ՔՐԴԵՐԻ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

0

2016 թվականի վերջին ժամերը բերեցին ավարտվող տարվա կարեւորագույն նորություններից մեկը՝ քրդերը հռչակեցին անկախ պետականություն Սիրիայի հյուսիսում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Սա, անկասկած, հերթական խոշոր հաղթանակ է անկախ եւ միացյալ Քրդստանի ստեղծման ճանապարհին: Սեւրի պայմանագրով նախատեսված քրդական պետականությունն իրականություն է դառնում շնորհիվ քրդերի երկարատեւ հերոսական պայքարի: Շնորհավորելով հարեւանների հաջողությունը, հայերս պետք է կարեւոր եզրակացություններ անենք այս փաստից:
Առաջին դասը ակնհայտ է՝ ցանկացած վեհ նպատակ հասանելի է, եթե ժողովուրդը պատրաստ է պայքարել դրա համար, անգամ անելանելի եւ անհույս թվացող իրավիճակում: Սա ուղղակիորեն վերաբերվում է ինչպես հայության պատմական պահանջներին եւ հատուցմանը Եղեռնի արդյունքում կորցրած երկրի եւ պատճառած կորուստների հորցում, այնպես էլ մեր այսօրվա գաղութային կարգավիճակին:
Երկրորդը՝ քրդերի հաջողությունները սկսվեցին այն պահին, երբ նրանք ընտրեցին ճիշտ եւ հուսալի դաշնակիցներ: Մարքսիստական գաղափարներով ցնորված Քրդական բանվորական կուսակցությունը տասնամյակներով անձնուրած պայքար էր մղում Թուրքիայի բռնատիրության հետ, ապավինելով ԽՍՀՄ իսկ հետո Ռուսաստանի աջակցությանը: Մոսկվայի մշտապես կեղծ ու դավաճանական կեցվածքը հերթական անգամ երեւաց հենց այս օրերին, երբ Կրեմլը Անկարայի հետ համաձայնության եկավ Սիրիայի մասնատման հարցում, կրկին հանձնելով քրդերին Էրդողանի քմահաճույքին, ինչպես մեկ դար առաջ վարվեց հայերի հետ, ՛՛զիջելով՛՛ մեր երկիրը սկզբից երիտթրքերին, իսկ հետո քեմալականներին: Հիշենք, որ քրդերի հաղթանակները սկսվեցին միայն այն բանից հետո, երբ ՛՛մոսկովյան՛՛ կողմնորոշման փոխարեն քրդական առաջնորդները ընտրեցին Արեւմուտքը իբրեւ գործընկեր, համաձայնեցնելով եւ համակարգելով սեփական ազգային պայքարը համաշխարհային քաղաքականության խնդիրների եւ միտումների հետ:
Անկասկած, ինչպես նախորդ տարիներին Իրաքի հյուսիսում, այդպես էլ այժմ Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության հռչակումը համաձայնեցված է եղել ԱՄՆ-ի հետ, ավելին՝ այս նոր զարգացումները պատասխան են հանդիսացել ռուս-թրաքական հերթական գործարքին:
Հարյուր տարի առաջ աշխարհը Հայաստանին էր վերապահում Արեւմուտքի եւ Մերձավոր Արեւելքի առանցքային կապող օղակ եւ կամուրջ հանդիսանալու առաքելությունը: Դրան էր միտված Ազգերի Լիգայի եւ ԱՄՆ Նախագահ Վիլսոնի ՛՛մանդատը Հայաստանի համար՛՛, որը նախատեսում էր հայկական պետության ստեղծումը պատմական սահմաններում եւ ելքով դեպի ծով: Հայոց պետականության եւ տարածաշրջանում ուժեղագույն հայկական բանակի քայքայումն ու տրոհումը Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ անհնար կլիներ առանց հայ բոլշեւիկների ու չեկիստների դավաճանության: Իր ողբերգական դերը կատարեց նաեւ հայ ժողովրդի զգալի մասի միամիտ եւ կույր ռսամոլությունը:
Քրդերի անկախության պայքարը եւ իրար հաջորթող հաղթանակները անկասկած նկատի են առել հայերի սխալները: Մնում է, որ այդ սխալներն ընդունենք եւ դրանցից դասեր քաղենք հենց մենք, հայերս: Իսկ առայժմ մեզ մնում է միայն շնորհավորել քուրդ ժողովրդի պայքարը հանուն ազատության եւ անկախության, իբրեւ նոր տարվա բարեմաղթանք եւ օրինակ:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply