՛՛Աշխարհի ակունքը՛՛ եւ նրա գլուխը

0

Թվում էր, որ 2017 թվականի ամենամեծ ցնցումն արվեստի ասպարեզում լինելու է Լեոնարդո դա Վինչիի ՛՛Աշխարհի փրկիչը՛՛ կտավի վաճառքը աննախադեպ 450 միլիոն դոլարով: Սակայն վերջին օրերը բերեցին եւս մի սենսացիոն լուր՝ Փարիզում գտնվեց մի դիմանկար, որը մասնագետները համարում են հռչակավոր Գյուստավ Կուրբեի սկանդալային ՛՛Աշխարհի ակունքը՛՛ հանրահայտ նկարի մինչ օրս անհայտ մնացած վերեւի հատվածը:

1866 թ. ստեղծված ՛՛Աշխարհի ակունքը՛՛ անմիջապես դարձավ հանրության ահավոր վրդովմունքի պատճառ եւ երկար ժամանակով արգելվեց ցուցադրության համար: Միայն 1995 թվականից նկարը բաց ներկայացվում է դ՛Օրսե փարիզյան թանգարանում: Դա զարմանալի չէ, եթե նկատի առնենք, որ Կուրբեն պատկերել է կտավի վրա մերկ կնոջ մարմնի ներքեւի մասը լայն բացված ոտքերով: Պատկերից առավել հանդուգն էր թվում ժամանակակիցներին նկարի անվանումը, թեեւ դրա թե կենսաբանական, թե փիլիսոփայական ճշմարտությունը անհնար է ժխտել: Կտավի ամենաշոկային յուրահատկությունն էր այն, որ պատկերված է միայն կնոջ մարմինը, առանց գլխի, ինչը հաղորդում է գործին համարյա նախապատմական բովանդակություն եւ հեթանոսական պաշտամունքի տպավորություն:

Սակայն ամեն ինչ փոխվեց երկու տարի առաջ, երբ մի արվեստասեր գնել էր փարիզյան խանութներից մեկում 1400 եւրոյով կնոջ գլուխը պատկերող դիմանկար, որի հեղինակն անհայտ էր: Մասնագիտական վերլուծությունների արդյունքում արվեստագետները եզրակացրին, որ նկարը պատկանում է Կուրբեի վրցնին: Հաջորդ ենթադրությունն էլ ավելի ցնցող էր՝ ի՞նչ, եթե պատկերը հանդիսանում է առասպելական ՛՛Աշխարհի ակունքի՛՛ անհայտ վերեւի մասը: Նախնական համեմատությունն ու համադրումը շատ հավանական դարձրին այդ վարկածը, որի մասին սույն թվի փետրվարին գրել էր ՛՛Փարի մաչ՛՛ թերթը: Եւ ահա ամենավերջին տվյալներով այդ ենթադրությունը հաստատվեց:

Ինչու՞ Կուրբեն այդքան դաժան վարվեց իր աշխատանքի հետ, ՛՛գլխատելով՛՛ նկարը: Արդյո՞ք միայն սկանդալ առաջացնելու նպատակն էր դրդել նրան այդ քայլի: Ինչպես հուշում է դասական ֆրանսիական ասացվածքը՝ պետք է փնտրել կնոջը: Այդ կնոջ անունն է Ջոան Հիֆերման, հենց նա էր Կուրբեի այս նկարի բնորդուհին եւ, անկասկած, սիրուհին: Սակայն խնդիրն այն էր, որ բրիտանացի գեղեցկուհին այդ շրջանում ավելի լուրջ հարաբերություններ ուներ նաեւ Կուրբեի աշակերտ, հայտնի ամերիկացի նկարիչ Ջեյմս Ուիսթլերի հետ: Պետք է ենթադրել, որ աշխատանքի ավարտից հետո Ջոանը շատ էր խնդրել Կուրբեին վերացնել իր դեմքը նկարից, խանդոտ Ուիսթլերին չզայրացնելու համար: Հավանական է, որ Կուրբեն էլ չեր ցանկանում զոհաբերել իր ընկերությունն տաղանդավոր ամերիկացու հետ, ահա ինչու կնոջ գլուխը պատկերված է անսովոր, կիսաթաքնված կերպով, թեեւ մնում է ճանաչելի: Ինչեւե, ապշած հանդիսատեսներին նկարը ցուցադրվեց առանց կնոջ գլխի եւ դարից ավել ոչ ոքի մտքով էլ չեր անցնում, որ կտավը պարզապես կտրված է վերեւի մասում: Ինձ թվում է, որ հենց այս հանգամանքը հաղորդեց Կուրբեի գլուխգործոցին այն հզորությունն ու բնազդային ուժը, որն էլ դարձրեց ՛՛Աշխարհի ակունքը՛՛ պաշտամունքի, ատելության եւ անվերջ հետաքրքրության առարկա: Այսօր վերականգնված նախնական տեսքով այս նկարը դառնում է պարզապես խիզախ բայց բավականին սովորական արվեստի գործ: Բնականաբար, թանգարանը երբեք չի խախտելու նկարչի եւ նրա ընկերուհու կամքը, թողնելով կտավը հենց ներկայիս վիճակում: Հետաքրքիր կլինի, թերեւս, եթե Ջո Հիֆերմանի գտնված դիմանկարը, այնուամենայնիվ, հայտնվի դ՛Օրսեի պատին, թեկուզ մարմնից մի փոքր հեռու: Այսօր դրա արժեքը գնահատվում է շուրջ 40 միլիոն դոլար: Այսպես թե այնպես, սա ոչ միայն կնոջ արգանդի դիցական ուժի ու ձգողության, այլ նախեւառաջ մարդկային սիրո, վստահության եւ ազատության պատմություն է: Թեեւ պետք է հավելել, որ տեսնելով այս նկարը, Ուիսթլերը խզեց հարաբերությունները Կուրբեի հետ: Ըստ երեւույթի, նա ճանաչեց իր սիրուհու մարմինն անգամ առանց գլխի:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply