ՍԱՐԴԱՐԱՊԱՏ DEJA VU

0

Տիգրան Խզմալյան

1918 թվականի 11-րդ ամսվա 11-րդ օրը, ժամը 11-անց 11 րոպե հանդիսավոր կերպով հռչակվեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը: Այդ օրացուցային պաթոսն արտացոլում էր հաղթողների այն միամիտ պատրանքը, թե մարդկային պատմության մեջ այլևս երբեք չի կրկնվի այդպիսի սարսափելի սխալ, որը 10 միլիոն մարդկանց կյանք խլեց, քարտեզից ջնջեց չորս հսկայական կայսրություն և ոչնչացման եզրին հասցրեց մի շարք ազգերի:

Պատրանքն այս դիմացավ, որքան գիտենք, ընդամենը 20 տարի, մինչև երկրորդ աշխարհամարտի սկիզբը, սակայն մինչ դա առաջին համաշխարհային պատերազմի շատ մարտեր հավերժացան մարդկային պատմության մեջ` Սոմն և Իպրը, Վերդենն ու Գալապոլին: Դրանց շարքում, սակայն, աշխարհի համար համարյա անհայտ մնաց Արաքս գետի ափին մի փոքրիկ երկաթուղային կայարանի մոտ հինգ օր տևաց մի ճակատամարտ, որը կանխորոշեց կովկասյան երեք երկրների ու դրանց մայրաքաղաքների ճակատագիրը, ինչպես նաև ողջ տարածաշրջանի ապագան: Այս կայարանն այսօր էլ կոչվում է

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ                                                      

20-րդ դարը ներխուժեց պատմության մեջ երկաթգծով: Առաջիմ աշխարհամարտը նույնպես երկաթուղիների պատերազմ եր: Երկաթե մարդկանց ձեռքով գծված երկաթե քարտեզներով` երկաթե գնացքները սլանում էին երկաթե գծերով, անիվների տակ ճզմելով ճանապարհին պատահած փոքրիկ երկրներ, ազգեր ու ճակատագրերը: Պատահական չէ, որ Օսմանյան Թուրքիայում պատերազմի ու հայոց ցեղասպանության ուղիները նույնպես համընկնում էին երկաթուղու գծերի հետ: Պատահական չե, որ մասնատված Հայաստանի տարածքում այդ պատերազմն ու ցեղասպանության կանգնեցվեց նույնպես երկաթուղային կայարանում:

Փորձենք անցնել այս ճանապարհը…

1918 թվականի գարնանը չորսամյա համաշխարհային մսաղածից հետո բոլոր մարտնչող ազգերը հոգևարկ էին ապրում:

Հեղափոխվող Ռուսաստանը հրաժարվեց և պատերազմից և միլիոնավոր զոհերի գնով նվաճած տարածքներից, հանձնելով փլվող կայսրության արևմուտքն ու հարավը Գերմանիային ու Թուրքիային:

Ֆրանսիական զորքը նահանջել էր մինչև Փարիզի արվարձանները և վերջին ճիգերով զսպում էր գերմանական գրոհները:

Բրիտանիան իր բանակի մեծ մասը հանել էր եվրոպական ռազմաճակատից, ուղարկելով Արավիայի, Եգիպտոսի ու Հնդկաստանի իր գաղութները պաշտպանելու:

Սակայն թվացող հաղթանակի համարյա հասած Գերմանիան նույնպես կաթվածահար վիճակում էր: Տասնամյակներ անց որոշ վերլուծաբանները մատնանշում են երկու գործիչների անունները, որոնց պատճառով կայզերական Գերմանիան պարտություն կրեց արդեն գրեթե հաղթաց պատերազմում: Առաջինը` ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն էր, որը երկրի սահմանադրությունից հանեց ամերիկյան զորքը արտասահման ուղարկելու արգելքը, այսպիսով Գերմանիայի դեմ բացելով երրորդ ռազմաճակատը:

Երկրորդ անձը, որը զրկեց գերմանական բանակը, նավատորմն ու օդուժը Կասպից ծովի նավթային պաշարներից` Բաքվի կոմուննայի առաջնորդ Ստեփան Շահումյանն էր: Լենինի առաջադրանքով նա սպառնացել էր առաջացող գերմանական զորքերին պայթեցնել ու այրել բոլոր նավթահորերը, որից հետո պատերազմի շարունակումը դառնում էր անհնարին:

Ծանրագույն վիճակում հայտնվեց նաև Գերմանիայի հիմնական դաշնակից` Թուրքիան: Պատերազմի ընթացքում կորցնելուվ Օսմանյան կայսրության գրեթե բոլոր գաղութները Եվրոպայում, Հյուսիասային Աֆրիկայում և Արաբական Արևելքում, երիտթուրքերի կառավարությունը այժմ ձգտում էր իրագործել զինվորական նախարար Էնվեր Փաշայի և նրա գաղափարախոս-խորհրդատու Բեհաէդդին Շաքիրի արկածախնդիր ծրագիրը` ստեղծել նոր պանթուրանական գերտերություն Արևելքում` Կովկասի, Ադրբեջանի ու Միջին Ասիայի տարածքներում: 1918 թ. ամռանը Բաթումի բանակցություններում դոկտոր Շաքիրը ասաց հայ պատվիրակությանը.

Հայերը կանգնած են մեր համիսլամական և համաթուրքական սրբազան իդեալներու իրականացման ճամփու վրա, և մենք անխուսափելիորեն կբախվեինք անոնց հետ: Ատիկա վեր է և դուրս է մեր անձնական զգացումներեն ու տրամադրություններեն: Մենք հարկադրված ենք տարերայնորեն ոչնչացնել մեր ճամփու վրայեն այն ամենը, ինչ որ արգելք կհանդիսանա մեր ազգային սրբազան իդեալներուն: Եվ հետո դուք միշտ ռուսներուն հետ եք. Դուք անոնց առաջապահն եք, իսկ ռուսները մեր ոխերիմ թշնամիներն են: Պատմական թշնամիները ”:

Դեպի Արևելք այս ճակատագրական ցատկի համար 1918 թ. գարնանը 10-միլիոնանոց թուրք ազգը հավաքագրեց 4-ամյա մսաղացից մնացած իր վերջին ուժերը: Բավական է ասել, որ այդ պահին Անդրկովկաս էին ուղարկվել Ստամբվուլը պաշտպանող 5 թուրքական դիվիզիաներ, թողնելով սեփական մայրաքաղաքի ապահովությունը ժամանակավոր դաշնակից` բուլղարական զորքին:

Այսուհանդերձ, 1918 թ. Կովկասյան ռազմաճակատում թուրքերն ընդհանուր առմամբ ունեին շուրջ 35 հազար զինվոր, որոնց աջակցում էին տեղական մուսուլմանական բնակչությունից կազմված անկանոն զինված խմբերը: Թուրքական բանակի կորիզը Կովկասում կազմում էին դեռևս պատերազմի սկզբին Ստամբուլի նեղոցներում բրիտանա-ավտստրալիական դեսանտը ջախջախած ընտիր զորամասերը, որ այդ հաղթանակի պատվին կրում էին “Գալաբոլու”/այսինքն Դարդանել/ անվանումը: Արևելյան ճակատի հրամանատարն էր թուրքական բանակի ամենաբարձր զինվորական պաշտոն ունեցող ֆերիկ, այսինքն մարշալ` Վեհիբ փաշա Մոհամեդը: Արշավի նշանակությունն էլ ավելի ընդգծելու համար ընդհանուր ռազմավարության մշակումը ստանձնել էր երիտթուրքերի եռապետության անդամ, ռազմական նախարար Էնվերը:

Իսկ ինչպիսի’ն էին իրենց դիմակայող ուժերը, նախ և առաջ` հայկական: Մեր թուլության և անպաշտպանվածության վտանգավոր առասպելն առաջացավ ավելի ուշ` քողարկելու համար մեր անճարությունն ու անկազմակերպությունը: Պատերազմի և ցեղասպանության նախօրեին հայերի թիվը աշխարհում կազմում էր շուրջ 5 միլիոն, այդ թվում 2,5 միլիոն Օսմանյան կայսրությունում, 1,5 միլիոն Ռուսաստանում ու ևս 1 միլիոն Միջին Արևելքի, Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի երկրներում: Հայերն ունեին մի շարք քաղաքական կուսակցություններ, պատգամավորներ տարբեր պետությունների խորհրդարաններում, հազարավոր եկեղեցիներ, հարյուրավոր թերթեր ու ամսագրեր տարբեր լեզուներով, բազմաթիվ բարձրաստիճան քաղաքական ու ռազմական գործիչներ, վիթխարի ֆինանսական ու տնտեսական կարողություն միջազգային մակարդակով: Բավական է հիշատակել համաշխարհային նավթարտադրության եկամուտների 5 տոկոսի սեփականատեր Գալուստ Գյուլբենկյանին, կամ առաջին միջմայրցամաքային նավթամուղ` Բաքվից Բաթում կառուցած Լևոն Մանթաշևին: 1914 թվականին համաշխարհային պատերամի զորակոչին տարբեր երկրներում ներկայացան շուրջ 300 000 հայեր, այդ թվում  Ռուսաստանում` 200,000 հազար զինվոր ու 2,000 սպա: Հետո շատ էր ասվում, որ մենք պատրաստ չեղանք դեպքերի զարգազմանը, չէինք սպասում անկախության հնարավորույանը: Բայց չէ’ որ դեռ 18-րդ դարին հեռավոր Հնդկաստանում Շահամիրյանն արդեն գրում էր ապագա անկախ Հայաստանի սահմանադրությունը, իսկ Իսրայել Օրուց մինչև Լորիս-Մելիկով հայ գործիչները մշակում էին մեր ինքնավարության նախագծերը ռուս կայսրերի հետ: Չե’ որ դեռևս 1914 թ. նոյեմբերին Թիֆլիս ժամանած ռուս արքա Նիկոլայ 2-րդը քննարկում էր հայոց կաթողիկոս Գևորգ 5-դի հետ պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի 6 նահանգների և Կիլիկիայի տարածքում ստեղծվելիք ինքնավար Հայաստանի ծրագիրը: Մի’ թե այս ամենից անտեղյակ էին հայ քաղաքական ու կուսակցական գործիչները, մտավոր ու տնտեսական վերնախավը:

Եվ այնուհանդերձ, կատարվեց այն, ինչը մեր ազգային ու համաշխարհային պատմության մեջ գրանցվել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Մեր ողբերգությունը սկսվեց ոչ թե 1915 թվականին և մի գուցե, այն շարունակվում է առ այսօր, քանի դեռ չէն վերացել մեր մեջ արմատացած դրա հիմնական պատճառները: 1918 թ. գարնանը հայությունը իրենից ներկայացնում էր պառակտված ու բևեռացած մի հասարակություն, որը լցված էր աղքատների ու հարուստների դասակարգային ատելությամբ, սոցիալական անարդարությամբ, ժողովրդի ու ղեկավարների միջև աճող օտարությամբ, կաշառակերությամբ ու կոռուպցիայով, կուսակցական գզվրտոցով, քաղաքական մանր ամբիցիաներով, գաղափարական սնանկությամբ, օլիգարխների անհեռատես նյութապաշտությամբ ու ագահությամբ, մամուլի ու մտավորականների թուլությամբ կամ ծախվածությամբ, բոլոր տեսակի վերնախավերի խայտառակ բացակայությամբ կամ լավագույն դեպքում ` ազգի առջև ծառացող ահեղ խնդիրներին բացարձակ անհամապատասխանությամբ:

Սարդարապատի թանգարանում հերոսամարտի զենքերի հետ մեկ տեղ ցուցադրվում են 20-րդ դարի սկզբի ազգային կյանքի ու կենցաղի նմուշները` գութանն ու խնոցին, գորգն ու ժանյակը: Դրանց մեջ ես նկատեցի ժողովրդական հին, պարզ ու խորիմաստ մի զվարճանք` կոշկատակերի կտորներից ձևած-կտրած տիկնիկների, ստվերների թատրոնի հավերժ հերոսներին ` խելոք ու հիմար, աղքատ ու հարուստ: Ի~նչ քիչ են փոխվել մարդիկ, ի~նչ նման են իրար դարաշրջանները: Հատկապես` 20-րդ ու 21-րդ դարերի սկիզբը:

Պատերազմի ու հեղափոխության արդյունքում փլուզված Ռուսական կայսրության տեղը Կովկասում առաջացավ հայերին, վրացիներին ու ադրբեջանցիներին միավորող դաշինք` Անդրկովկասյան սեյմ անվանումով: Այս տարօրինակ միավորման անբնականությունը գալիս էր նրանից, որ դաշնակից ազգերը գտնվում էին տնտեսական, քաղաքական ու մշակութային զարգացման միանգամայն տարբեր փուլերում իսկ նրանց ղեկավարները հետապնդում էին բացարձակապես տարբեր ու իրարարամերժ նպատակներ: Վրաստանում հեղափոխությունից հետո իրենց ժողովրդավար հռչակաց հին ազնվական ցեղերի ներկայացուցիչներ` Ծերետելին, Չխենկելին, Չխեիձեն, Ժորդանիան, Ռամիշվիլին, Գեորգաձեն, Գեգեչկորիան, Դեդերիանին` փորձառու ազգային գործիչներ էին, հմուտ ու ճկուն դիվանագետներ, սառը ու ճարպիկ քաղաքագետներ: Ադրբեջանը սեյմում ներկայացնում էին խոշոր կալվածատերեր Խան-Խոյսկին, Ալի Բեյ Պեպինովը, Թոփչիբաշևը, որոնք հետապնդում էին ֆեոդալական կարգերը պահպանելու և ամրապնդելու նպատակները: Վերջապես, հայ քաղաքական միտքը պառակտված էր` մի կողմից Բաքվի մեծամասնությամբ հայազգի բանվորական դասակարգը ղեկավարող բոլշևիկների, մյուս կողմից Թիֆլիսի հայ բուրժուաների և Հայաստանի գյուղացիների վստահությունը վայելող այլ կուսակցությունների, հիմնականում` դաշնակների միջև: Այս խայտաբղետ միավորումը էլ ավելի անհամադրելի էր դառնում մասնակիցների բոլորովին տարբեր արտաքին քաղաքականության պատճառով: Ադրբեջանցիները չէին թագցնում Թուրքիայի հանդեպ իրենց խորը համակրանքը և եռանդուն աջակցում էին երիտթուրքերի պանթուրանական ծրագրին: Կովկասում սկսված պատերազմի օրերին նրանք անվերապահորեն կատարում էին Թուրքիայի 5-րդ շարասյան դերը, իսկ ադրբեջանական կանոնավոր զորամասը 1918 թ. ամռանը ողջ կազմով անցավ թուրքերի կողմը:

Վրացիներն, իրենց հերթին, կառուցում էին ազգային դիվանագիտությունը երկու գործոնների վրա` սևծովյա նավահանգիստների առկայության և Ռուսաստանի ազդեցությունից ազատվելու հոգուտ գերմանա-թուրքական դաշինքի: Կովկասյան ճակատում վրաց բանակը շարունակ փորձում էր պահպանել չեզոքություն: Միակ դեպքը, երբ վրաց բանակը դիմեց լուրջ մարտական գործողությունների` 1918 թվականի դեկտեմբերն էր, Առաջին աշխարհամարտի ավարտից մեկ ամիս անց, երբ գեներալ Ծուլուկիձեի 12-հազարանոց զորքը զրահագնացքի օգնությամբ ներխուժեց Հայաստան, փորձելով Ջավախքից բացի գրավել նաև Լոռին, մինչև որ Սանահին կայարանում գեներալ Դրաստամատ Կանայանի 6-հազարանոց հայկական կորպուսը կանգնեցրեց գրոհը և հետ մղեց վրացիներին մինչև Սադախլո կայարանը, որտեղ այսօր էլ անցնում է սահմանը:

Իսկ ո’վ էր ներկայացնում հայ ժողովրդի շահերը Անդրկովկասյան սեյմում և Հայոց Ազգային Խորհրդում, որն, ի միջայլոց, հայ-թուրքական ողջ պատերազմի ընթացքում նստում ու գործում էր Թիֆլիսում, իր ազգի եւ բանակի հետ առնչվելով հիմնականում հեռագրերով ու անկայուն հեռախոսակապով:

Պատմաբան Լեոյի, բանաստեղծ Ավետիք Իսահակյանի, ինչպես նաև նույն այդ ղեկավարների կազմից որոշ անկեղծ մարդկանց բնութագրությամբ` դա վարժապետների ու լրագրողների, միամիտ ու անպատրաստ մարդկանց մի խումբ էր, որոնց մեջ լավագույն դեպքում կային արևմտահայերի հերոսական ինքնապախտպանության կազմակերպիչները, համեստ ու ազնիվ Արամի ու Ռուբենի նման, բայց ավելի շատ էին նրանց հետ հաշվի չնստող ամպագոռգոռ միջակությունները` բժիշկ Զավրիևի, հրապարակախոսներ Ահարոնյանի ու Խատիսովի, նախկին ճարտարապետ Քաջազնունու, հաշվապահ Կարճիկյանի, Գրուզինյան-Վրացյանի պես:

Դաշնակցական Միանաս Տեր-Մինասյանի, նույն Ռուբենի հուշերում կարդում ենք.

“Ազգերի, այսպես ասած “ալան-թալանի” վայրկյանին, երբ անհատի դերը մեծ էր, հայերը չունեին ո’չ Պետերբուրգում և ո’չ էլ Կովկասում մի պաշտոնական անձ, ձևակերպելու ու ընթացք տալու իրենց պահանջներին: Այս հանգամանքը շեշտեցի նրա համար, որովհետև Անդրկովկասյան երկրամասում ներկա սահմանային դրությունները հետևանքն են մեր ցուցադրած ապիկարության ու անկարողության…   ”:

 

Ամենազարհուրելին այն է, որ այս պայմաններում մեր վերնախավը իր անթաքույց թշնամաբար տրամադրված ազերի ու վրաց “դաշնակիցների” տրամադրության տակ հանձնեց հայ ժողովրդի փրկության միակ ու ամենաթանկ միջոցը` հայոց բանակը:

Ամենահամեստ հաշվարկով հայոց բանակը այդ պահին կազմում էր 30 հազար զինվոր և մոտ մեկ հազար սպա, հանդիսանալով Կովկասի զինված ուժերի ամենապատրաստված ու մարտունակ զորքը: Լեոն գրել էր.

Վրացիները մեծ հույս ունեին հայ զորքերի ու հայդուկային խմբերի քաջության ու դիմացկունության վրա: Նրանցից ոմանք մեզ ասում էին, թե իրանց սպասելիքը մեր զինվորներից ավելի շատ է քան իրենց զինվորներից ” :

Սակայն չնայած դրան, կամ մի գուցե հենց այդ պատճառով իրար հաջորթող Անդրկովկասյան սեյմի բոլոր կառավարությունների կազմում վարչապետի, ռազմական նախարարի, արտաքին ու ներքին գործերի ղեկավար պաշտոնները մշտապես ստանձմնում էին վրացիները` Գեգեչկերին, ապա Չխենկելին, Գեորգաձեն, Մդիվանին, Օդիշելիձեն: Միաժամանակ ազերիներին տրվում էին կապի, տրանսպորտի ու հաղորդակցության նախարարությունները, մինչդեռ հայերը բավարարվում էին ֆինանսների, պարենի ու խնայությունների մինիստություններով: Հայ ղեկավարներից Ալեքսանդր Խատիսովը իր հուշերում, արդեն Խատիսյան ազգանունով խոստովանում էր.

Անդրկովկասյան իշխանության զինվորական ղեկավարությունը հայերի ձեռքը չէր, ուստի այն կծառայեր հակահայկական, այսինքն` ռազմաճակատին հակառակ նպատակների: Որովհետև թաթարները պարզապես թուրքերի կողմն էին, իսկ վրացիները` անոնց ուժ կուտային փաստորեն: Պետք է նկատի ունենալ նաև, որ երկաթուղիներն ալ հայերու ձեռքը չէին, այլ թաթարներու ու վրացիներու, որոնք կմերժեին մեզ վագոններ տալ ճակատ զորք փոխադրելու համար…  

Եվ այս մասին գանգատվում է տարածաշրջանում ամենամարտունակ զորք ունեցող ազգի ղեկավարը… Ո’վ էր մեղավոր այս հանցագործ անհետետության համար` թուրքե’րը, վրացինե’րը, ազերինե’րը: Բնավ` ո~չ: Նրանք պաշտպանում էին սեփական ազգային ու դասակարգային շահերը և ինչպես պարզ դառձավ ընթամենը 1-2 տարի անց` մեզնից շատ ավելի լավ: Մեր դժբախտությունների ու սխալների մեղավորները միայն մենք ենք:

Իսկ կա’ր, արթյոք, այլընտրանք այն վտանգավոր ու անհեռատես քաղաքական գծին, որ վարում էր հայկական Ազգային խորհուրդը Թիֆլիսում: 1917 թ. դեկտեմբերին հայ քաղաքական գործիչներից Ռուբենը /Մինաս Տեր-Մինասյանը/, որը գլխավորում էր հայկական զինված ոժերը Թիֆլիսում, և Արամ Մանուկյանը` որը տնօրինում էր հայոց զորքը Երևանի նահանգում, հանդիպումներ ունեցան Ռուսաստանի կողմից Կովկասի արտակարգ կոմիսար նշանակված, Բաքվի Սովետի նախագահ Ստեփան Շահումյանի հետ:  Սա եզակի պատմական հնարավորություն էր միավորելու ողջ Կովկասի հայկական զինված ուժերը և շուրջ 60-հազարանոց բանակով վերահսկելու ամբողջ մի տարածաշրջան, փրկելով այն թուրքական զավթումից ու ապահովելով Հայաստանի համար առավել նպաստավոր դիրքը հետպատերազմյան տարածքային կարգավորման ժամանակ…

Սակայն դա տեղի չունեցավ: Արամի ու Ռուբենի հորդորները մերժվեցին բյուրոյի մեծամասնության ձայներով: Սիմոն Վրացյանը իր հուշերում հաստատում է.

Կային մարդիկ, որոնք այդ օրերին ցույց էին տալիս Խորհրդային Ռուսաստանի ճամփան, առաջարկելով ձեռք մեկնել բոլշևիկներին…Այս տրամադրություններին որոշ չափով նպաստում էին և Թիֆլիսում ստացվող աղոտ լուրերը, որ, իբր թե, Լենինը առանձին դեկրետով հայտարարել է Հայաստանի անկախությունը: Սակայն այդ մտքի անհեթեթությունը այնքան էր ակներև… Ռուսաստանը շատ էր հեռու, իսկ բոլշևիկների ուժը` ավելի քան խնդրական…

Հետաքրքիր է, որ ընդամենը 2 տարի անց, երբ Կարմիր բանակը  շքերթով մտավ Երևան, այդ նույն մարդկանց արդեն ոչ Ռուսաստանն էր թվում հեռու, ոչ էլ բոլշևիկների ուժը` խնդրական: Սակայն այդ երկու տարիները դեռ առջևում էին, իսկ այդ պահին հայ վերնախավը ընդունեց ճակատագրական որոշում` ենթարկվել ոչ թե Արամի ու Ռուբենի հորդորներին, այլ վրաց-ադրբեջանական սեյմի որոշմանը, որի խոսնակներ Օնիշվիլին ու Չխեիձեն հայտարարում էին, թե ավելի լավ է ընկնել Թուրքիայի, քան Ռուսաստանի գիրկը:

Ճակատագրի հեգնանքով, այս խոսքերը բառացիորեն կրկնում էին 5 դար առաջ Կոստանդուփոլիսի անկման նախօրեին բյուզանդացիների ասածը, թե լավ է խոնարվել թուրքական չալմայի, քան հռոմեական թագի առջև: Հրաժարվելով արևմտյան օգնությունից ու փոշիացնելով սեփական ուժերը, Բյուզանդիան 1453 թվականին տապալվեց թուրքերի հարվածների տակ ու անհայտացավ աշխարհի երեսից:

Այսպիսին էր իրողությունը, երբ թուրքերը 1918 թ. գարնանը հավաքելով շուրջ 35 հազար մարտունակ զինվոր, շարժվում էին դեպի Կովկաս:

Նապոլեոնական նվաճումներից մինչև հիտլերյան զավթումները նորագույն պատմությունը չգիտի մեկ այլ դեպք, երբ համեմատաբար փոքրաթիվ բանակը 2 ամսվա ընթացքում կարողանար նվաճել շուրջ 200,000 քառակուսի կիլոմետր տարածք, գրավելով մի քանի անառիկ բերդաքաղաք, զինաթափելով տասնյակ հազարների հասնող կայազորի զինվորներին ու առգրավելով անթիվ զենք ու մթերք: Ահա այս ռազմարշավի համառոտ նկարագիրը. 1918 թ. մարտի 12-ին ընկավ Էրզերումը, ապրիլի 5-ին` Սարիղամիշը, ապրիլի 14-ին թուրքերը մտան Բաթում, ապրիլի 25-ին հանձնվեց Կարսը, մայիսի 15-ին հայերը թողեցին Ալեքսանդրոպոլը:

Ինչպե’ս կատարվեց այդ խայտառակությունը: Այս հարցը նույն օրերին տալիս էր դաշնակցական “Աշխատանք” թերթն ու պատասխանում էր.

Ըսել, որ թշնամին գերազանց ուժն էր, որ մերոնց հարկադրեց քաղաքը թողուլ. – ո’չ երբեք, որովհետև անիկա հազիվ 4,000 հոգի ըլլար, իսկ մեր զինվորներուն թիվը 9-10,000 կհասներ: Ըսել, որ պետք եղած անհրաժեշտ ռազմամթերքը կպակսեր` ամենևին ոչ, որովհետև հոն այհքան ռազմանյութ կար, որ նույնիսկ հսկողության տակ պահել կարելի չէր: Ըսել, որ թշնամիի դիրքերը մերոնցմե ավելի նպաստավոր էին նույնպես ճիշտ չէ, որովհետև մերոնք 500-ե ավելի թնդանոթներով ապահովված բերդերով շրջապատված էին, մինչդեռ թշնամին բաց դաշտին մեջ կկռվեր…

Հայտնի երկիծաբան Լեռ-Կամսարը դառը հեգնանքով նկարագրեց Կարին-Էրզերումի անկումը իր “Ազգային Այբբենարանում”.

Տաճիկի ուժը կբաղկանար 300 զինվորներե, որոնց կառաջնորդէին նույն թվով շվաքները անոնց առաջնին ընկած: Խորամանկ տաճիկը իր հարձակման ատեները դիտմամբ երեկո էր ընտրեր, երբ շվաքները երկար կըլլան ու ահարկու: Երբ Տաճիկը Կարնո  պատին մոտեցավ, 600 թնդանոտները մեկեն… լրեցին: Կռվին հաջողությունը մեր կողմն էր դարձել, երբ արևի տաք ժամանակ հանկարծ մեր զորաց շվաքները դավաճանությամբ կռվողներու ետևեն անցան: Այս դեպքը լքում առաջացուց մերիններուն մեջ և զորքը կռնակ դարձնելով փախավ: Տաճիկը մեր թնդանոթներու տեղատարափ լրության տակ քաղաք մտավ…

Իհարկե, արձունքները թաքցնող այս ծիծաղը ուռճեցնում էր իրողությունը, բայց ոչ անճանաչելի աստիճանի: Գրեթե նույն պատկերը կրկնվեց 20 օր անց Սարիղամիշում, իսկ 40 օր անց` Կարսում:

Իսկ այլ կերպ ինչպե’ս և ինչո’ւ պետք է լիներ, եթե հայոց հազարամյա Կարին-Էրզերում ու Կարս բերդաքաղաքների ռազմական ղեկավարությունն ու պաշտպանությունը Հայոց ազգային խորհուրդը վստահեց ու հանձնեց օտարներին` Էրզերումի քաղաքապետ մենշեվիկ Ստավրոնսկուն, փոխքաղաքապետ մուսավաթիստ Ալի Բեյ Պեպինովին, կայազորի պարետ գեներալ Օդիշելիձեին ու հրետանու հրամանատար շտաբս-կապիտան Տվերդոխլեբովին: Չե, մեկ հայ էլ կար` քաղաքի միլպետ Արմենակ Միրոյանը, որն աչքի ընկավ բերդի զենքն ու պարենը ամիսներով վաճառելով շրջակա գյուղերի մուսուլմաններին: Իհարկե, կային հայ գործիչներ, որ անգամ այդ պայմաններում փորձում էին պաշտպանել Հայրենիքը: Այսպիսին էին հայդուկային ջոկատների հրամատարներ Սեբաստացի Մուրադն ու Սեպուհը, որոնք պաշարման նախօրեին առաջարկեցին գիշերային հարձակում կազմակերպել թուրքերի թիկունք, համակարգելով այն բերդի մարտկոցների կրակի հետ: Սակայն Սարիղամիշի գծի հրամանատար գեներալ Արեշյանը համարեց առաջարկը “անիրական”, իսկ հերոս պարտիզանների ջոկատները “անվստահելի ու անկանոն” խմբավորումներ… Զայրացած Սեպուհն ու Մուրադը իրենց ձիավորներով հեռացան:

Մյուս օրինակ. զորավար Թորգոմը դեռևս հունվարի 25-ին, տեսնելով Էրզերումի ղեկավարության հայատյաց ու դավաճան կեցվածքը, ըմբոստացավ ու հռչակեց քաղաքում հայկական անկախություն և ինքնավարություն: Նրան ձերբակալեցին ու ուղարկեցին Թիֆլիս, որտեղ Հայոց Ազգային խորհուրդը չհամաձայնեցված անկախություն հռչակելու համար զրկեց նրան գնդապետի ուսադիրներից, իջեցնելով կոչումը մինչև տասնապետ:

Զարհուրելի ու ամոթալի կերպով հանձնվեց և Կարսի բերդը: Թուրքերի միակ լուրջ գրողը տեղի ունեցավ ապրիլի 24-ին, որն էլ հաջողությամբ հետ մղվեց Թիֆլիսի դպրոցների շրջանավարտներից կազմված, ռուս գեներալ Դեևի հրամանատարության տակ գործող հայկական հրետանու կողմից: Թուրքերը նահանջեցին, հարյուրավոր դիակներ թողնելով Հարամ-Վարդան կոչվող մարտկոցի դիմաց: Սակայն մյուս առավոտ, ապրիլի 25-ին, Անդրկովկասյան կառավարության նախագահ Ակակի Չխենկելին հեռագրով կարգադրեց Կարսի պաշտպանության հրամանատար գեներալ Ֆոմա Նազարբեկովին հանձնել անառիկ բերդաքաղաքը թուրքերին: Եվ Նազարբեկովը, չնայաց հերոսական ու հաջող դիմադրությանը, հրամայում է հանձնել Կարսը, հիմք ընդունելով ընթամենը մի հեռագիր… Աննախադեպ մի բան պատմության մեջ:

Ինչպես հետո գրեց իր հուշերում Սիմոն Վրացյանը.

Ոչ ոք տեղեկություն չուներ Չխենկելու արած քայլերի մասին: Եվ, ինչ որ պակաս տարօրինակ չէ, հեռագրական կապն էլ հայկական զորքի և Հայոց խորհրդի միջև կտրված էր, և Թիֆլիսում մենք չգիտեինք, թե ինչ է կատարվում հայկական ռազմաճակատում…”

Այս խայտառակությունը մեծ աղմուկ հանեց քաղաքական շրջանում: Թիֆկիսում հայ մինիստրներն անգամ հրաժարական ներկայացրեցին, ի նշան բողոքի, և վարչապետ Չխենկելին այնքան ցնվեց նրանց սկզբունքայնությունից, որ ինքն էլ պատրաստություն հայտնեց թողնել իր պաշտոնն ու առաջարկեց այն հայ գործիչներից մեկին, օրինակ` ընկեր Քաջազնունուն: Վրացյանը գրեց, որ հայերը, բնականաբար, հրաժարվեցին: Ճիշտն ասաց, մեզ այսօր դժվար է հասկանալ` ինչո’ւ հրաժարվեցին հայերը և, հատկապես` ինչո’ւ բնականաբար: Ինչևե` Չխենկելին մնաց վարչապետ, երեք հայ նախարարները հետ վերցրեցին իրենց դիմումները, մնալով վրաց-ադրբեջանա-հայ կառավարության կազմում, Կարս էլ մնաց թուրքերին: Իսկ 20 օր անց հանձնվեց նաև Ալեքսանդրոպոլը:

Վերջինիս անկումը, թերևս, այդ բոլոր պարտությունների ու դավաճանությունների խայտառակ շղթայի պսակն է:

Կարսի գրավումից հետո թուրքերը տիրացան երկաթուղային հանգույցի, որից ուղիղ ու հուսալի ճամփաներ էին բացվում բուլոր ուղություններով` հյուսիսով դեպի Թիֆլիս, հարավով` դեպի Երևան ու Արաքսի հովիտով դեպի Թավրիզ, արևելքով` դեպի Գանձակ ու Բաքու:

1918 թ. մայիսի 13-ին Բաթումի բանակցություններում թուրքերը պահանջեցին իրենց տրամադրել Ալեքսանդրոպոլ-Ջուլֆա երկաթգիծը:

Թուրքերի, վրացիների, ադրբեջանցիների կողմից բազմիցս խաբված, բայց այդպես էլ ոչինչ չսովորած հայ դիվանագետները Բաթումից գրում էին Թիֆլիս` Հայոց ազգային խորհրդին: Քաջազնունի.

“…Իմ մեջ /կարծեմ նաև Խատիսովի մեջ/ այն համոզմունքը գոյացավ, որ թուրքերն այս անգամ չէն ստում, որ նրանց իսկապես որ խիստ անհրաժեշտ է անցնել Թավրիզ, և որ տվյալ, համենայն դեպս, պահին նրանք ուրիշ նկատառումներ ու դիտավորություններ չունեն… 

O Sancta Simlicita! Օ սուրբ միամտություն, հիմարության հոմանիշ… Ընթամենը երկու շաբաթ անց Բաթումի  բանակցություններում թուրք պատվիրակության ղեկավար մարշալ Վեհիբ Մոհամեդը կուշտ անկեղծույան պահին խելք է սովորեցնում նույն Խատիսովին.

“Ճակատագիրը կը քշե Թուրքիան արևելք: Մենք հեռացանք Բալկաններից, կհեռանանք նաև Ափրիկայեն, բայց մենք պետք է տարածվենք դեպի արևելք, հոն է մեր արյունը, մեր կրոնքը և լեզուն: Եվ ասիկա տարերային ձգողություն ունի: Մեր եղբայրները Բաքու, Դաղստան, Թուրքեստան և Ադրպեճան են: Մենք պետք է ճամփա ունենանք դեպի հոն: Եվ դուք` հայերըդ կանգնած եք մեր այդ ճամբուն վրա: Պահանջելով Վանը` դուք կը փակեք մեր ճամփան դեպի Պարսկաստան: Պահանջելով Նախիջևանն ու Զանգեզուրը` դուք արգելք կը դառնաք մեզ իջնելու Քուռի հովիտը և երթալու Բաքու: Կարսն ու Ախալքալակը կը փակեն մեր ճամփան դեպի Ղազախ ու Գանձակ: Դուք պետք է մեկ կողմ քաշվեք և մեզ ճամփա տաք: Ահա թե ուր է մեր հիմնական վեճը…

Այսպես, Սարդարապատից 7 օր առաջ, մայիսի 15-ին թուրքերը վերջնագիր են ներկայացնում Կարսը հանձնած իսկ այժ Ալեքսանդրոպոլը պաշտպանող նույն գեներալ Նազարբեկովին, ընդ որում` խորամանկորեն գրված պարսկերեն լեզվով: Նազարբեկովը, որը հայերեն անգամ չգիտեր, հանձնարարում է այն թարգմանել Ալեքսանդրոպոլի բերդի պարետ գնդապետ Յանկևսկուն: Վերջինս շտաաբում լեզու իմացող ոչ մի հայ սպա չի գտնում, քանի որ Զատիկի կապակցությամբ հրամանատարությունը նրանց բաց է թողել քաղաք, տոնը ընտանիքների հետ անցկացնելու համար: Հիշեցնենք, որ թուրքերն արդեն 20 օր է ինչ պաշարել էին Ալեքսանդրոպոլը և գտնվում էին քաղաքից հրացանի կրակոցի հեռավորության վրա: Սակայն ողբերգական այս անեկդոտը նոր է սկսվում: Կատարելով հրամանատարի առաջադրանքը, քաջ պարետը ավելի խելացի բան չգտավ քան մեկնել հենց թուրքերի մոտ, որպեսզի նրանք էլ թարգմանեն սեփական վերջնագիրը: Տեսնելով սպիտակ դրոշով մոտեցող պաշարված բերդի պարետին, թուրքերը անմիջապես հարձակվում են անպաշտպան մնացած քաղաքի վրա: Գեներալ Նազարբեկովը իր հրամանատարական “Մերսեդեսով” /ինչպես տեսնում ենք` գեներալների ճաշակը չի փոխվում/, դիմում է փախուստի դեպի Ջաջուր կայարան, սակայն ճանապարհի վրա խցանման մեջ է ընկնում փախչող ժողովրդի  պատճառով և ռուսերեն պահանջում է ճանապարհ զիճել իրեն, գեներալ Նազարբեկովին: Լսելով նրա անունն ու կոչումը մի անհայտ գյումրեցի սրամտեց նույնպես կիսառուսերեն. “Տո դու ի’նչ գեներալ քաջ Նազար բեգով` դու գեներալ Նազադ բեգոմն էս”... Հասկանալով այս բառերն առանց թարգմանչի, հրամանատարը ամոթից հետ է դարձնում մեքենան ու վերադառնում քաղաք, կարգավորելու համար զորքի նահանջը:

Հայոց վերջին բերդաքաղաքի խայտառակ անկումը վերջնականապես կազմալուծեց   հայոս քաղաքական ու զինվորական ղեկավարներին: Սակայն մոգական կերպով, հենց այդ փակուղային ու անելանելի թվացող իրավիճակը ստեղծեց բոլորովին նոր կացություն Հայաստանում: Կորցնելով երկաթուղին և կապն արտաքին աշխարհի հետ, իսկ հետևաբար նաև Թիֆլիսում լռված իր տխրահռչակ ղեկավարների հետ, հայ ժողովուրդը սկսեց գործել ինքնուրույն, ապավինելով միայն սեփական ուժերի: Հենց դա հանդիսացավ ազգային փրկության գլխավոր պատճառը:

1918 թ. մայիսի 19-ին թուրք պատվիրակության ղեկավար Խալիլ բեյը հայտարարեց Բաթումում, թե “հայերը պարտված են և պետք է ենթարկվեն:” Նույն օրը հայ պատվիրակներ Խատիսյանն ու Քաջազնունին հեռագրեցին Թիֆլիս, “Ազգային խորհրդին խորհուրդ տալով ռազմական դիմադրություն ցույց չտալ թուրքերին ”: Իր հերթին, Երևանի քաղաքային խորհուրդը ընդունեց քաղաքագլուխ Թուշյանի առաջարկը` Երևանն առանց դիմադրության հանձնել թուրքերի ողորմությանը:

Մայիսի 20-ին Երևանի զորամասի պետ գեներալ Մոիսեյ Սիլիկովը հրամայեց զորքին թողնել Սուրմալուն ու Էջմիածինը, ինքն էլ անձամբ գնաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդ Սուրենյանի մոտ, առաջարկելով իր օգնությունը Մայր Աթոռը տեղափոխելու Սևանի վանկ:  Սակայն Վեհափառ հայրապետը կտրուկ հրաժարվեց մեկնել, ասելով, որ եթե հայոց զորքը չի կարող պաշտպանել իր սրբությունները, ապա ինքը մենակ սուր կվերցնի ու կմեռնի սուրբ տաճարի շեմին, բայց չի հեռանա Էջմիածնից:

Սա բեկումնային պահ էր հայոց նոր պատմության մեջ: Կաթողիկոսի պատասխանը կայծակի պես տարածվեց բնակչության մեջ և նրա խիզախ կեցվածքը խորը տպավորություն գործեց զորքի ու ողջ ազգի վրա:

Փաստորեն գլխատված երկրում, ուր կառավարիչները ծառից պոկված տերևի պես քաշ էին գալիս Թիֆլիսում, ուր գլխավոր հրամանատարը զորքի մեծ մասի հետ պատսպարվել էր Դիլիջանի անտառներում, որի մայրաքաղքը պատրաստվում էր հանձնվել, միակ ձայնը, որ կանչեց ժողովրդին կռվել թշնամու դեմ` եկեղեցու ձայնն էր: Եվ այդ ձայնը հնչեց ոչ միայն վերացական, պոետիկ իմաստով: Մայիսի 22-ի առավոտյան Վեհափառ հայրապետ Գևորգ 5-րդի հրամանով Արարատյան դաշտի բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջեցին և այսպես ձայնակցել էին Էջմիածնից մինչև Երևան ու Արագածից մինչև Սևան ութ օր ու գիշեր շարունակ, անդադար, մինչև մայիսի 29-ը:

451 թվականից ի վեր, Ավարայրի ճակատամարտից հետո առաջին անգամ, 15 դար անց հայ ազգը նորից վեր կանգնեց ու համախբմվեց ժողովրդական պատերարազմի համար: Բայց հայ առաքելական եկեղեցու մասնակցությունը այս պայքարին չէր սահմանափակվում զանգերի ղողանջով:

Կուսակցական ու քաղաքական դատարկախոսների բացակայության ու դասալքության պայմաններում ինքնապաշտպանական պայքարը գլխավորեցին Էջմիածնի թեմարանի տեսուչ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, Էրզրումի հոգևոր առաջնորդ Զավեն եպիսկոպոս Մահտեսի-Բաբայանը, վարդապետներ Եզնիկն ու Թադևոսը, քահանա տեր Հովհաննես Տեր-Մկրտչյանը:

Մայիսի 22-ի վաղ առավոտյան Գարեգին ու Զավեն եպիսկոպոսները ձիեր հեծած գնացին Էջմիածնի շրջանի Հայի Զեյվա ու Քյորփալու գյուղեր, որտեղ տեղակայված էր գնդապետ Պավել Փիրումյանի 5-րդ գունդը, հիմնականում ղարաբաղցիներից կազմված, և կապիտան Խորեն Իգիթխանյանի հրետանային մարտկոցը իր 10 թնդանոթներով: Երկու եկեղեցականները օրհնեցին զինվորներին և, հորդորելով չենթարկվել նահանջելու հրամանին, վերանվանեցին զորամասը Մահապարտների գունդ: Հետո, խաչերը ձեռքերին բարձր պահած, նրանք առաջնորդեցին զորքը դեպի մարտի դաշտ: Այսպես սկսվեց Սարդարապատի հերոսական ճակատամարտը:

Ցերեկվա ժամը ուղիղ 12-ին կապիտան Իգիթխանյանի մարտկոցը կրակի տակ է առնում Ղամշլու /այսօրվա Արաքս/ կիսակայարանը և Կուլիբեյլի /…/ գյուղի տարածքում պատսպարված թուրք զորքերը: Մահապարտների գունդը գրոհի է անցնում, բարձրաձայն երգելով “Գացողը ետ չեկավ, Բայբուրդ” կոտորածի ժամանակ տարածում գտած երգը: Աջ թևից նրանց միացավ Աղթամարի միաբանության վարդապետ Եզնիկի ջոկատը, կազմավորված հոգևոր ճեմարանի 500 սաներից, որոնք մարտի դաշտ եկան իրենց պատանքներով, նմանվելով խաչակիր արշավանքների ասպետներին: Նրանց մեջ կային հմուտ նշանաձիգեր, որոնք դիպուք կրակոցներն այդ օրը ուղեկցում էին “Անտեր մնար Հասան լալեն, մեռնի Էնվեր փաշի բալեն ” երգով: Կարելի է պատկերացնել, թե ինչ տպավորություն էին թողնում թուրքերի վրա անդադար զանգերի ղողանջների ներքո հարյուրավոր ձայնով երգող մահապարտների ու միաբանների սև շղթաները, որ մահաբեր կրակի տակ նորից ու նորից անցնում էին գրոհի:

Համարյա տարերայնորեն սկսված կռվի ղեկավարությունը իր վրա ընդունեց մարտի դաշտում եղած հայ սպաներից ամենաբարձր զինվորական կոչում ունեցող գնդապետ Դանիէլ Բեգ Փիրումյանը: Կռվի թեժ պահին նա հանկարծ իր հագին եղած մոխրագույն զինվորական շինելն շուռ տվեց ու հագավ կարմիր աստառով դուրս և այսպես, ոգևորելով զինվորներին, անձամբ առաջ տարավ հարձակվող զորքը:

Սարդարապատի դաշտում այդ օրերին կարծես ներկայացված լիներ հայ ազգի անցյալ, ներկա ու ապագա փառքը: Ապագա գրող Աքսել Բակունցը և ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ապագա ակադեմիկոսներ Արարատ Ղարիբյանն ու Գրիգոր Ղափանցյանը, մաթեմատիկոս Բահադուր Բահադուրյանը և կոմերիտական Ղուկաս Ղուկասյանը: Մարտի դաշտում ուս-ուսի կռվում էին դաշնակներն ու բոլշևիկները, հնչակյաններն ու ռամկավարները, հոգևորականներն ու անգրագետ գյուղացիները: Սարդարապատում հայոց զորքը բաղկացած էր նաև Հայաստանում ապրող բոլոր ազգերի ներկայացուցիչներից: Իրենց անսահման քաջությունը դրսևորել էին Ջհանգիր աղայի ղեկավարած եզդի հեծյալները, հույն կապիտան Սակելյարիի և ռուս կապիտան Կլիչի հրետանային մարտկոցներն ու գնդացիրային գումարտակները, գնդապետ Պերեկրյոստովի պարտիզանական գունդը և փոխգնդապետ Կորոլկովի հեծյալ կազակները, Բեկ-Փիրումյանի շտաբի պետ ծագումով գերմանացի Ալեքս Շնեուրը` ահա Սարդարապատի մեր մարտական եղբայրների ոչ ամբողջ ցանկը:

Իսկ այդ նույն պահին, ճակատամարտի սկզբից մի քանի ժամ անց Երևանում հավաքված ղեկավարությունը դեռևս քննարկում էր թշնամուն դիմադրելու նպատակահարմարության հարցը: Այդ մասին վկայում է Երևանի ազգային խորհրդի նախագահ Ա.Շահխաթունին, արձանագրելով իր հուշերում, որ հավաքն անցնում էր Սարդարապատից լսվող թնդանոթների վորոտի և եկեղեցիների զանգերի ձայնի ներքո.

“Վերջապես հավաքվեցինք: Երկու վարկյան հետո եկավ սպարապետ Նազարբեգյանը: Ներկա էր նաև գծից մասնավորապես եկած զորավար Սիլիկյանը: Երկու հարց կար` առաջինը նահանջել ու լքել Երևանը…, երկրորդը` դիմել ամեն միջոցի, որպեսզի թույլ չտրվի տաճիկներին մտնելու Երևան ու Էջմիածին ”:

Հիշենք, որ ղեկավարների նիստը կայանում է մայիսի 22-ն, ճակատամարտի ընթացկում, երբ ժողովուրդն արդեն կայացրել է մարտնչելու իր որոշումը, որից այդքան էին խուսափում պաշտոնյաները: Վրացյանը լրացնում է պատկերը.

“Դիմադրությունը շատերին թվում էր անհնար ու անիմաստ: Հաղթության վստահություն չէին ներշնչում և մինչև այդ բանակից հասնող տեղեկությունները. Հոռատես զորավար Սիլիկյանի հաղորդագրությունները մռայլ գույներով էին ներկայացնում զորամասերի դիմադրական կարողությունները…

 

Սակայն վերադառնանք առանձնասենյակներից մարտի դաշտ: Օրվա երկրորդ կեսին հասնում են փոխգնդապետ Կարաքեշիշյանի և կապիտան Կլիչի մարտկոցները իրենց 28 թնդանոթներով, որոնք մահաբեր կրակ են բացում Սարդարապատ կայարանում դիրքավորված  թուրքերի հիմնական ուժերի վրա: Ռումբերից մեկը պայթեցնում է կայարանի ջրհան աշտարակը և ջրից հանկարց զրված թուրքերը փորձում էն տեղափոխվել ավելի բարենպաստ դիրքեր, սակայն ընկնում են Տաճատ Հովակիմյանի և Թևիկ Առաքելյանի գնդացիրային վաշտերի հնձիչ կրակահերթերի տակ: Քիչ անց գնդապետ Պերեկրյոստովի պարտիզանական գունդը, շրջանցելով երկաթգիծը հարավից, անսպասելիորեն ներխուժում է կայարանի և գլուղի տարածքը, մինչդեռ մահապարտների գունդը ճակատային հարձակում է սկսում թշնամու վրա:

Թուրքերը խուճապահար նահանջում են Ալեքսանդրոպոլի ուղղությամբ, մինչև կեսգիշեր հեռանալով Սարդարապատից շուրջ 20 կիլոմետր հեռավորության վրա: Մարտի դաշտում մնում է 3,500 ասքյարների դիակ, հիմնականում էլիրար համարվող “Գալաբոլու” դիվիզիայից, որը 3 տարի առաջ ջաղջախեց բրիտանա-ավստրալիական դեսանտը Դարդանելում, իսկ այդ օրը կնքեց իր մահկանացուն  Սարդարապատի տապաստաններում: Այդ օրը թուրքերի կորուստները ավելի մեծ էին, քան նախորդ երեք ամսվա ընթացքում, երբ նրանք Էրզերումից մինչև Բաթում անցան զինվորական շքերթով: Հեշտությամբ նվաճած հզոր բերդաքաղաքներից հետո փոքրիկ կիսակայարանում կրած պարտությունը բոլորովին անսպասելի էր թուրքերի համար և ստիպեց նրանց կտրուկ փոխել ողջ ռազմարշավի մարտավարությունը: Եթե մինչ այդ նրանց կովկասյան բանակը բաժանված էր երեք մասի, որից մեկը հյուսիսով մոտենում էր Թիֆլիսին, մյուսը Գանձակով շարժվում էր դեպի Բաքու, իսկ երրորդը Երևանով պատրաստվում էր հասնել Թավրիզ, ապա Սարդարապատի ճակատամարտը խառնեց այդ հսկայական ծրագրերը: Փաստորեն, այս աննշան երկաթուղային կիսակայարանը ճակատագրական կանգառ դարձավ երիտթուրքերի ողջ արևելյան քաղաքականության ու գաղափարաղոսության ճանապարհին: Հանդիպելով թվացյալ թիկունքում հայերի կատաղի դիմադրությանը, մարշալ Վեհիբ Մոհամեդը հրամայեց դեպի Թիֆլիս շարժվող Ջավիդ փաշայի զորքին անմիջապես հետ դարնալ Հայաստան, իսկ Քյազիմ Ղարաբեկիրի և Հիլկի փաշայի բանակին` ընդհատել երթը դեպի Բաքու: Այսպիսով, փոքր ու անհայտ Սարդարապատը թուրքական ներխուժումից փրկեց ոչ միայն Երևանն ու Էջմիածինը, այլ նաև Թիֆլիսն ու Թավրիզը և զգալիորեն օգնեց Բաքվին, ուր հետագայում թուրքերը կարողացան ուղարկել ընթամենը մեկ դիվիզիա: Սակայն փրկագինը չափազանց բարձ էր, և այն կրկին պետք է վճարեյին հայերը: Պարտությունից կատաղած Էնվերը փոխարինում է մարշալ Վեհիբին գեներալ Խալիլ փաշայով և թուրք նոր հրամանատարը շրջում է իր ողջ զորքը Հայաստանի դեմ, կազմելով 200-կիլոմետրանոց ընդհանուր ռազմաճակատ, որտեղ Սարդարապատը հայտնվում է ձախ թևում, աջ կողմից մնում է Ղարաքիլիսը, իսկ կենտրոնը դարնում է Բաշ-Ապարանը: Մայիսի 24-ն մարտերը վերսկսվել էին բոլոր ուղություններով:

Սակայն առաջին հաղթանակից անցած ժամերը բոլորովին փոխել էին պայքարի բնույթը հայ ժողովրդի գիտակցության մեջ: Թշնամու հետ մեն-մենակ մնացած և իր ուժին ապավինած ազգը սկսեց ժողովրդական պատերազմ: Արդեն 22-սի երեկոյան, երբ թշնամու նահանջի լուռը հասավ Երևան, քաղաքի բնակչությունը ինքնաբերաբար ոտքի ելավ, անմիջապես սկեց հաց, ջուր, շաքար, ծխախոտ հավաքել Երևանի երկաթուղային կայարանում` Սարդարապատ ուղարկելու համար: Այս կազմակերպչական աշխատանքը գլխավորեցին վանեցի կանայք, որոնք ինքնապաշտպանության մեծ փորձ ունեին և նրանց շնորհիվ առաջին օգնության գնացքը հասավ ազատագրված Սարդարապատ արդեն մայիսի 22-ի երեկոյան: Իսկ Երևանի Անգլիական այգում ողջ գիշեր մոմերի լույսի տակ կամավորները ցուցակագրվում էին բանակ, վաշտեր ու գումարտակներ էին կազմվում, որ մյուս առավոտյան արդեն մեկնեն ռազմաճակատ:

Մայիսի 23-ն թուրքերի հակահարվածն իր վրա ընդումեց Բաշ-Ապարանը: Ճակատի այս հատվածում կանոնավոր հայ զորքեր չկաին ընդհանրապես, ողջ դիմադրությունը իրագործվում էր ապարանցի կամավորների, Էջմիածնի աշխարազորայինների և Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ հասած դաշնակցական ջոկատների շնորհիվ: Ճկունությամբ օգտվելով իրավիճակի փոփոխումից, Սարդարապատից նույն օրը Ապարան եկավ Կորոլկովի հեծյալ պարտիզանական գունդը և կապիտան Սակելյարիի հրետանային մարտկոցը: Բացի դա, Գարեգին Նժդեհի և Դրոյի ջանքերով Բաշ-Ապարանի կռվին մասնակցեցին Արագածի գյուղերից հավաքված շուրջ 1500 հեծյալ եզդիներ Ջհանգիր Աղայի և Ուսուբ Բեյի գլխավորությամբ: Ընդհանուր առմամբ ճակատի կենտրոնական մասում 5 ու կես հազար մարտիկ ունեցող հայոց զորքը եռորյա դաժան կռվի արդյունքում հետ է շպրտել Շեվքի փաշայի թուրք բանակը Արագածոտնի շրջանից:

Մայիսի 24-ն Վրաստանի ու Ադրբեջանի ուղղություններից հավաքած թուրք պահեստային զորքերը ձեռնարկեցին նոր հակագրող Սարդարապատի վրա: Հայերը պատասխանեցին Աթանեսյանի, Իգիթխանյանի, Կարաքեշիշյանի ու Կլիչի մարտկոցների համատեղ կրակով, կանգնեցնելով հարձակումը: Երկօրյա հրետանային փոխհրաձգությունից հետո գնդապետ Բեգ Փիրումյանը մահապարտների գնդով ճակատային գրոհ է սկսում թուրքերի վրա, մինչդեռ փոխգնդապետ Ղասաբբաշյանի գումարտակը թիկունքից մոտենում է թշնամու դիրքերին` հնչակյան հայդուկ Պանդուխտի գլխավորած մշեցիների ջոկատի և Կոշ գյուղի կամավորների հետ միասին: Թակառդի մեջ հայտնված թուրքերը մայիսի 27-ի ցերեկվա ժամը 2-ին դիմեցին փախուստի, մարտի դաշտում թողնելով հարյուրավոր սպանվածների:

Այլ պատկեր էր Ղարաքիլիսայում: Ունենալով այստեղ համեմատաբար ամենախոշոր և կանոնավոր հայկական զորամասեր, թվով մոտ 15 հազար զինվոր, այսինքն համարյա երեք անգամ շատ քան Սարդարապատում և Ապարանում, մեր տխրահռչակ գլխավոր հրամանատար Նազարբեկովը կարողացավ այնպես տրոհել ու փոշիացնել իր ուժերը, որ, օրինակ, Անդրանիկը իր 5 հազարանոց զորքով ամբողջ մարտի ժամանակ երկուս ու կես օր անշարժ մնաց Դսեղ քյուղում, կատարելով դատարկ երկաթգիծը հսկելու Նազարբեկովի անիմաստ հրամանը: Աններելի ռազմավարական սխալ կատարելով, հրամանատարությունը խցկեց մեր բանակի խոշոր զորամիավորումները երկաթուղու նեղ կիրճը, որտեղ նրանք հեշտ ու անպաշտպան թիրախ դարձան բարձունքից կրակող թուրքական գնդացիրների համար, տանելով ծանր կորուստներ: Ճակատամարտի ականատես Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը հետագայում գրեց.

Եթե Ղարաքիլիսայի պատերազմը, հակառակ հայ զինվորի անվեհեր քաջության, այնքան անփառունակ վերջացավ, դրա մեղքը ընկնում է միմիայն ապաշնորհ ղեկավարների վրա ”:

Ինչո’ւ Սարդարապատում և Ապարանում փոքրաթիվ հայ աշխարազորը փայլուն հաղաթնակներ տարավ, կռվելով առանց  արհեստավարժ զինվորական հրամանատարների, մինչդեռ Ղարաքիլիսայում ծանր պարտություն կրեց բոլոր ղեկավարների ներկայությամբ: Իհարկե` պատճառները տարբեր են ու ոչ միանշանակ: Սարդարապատում ժողովուրդը կրծքով փակեց իր հոգևոր կենտրոնը` Էջմիածինը: Ապարանում կռվի ելավ ամբողջ շրջանի բնակչությունը, մինչդեռ ղարաքիլիսցիները ոչ միայն նախապես հանձնվելու առաջառկով պատվիրակություն ուղարկեցին Ջավիդ փաշային, այլ նաև թուրքերին սիրաշահելու համար դավաճանաբար ազատ արձակեցին քաղաքում պահվող Սարիղամիշում ապրիլին գերի վերցրած 2000 ասկյարների, որոնք մյուս օրը համալրեցին թուրք բանակը: Սակայն թվում է, որ գլխավոր պատճարն ավելի խորն է ու բարդ: Զարմանալիորեն, հաղթանակները գրանցվում էին հենց այնտեղ և այնժամ, ուր չկար քաղաքական ու ռազմական ղեկավարությունը և ժողովուրդը իր ձեռքն էր վերցնում ինքնապաշտպանության գործը: Սարդարապատի դաշտում մարտիկների ճնշող մեծամասնությունը կազմում էին կամավոր ջոկատները, պարտիզաններն ու աշխարհազորը: Ապարանում կանոնավոր հայ զորամասեր ընդհանրապես չկային, բացառությամբ հրետանու երկու մարտկոցի: Երկու դեպքում էլ հրամանատարությունը ստանձնեցին ինքնաբերաբար պատասխանատվությունն իրենց վրա վերցրած Դանիէլ Բեգ Փիրումյանը և Դրաստամատ Կանայանը: Մինչդեռ Ղարաքիլիսայի մարտերում աշխարազորը հազիվ 10 տոկոսն էր կազմում կանոնավոր բանակի շարքերում, իսկ ժողովրդական սերն ու վստահությունը վայելող Անդրանիկն ու Նժդեհը զինվորական կարգապահությամբ հնազանդվեցին գլխավոր շտաբի և զորավար Նազարբեկովի ապիկար ու ապաշնորհ հրամաններին: Բայց մի’ թե ցարական Ռուսաստանի ռազմական դպրոցն ու պատերազմ անցած գեներալներ Նազարբեկովը, Սիլիկովը և դրանց նմանները անհույս հիմարներ կամ դավաճաններ էին: Բնավ` ոչ: Նազարբեկովը ռուսական բանակի կազմում գլխավորել էր 1916 թ. Բիթլիսի ազատագրումը, Սիլիկովը խիզախ գործեց Սարդարապատի մարտի վերջին օրերին: Սակայն այս և մյուս հայ ղեկավարները չհասկացան պարզ ու կարևոր մի բան, որն, ի միջայլոց, շատ լավ ըմբռնեցին թուրքերը: 1918 թ. մայիսի 22-ին հայ ժողովուրդը սկսեց ազգային-ազատագրական պայքար թշնամու դեմ, պարտիզանական, համաժովրդական պատերազմ, որն ունի իրեն հատուկ օրենքներն ու տրամաբանությունը, սակայն որին ոչ պատրաստ էին, ոչ հասկանում, ոչ էլ վստահում էին հայ կուսակցական ու ռազմական թշվառ գործիչները, ով, կարծես, ճակատագրի հեգնանքով հեծել էին ազգը ինչպես պատահաբար վագռի վրա ընկած Քաջ Նազարը: Այսպես, չհասկանալով ու չհավատալով ժողովրդական պատերազմի հաղթական տարերքին, Հովհաննես Քաջազնունին հեռավոր Թիֆլիսում համոզում էր Հայոց ազգային խորհրդին.

    “Եթե Վեհիբ փաշան իր զորքերով Երևանը գրավելու դիտավորություն ունենար, ապա նա հարկ չէր ունենա դիմելու որևէ խաբեությանը, որովհետև նա այդ բանը կարող էր անել բացեիբաց, ամեն րոպե, երկյուղ չկրելով հանդիպելու որևէ լուրջ դիմադրության ”:

Բազմիցս խաբված լինելով բոլորի կողմից, Բաթումի բախտորոշ բանակցություններում հայ պատվիրակությունը, իհարկե, խաբվել էր նորից: Բազմափորձ ու խելացի Վեհիբ փաշան Ալեքսանդրոպոլից Բաթում մեկնեց արդեն մայիսի 27-ին, այսինքն Սարդարապատում կրած պարտությունից անմիջապես հետո, որպեսզի շտապ սկսեր խաղաղ բանակցությունները: Ի տարբերություն հայ ապաշնորհ դիվանագետների, թուրք գործիչը հասկացավ, որ իր զորքը Հայաստանում հանդիպեց ցանկացած բանակի համար ամենավտանգավոր հակառակորդի` պարտիզանական, համազգային, ժողովրդական պատերազմի հետ: Ու մինչդեռ հայոց աշխարհազորը մեկ օրում ոչնչացրեց թուրքերի լավագույն դիվիզիայի 3,5 հազար ասկյարների, մեր թշվառ ղեկավարությունը կասկածում էր, արդյոք Վեհիբ փաշան կհանդիպեր “որևե լուրջ դիմադրության”: Կարող է անհավանական թվալ, բայց Թիֆլիսում ու Բաթումում մեր ազգի ճակատագիրը որոշող հայ գործիչները անգամ երկու շաբաթ անց դեռևս գաղափար չունեին Սարդարապատի ու Ապարանի մարտերի մասին և սեփական ժողովրդի հաղթանակի կցկտուր լուրը ստացան հենց … թուրքերից: Մեջբերենք հունիսի 5-ի նամակը, որ Բաթումից Երևանի ազգային խորհրդին էին ուղարկել Ավետիս Ահարոնյանը և Նիկոլ Աղբալյանը.

“Ձեր մղած մարտերի մասին իմացանք Վեհիբ փաշայից, չգիտենք, թե որքան են հավաստի նրա տված տեղեկությունները: Համենայն դեպս, մեր թեկուզ և փոքր ու թշվառ Հայաստանով պարտական ենք մեր զորքի անձնուրացությանը: Որքան մեզ հայտնի է, գերմանացիներն ու թուրքերը Կովկասը բաժանել էին Վրաստանի ու Ադրբեջանի մեջ…Պետք է ենթադրել, որ մեր զորքի դիմադրությունը նրանց հարկադրեց ճանաչել Հայաստանը:

Եզրակացությունը արդար է, սակայն մի կարևոր ճշտումով. Փոքր ու թշվար Հայաստանը դարձրին հենց իրենք` այդ փոքր ու թշվառ քաղաքական խամաճիկները, որ հեռագրերի հիման վրա հանձնում էին ամրոցները և թշնամուց էին տեղեկանում սեփական զորքի հաղթանակների մասին: Բանն այն է, որ Վեհիբ փաշան գիտեր մի ահավոր գաղտնիք, որից անտեղյակ էին ու որին չէին հավատում մեր միամիտ քաղաքական գործիչները` մայիսի 22 – 29 Հայաստանում տևած ծանրագույն մարտերից հետո թուրքերի մոտ Կովկասում մնացել էր ընթամենը 12 հազարանոց կաթվածահար մի զորախումբ, որի չնչին թվաքանակն ու թշվառ վիճակը նրանք շտապում էին թաքցնել հմուտ և հին դիվանագիտական միջոցներով: Թուրքերը Բաթումում վարվում էին հայ պատվիրակության հետ գայլի ու ոչխարների մասին մանկական հեքիաթներից հայտնի եղանակով: Սակայն մեր կառկառուն գործիչները, կարծես, տեղյակ չէին ոչ միայն աշխարհի պատմությանը կամ դիվանագիտությանը, այլ նաև մանկական հեքիաթների: Ահա հատված հունիսի 5-ին Բաթումից Թիֆլիս` Հայոց ազգային խորհրդին ուղղված մեր հիմանական պատվիրակ Ալեքսանդր Խատիսյանի նամակից, որտեղ նա նկարագրում է հայ-թուրքական բանակցությունները Հայաստանի ճակատագրի մասին.

“Ճաշը շատ ճոխ էր, սեղանը զարդարված էր ծաղիկներով, գինին առատ էր, երաժշտությունը` քաղցր: Ճաշի ժամանակ Վեհիբ փաշան ակնարկեց, որ իրենք սիրով ռազմական դաշինք կկնքեն հայերի հետ, ինչպես այդ արել են բուլղարների հետ:

Ահա~ թե ինչ` ցեղասպանության զոհերի արյունը դեռ չի ցամաքել Դեր-Զորի ավազներում, իսկ ճոխ ճաշն ու քաղցր գինին դահիճներին արդեն մեզ դաշնակի’ց են դարցնում… Նույն նողկալի քաղկենիությամբ մեր պատվիրակը նկարագրում է իր հանդիպումը հրեշավոր Էնվեր փաշայի հետ. մեջբերում`

“Էնվերը զարմանալի գեղեցիկ կահավորություն ունի, Արևելյան ճաշակով դահլիճ /”Կարմեն”/, մոմեր…

Եվ այս ողորմելիներին վստահված էր մեր հերոսական ու դժբախտ ազգի ճակատագիրը… Իսկ մինչդեռ հայոց պատվիրակությունը Բաթումում ուսումնասիրում էր թուրքերի ճաշատեսակներն ու կահույքը, մայիսի վերջին շաբաթվա ընթացքում վրացիները գաղտնի բանակցում էին Գերմանիայի հետ, իսկ ադրբեջանցիները` Թուրքիայի հետ, Կովկասի ապագա բաժանման մասին: Մայիսի 26-ին Վրաստանը հռչակեց իր անկախությունը Գերմանիայի հովանավորության տակ: 27-ին Անդրկովկասյան միությունից դուրս գալու և սեփական երկիր ստեղծելու մասին հայտնեցին նաև մուսավաթիստները: Իսկ ի’նչ արեց Հայոց ազգային խորհուրդը, որը Թիֆլիսում նստած չգիտեր նախորդ օրերին բռնկված ժողովրդական պատերազմի մասին: Բուռն վեճերից հետո, ձայների ճնշող մեծամասնությամբ Հայոց ազգային խորհուրդը, չգիտես ինչու, հարկ համարեց… բողոքել Վրաստանի անկախության դեմ: Ահա մեր քաղաքական մտքի ևս մի գլուխգործոց: Բայց սա դեռ բավական չէ, ողջ իրողությունը պարզելու համար դիմենք սկզբնաղբյուրին: Ապագա վարչապետ Սիմոն Վրացյանը վկայում է.

Հայաստանի անկախության օրը իսկապես պետք է համարվեր մայիսի 30-ը: Հակառակ դրան, համարվում է մայիսի 28-ը, այսինքն այն օրը, երբ վճռվեց հաշտության պատվիրակություն ուղարկել Բաթում: Անուղղակի կերպով, այս օրն էլ կարող է համարվել անկախության սկիզբ, որովհետև թուրքերը հաշտության բանակցություններ վարելու համար նախապայման էին դրել մեր անկախության հայտարարությունը”: Մեկ անգամ ևս ուշադիր լսենք մեր Առաջին հանրապետույան վարչապետին` ուրեմն, Հայաստանի անկախության համար մենք պարտավոր ենք… թուրքերին, որոնք այն դրել էին որպես նախապայման Բաթումի բանակցություններից առաջ:

Եվ այսպես, 1918 թ. մայիսի 4-ին քաղցր երաժշտությունից և առատ գինուց փափկած Ալեքսանդր Խատիսովը և Հովհաննես Քաջազնունին հայ ժողովրդի անունից ստորագրում են Բաթումում Թուրքիայի հետ հաշտության պայմանագիրը, որտեղ, Սարդարապատի և Ապարանի հաղթանակներից մեկ շաբաթ անց և դրանցից անտեղյակ, Թիֆլիսում նստած նորաստեղծ Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաձայնվում է հանձնել Թուրքիային իր ամբողջ երկաթուղին, Ալեքսանդրոպոլ քաղաքը, Երևանի և Էջմիածնի գավառների կեսը, Նախիջևանն ու Շարուր-Դարալագյազը: Բացի դա, պետք է բացվեն թուրք զորքերի առջև բոլոր կամրջները, ինչպես նաև Դիլիջանի ձորով Գանձակ տանող ճանապարհը: Հատկապես հետաքրքիր է պայմանագրի 5-րդ հոդվածը, համաձայն որի “Հայաստանի կառավարությունը պարտավորվում էր եռանդով դիմադրել հրոսակախմբերի կազմավորմանն ու սպառազինմանն իր երկրի սահմաններում ”: Այս կետով թուրքերը ձգտում էին իրենց ապահովել ամենավտանգավոր թշնամուց` ժողովրդական պատերազմի ցասումից, որի վտանգը իրենք հասկանում էին շատ ավելի լավ, քան իրենց միամիտ հայ խաղակիցները: Իսկ ինչպե’ս ընդունվեց նման անկախության լուռը Հայաստանում: Երևանում լույս տեսնող “Աշխատանք” դաշնակցական թերթը հունիսի 8-ին գրել էր.

“Այս մեծ դավաճանության հանդեպ, վշտի ծանրության տակ սահմռկած, մենք այլևս ուղեղ չունինք մտածելու, այլևս սիրտ չունինք խոսելու, չգիտենք ի’նչ բառ ու ոճ գործածենք… Գրչի թեթև շարժումով մը վերջացավ ամեն ինչ. թաղվեցան ապագա հույսերն ու երազները…Նենգ եւ դավադիր թշնամին այս անգամ ալ հաջողեցավ խաբկանքով ի գլուխ բերել իր զենքի ուժով ընել չի կրցածը…

Երևանի խորհրդի շենքի առջև սկսեց հավաքվել զայրացած ժողովուրդը: Հատկապես փոթորկված էին արևմտահայ գաղթականները, նրանք պահանջում էին հանդիպում Արամ Մանուկյանի հետ: Սակայն նա չհամարձակվեց հետևել իր սրտի ու ժողովրդի կանչին, հավատարիմ մնալով կուսակցական կեղծ հեղինակությունների հրամաններին ու կրկնելով այն նույն սխալը, որը տաս օր առաջ Ղարաքիլիսայում կատարեց մյուս ժողովրդական հերոս` Անդրանիկը: Վրացյանի և Աստվածատրյանի վկայությամբ.

“… հեռագիրը կաշկանդել էր Արամին: Նա ողբերգություն էր ապրում. Լուռ ու մռայլ, նա ամփոփվել էր իր մեջ և միայնություն էր փնտրում…

Իսկ, օրինակ, ժողովրդի մեկ այլ ընտրյալը, Սարդարապատի հերոս Դանիէլ Բեգ-Փիրումյանը, որի զորքերը այդ օրերին պատրաստվում էին ազատագրել Ալեքսանդրոպոլը, ընբոստացավ.

“Ես չեմ կարող իմ հաղթական զորքին հայտնել այդ խայտառակ լուռը, նրան ետ դարձնել իր արյամբ նվաճաց դիրքերից: Նահանջը կազմալուծիչ կլինի իմ զորքի համար: Ես գիծ չեմ վերադառնա, գնացեք և այդ սև գործը դուք ինքներդ կատարեցեք”:

Հունիսի 9-ն աշխարազորայիններ 1200-հոգանոց զինված ջոկատ Ղամարլու գյուղից, որն ըստ պայմանագրի անցնում էր թուրքերին, Թոխմախան լճի կողմից  շարքերով մտավ Երևան և լուռ երթով, ի նշան բողոքի, անցավ Ազգային Խորհրդի շենքի առջևից, խուճապ առաջացնելով պաշտոնյաների շրջանում: Քաղաքի կենտրոնում իրենց ցույցին միացան մի քանի տասնյակ գթության քույրեր: Մյուս օրը Երևանի պաշտպանության վաշտը հրապարակեց հետևյալ հայտարարությունը.

“Գործող բանակեն. – Իմանալով հաշտության կնքման մասին, մենք միաձայնությամբ կհայտարարենք. – ո’չ Թիֆլիսը, ո’չ էլ Բաթումը լիազորված չեն հայերու անունեն վերջնական բանակցություն վարելու թուրքերու հետ: Հաշտության պայմանները կատարելապես ամոթալի և ստորացուցիչ են հայերու համար: Ինչ եզրակացության էլ որ հանգեն այս կամ այն ազգային կազմակերպությունները, քանի դեռ հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը կսպառնա ահավոր վտանգը, մենք զենքը չենք թողուր և կկռվենք մինչ մեր արյան վերջին կաթիլը: Կորչի’ ամոթալի հաշտությունը…

Սակայն հմուտ թուրք դիվանագետները իզուր չէին նախատեսել հաշտության պայմանագրում տխրահռչակ 5-րդ հոդվածը, համաձայն որի Հայաստանի կառավարությունը պարտավորվում էր եռանդով դիմադրել հրոսակախմբերի կազմավորմանն ու սպառազինմանը իր տարածքում: Ժողովրդական դիմադրության բոլոր փորձերը ընդդեմ կատարվող դավաճանությանը արդեն դիտվում էին որպես հակապետական ահաբեկչություն: Հուլիսի 17-ին, անկախության 40-րդ օրը նորընտիր Հայոց իշխանությունը մոգոնում է այսպիսի մի խայտառակ փասթաթուխթ.

“Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանեան կառավարութեան զինվորական մինիստր` Էնվեր փաշային, Կոստանդնուպոլիս.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու ձերդ գերազանցութեանը, հանուն մեր բարեկամութեան, իրազեկ դարձնել ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնիլ Ջուլֆայի կամուրջը և Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն և հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության Նախագահ

Հ. Քաջազնունի,

 Հայաստանի Հանրապետության զինվորական Մինիստր Արամ փաշա Մանուկյան,

Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ’ Սահակյան

Հուլիսի 17-ին, 1918 թ.

 

Դարերի ընթացքում դավաճանության գինը աճում է` 30 արծաթից հասնելով երբեմն հապշտակված երկրի խամաճիկ կառավարության պաշտոնների… Նույն ճակատագրի արժանացան ժողովրդական պատերզմի շատ այլ հերոսներ: Անկախության դարավոր երազի դառը իրականությունը նորաստեղծ երկրից ստիպեց հեռանալ “հանցագործ հրոսակախմբեր” հայտարարված պարտիզանական ջոկատների հրամանատարներ Պանդուխտին ու Սմբատին, Թռուցիկ Հովսեփին ու Մակեդոնին, սասունցի Մանուկին, մակվեցի Մեսրոպին, բուլղարացի Գրիգորին և շատ ուրիշներին: Ղարաբաղցիների Մահապարտների գունդը շտապ կազմալուծվեց գլխավոր շտաբի որոշմամբ, իսկ նախկին հրամանատար Պավել Փիրումյանը փաստորեն աքսորվեց, ուղարկվելով Նոր Բայազետի աննշան մի զորամաս: Փոխարենը, ասպարեզ եկան մեծ մաուզերներով զինված և մարտի դաշտում առանձնապես աչքի չնկած նոր դեմքեր գողական մականուններով` իղդիրցի Կուկուլ, կողբեցի Կոկոլ, ֆռանգենց Ալեք և այլք: Բնականաբար, ժողովրդի մեջ խաբված երազանքների ու պղծված սրբությունների վիրավորանքից աճում էր տարերային ցասումը: Հաշված ամիսներ անց նորանկախ երկիրը ցնցեց առաջին քաղաքական սպամության լուռը: 1918 թ. նոյեմբերի 14-ին Անդրանիկի կամավորական խմբի նախկին վաշտապետ Եգոր Տեր-Մինասյանը գնդակահարեց հայկական կառավարության ֆինանսների նախարար Խաչիկ Կարճիկյանին: Ալեքսանդր Խատիսովը այսպես մեկնաբանեց այս վրիժառությունը.

            “Սպանիչ Եգոր Մինասյանը դաշնակցական մըն էր…Դատարանին մեջ ան հայտնեց, թե սպանած է Կարճիկյանը, նկատելով զայն մեղավոր այն բանի համար, որ Կովկասյան իշխանությունները զրկեցին Կովկասը ռուսական օգնութենե և այդպիսով թուրքերուն հնարավորություն տվին կոտորած սարգել”:

Խատիսովը համեստորեն շրջանցում է ահաբեկիչ Եգորի սպառնալիքները, ուղված կառավարության մյուս անդամներին` Սարդարապատի հաղթանակը հենց նոր թուրքերին վաճառելու համար:

Այդ հաղթանակը ոչ միայն պարտության վերածվեց Բաթումում ապաշնորհ քաղաքական և ռազմական ղեկավարության մեղքով: Իրենց այս մեղքը քողարկելու նպատակով նրանք ճգնում էին նսեմացնել կամ ընդհանրապես մոռացության մատնել Սարդարապատը: Այսպես, տասը տարի անց գեներալ Սիլիկովը հեգնանքով գրեց իր հուշերում այդ ճակատամարտի գլխավոր հերոսներից մեկի մասին.

            “Գնդապետ Դանիէլ բեգի զեկուցմանբ /նա անգամ չի հիշատակում Փիրումյանի ազգանունը/ նրա դեմ գործում էին երկու դիվիզիա, իսկ ես կարծում եմ, որ դա շատ է չափազանցված…

Ի’նչ կարելի է ասել` թուրքական բանակի լավագույն “Գալաբոլու” դիվիզիայի 3500 ասկյարների ոչնչացման նշանակությունը առանց չափազանցության գնահատեցին միայն իրենք, թուրքերը, նահանջելով մինչև Ալեքսանդրապոլ և պատրաստվելով հանձնել նաև այս քաղաքը, եթե միայն դրան չխանգառեին հանձնվելու եկած մեր թշվառ ղեկավարները: Իրենց համար սկսվում էր նոր դարաշրջան` իշխանության քաղցր դարը, որտեղ ժողովրդական պատերազմը և ազատ քաղաքացիների պորթկումը տեղ չունեին: Ճիշտ է, այդ դարը տևեց միայն երկու տարի, իսկ նրանց քշած բոլշևիկյան կայսրությունը առավել ևս կարիք չուներ հիշատակելու հայերի հերոսական ինքնապաշտպանությունը: Բայց Սարդարապատի խորհուրդն ու իմաստը մնաց անմար հայ ժողովրդի հոգևոր հիշողության մեջ, որպեսզի լուսավորի մեր ճանապարհը 20-րդ դարի վերջին, երբ ազգը նորից սկսեց ազգային-ազատագրական պայքարը համաժողովրդական ինքնապաշտպանության միջոցով: Տա Աստված, որ 21-րդ դարի սկզբին մենք չմոռանանք Սարդարապատի երկրորդ դասը և չկորցնենք արյունով նվաճած հաղթանակը սեփական ապաշնորհության, դավաճանության կամ պատմությունը մոռանալու հիմար սովորության պատճառով:

 

Հ.Գ.

1918 թվականին, Սարդարապատի հերոսամարտի օրերին հեռավոր Ֆրեզնոյւում ծնված ապագա գրող Վիլյամ Սարոյանը 10 տարեկան էր: Կես դար անց, մոտենալով Ռաֆո Իսրայելյանի կառուցված հաղթակամարին, նա ասաց առ այսօր անլռելի զանգերի պես հնչող խոսքեր.

Կուզիմ տեսնիլ աշխարհումս ուժ մը, որ կռնար կոտորել աս ազգը, աս պստիկ ու անկարևոր ժողովուրդ մը, ուրու պատմություն ավարտած էր, որու բոլոր կռիվները պարտված էին, որու կառույցները ավիրած էին, որու գրածը մնաց անտեսված, երաժիշտությունը` չլսված, իսկ աղոթքը` անպատասխան: Կացեք, կոտորեք այս ցեղը… Ավիրեք Հայաստանը: Նորեն քշեք անոնց անապատներու մեջ: Թողեք անոնց առանց հացի ու ջրի: Այրեք անոնց տներն ու եկեղեցիները: Հետո տեսեք` կործանվե’ցավ այս ազգը: Տեսեք, եթե մի 20 տարի անց անոր մեկ-երկու հոգի նորեն չե’ն համնդիպիլ մի գինետանը, որ նորեն ծիծաղեն ու խոսեն անոր լեզվով: Ի’նչ կռնաք անիլ անոնց, դուք, շան ձաքեր, եթե զույգ մը հայեր էլի կուգան ու կխնդան ու մեծ-մեծ  կխոսին աշխարհու մասին ու աշխարհու հետ: Բա դուք անոնց կռնա’ք կործանիլ…”

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply