ԲՐԻՆՔԵՆԻ «ԵՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ՎԵՐՖԵԼԻ, ՎԵԳՆԵՐԻ, ՄԱՆԴԵԼՇՏԱՄԻ ՍԽՐԱՆՔԻՆ

0

Ապրիլի 30-ին Երևանի Օպերայում կայացավ շվեյցարացի կոմպոզիտոր Ալեքսանդեր Բրինքենի «Երգ Հայաստանի մասին» օրատորիայի անդրանիկ կատարումը, որը հանդիսացավ այս գործի նաեւ համաշխարհային պրեմիերա: Այն միանգամից դառձրեց հեղինակին ժամանակակից հայ ամենանշանավոր երաժիշտներից մեկը: Այո, հենց հայկական երաժշտության մեծություն, քանզի օտարերկրյա այս հեղինակը այնպիսի զարմանալի նրբազգացությամբ, նվիրվածությամբ ու վարպետությամբ է ներթափանցել մեր ազգային մեղեդիների, հնչյունների, նվագարանների գաղտնիքների մեջ, որ նրա այս երաժշտական կոթողն իր հստակ տեղն է զբաղեցնելու մեր ազգային մշակույթի հզոր ավանդույթի ներքո: Ավելին, Ալեքսանդր Բրինքենի ոճին հատուկ ներքին դասական եւրոպական երաժշտական հիմքը անմիջականորեն տեղադրում է նրա այս հայկական պատումը համաշխարհային արդի արվեստի խոշոր երևույթների շարքում: Շվեյցարացի արվեստագետի հիացմունքն ու նվիրումը հայ պատմությանը եւ մշակույթին տարիներ առաջ դրդել են նրան հայոց լեզվի ուսումնասիրությանը, որին նա տիրապետում է փայլուն, ընդ որում եւ արեւելյան, եւ արեւմտյան տարբերակներով:
«Երգ Հայաստանի մասին» օրատորիան հիմնված է հայ բանադտեղծների` Վարուժանի, Սիամանթոյի, Իսահակյանի, Դավթյանի պոեմների վրա, վերստեղծելով երաժշտության մեջ մեր լեզվի տարերքը, որի համար Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին նվագակցում էին նաեւ ազգային գործիքները` դուդուկն ու դհոլը: Մեկ ժամ քար լռությամբ ումկնդրող Օպերայի դահլիճը վերջում ոտքի կանգնեց ու պայթեց ծափահարություններից:
Մենք երկար էինք սպասում սրան: Մեր ոչնչացված մշակութային կյանքում Եղեռնի հարյուրամյակն անցավ խայտառակ անպտղությամբ: Չգրվեց ոչ մի նշանավոր գիրք, չնկարահանվեց ոչ մի ֆիլմ, չստեղծվեց ոչ մի գիտական ծանրակշիռ աշխատություն: Եվ ահա այս ճչացող բացը եկավ լրացնելու դեռ անցյալ տարի պատրաստ Ալեքսանդր Բրինքենի այս հզոր օրատորիան: Ամոթ է ասել, սակայն էլ ե՞րբ ասեմ ` մեր շվեյցարացի բարեկամը ոչ միայն չեր ստացել որևե պետական աջակցություն Հայատանից, որի համար դիմում էր տարիներ շարունակ, ոչ միայն «չարժանացավ» հենց հարյուրամյակին պատրաստված 2015 թվի պաշտոնական միջոցառումների շրջանակներում իր գործի կատարմանը Հաաստանում, այլ նաև ստիպված էր արվեստագետի իր սեփական սուղ միջոցներից վճարել ե՛վ բազմահազարանոց տեխնիկական ծախսերը, ե՛վ Երեւանում տարիներ տեւող բանակցություների ընթացքում այցելությունների համար: Ես հատուկ վերաբերմունք ունեմ այս ամենին, քանզի դեռ երեք տարի առաջ պարոն Բրինքենը մեծահոգաբար առաջարկել եւ թույլատրել էր ինձ օգտագործել նրա այս օրատորիայի գործիքային մասը իմ «Հայոց Թագոհիներ» ֆիլմի համար:
Ինչեւե, սա արդեն պատմություն է: Պատմություն է արդեն նաեւ նրա օրատորիան, բայց ի տարբերություն տխուր ու նողկալի պաշտոնական մասի, սա հսկայական հաջողության, բարձր արվետի և փառքի ապագա պատմություն է: Օրատորիան հետայսու կատարվելու է ողջ աշխարհում, այնքան ժամանակ, քանի դեռ հայերը չեն մոռանա Եղեռնը: Իսկ Ալեքսանդր Բրինքենը համալրեց Բայրոնի, Բրյուսովի, Վերֆելի, Վեգների, Մառի, Մանդելշտամի, Գրոսսմանի, Բիտովի և մեր ազգի ու արվեստի եվրոպացի այլ հռչակավոր ու անկեղծ բարեկաների փայլուն շարքը:
Շնորհակալություն, պարոն Բրինքեն: Մենք ընկալում ենք Ձեր շնորհը:
(Պրեմյերայից անմիջապես հետո արված այս լուսանկարում Բինքենը հիացած հայ հանդիսատեսներին հորդորում է չենթարկվել Մոսկվայի ճնշմանը ու չզիջել ոչ մի թիզ հող ազատագրված Արցախում)

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply