ՌՈՒՍՆԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԸ

0

Խորհուրդներ տալն ընդհանրապես անշնորհակալ գործ է, իսկ երբ փոքր երկրից խորհուրդներ կամ բարոյախրատական ճառեր են հնչում մեծ տերությունների ուղղությամբ՝ դա պարզապես ծիծաղելի է: Կանոնն այս հաստատող բացառություններից է հայերի կարծիքը ռուս-թրքական հարաբերությունների մասին, այն էլ մի պարզ պատճառով՝ դրանց գրեթե ցանկացած կարգավիճակը մեծ եւ հիմնականում բացասական ազդեցություն ունի հայերի վրա: Երբ Ռուսաստանն ու Թուրքիան պատերազմում են՝ դա սովորաբար տեղի է ունենում հայկական տարածքում, երբ խաղաղություն է տիրում՝ դա հաստատվում է հիմնականում հայոց շահերի եւ կորուստների հաշվին: Սակայն այս հարաբերություններում կա եւս մի օրինաչափություն, որն էլ հոդվածիս առարկան է:

Վերջին հարյուրամյակի ընթացքում Ռուսաստանը նախանձելի հետեւողականությամբ ընկնում էր Թուրքիայի կողմից լարված բոլոր թակարդներն եւ առաջին իսկ հնարավորության դեպքում անշեղորեն կրկնում էր նույն սխալները, ավելացնելով իր եւ հատկապես մեր վնասներն ու կորուստները: Ինչո՞ւ է Ռուսաստանը մշտապես խաբվում թուրքերի կողմից:

XIX դարի վերջում Սանկտ Պետերբուրգը մեծ կասկածանքով եւ դժգոհությամբ էր հետեւում Արեւմտյան Հայաստանում ծավալվող հայերի ազգային-ազատագրական պայքարին, դիտելով այն «հեղափոխական վարակի» տարածման, ինչպես նաեւ «Ռոմանովների եւ Բարձր Դռան միապետական համերաշխության» տեսանկյունից: Հետապնդումներից փրկվելու հույսով սահմանն անցնող արեւմտահայերին հաճախ բռնում եւ հետ էին վերադարձնում թուրքերին: 1914 թվականի սեպտեմբերին, Առաջին Աշխարհամարտի հենց սկզբին Ռուսիո արքա Նիկոլայ II-ը հրովարտակով դիմեց մեր ազգին. «Հայե՜ր, Մեր կանչով Մեծն Ռուսիո ժողովուրդները վսեմ պոռթկումով ոտքի են ելել՝ արեւուտքից մինչ արեւելք: Հայեր, 5-դարյա բռնապետական լծից հետո, որի տակ տանջվում էին ձեր հայրենակիցները, եւ հիմա, երբ էլ ավելի դաժան կտտանքների են ենթարկվում նրանք՝ վերջապես ազատության ժամը եկել է ձեր համար: Ձեր դարավոր հավատարմությունը՝ մեզ համար այն գրավականն է, որ այս հանդիսավոր օրերին դուք համոզված ու պատրաստ եք անսասան հավատով իրականացնել ձեր բոլոր պարտականությունները՝ մեր զորքերի վերջնական հաջողության հասնելու գործում: Հայե՜ր: Ցարի իշխանության ներքո միավորվելով ձեր արյունակից եղբայրների (արեւմտահայերի) հետ, վերջապես, դուք կճաշակեք ազատության եւ արդարադատության քաղցրությունը»:

Այս ոգեւորիչ հորդորը իրականության մեջ հանդիսացավ ոչ այլ ինչ, քան մեծագույն պետական սադրանք, քանի որ արդեն 1916 թվականի հուլիսին, այսինքն հայոց Եղեռնի ընթացքում, նույն Սանկտ Պետերբուրգում Ռուսական կայսրության արտգործնախարար Սազոնովը ասում էր բոլորովին այլ բաներ. «Ինչ վերաբերում է հայերին լայն ինքնավարություն տալուն, ապա պետք չէ մոռանալ, որ մեր զորքերի կողմից թուրքերից գրավված հողերում հայերը երբեք մեծամասնություն չեն կազմել: Իսկ թուրքերի պատժիչ գործողություներից հետո՝ թվական հարաբերությունն էլ ավելի է փոխվել ի վնաս հայերի, որոնք ներկայումս հազիվ թե կազմեն այդ տարածքի (Արեւմտյան Հայաստանի) բնակչության 25 %-ը: Այս պայմաններում հայերին ինքնավարություն տալը իրապես անարդար հետեւանք կունենա, եւ չի կարելի որեւէ կերպ թույլ տալ, որ նրանք (հայերը) ստրկացնեն մեծամասնություն կազմող մահմեդականներին»:

Ողջ պատերազմի ընթացքում ռուսական բանակը որեւէ տեղ չէր արձանագրել այնպիսի տպավորիչ հաղթանակներ եւ առաջընթաց, ինչպես Արեւմտյան Հայաստանի տարածքով անցնող Կովկասյան ռազմաճակատում: Դրա հիմնական պատճառներից էր տեղի բնակչության բացարձակ աջակցությունը ընդհուպ մինչեւ ռուսական բանակի կազմում հայ կամավորական ջոկատների խիզախ մասնակցությունը, այն դեպքում, երբ Արեւելյան Հայաստանից զորակոչված 150,000 հայ զինվորներին ռուս հրամանատարությունը նենգորեն հեռացրել էր դեպի Արեւմտյան ռազմաճակատ` Գերմանիայի ու Ավստրո-Հունգարիային դեմ: Ըստ որոշ հեղինակների, այդ թվում` Չերչիլի գնահատմամբ, ցարական կառավարության նպատակն էր խուսափել հայերի հնարավոր անհնազանդությունից ռուսական բանակի ծրագրված «մարտավարական նահանջների» դեպքերում, երբ ազատագրված Վանից կամ Մուշից անհասկանալի պատճառաբանությամբ զորքը հանկարծ հետ էր քաշվում` զոհաբերելով անպաշտպան հայ բնակչությունը զայրացած թուրքերի վրիժառությանը: Հեռավոր նպատակն էր՝ բնակեցնել դատարկվող Արեւմտյան Հայասանը ռուսներով, ստեղծելով այսպես կոչված «Եփրատյան կազակություն», որի մասին գրում էր Կովկասյան ռազմաճակատի հրամանատար գեներալ Յուդենիչը:

Սակայն, խաբելով հայերին, ռուսներն ի վերջո խաբեցին ինքներն իրենց՝ արդյունքում ազատագրված տարածքները ամայացան, հայերը կոտորվեցին, ռուսները նահանջեցին, թողնելով թուրքերին Կարսն ու Կարինը, Վանն ու Տրապիզոնը: Անցավ ընդամենն հինգ տարի եւ թուրք նոր կառավարությունը նույնպիսի հաջողությամբ խափանեց ռուս հեղափոխական կառավարության ծավալապաշտական ծրագրերը պարզունակ խաբեության շնորհիվ: Սկզբից Մոսկվա ժամանեց հայ ազգի դահիճ, երիտթուրքերի ռազմական նախարար Էնվերը, որին բոլշեւիկները ոչ միայն տրամադրեցին քաղաքական ապաստան, այլ նաեւ պատվիրակ ընտրեցին Բաքվում անցնող Արեւելքի ազգերի համագումարին: Բաքվից նորաթուխ «սոցիալիստն» անցավ Թուրքեստան, իրականացնելու համար երիտթուրքերի «Թուրան Յոլու» ծրագիրը, որտեղ գլխավորեց ռուսների դեմ կռվող բասմաչների շարժումը եւ սպանվեց հայազգի չեկիստներ Մելկումովի եւ Աղաբեկովի կողմից:

Սակայն դա որեւէ դաս չհանդիսացավ Կրեմլի նոր տերերի համար եւ նույն 1920 թվականին Լենինը կիսաքանդ Ռուսաստանի սուղ միջոցներից հատկացրեց ոսկի, զենք եւ զորք` օգնելու համար Թուրքիայի նոր առաջնորդ Մուսթաֆա Քեմալին: Ռուսական աջակցությունն Հունաստանի եւ Հայաստանի դեմ պայքարում այնքան բարձր գնահատվեց Թուրքիայում, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կանգնած Աթաթուրքի արձանի շուրջն այսօր թրքական հանրապետության հիմնադիրների շարքում կարելի է տեսնել ռուս բոլշեւիկներ Վորոշիլովի եւ Ֆրունզեի քանդակները:

Այնուամենայնիվ Թուրքիայի օգտին ռուսական այս ընտրությունն էլ վերածվեց հերթական քաղաքական պարտությանը, քանզի թուրքերը առաջին իսկ առիթից օգտվելով փոխեցին կողմնորոշումը Մոսկվայից դեպի Բեռլին: Սակայն Լենինը հասցրեց 1921 թվականի մարտին Մոսկվայի պայմանագրով հանձնել Աթաթուրքին ողջ Արեւմտյան Հայաստանը, իսկ նույն տարվա ամռանը Ստալինն ավարտեց նրա գործը, Ադրբեջանին նվիրելով Արցախն ու Նախիջեւանը:

Հայաստանի նկատմամբ Խորհրդային Միության սկզբնական շրջանի քաղաքականությունը հայելանման կրկնվեց այդ գերպետության կործանման տարիներին: Վերջին խորհրդային առաջնորդ Գորբաչովը կրկին փորձեց պատժել հայերի ազատատենչությունը հին միջոցներով՝ միտումնավոր ուշացնելով բանակի միջամտությունը երեք օրով 1988 թ. Սումգայիթի եւ 1990 թ. Բաքվի հայկական ջարդերի օրերին, ձգտելով այդպես պահպանել ԽՍՀՄ-ը, փոխարենը մահացու հարված հասցրեց երկրի թվացյալ միասնությանը:

Նույն անհեթեթ հաշվարկով էին առաջնորդվում Կրեմլի հաջորդ իշխանությունները, սկզբից ռուսական կանոնավոր զորքը մատուցելով Ադրբեջանին 1992 թվականի հունիսին Հյուսիսային Արցախի Շահումյանի եւ Գետաշենի շրջաններից հայերին քշելու համար, իսկ 1994 թվականին կասեցնելով Նախիջեւանի ազատագրումը եւ խոչընդոտելով հայոց զորքին Արցախի սահմաններն ընդլայնել մինչեւ Քուռ գետի հովիտն ու խանգարելով հասնել Իրանի հետ երկաթուղային կապ ապահովող Հորադիզ կայարանը: Ելցինի վարչախումբը բացատրում էր դա Ադրբեջանը ԱՊՀ կազմ բերելու անհրաժեշտությամբ: Սակայն Հեյդար Ալիեւը հերթական անգամ ի ցույց դրեց Կովկասում ռուսական քաղաքականության սնանկությունը: Ադրբեջանի «կցումը» ռուսաստանակենտրոն ԱՊՀ-ին տեւեց հաշված տարիներ, եւ արդեն 1998 թվականին Ալիեւը ստորագրեց Ռուսաստանը շրջանցող Բաքու-Ջեյհան նավթային եւ գազային խողովակաշարի կառուցման համաձայնագիրը: 2005 թվականից այդ նախագիծը իրականացվեց, արձանագրելով Ռուսաստանի խոշորագույն աշխարհաքաղաքական պարտությունը, քանի որ հենց Մոսկվայի ջանքերով հայոց զորքի հաղթարշավի կասեցումը թողեց Ադրբեջանի վերահսկողության տակ Քուռ գետի հովիտը, որով էլ անցնում են այժմ նորանոր երկաթուղային եւ գազային մայրուղիները, վերացնելով Ռուսաստանի մենաշնորհն ու նախկին առավելությունը: Կրկնվեց վերջին հարյուրամյակի անփոփոխ բանաձեւը՝ Ռուսաստանը խաբում եւ զոհաբերում է հայերին հանուն թյուրքական աշխարհի հետ իր տեսական եւ երբեք չիրականացվող շահերի:

Սակայն անգամ այս խայտառակ դրվագը, որի մասին գերադասում են չխոսել ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երեւանում, կրկին մոռացվեց եւ որեւէ դաս չեղավ Կրեմլի համար: Ինչպես վկայում են վերջին զարգացումները, փչացնելով հարաբերությունները իր վառելիքի հիմնական գնորդ Եւրոպայի հետ, եւ պատերազմ սկսելով Ուկրաինայի դեմ, որի տարածքով են անցնում հիմնական ռուսական խողովակաշարերը, Պուծինի վարչակազմը հերթական անգամ շարեց բոլոր ձվերը թրքական զամբյուղի մեջ: Այսպես հռչակվեց Սեւ ծովի հատակով անցնող «Թրքական հոսք» նոր գազատարի կառուցումը, որը կոչված է ապահովել Ռուսաստանի մենաշնորհ դիրքը: Սակայն թուրքերը առեւտրի հերթական դաս տվեցին ռուսներին, հրաժարվելով «Թրքական հոսքի» ֆինանսական մասնակցությունից հանուն TANAP թուրք-ադրբեջանա-թուրքմենական նախագծի: Բացի դա, նրանք ստիպեցին ռուսներին միայն սեփական համաձայնության դիմաց իջեցնել գազի գինը տասը տոկոսով եւ այժմ էլ պահանջում են Եւրոպային ռուսական գազը ոչ միայն բաշխելու, այլ նաեւ վերավաճառելու իրավունքը: Այսպիսով, Ռուսաստանը ոչ միայն դատապարտեց ինքն իրեն թրքական բարեհաճությունից կախվածությանը, այլ նաեւ փաստորեն ֆինանսավորում է Թուրքիայի աճող ազդեցությունն ու ներկայությունը Հյուսիսային Կովկասի եւ Կենտրոնական Ռուսիայի մահմեդական շրջաններում: Չեչնիայի օրեցօր ավելացող անհնազանդությունը այս գործընթացի առաջին ահազանգն է:

Այսպես թե այնպես, ներկայիս ռուսական իշխանությունների խուսանավելու հնարավորությունը խիստ սահմանափակ է եւ Հայաստանը պարտավոր է գոնե գիտակցել հերթական ռուս-թրքական մերձեցման պայմաններում սեփական շահն ու անվտանգության երաշխիքը: Կասկած չկա, որ թուրքերը կրկին խաբելու են ռուսներին, հանուն «Թուրան Յոլու» հավակնոտ նախագծի, որը կոչված է տնտեսապես, քաղաքականապես, գաղափարապես միավորել Անկարա-Բաքու-Աշգաբադ-Աստանա-Տաշքենդ-Բիշքեք առանցքը: Կասկած չկա, որ դա ահռելի վտանգ ու վնաս է պարունակում Ռուսաստանի համար: Սակայն մեր գերխնդիրն է ապահովել սեփական անվտանգությունը, եւ դրա համար չկա այլընտրանք, բացի ռուս-թրքական ճակատագրական դաշինքին Իրան-Երեւան-Թբիլիսի-Կիեւ-Եւրոպա աշխարհագրական եւ ռազմավարական առանցքը հակադրելու հրամայականից: Դրան հակադրվելը՝ անհեթեթություն է կամ դավաճանություն:

(Լուսանկարում Աթաթուրքի արձանը Ստամբուլի Տաքսիմ հրապարակում. նրա կողքին կանգնած խմբում են պատկերված ռուս բոլշեւիկներ Վորոշիլովն ու Ֆրունզեն՝ ի նշան Թուրքիայի ստեղծման գործում Ռուսաստանի մեծ դերակատարության )

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply