ԻՐԱՆ. Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՎԱՂԸ

0

Կանխատեսումներ անելն անշնորհակալ զբաղմունք է, ինչպես հայտնի է, սակայն երբ խոսքը մեր անմիջական հարեւանի, այն էլ դարավոր ու պատմական գործընկերոջ Իրանի մասին է, անհրաժեշտ է գոնե փորձել կանխագուշակել զարգացումները:

Կարծում եմ, որ Իրանի ապստամբության հետեւանքը լինելու է ոչ թե իշխանափոխություն, այլ իշխանության բնույթի եւ երկրի քաղաքական ընթացքի փոփոխություն: Կարելի է կանխատեսել, որ արդյունքում ուժեղանալու է նախագահ Ռուհանիի աշխարհիկ թեւը եւ թուլանալու է այաթոլլա Խամենեիի եւ կրոնական շրջանակների ազդեցությունը: Դա բերելու է Իրանի դանդաղ բայց հստակ արդիականացմանը՝ ավելի դանդաղ, քան ցանկանում են ընվզողները, սակայն հավանաբար ներկայումս դա հնարավոր առավելագույնն է, նկատի առնելով Սաուդյան Արաբիայի անթաքույց թշնամությունը եւ այլ դրսի ճնշումները: Հենց արտաքին ճնշումն է այս պահին դանդաղեցնում բարեփոխումները Իրանում, որքան էլ դա զարմանալի թվա: Երկրի պատմությունը հիմք է տալիս իրանցիներին խորը արմատավորված անվստահություն պահպանել Արեւմուտքի նկատմամբ, ուստի Թրամփի խրախուսանքներն այս պահին ավելի շատ խանգարում են, քան օգնում դրական զարգացումներին:
Այնուամենայնիվ, բարեփոխումները տեղի են ունենալու գոնե կենսաբանական պատճառներով՝ Իրանում ընթանում է սերնդափոխություն եւ 1979 թվականի իսլամական հեղափոխության սերունդը հեռանում է ասպարեզից: Երիտասարդությունը եւ հատկապես կանայք դառնում են Իրանի շարժող ուժը, թեեւ սուննի-շիա հակամարտությունը մնալու է Իրանի հիմնական մարտահրավերը եւ բնականոն զարգացման գլխավոր արգելակը:
Հայաստանի համար նման զարգացումները բարենպաստ են, քանի որ մի կողմից դա պահպանում է մեր հարավային սահմանները չափազանց մեծ լարվածությունից առանց այն էլ թեժացող իրավիճակում, մյուս կողմից ապահովում է Իրանի աստիճանաբար ընթացող արդիականացումը, տնտեսական եւ քաղաքական, ինչը կարեւորագույն հակակշիռ է ապահովում ի հեճուկս Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան նշմարվող դաշինքի: Արեւմուտքի հանդեպ բաց, ժողովրդավար եւ զարգացող Իրանը հանդիսանալու է Հայաստանի համար ամենակայուն եւ ապահով թիկունք:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply