ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԱՍԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆՆ ԱՆՑԱՎ ԱՐՑԱԽՈՎ

0

Անցած կիրակի Ադրբեջանը դադարեց լինել հետխորհրդային կիսաեւրոպական հավակնություններ ունեցող պետություն եւ վերջնականապես դարձավ ասիական սուլթանատ: Ավանդական բռնություններով, կեղծիքներով եւ չարաշահումներով անցած ՛՛հանրաքվեն՛՛ փաստորեն օրինականացրեց Ալիեւների ընտանիքի ժառանգական իշխանությունը, ավելացնելով նախագահության ժամկետը 5-ից մինչեւ 7 տարի, վերացնելով այս պաշտոնը զբաղեցնելու նախկին տարիքային սահմանափակումները, վավերացնելով նախագահի վերընտրման ժամկետների անսահմանափակությունը, մտցնելով երկու փոխնախագահների պաշտոնները, լիազորություն տալով նախագահին լուծարել խորհրդարանը եւ այլն: Այսինքն Ադրբեջանի սահմանադրությունը ամբողջությամբ հարմարեցվեց Ալիեւների ընտանիքի կարիքներին, կազմին, անդամների տարիքին եւ քանակին: Հայր եւ որդի Ալիեւների ընդհանուր իշխանության տեւողությունն արդեն կազմել է 23 տարի եւ Իլհամ Ալիեւվը կարող է հետայսու ՛՛վերընտրվել՛՛ ինչպես 2018, այնպես էլ 2025 թթ., որից հետո փոխանցել իշխանությունը իր որդուն՝ Հեյդար Ալիեւ-կրտսերին, եթե ցանկանա: Կամ եթե աշխարհն ու իր երկրի ազգաբնակչությունը նրան դա թույլ տան:

Այս ամենը մեզ համար ոչ միայն հանրամատչելի հետաքրքրություն է ներկայացնում: Եվրոմիության եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների առաջին իսկ արձագանքները կասկած չեն թողնում միջազգային մամուլի եւ հասարակական կարծիքի բացասական եւ ոչնչացնող գնահատականների անխուսափելի տարափի մասին: ԱՄՆ նախագահական ընտրարշավն ընդամենը մի քանի օրով հետաձգել է այս մոտալուտ հարձակումը Բաքվի վրա: Կանխատեսելով դա, Հայաստանը պետք է արդեն այսօր եզրակացություններ անի: Մենք ստանում ենք աննախադեպ առավելություն եւ հնարավորություններ, որոնք պարզապես անթույլատրելի է կորցնել ու վատնել: Ադրբեջանը այսպիսով վերանում է քաղաքակիրթ աշխարհի քաղաքական քարտեզից, վերածվելով Հյուսիսային Կորեայի կամ Սաուդյան Արաբիայի նման մի գորշ ու անհույս տարածքի, որի հետ միայն խիստ անհրաժեշտության դեպքում կարելի է գործ ունենալ, այն էլ չհանելով ձեռնոցները: Ավելին՝ Ադրբեջանը կրկնեց Ռուսաստանի սխալը, շփոթելով իրեն Սաուդյան Արաբիայի հետ, թեեւ չունի ոչ դրա նավթային ռեսուրսները, ոչ թագավորական ընտանիքի որեւե լեգիտիմություն: Ճիշտ այդպես Պուծինը ապարդյուն փորձում է Ռուսաստանից վերստեղծել ԽՍՀՄ, չունենալով ոչ դրա տնտեսական ու ռազմական հզորությունը, որ էլ, ամենակարեւորը՝ դրա գաղափարական ուժը:

Հայաստանը կարող է եւ պարտավոր է օգտվել ստեղծված իրավիճակից եւ կտրուկ փոխել իր արտաքին քաղաքականությունը՝ հատկապես Արցախի հարցում, պաշտպանելով արդեն ոչ միայն ազգի ինքնորոշման իրավունքը, այլ նախեւառաջ համամարդկային ժողովրդավարական սկզբունքները, քաղաքական ազատությունները եւ քաղաքակրթական արժեքները: Դրա համար ամենակարեւոր նախապայմանն է Հայաստանի տարածքում, հատկապես Արցախում մարդու իրավունքների եւ ազատությունների բացարձակ գերիշխանությունը: Այլ կերպ ասած՝ Հայաստանի եվրոպացումը: Հենց այդ հանգամանքն է մեզ թույլ տալու վերջնականապես լուծել արցախյան խնդիրը մեր օգտին՝ քաղաքակրթության եւ ժողովրդավարության հիմունքներով: Հենց մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանումը հանդիսանում է մեր լավագույն զենքն ու պաշտպանությունը, որը շատ ավելի արդյունավետ է ու հզոր, քան ցանկացած ՛՛Իսկանդերներն՛՛ ու ՛՛Սմերչերը՛՛, որովհետեւ այդ դեպքում մեր կողմից ու մեր կողքին է լինելու ողջ քաղաքակիրթ աշխարհը՝ իր բոլոր ռումբերով ու ավիակիրներով:
Մենք տարիներ շարունակ պնդում էինք, որ Հայաստանը՝ Հարավ-Արեւելյան Եվրոպա է: Վերջերս այդ միտքն արտահայտեց ուկրաինացի մի դիվանագետ, ասելով, որ Եվրոպայի սահմանն անցնում է Հայաստանով:

Ադրբեջանում տեղի ունեցած վերջին զարգացումները ավելի են հստակեցրել այդ սահմանը՝ այն անցնում է Արցախի արեւելյան ռազմաճակատով: Սա է Եվրոպայի սահմանը: Եւ մենք ենք դրա սահմանապահները: Սա է մեր հաղթանակի բանաձեւը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply