Հայաստանը մնացել է լույս մարտի 1-ի գիշերվա մեջ

0

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կինոռեժիսոր, հրապարակախոս Տիգրան Խզմալյանը:

– Պարոն Խզմալյան, այն գաղջ մթնոլորտը, որի մեջ հայտնվել ենք, և համատարած հուսալքությունը որքանո՞վ կապ ունեն գաղափարական ամլության հետ: Ըստ էության՝ մենք չենք կարողանում ծնել իդեաներ, գեներացնել դրանք և այնպիսի փաթեթավորում տալ դրանց, որ հասարակությունը ոգեշնչվի դրանցով, մոտիվացվի ապրել, ստեղծագործել, արարել երկրում, ոչ թե հեռանալ և մոռանալ:

– Մենք, որպես ազգ, որպես երկիր, հետաքրքիր ենք, կարևոր ենք և ընդհանրապես այս աշխարհում մնացել ենք միմիայն գաղափարներ գեներացնելու մեր շնորհով և առաքելությամբ: Մեզնից դեռևս սպասում են. երբ որ հայերը հայտնվում են ինչ-որ տեղ, ապա լարվածություն է ստեղծվում, հատկապես եթե խոսում ենք արվեստի մասին, իմ բնագավառում ասենք՝ կինո, ճարտարապետություն, որովհետև միշտ կարելի է հայերից անակնկալներ սպասել: Եվ մենք ժամանակ առ ժամանակ ապացուցում ենք, որ դա այդպես է: Ավաղ, անկախացած մեր երկրում տեղի ունեցավ ճիշտ հակառակը, սպանվեց այն, հանուն ինչի մենք կառուցում էինք, երազում էինք:

– Հանուն ինչի մենք գաղափարներ էինք գեներացնում, հանուն ինչի ապրում էինք ընդհանրապես և այդ գաղափարներով ապրեցնում էինք սերունդներ, նաև դրանով հետաքրքիր դառնում աշխարհի համար:

– Այո՛, դրանից հետո խոսելն ավելորդ է: Չեմ ասի, թե ինչ է պետք անել:

– Արդյունավորել այն գաղափարները, որոնք դարերով արտադրել ենք և գեներացրել:

– Ես վստահ եմ, որ մենք շատ բաների մասին չգիտենք, շատ քիչ գիտենք, թե ով ինչով է զբաղված՝ ով ինչ գիրք է գրել, ով ինչ գյուտ է արել, ով ինչ ֆիլմ է նկարահանել: Ժամանակ առ ժաանակ ինչ-որ բաներ են հայտնվում մակերեսի վրա, և մենք ապշած ենք մնում:

– Պարոն Խզմալյան, Հայաստանի նախագահական նստավայրում մի շարք բնագավառների ներկայացուցիչների հանձնվել են 2015թ. պետական մրցանակներ: Պետական մրցանակներ են շնորհվել արվեստի, գրականության, ճարտարապետության, քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառների ներկայացուցիչներին, ինչը ավանդույթի համաձայն ամեն տարի տեղի է ունենում, այլք նաև վաստակավորի կոչումներ են ստանում: Այս ամենն արդյո՞ք ճիշտ արտահայտությունն է հասարակական տրամադրությունների:

– Մրցանակներ հանձնելու օրը՝ այդ օրվա լուսաբացին, քանդվեց Արամի 30 հասցեում գտնվող Երևանի վերջին հնագույն շենքերից մեկը: Դա լավագույն խորհրդանիշն է և լավագույն պատասխանը Ձեր հարցին: Մենք թույլ ենք տվել դա: Չեմ հետևում հեռուստատեսային անցուդարձին, Ձեզնից եմ լսում այդ մասին, բայց վստահ եմ, որ եթե ծանոթանամ այդ մարդկանց ցուցակին, ապա եթե ոչ բոլորը, գոնե նրանց մեծ մասը այն մարդիկ կլինեն, ովքեր ապահովել են այսօրվա ստրկամտությունը, այսօրվա անկումը, խայտառակ իրավիճակը, որում գտնվում է երկիրը: Եթե պետությունը իշխանության և հասարակության փոխհամաձայնություն է՝ խաղաղ համակեցության և զարգացման, առաջընթացի համար (մենք հավաքվում և պետություն ենք ստեղծում զարգացնելու համար, մեր երեխաների և ազգի ապագան ապահովելու համար), ապա մտավորականությունը, արվեստագետները, որոնք ըստ էության հերոսներն են այս ցուցակի, ունեն մի պարտականություն, առաքելություն՝ չծախվել, չվաճառվել իշխանությանը, քանի որ տվյալ դեպքում ժողովուրդը մնում է անպաշտպան: Այնպես, ինչպես մարդու օրգանիզմի մեջ այն հակազդեցությունը, որը պետք է պաշտպանի մարդու, ազգի իմունիտետը հիվանդություններից, վարակից, բռնակալությունից, բռնապետությունից, դա հենց այն մարդիկ են, ովքեր պետք է չհամաձայնեն որոշ բաների, պահպանեն և զարգացնեն որոշ բաներ: Եթե նրանք են թերանում իրենց գործում, թերանում է ազգը, թերանում է մշակույթը, թերանում է պետությունը:

– Բայց սա նաև սովորական հիշողությամբ խորհրդային տարիներից եկած ավանդույթ է, և եթե հաշվի առնենք, որ մեր հանրային կյանքի, քաղաքական համակարգի այսօրվա արատները, այսպիսի վիճակը չունի բացարձակապես ներքին պատճառներ, ունի առավելապես արտաքին խոր հետք, ապա ինչպե՞ս կարող ենք ազատվել այս վիճակից, բեկել, ճեղքել այս իրականությունը:

– Եկեք վերացական և փիլիսոփայական քննարկումից անցնենք շատ կոնկրետ բաների: Մենք չպետք է խաբենք մեզ, մենք ապրում ենք դեռևս Խորհրդային Միության շրջանակներում, այդ մթնոլորտում, անգամ այն շենքերում, որոնք կառուցվել են այդ ժամանակ, և մենք չենք կարող դրանից փախչել: Շենքերը ոչինչ, թեև քանդվում են այն շենքերը, որոնք կառուցվել են դրանից առաջ: Մենք պետք է հասկանանք, որ մենք ապրում ենք պատմական ժամանակներ: Վաղուց են սկսվել այդ պատմական ժամանակները, Ձեր և մեր սերնդի համար, փաստորեն, կյանքի կեսն անցել է այս պատմական փոփոխությունների ժամանակաշրջանում, բայց մի փուլ վերջանում է: Խորհրդային Միության վերջին փուլը, դրա հոգեվարքը տեղի է ունենում հենց հիմա, դա տեղի է ունենում հենց կայսրության կենտրոնում՝ Ռուսաստանում:

– Այսինքն՝ դա 88-ին չէր, հիմա է:

– 88-ին մեր ջանքերով սկսվեց այդ փուլը: Պատերազմից հետո շատերին թվաց, որ մենք հաղթել ենք, բայց, փաստորեն, պարտվել ենք: Պարզվեց, որ ամենակարևոր հաղթանակը ոչ թե պատերազմի դաշտում է, այլ խաղաղ պետականաշինության մեջ է, և մենք այդտեղ պարտվեցինք:

– Գաղափարների, գիտելիքի դաշտում:

– Անշուշտ: Բավական է տեսնել՝ ով է ղեկավարում մեր երկիրը կամ Ռուսաստանը, որպեսզի մենք հասկանանք, որ իրականում ոչինչ չի փոխվել: Նույն 3-րդ, 4-րդ քարտուղարները՝ կոմկուսի, ԿԳԲ-ի, կոմերիտմիության, ուղղակի բարձրացան և դարձան առաջին գլխավոր քարտուղարներ, նախագահ, նախարարներ և այլն: Դրանք նույն սովետական շրջանի մարդիկ են:

– Բայց մենք 2008թ. ենք տեսել, մենք մեծ զարթոնք ենք ապրել, Դուք այդ շարժման համակիրներից մեկն էիք, Մարտի 1-ի իրադարձություններից հետո առավելապես: Մենք սրընթաց վերուվայրումների, համաժողովրդական վերելքների և անկումների շրջան ենք ապրել:

– Չարաշահեմ ռեժիսորական մասնագիտությունս և մի քանի խորհրդանշական թվեր ասեմ: Հայաստանի անկախությունն ավարտվեց նոյեմբերի 29-ին, դա աշնան նախավերջին օրն էր, սկսվեց ձմեռ, 20թ. դեկտեմբերի 1-ը քաղաքական ձմեռ էր: Իհարկե, այդ ձմռան ընթացքում կառուցվեց երկրորդ հանրապետությունը, Երևանը ծաղկեց, բայց որպես պետություն, պետականություն, որպես գաղափար, ազատություն, առանձին ազգ ու մշակույթ, մենք ձմռան մեջ էինք: Դուք ասացիք՝ Մարտի 1. մարտի 1-ը դա գարնան առաջին օրն է, որ այդպես էլ չեկավ: Այսինքն՝ 20թ. մինչև 2008թ. մարտի 1-ը կամ փետրվարի 28-ի լույս մարտի 1-ի գիշերը, մենք մնացել ենք այդ գիշերվա մեջ, ոչինչ չի փոխվում, մենք դեռևս մարտի 1-ը չապրեցինք: Մեկ տարբերություն կա այսօր, մենք մեզ այս վերջին 7-8 տարիներին ապացուցեցինք, որ մեր ներուժը չի բավարարում իրավիճակը ներսից փոխելու համար: Եվ ինչպես արդեն եղել է երկու անգամ, երրորդ անգամ էլ է լինելու՝ իրավիճակը փոխվելու է դրսից՝ այնպես, ինչպես փոխվեց 1917-1918թթ., ինչպես փոխվեց 99-ին, կայսրությունը փլվում է, և երրորդ անգամ շատ արագ կընթանա փլուզման պահը: Այն, ինչ կատարվելու է Ռուսաստանում, ժամեր անց սկսվելու է այստեղ:

– Դրանից հետո մարտի 2-ը կգա՞ Հայաստան, թե՞ մենք նորից պետք է պայքարենք անկախության համար, ևս մեկ անգամ պետք է պատերազմենք:

– Ո՛չ, մեր ազատությունը կգա դրսից, սակայն դա գործի կեսն է:

– Մենք պատրաստ կլինե՞նք այդ ազատությունը արդյունավորելու և զբաղվելու անկախ պետական ինստիտուտների հիմնադրմամբ:

– Դրանով է պետք զբաղվել հիմա, դրանով պետք է զբաղվի ազգային իրական վերնախավը՝ մտավորականությունը…

– Դուք տեսնո՞ւմ եք այդպիսի ներուժ մեր ժողովրդի մեջ՝ Հայաստանում և Հայաստանից դուրս:

– Ես գիտեմ, որ այդ ներուժը կա, այն կա մեր երեխաների մեջ: Միգուցե մենք ընդամենը մի բանով կարող ենք նրանց օգնել. որքան շուտ մահանանք և տեղ բացենք, մեր սերունդը սպառված է, իհարկե՝ կան բացառություններ, ես երևի չեմ մտնում այդ բացառությունների մեջ, սակայն մենք պետք է ասպարեզ բացենք նոր սերնդի համար, հատկապես սփյուռքի երիտասարդների համար, ընդ որում՝ նոր սփյուռքի, վերջին 20 տարվա:

– Լուսավոր սերունդը, որ 88-ին ազգային զարթոնքի առաջին գծում էր:

– Այո, որ ծնվում էին այդ մութ ու ցուրտ տարիներին, նրանց մի մասը՝ 30-40.000-ը փայլուն կրթություն են ստացել ամերիկյան, եվրոպական լավագույն կրթօջախներում: Դա մեծ հույս է և միակ շանսն է: Մենք շատ քիչ ազգերից մեկն ենք, որը չպետք է այլմոլորակայինների սպասի, մենք ընդամենը պետք է բացվենք այդ նոր սփյուռքի համար:

– Եվ չվախենանք: Իշխող վարչակարգը նրանց վանում է, թույլ չի տալիս Հայաստանում դրսևորվել:

– Վարչակարգ իրականում չկա, Հայաստանում այլևս չկա իշխանություն, ինչպես և չկա Ռուսաստանում: Ամեն ինչ մեկ մարդուց է կախված, և դա շատ փխրուն կոնստրուկցիա է, այնպես որ՝ ամեն ինչ փշրվելու է մի քանի ժամվա մեջ, ինչպես մենք 91թ. տեսել ենք, երբ մարդիկ փախչում էին, այրում էին կուսակցական տոմսերը, ուսադիրներն էին պոկում, շատ շուտով դա կտեսնենք: Եվ մենք պետք է ոչ թե այդ մասին մտածենք, այլ մտածենք մշակույթի, գիտության, կրթության այնպիսի մթնոլորտ ստեղծելու մասին, որ հայ լինելու հպարտությունը վերադառնա:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply