ԱՄՆ ԴԵՍՊԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ

0
Պանամայում ԱՄՆ դեսպան Ջոն Ֆիլին հրաժարական ներկայացրեց Պետական Դեպարտամենտ ի նշան բողոքի նախագահ Թրամփի ռասիստական արտահայտութունների դեմ: Հայտնի դարձավ, որ նախորդ օրը Թրամփը Կոնգրեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ԱՄՆ չպետք է ներգաղթյալներ ընդունի ՛՛աշխարհի կեղտոտ ծակերից՛՛: Սա վրդովմունք է առաջացրել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ այլ երկրներում: ՄԱԿ-ի նիստում արդեն կոշտ քննադատություն է հնչել այդ կապակցությամբ եւ մի շարք պետությունները բացատրություններ են պահանջել ԱՄՆ-ի դեսպաններից: Այդ ենթատեքստում Պանամայում ամերիկյան դեսպան Ֆիլին հայտարարեց, որ այլեւս չի կարող շարունակել աշխատանքն իր համոզմունքներին հակառակ:
Թրամփն իր սովորությանը համաձայն արդեն հասցրել է հրաժարվել սեփական խոսքերից, պնդելով, որ նկատի չուներ ոչ Աֆրիկայի, ոչ Լատինական Ամերիկայի պետությունները: ԶԼՄ-ները մեջբերում են նրա խոսքերն առ այն, որ ՛՛հերիք է տարբեր կեղտոտ ծակերից ելածներին ընդունել, թող մեզ մոտ գան, ասենք, Նորվեգիայի պես երկրներից՛՛:
Ամերիկայում քիչ չեն նման ռասիստական եթե ոչ ֆաշիստական կեցվածքի ջատագովները: Զավեշտալի է, որ դրանց մեջ կան նաեւ հայեր: Արժե հիշեցնել նմաններին, որ ուղիղ հարյուր տարի առաջ Եղեռնից մազապուրծ եղած հայ որբերին ԱՄՆ-ում որոշ տականքներ անվանում էին ”կեղտոտ, հոտած, սոված հայեր՛՛: Ամերիկան ընդհանրապես հանդիսանում է ներգաղթյալների երկիր եւ իտալացի, իրլանդացի, հրեա, գերմանացի, հայ, ուկրաինացի, լեհ եւ այլ հազարավոր փախստականները հասնում էին Նյու-Յորքի նավահանգիստ իսկապես սոված, կեղտոտ եւ հոտած: Նրանք փրկվում էին պատերազմից, ցեղասպանությունից, աղետներից, իսկ նման պայմաններում դժվար է մնալ մաքուր եւ բուրավետ: Այդ մասին ՛՛Ներգաղթյալը՛՛ հանճարեղ ֆիլմ է արել Չապլինը: Պետք է ասել, որ Թրամփի տատն ու պապը, դեռեւս Տռումպ ազգանունով իրենք էլ էին գաղթել ԱՄՆ Գերմանիայից: Ինչպես նաեւ Թրամփի սլովենացի կին Մելանիան: Այդպես որ Թրամփի, ինչպես նաեւ որոշ հայ ռասիստների այլատյացությունը նախեւառաջ ապտակ է նրանց սեփական նախնիներին եւ նրանց որդեգրած մեծահոգի ու բարեսիրտ Ամերիկային:
Այս իրավիճակում ամենաճիշտ կերպով վարվեց հենց Պանամայում ԱՄՆ դեսպան Ջոն Ֆիլին՝ իսկական մարդու եւ իսկական ամերիկացու արժանապատվությամբ: Հենց նրա պես մարդկանց պատճառով է Ամերիկան մնում մեծ եւ հզոր: Ի հեճուկս Թրամփի:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply