկային քաղաքակրթությունը շուրջ տասը հազար տարի առաջ սկսվել էր այն տարածաշրջանում, որը հնուց ի վեր կոչվում է Միջագետք ու սփռվում է Հայոց լեռնաշխարհից մինչեւ Պարսից ծոց: Այստեղ էին մարդիկ առաջին անգամ ցանել ցորեն եւ ընտելացրել կենդանիներին, այստեղ էին անվանել աստղերը եւ ստեղծել առաջին տաճարներն ու արքայությունները: Սա է մարդկության արգանդը: Առ այսօր պատմության գլխավոր իրադարձությունները շարունակում են զարգանալ այս նույն կենտրոնի շուրջը: Անգամ երբ քաղաքակրթությունը տեղափոխվում էր Եւրոպա եւ անցնում-կտրում էր օվկիանոսները, կարծես ինչ-որ անհայտ ու հզոր մագնիս շարունակում էր ձգել մարդկանց այստեղ, ինչպես տունն է ձգում անառակ որդուն կամ տղամարդկանց է ձգում ենթագիտակցության մեջ թաքնված հիշողությունը մայրական արգանդի մասին, որն իրենք փնտրում են ցանկացած կնոջ մեջ: Այստեղ էին դարեր շարունակ ձգտում եւրոպական խաչակիրները, հայտարարելով իրենց արշավանքների նպատակը Երուսաղեմի ազատագրումը: Երկու համաշխարհային պատերազմները, թեեւ սկսվել ու ավարտվել էին Եւրոպայում, ուղղված էին Մերձավոր Արեւելքի նավթի գրավմանը: Հայոց Եղեռնի թաքնված շարժառիթն էր նույն նավթի տեղափոխման համար կառուցվելիք Բեռլին-Բաղդադ երկաթուղու գերմանա-թուրքական նախագիծը… Առասպելական Բաբելոնն ու Նինվեն այսօր էլ հանդիսանում են կատաղի մարտերի թատերաբեմ, Երուսաղեմն ու Դամասկոսը հիմա էլ կրոնական պատերազմների թիրախ են, Բաղդադն ու Անտիոքը հենց հիմա թնդում են պայթյուններից: Հին կտակարանի մռայլ մարգարեությունները իրականանում են մեր աչքի առաջ եւ տարածաշրջանը շարունակում է հանդիսանալ մարդկային պատմության ձուլամայր, մատրիցա:

Այս ծավալուն զեղումն օգտակար է իրադարձությունների իրական պատկերն ու մասշտաբը հասկանալու համար: Այս օրերին սա առավել եւս արդիական է ու անհրաժեշտ, քան երբեւէ Հայոց Ցեղասպանությունից ի վեր: Մեր պատմական թշնամի Թուրքիան մտել է իր գոյության համար վտանգավոր շրջան, ներքաշվելով նույն այդ ծուղակը, որի մեջ արդեն ընկել էին հարեւան Իրաքն ու Սիրիան: Իսլամական ծայրահեղականների դեմ պատերազմի պատրվակով Թուրքիան ուղիղ հարձակումներ է սկսել քրդերի վրա, ինչն անխուսափելիորեն տանում է քաղաքացիական պատերազմի: Այս առիթով «քրդերին դավաճանելու» մասին Արեւմուտքի հասցեին հնչող մեղադրանքները կրում են մակերեսային բնույթ եւ ունեն հիմնականում ռուսական ծագում: Քրդերին տասնամյակներով հուսադրելու, չարաշահելու եւ խաբելու սովորությունն ունի հենց Մոսկվան. դրա ապացույցն է Աբդուլլա Օջալանի ճակատագիրը, իսկ ահա Արեւմուտքի անմիջական աջակցությամբ Մասուդ Բարզանին ու Ջալալ Թալաբանին արդեն իսկ կազմակերպել են քրդական ինքնավարություն Իրաքի հյուսիսում, հիմնադրում են այն Սիրիայում, եւ ոչ մի հիմք չկա կասկածելու, որ Թուրքիայի ներկայիս հարավ-արեւելքը լինելու է ստեղծվելիք Քրդստանի առանցքային մասը: Դրա երաշխիքն է ոչ միայն Արեւմուտքի նշմարվող որոշումը փոխել իր հին ու «երես առած» արաբ ու թուրք «հաճախորդներին» նորերով, հանձինս քրդերի ու Իրանի:

Այս առումով հատկապես էական է հենց Իրանի նոր քաղաքականությունը, որի արտահայտությունն է պատժամիջոցների վերացումից անմիջապես հետո նախագահ Հասան Ռուհանիի` ցուցադրաբար կատարած առաջին այցը քրդական ինքնավար իշխանություններին: Դժվար է պատկերացնել ավելի պարզ եւ անկեղծ ուղերձ Թեհրանի ներկայիս քաղաքական նպատակների եւ առաջնորդությունների մասին: ԱՄՆ-ի, Իրանի եւ քրդերի պարադոքսալ թվացող, սակայն խորքային իմաստով տրամաբանական դաշինքը թույլ է տալիս եզրակացնել տարածաշրջանի անխուսափելի վերաձեւման եւ նոր սահմանների մասին: Այդ սահմանները բնորոշվելու են շիա-սուննիթական երկու մեծ զանգվածներով, որոնցից առաջինը ստանձնելու է իրանա-արեւմտյան մերձեցման տարածքի կարգավիճակ եւ անվտանգության երաշխիքներ, դրան գումարած քրդական ազգային միավորը, որը ձգվելու է գրեթե Պարսից ծոցից մինչեւ Սեւ ծով: Սուննիներին խաղաղեցնելու եւ փոխզիջման բերելու նպատակով նրանց կարող են տրվել երկու փոխհատուցում՝ ալեվիների ու քրիստոնյաների տարածքի կտրուկ նվազումը Սիրիայում, Միջերկրականի ափին պահպանված չնչին տարածքով, մեկ էլ, որքան էլ դա անհեթեթ թվա ոմանց այսօր՝ հսկայական ծավալում Ռուսաստանի ներկայիս սահմանների ներսում՝ Հյուսիսային Կովկասից մինչեւ թաթարական եւ բաշքիրական ինքնավարությունները ներառյալ: Համենայն դեպս, Մոսկվայի առկա վարչախմբի պահպանման դեպքում նման զարգացումը բոլորովին էլ անմեղսունակ վարկած չի:

Անորոշ ու հարցական է թվում Ադրբեջանի ճակատագիրը, որն Ալիեւի բռնապետական դիրքի պատճառով արդեն զրկվում է Արեւմտյան հովանավորությունից, իսկ շուտով զրկվելու է նաեւ սեփական հիմնախնդիրներով ծանրացած Թուրքիայի եւ Ռուսաստանի աջակցությունից: Բաքվի ամենասարսափելի մղձավանջը կարող է իրականանալ Իրանի դերակատարության հսկայական աճի պարագայում, որի հետեւանքներն են լինելու թալիշների, իսկ ապա նաեւ թաթերի, լեզգինների ու ավարների ապստամբությունները Ադրբեջանում: Ահա երբ սեփական քրդական ծագման մասին է հիշելու ադրբեջանցիների մի ստվար զանգված, հատկապես Նախիջեւանում:

Իսկ Հայաստա՞նը: Հանդգնում եմ պնդել, որ Հայաստանի ապագան այժմ հանդիսանում է ոչ թե քաղաքական այլ զուտ կենսաբանական խնդիր: Տասնամյակների բացասական եւ անբնական ընտրությունը արտագաղթի հետ մեկ տեղ բերեցին ՀՀ-ում իշխանության գլուխ ազգի ամենաստոր, անպիտան, մակաբույծ հատվածը, որի միակ հնարավոր դրական զարգացումը կարող է լինել դրա բնական (կամ անբնական) մահը: Սա առավել եւս ճշմարիտ է, նկատի ունենալով նրանց կրեմլյան հովանավորների անխուսափելի եւ մոտալուտ վախճանի հեռանկարը, որի մասին լայն համաձայնություն կա ողջ քաղաքակիրթ աշխարհում: Գինը, որը վճարելու է հայ ժողովուրդն այս տականքներին հանդուրժելու համար, լինելու է քաղաքական ոչնչությունը եւ որեւէ լուրջ տարածաշրջանային զարգացման կամ նախագծի մեջ մեր բացարձակ բացակայությունը: Սա վերաբերվում է ե՛վ Արեւմտյան, ե՛ւ Արեւելյան Հայաստանին:

Ինչ արած, մնում է սփոփվել այն մտքից, որ քաղաքական ոչնչությունը գերադասելի է քաղաքական ոչնչացումից: Վերջինից մեզ կպահպանեն մեր նախնիները, իրենց ստեղծված մշակությով եւ նահատակությամբ, որը մենք ուրացանք եւ դավաճանեցինք սեփական ապիկարության պատճառով:

Առաջին անգամ հայոց պատմության մեջ մեր փրկությունը գալու է ոչ թե կյանքից, այլ մահից: Թիթեռը չի ծնվի, մինչեւ չսատկի նրան պարունակող թրթուրը:

 

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply