ԱՄՆ ԳՆՈՒՄ ԵՆ ԽՍՀՄ ՃԱՆԱՊԱՐՀՈ՞Վ

0

Դոնալդ Թրամփի ցնցող նախընտրական հաղթարշավը փոխարինվեց նրա էլ ավելի ցնցող նախագահությամբ: Նրա կառավարման առաջին իսկ օրերը եւ նրա արձակած առաջին իսկ որոշումները խարխլում են աշխարհի ներկայիս փխրուն հավասարակշռությունը, ազդելով ամբողջ մարդկության ճակատագրին՝ սկսած համաշխարհային տնտեսությունից եւ վերջացրած, օրինակ, Հայաստանի խորհրդարանական ընտրություններով: Իմ համեստ կարծիքով ԱՄՆ սրընթած շարժվում է նախկին ԽՍՀՄ ճանապարհով, կրկնելով դրա վերջին տարիների բոլոր սխալները: Փորձեմ հիմնավորել իմ հոռատեսությունը:
Սկզբից հակիրճ վերհիշենք Դոն Թրամփի առաջին քայլերը: Նա արդեն ստորագրեց Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունից ԱՄՆ դուրս գալու որոշումը, այսինքն փաստորեն վերացրեց 12 երկրներ, կամ մոլորակի բնակչության 40 տոկոսը միավորող ընդհանուր շուկան, որը կառուցվում էր շուրջ տասը տարի եւ որի նպատակն էր ոչ միայն դյուրացնել ապրանքների եւ արտադրության շրջանառությունը ԱՄՆ, Կանադայի, Մեքսիկայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թաիլանդի, Վիետնամի, Մալայզիայի, Չիլիի եւ Սինգապուրի միջեւ, այլ նաեւ կանխարգելել ու զսպել Չինաստանի աճող ազդեցությունն այս հսկայական տարածաշրջանում: Միաժամանակ Թրամփը հաջողացրեց առաջացնել Չինաստանի դժգոհությունը, խախտելով չգրված համաձայնությունը եւ առաջին անգամ 1970-ական թվականներից ի վեր ուղիղ կապ հաստատելով Պեկինի կողմից չճանաչված Թայվանի հետ: Դա եւս մեկ միլիարդ մարդ ավելացրեց ԱՄՆ-ի հակառակորդների ճամբարին: Միաժամանակ Թրամփը խախտեց մեկ այլ միջազգային ավանդույթ, հայտարարելով, որ տեղափոխելու է Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ, ինչը զայրույթ առաջացրեց աշխարհի 1,5 միլիարդ մահմեդականների շրջանում: Եվրոմիության եւ ՆԱՏՈ-ի հանդեպ նրա քննադատական եւ արհամարհական վերաբերմունքը զգաստացրել եւ ջղաձգել է 500-միլիոնանոց Եվրոպան, որն առաջին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայտնվել է առանց ամերիկյան պաշտպանութան եւ երաշխիքների: Թրամփը նաեւ վերահաստատեց Մեքսիկայի հետ ողջ սահմանի երկայնքով պատ կառուցելու իր խոստումը, այդպիսով նյութական եւ խորհրդանշական մարմնավորում տալով իր ՛՛նոր՛՛ քաղաքականությանը, որը վերադարձնում է ԱՄՆ-ը 19-րդ դարի մեկուսացմանը եւ գավառականությանը: Այլ կերպ ասած, Դոն Թրամփը մի քանի օրում կարողացավ թշնամացնել իր ղեկավարած պետությունը աշխարհի երեք քառորդի հետ եւ ՛՛Դարձնենք Ամերիկան նորից հզոր՛՛ կարգախոսով հրաժարվեց նախագահ Վիլսոնից սկսված ու ողջ 20-րդ դարի ընթացքում գրեթե անփոփոխ մնացած ԱՄՆ համաշխարհային առաքելության գաղափարից: Հանուն ինչի՞ է դա արվում, ո՞վ եւ ինչու՞ է աջակցում նրան այս գործում եւ ինչո՞վ է դա նմանվում Սովետական Միության անփառունակ վախճանին: Սկսենք վերջից:
Այսօր արդեն գաղտնիք չէ, որ 1980-ականների երկրորդ կեսից ԽՍՀՄ-ում առաջացած կենտրոնախույզ միտումները սնվում էին մեծամասամբ հենց նույն ՛՛կենտրոնում՛՛ ստեղծված ՝՛՛Հերիք է կերակրել ուրիշներին՛՛ գաղափարով: Այդ ՛՛ուրիշների՛՛ անվան տակ Մոսկվայում նկատի ունեին այսպես կոչված ՛՛ծայրամասերը՛՛՝ Միջին Ասիայի, Հարավային Կովկասի հանրապետությունները, ինչպես նաեւ ՛՛համաշխարհային սոցիալիստական ճամբարի՛՛ երկրները: ՛՛Ավելորդ բալասթից՛՛ ազատվելու կողմնակիցները ապավինում էին ռուսական բնական պաշարներից հարստացող առանձին ռուսական պետություն ստեղծելու ծրագրին, որին, ըստ նրանց պատկերացումների, ստիպված կլինեն միանալու նաեւ այլ տարածքներ, սակայն արդեն գաղութային կարգավիճակով: Այսպիսի մթնոլորտում ԿԳԲ-ի նոր սերնդի շրջանում շարունակում էր աճել ու զարգանալ ՛՛նոր եվրասիական կայսրության՛՛ ցնորքը՝ ծայրահեղ ազգայնամոլ քաղաքագետներ Դուգինի եւ Կուրղինյանի տեսություններով: Նման իրարամերժ օրակարգով ԽՍՀՄ-ը մտավ իր գոյության վերջին շրջան, որը բնորոշվում էր համաշխարհային քաղաքական մեկուսացմամբ, գաղափարական սնանկացմամբ եւ տնտեսական անկմամբ: Գորբաչովյան ՛՛վերակառուցումը՛՛ վերածվեց սովետական կայսրության ապամոնտաժմանը եւ բերեց պետության փլուզմանը:
Վերադառնանք այսօրվա ԱՄՆ-ին: Դոն Թրամփի հավատարիմ ընտրազանգվածը հանդիսանում են հիմնականում կենտրոնական նահանգների հին ու փակվող արտադրությունների եւ հանքարդյունաբերության մեջ զբաղված ամերիկացիները: Նրանք դժգոհ են նոր տեխնոլոգիաների ու գլոբալիզացման պատճառով նրանց շրջանում աճող գործազրկությունից եւ բարձրագույն կրթություն պահանջող մրցակցությունից, որում նրանք զիջում են ներգաղթող աշխատուժին: Բացի դա, ԱՄՆ-ում հարաբերական բարձր կենսամակարդակն ու աշխատավարձը ստիպում է խոշոր արտադրողներին տեղափոխել հոսքագծերը արտասահման՝ նույն Մեքսիկա կամ Չինաստան, որտեղ արտադրության ինքնարժեքն անչափ ավելի էժան է: Ընդ որում Թրամփի խոստումները վերադարձնել աշխատատեղերն ու արդյունաբերությունը ԱՄՆ կամ վերաբացել փակված գործարաններն անհեթեթ են եւ անօրինական, քանզի պետությունն ի զորու չէ ստիպել մասնավոր ընկերություններին աշխատել ի վնաս իրենց, դա հակասում է կապիտալիզմի հիմնական օրենքներին՝ ազատ մրցակցության, ազատ ապրանքաշրջանառության, շահույթի եւ ավելացրած արժեքի մասին: Միլիարդատեր կապիտալիստ Թրամփի նման տնաբուծ ՛՛սոցիալիզմը՛՛ ունի ոչ թե գաղափարական կամ հայրենասիրական, այլ բոլորովին այլ եւ զուտ տնտեսական պատճառներ, որոնք եւ ապահովել են նրան հանրապետական կուսակցության եւ դրա հովանավորների աջակցությունը:
Որո՞նք են այդ պատճառները: Այստեղ մենք նորից պետք է անդրադառնանք ԽՍՀՄ տխուր փորձին: Սովետների երկիրը քանդվել է բազմաթիվ պատճառներով, որոնցից զգալի մասն ունեին տնտեսական բնույթ: Սակայն տնտեսությունը անքակտելիորեն շաղկապված է գիտության, նորարարության, մրցակցության եւ մտավոր ազատության հետ: Այս բոլոր պարագաներում ԽՍՀՄ անհուսորեն եւ անշրջելիորեն հետամնաց երկիր էր, որը միայն մինչեւ 1960-ական թթ. համապատասխանում էր տնտեսական աճի համաշխարհային չափանիշներին, այն էլ շնորհիվ ստալինյան դաժան միջոցների, որից հետո շահագործում էր նախորդ նվաճումները, մինչեւ որ վերածվեց միայն բնական պաշարներ վաճառող հումքային կցորդի: Հենց այս վտանգավոր միտումն է այսօր առաջանում հարուստ, զարգացած ու գերարդիական ԱՄՆ-ում, որքան էլ դա տարօրինակ ու անհեթեթ հնչի: Մի կողմից ԱՄՆ-ում ծավալվում է Էլոն Մասքի ֆուտուրիստական արտադրությունն իր արեւային էներգետիկայով ու էլեկտրական ավտոմեքենաներով, մյուս կողմից իշխանության եկած վարչախումբը ներկայացնում է հսկայական նավթային ու ավտոարտադրող կորպորացիաների շահերը, որոնց համար նոր տեխնոլոգիաներն ու արեւային էներգետիկան մահացու վտանգ են ներկայացնում: Ներկայիս իրարամերժ իրավիճակը, երբ Մասքը առաջարկում է համագործակցություն Թրամփին եւ շեշտում է ԱՄՆ-ում աշխատատեղեր ստեղծելու իր սկզբունքը, կրում է զուտ ժամանակավոր բնույթ: Այդ երկու գաղափարախոսություններն անհամատեղելի են եւ մենք շուտով կտեսնենք դրանց բախումը: Անկասկած, նոր տեխնոլոգիաները միեւնույն է հաղթելու են ի վերջո, սակայն դա կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ից բավական հեռու վայրերում, եթե Թրամփը շարունակի իրականացնել նախորդ դարում մնացած եւ իրենց դիրքերն ու գերշահույթը ամեն գնով պաշտպանող նավթային ու ավտոարտադրող կորպորացիաների օրակարգը: Թրամփի ընտրությունը ձեռնատու էր հենց այդ հնաոճ հսկաներին՝ ՛՛Շեվրոն՛՛ եւ ՛՛Շելլ՛՛, ՛՛Ջեներալ մոթորզ՛՛ եւ ՛՛Ֆորդ՛՛, հարյուրավոր ֆիրմաներին տրիլիոնավոր բյուջեներով: Նրանք գերադասեցին շարունակել գերշահույթ ստանալ, շահագործելով ունեցած եւ արդեն հնացած միջոցներն, այլ ոչ թե ներդրումներ կատարելով նոր ու արդիական տեխնոլոգիաների մեջ: Ահա ինչու նրանք ընտրեցին Թրամփին, ահա ինչումն է նրա առաքելությունը: Դա վտանգավոր է ԱՄՆ-ի համար, քանզի արգելակում է նրանց զարգացումը հանուն հին բիզնեսների պահմանմանն ու բարգավաճման: Եթե ՛՛Էփլ՛՛ ընկերությունը վաճառում է Չինաստանում արտադրվող իր սմարթֆոնները 700 դոլարով, ապա դրանց ինքնարժեքը ընդամենը 70 դոլար է եւ անհրաժեշտության դեպքում նույն Չինաստանը վաղն իսկ կարող է արտադրել նույն ապրանքը, ասենք, 150 դոլարով: Էլոն Մասքը հատուկ բացել է իր արտադրության տեխնիկական գաղտնիքները բոլորի համար, այդպես որ նույն ՛՛Տեսլան՛՛ կամ ՛՛Փաուր-ուոլը՛՛ կարող են արտադրվել վաղը Վիետնամում կամ Մեքսիկայում, եթե Դոն Թրամփը եւ նրա հովանավորները իսկապես փորձեն կանգնեցնել պատմության անիվը: Դա լինելու է ԱՄՆ-ի պատմական պարտությունը եւ հենց դա է նմանեցնում այսօրվա ԱՄՆ-ը երեսուն տարի առաջ տապալված ԽՍՀՄ ճակատագրին:
Թրամփն արդեն սկսեց մեկուսացնել Ամերիկան եւ դա ոչ թե հզորացնում է այդ երկիրը, այլ թուլացնում է այն: Ամերիկայի թուլացումը նշանակում է Ռուսաստանի, Թուրքիայի եւ նման այլ բռնապետությունների ուժեղացում: Ամերիկան հնարավոր է թուլացնել միայն բռնապետական միջոցներով՝ ահա ինչն է միավորում Թրամփին եւ Պուծինին, իզուր չէ, որ Թրամփը հիանում է վերջինիս հենց ՛՛ուժեղ առաջնորդ՛՛, այսինքն բռնապետ լինելով: Դա այն է, ինչ ուզում է լինել նաեւ Դոնալդ Թրամփը, ով պատերզմ է հայտարարել ոչ միայն ողջ աշխարհին, այլ նաեւ սեփական ժողովրդին՝ կանանց, բնապահպաններին, իրավապաշտպաններին, ազատ մամուլին: Սա շատ ծանոթ է մեզ, մենք դա արդեն անցել ենք, ուստի շատ ավելի զգայուն ենք եւ արագ ենք հասկանում Ամերիկայի առաջ խոյացող վտանգները: Կորցնելով Ամերիկան իբրեւ ազատության ու առաջընթացի երաշխավոր, աշխարհը նորից հայտնվելու է 20-րդ դարի սկզբին ստեղծված անորոշ ու պայթյունավտանգ իրավիճակում, որը բերեց պատերազմ աշխարհին եւ ցեղասպանություն հայությանը, մինչեւ որ չմիջամտեցին ԱՄՆ-ը, մինչեւ որ նախագահ Վիլսոնը չփոխեց երկրի Սահմանադրությունը, ամերիկյան զորքերը Երւրոպա ուղարկելու համար: Հենց դա ծնկի բերեց Գերմանիային ու Թուրքիային: Հենց դա ընդհատեց Հայոց Եղեռնը: Հենց դա բերեց մեզ Անկախ Հայաստանի հնարավորությունը, որը մենք կորցրեցինք հարյուր տարի առաջ: Եւ կորցնում ենք այսօր:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply