ՊՈՒԾԻՆԸ ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆԱԿ

0

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ուլյուկաեւի դատավճիռը՝ ութ տարի բանտարկություն եւ 130 միլիոն ռուբլի տուգանք, նոր փուլ է արձանագրում Կրեմլի իշխանական համակարգում: Անկասկած, ներքին սպառման համար շրջանառության մեջ է դրվելու այն վարկածը, որ բարի եւ ազնիվ ՛՛արքան՛՛ պատժում է ագահ ու լկտի ՛՛բոյարներին՛ ՛՝ սա ամենասիրված ու տարածված ռուսական հեքիաթն է: Մյուս կողմից, բազմաթիվ մեկնաբաններն ու քաղաքագետները սկսելու են գուշակել ռուսական իշխանության վերադասավորություններն ու տեղափոխումները: Ինձ թվում է, որ խնդիրը բոլորովին այլ է, եւ դա Սեչինի կամ մեկ այլ օլիգարխի հաղթանակը մնացածների  հանդեպ չէ: Ենթադրում եմ, որ Պուծինը սրանով փոխում է այն խաղի կանոնները, որոնք 17 տարի առաջ բերել էին ԿԳԲ շարքային փողգնդապետին աշխարհի ամենատարածված երկրի գահին:

Գաղտնիք չէ, որ համեստ չեկիստի տիեզերական թռիչքը  90-ականների կեսերին ռուսաստանյան մի շարք օլիգարխների եւ հատուկ ծառայությունների փողզիջումային համաձայնության արդյունք էր: Բերեզովսկին, Աբրամովիչը, Չուբայսը եւ մի քանի այլ մաֆիոզներ առաջարկություն էին արել միջին սերնդի չեկիստների մի խմբին փախանակել սեփական անվտանգության եւ ունեցվածքի երաշխիքները վերջիններին պետական իշխանություն հանձնելով, բայց ենթադրելով, որ կարողանալու են վերահսկել այդ վարձկաններին: Նման մտածելակերպի միամտությունն առաջինը գիտակցեց այդ օրերի գլխավոր օլիգարխ Բերեզովսկին, ով սեփական պատրանքների պատճառով սկզբից ունեզրկեց, հետո աքսորվեց իսկ վերջում մահացավ կասկածելի հանգամանքներում: Մնացածներն անմիջապես սերտեցին դասը եւ անցան չեկիստական սրի տակով, պահպանելով կամ հարստությունը, ինչպես Աբրամովիչը, կամ պաշտոնը, ինչպես Չուբայսը: Արդար լինելու համար պետք է հավելել, որ Պուծինը զարմանալիորեն երկար ժամանակ, մեկ ու կես տասնամյակ պահպանում էր այդ ՛՛գողական՛՛ համաձայնության պայմանները, թույլ տալով իր մերձավոր եւ հավատարիմ ծառաներին հարստանալ երկրի աննախադեպ եւ աստղաբաշխական թալանի շնորհիվ: Այդ մասին հսկայական փաստաթղթային նյութեր են հավագված, սկսած Մարինա Սելյեից մինչեւ Ալեքսեյ Նավալնի, այդպես որ չհոգնեցնենք ընթերցողին կրկնություններով: Էական է այն, որ 2017 թ. վերջին Վլաձիմիր Պուծինը կատարեց իր վերջին քայլը բացարձակ իշխանության փայլուն եւ դատարկ գագաթին՝ նա հրաժարվեց այս բոլոր տարիների իր հիմնական սկզբունքից. հենվել ընտելացված օլիգարխների վրա, շահագործելով նրանց հակասությունները եւ պարբերաբար փոխարինելով ոմանց առավել հավատարիմ ստրուկներով: Ուլյուկաեւը ոչ միայն ամենաբարձ գործող պաշտոնյան է, ում բանտարկել են Պուծինի համաձայնությամբ, նա նաեւ ահազանգ է ուրիշներին՝ այլեւս ոչ ոք երաշխավորված չէ ոչնչից: Ապահով չէ անգամ հզոր Սեչինը՝ նախորդ օրը Պուծինը անձամբ ակնարկեց այդ մասին, պատասխանելով վերջերս մահափորձի ենթարկված լրագրողուհի Տատյանա Ֆելգենգաուէրի հարցին, թե ինչու է Իգոր Սեչինը արհամարհում դատարանի պահանջը ներկայանալ եւ ցուցմունքներ տալ Ուլյուկաեւի գործով: Պուծինն ասաց՝ ՛՛Սեչինը պետք է որ գար դատարան՛՛: Սա զավեշտական բայց նաեւ առանցքային ակնարկ էր: Պուծինը մի քանի օր առաջ որոշեց իր չորրորդ նախագահական ՛՛ընտրություններին՛՛ ներկայանալ ինքնառաջարկով, առանց որեւե կուսակցության կամ շարժման գոնե ձեւական աջակցության: Դա մոտավորապես այն է, ինչ արել էր Բոնապարտը 1804 թվին, խլելով արքայական թագը Հռոմի պապի ձեռքից եւ սեփական ձեռքերով դնելով այն իր գլխին: Պուծինը այսպիսով հայտարարում է, որ նա մենակ է, միայնակ եւ ոչ ոքի այլեւս հաշվետու չէ՝ ոչ օլիգարխներին, ոչ հատուկ ծառայություններին, ոչ էլ, բնականաբար, ստրկացած ու զոմբիացած ժողովրդին:

Դա ոչ թե նրա ուժի եւ խիզախության, այլ նրա թուլության եւ վախի արդյունք է: Շատերն են վերջերս հիշում Քիփլինգի հեքիաթի հայտնի խոսքերը վրիպած Ակելայի մասին: Այո, Պուծինը վրիպել եւ թուլացել է, թուլացնելով Ռուսաստանը տնտեսապես, քաղաքականապես, բարոյապես: Նա հասկանում է նաեւ, որ մեծագույն վտանգը նրա համար առաջանում է ոհմակի մյուս գայլերից: Ահա ինչու, ի տարբերություն ազնիվ Ակելայի, նա երբեք չի առաջարկելու ոհմակին փոխարինել նրան: Փոխարենը նա հրաժարվում է ոհմակից: Պուծինն այսօր առավել միայնակ է քան երբեւե: Եւ առավել խոցելի:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply