՛՛Հելսինկյան գործընթացը Հայաստանի համար չի կորցրել իր արդիականությունը”( Յուրա Թորոսյան)

0

( Նվիրում եմ իրավապաշտպան ընկերոջս` Արթուր Սաքունցին:)

Քառասուն տարի է անցել: 1975-ի օգոստոսի 1-ին Ֆինլանդիայի Հելսինկի մայրաքաղաքում Եվրոպական պետությունները (բացի Ալբանիայից), ԱՄՆ-ն ու Կանադան ստորագրեցին Եվրոպայի Անվտանգության ու համագործակցության Եզրափակիչ ակտը. 1973-ի հուլիսի 3-ից նույն Հելսինկիում սկսված և ապա շվեյցարական Ժնևում շարունակված խորհրդակցության տրամաբանական ավարտն էր: Փաստաթուղթն այդ հաստատում էր հետպատերազմյան Եվրոպայի միջազգային-իրավական, ռազմա-քաղաքական և տնտեսական ստատուս քվոն ու կարգավորում հետագա զարգացումները`բացառելով բիրտ ուժի կիրառումը: Սովետական պրոպագանդան Հելսինկին ներկայացնում էր որպես իր հաղթանակ: Բայն այն, ինչ տեղի ունեցավ, լրիվ հակառակն է ապացուցում: Հելսինկիից 1,5 տասնամյակ էլ չէր անցել, երբ հօդս ցնդեց սահմանների անձեռնմխելիության մասին մինչ օրս անսասան համարվող առասպելը. փլվեց Բեռլինի պատը, չկա չարիքի կայսրություն Սովետական Միությունը, չկա բազմազգ սոցիալիստական Հարավսլավիան (ցավալի է`արյունահեղությամբ ավարտվեց այս մինի-կայսրությունը), տրոհվեց Չեխոսլովակիան: Ու անգամ Վարշավայի ռազմական պակտի հոգեհանգիստը չտված, նախկին սոցերկրների մի մասն ու Բալթյան միութենական եղբայրական հանրապետությունները անդամագրվեցին ՆԱՏՕ-ին: Հելսինկյան գործընթացը շատ ավելի կարևոր է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած ձեռքբերումներով: Մարդու իրավունքները կորցրին իրենց դեկլարատիվ բնույթը ու դարձան քաղաքական գործոն` իրենց ողջ սրությամբ ուղղվելով սոցիալիզմի սիստեմի ու հատկապես Սովետի դեմ: «Մարդու իրավունքներն առանց սահմանների»: Սա արդեն լուրջ երևույթ էր (և մնում է նույնությամբ), որն ամբողջ խորությամբ կոմկուսի եվրոպարագլուխներն այդպես էլ չհասկացան` դառնալով սեփական պրոպագանդայի զոհը` հավատալով, որ անձնական «բաղդադներում անդորր է» և «արշալույսներն էլ խաղաղ են»: Մարդու իրավունքների պաշտպանության հարցում հելսինկյան պարտավորություններն ու քաղաքակիրթ աշխարհի սկզբունքայնությունն ստիպեցին, որ Սովետը գնա որոշակի զիջումների, մեղմացնի բռնաճնշումները, բանտերից ու լագերներից ազատ արձակի և ապա ձախողված սեփական հետախույզների ու ագենտների հետ փոխանակի իրավապաշտպաններին, այլախոհ ու ազգային գործիչներին: Իսկ երբ Գորբաչովը փորձեց Մարդու իրավունքների և ազատությունների թույլատրելի դոզան «հրապարակայության» տեսքով մի փոքր ավելացնել, բավական էր, որ մարդիկ ու ժողովուրդները փորձին ազատվել իրենց շղթաներից: Հիշեցնեմ` Հայաստանն էլ ակամա անկախություն ստացավ ГКЧП-ի 1991թ. օգոստոսյան պուտչի ձախողմանն հաջորդած Սովետի փլուզման արդյունքում: Ու նույն կերպ, իր կամքից անկախ` ներգրավվեց Հելսինկյան գործընթացում` դառնալով Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության անդամ: Հիմա արդեն` նույն ԵԱՀԿ-ում Ռուսաստանի և նրա Պուծինի անձնական շահերի պաշտպան: Պարադոքս է կամ ծաղր, նույն սերնդի ընթացքում Հայաստանն ու աշխարհասփյուռ հայ ժողովուրդը փորձում են վերադառնալ նախահելսինկյան իրողություններին: Թե՞ նոստալգիկ հիվանդություն… Ավելի ճիշտ` վերադարձել ենք: Գործող սահմանդրությամբ` Մարդու երաշխավորված իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են ամեն օր, արևածագից մինչև մայրամուտ և մայրամուտից մինչև արևածագ: Եվ ցանկացած ոլորտում: Մի փաստ միայն` քաղբանտարկյալների առկայությունը: Այն, որ մեզնից խլել են իշխանությունը ազատ, արդար, հավասար և փակ ու գաղտնի քվեարկությամբ ընտրություններով ձևավորելու իրավունքը, արդեն բավարար է պնդելու, թե Հայաստանում բռնատիրություն է: Մյուսը` խոսքի, մամուլի ազատություն խնդիրն է: Ոլորտի մասին կարելի շատ բան ասել-գրել-փաստել: Բայց սահմանափակվեմ տնտեսագիտության 1998-ի Նոբելյան դափնեկիր Ամարթիա Սենի խոսքերով. «Այն հասարակություններն են դատապարտված սովի ու բռնատիրության, որոնք չեն կարողանում հեռացնել ապիկար իշխանություններին և չեն կարողանում ձևավորել ազատ մամուլ»: Մնացածը ածանցյալ են: Համոզված եմ, որ հենց Մարդու իրավունքների պաշտպանությունն ու իրավապաշտպան շարժումն էլ կդառնան այս ռեժիմի կործանման պատճառը, ինչ եղավ իրավանախորդ Սովետի պարագայում: Պատմությունը չի կրկնվում, պատմությունը ապտակելով դասեր է տալիս: Այն էլ ցավոտ դասեր:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply