ԵՎՐՈՊԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄՈՐԹԵԼՈՒ ՀՈՒՆԱԿԱՆ ՑԼԻՆ

0

Մինչ հայերը վիճում են հրապարակներում՝ արդյո՞ք մեզ պետք է Եւրոպան, հույներն այդ հարցին ստիպված են լինելու պատասխանել հանրաքվեով, որը նշանակված է հուլիսի 5-ին: Սակայն Եւրոպան չի ուզում այդքան սպասել եւ արդեն վերջնագիր է նշանակել հունիսի 30-ի համար, որից հետո կարող է հետեւել Հունաստանի հեռացումը Եւրոպական Միությունից:

Հույներին անհեթեթ եւ վիրավորական է թվում այս իրավիճակը, քանի որ նրանք իրավացիորեն համարում են իրենց հայրենիքը Եւրոպական քաղաքակրթության եւ հատկապես ժողովրդավարության օրրան: Իսկ օրրանն այդ այսօր համարյա երկու անգամ ավելի մեծ պարտք է կուտակել Եւրոմիությանը, քան Հունաստանի ողջ ազգային համախառն արտադրանքը՝ 177 %: Էլ ավելի ահավոր են ֆինանսական պարտավորությունների թվերը՝ 320 միլիարդ եվրո, կամ մոտավորապես 400 միլիարդ դոլար: Իշխանության եկած ձախ կառավարությունը, վարչապետ Ցիպրասի գլխավորությամբ, տարուց ավել զբաղվում էր դեմագոգիայով եւ հիմա էլ ազգային հանրաքեին տարօրինակ հարց է դնում՝ համաձա՞յն են հույներն արդյոք վճարել պարտքը:  Նույն հաջողությամբ կարելի է մանկապարտեզում հարցում անցկացնել երեխաների շրջանում՝ արդյո՞ք նրանք գերադասում են դառը դեղ խմել կամ քաղցր լիմոնադ:

Հունաստանը չքնաղ երկիր է, ուր մարդիկ աշխատանքի են գալիս առավոտյան տասից հետո, կեսօրին անցնում են հանգստի ու ճաշի, մինչեւ որ ցերեկային շոգը մարում է, մոտավորապես ժամը հինգին, ապա եւս մի երկու ժամ աշխատում են, սպասելով ընթրիքի ծովափնյա մթնշաղում: Աչքերիս տեսածն եմ ասում: Միաժամանակ նրանք ստանում են եւրոպական չափանիշներով բավական բարձր աշխատավարձ ու թոշակ, ուսանողներն ապահովված են անվճար սնունդով՝ դա գրեթե սոցիալիզմ է, որի համար վճարում են հիմնականում ծանր եւ ինքնամոռաց աշխատող գերմանացիները՝ Հունաստանի հիմնական պարտատուները:

Առավել հնարավոր ելքը լինելու է Հունաստանի արտաքսումը եւրոպական միացյալ ֆինանսական գոտուց, եւ հունական դրահմի վերադարձը՝ եւրոյի փոխարեն: Անցած ուրբաթ օրը հույները հանեցին սեփական բանկային ավանդներից շուրջ հինգ միլիարդ եւրո: Ի պատասխան, երկուշաբթի օրը կառավարությունը սոցիալիստական ոգով սահմանափակեց քաղաքացիների ավանդներից հանելու իրավունքը օրական ոչ ավել քան 60 եւրո: Սկսվեց խուճապը:

Հունական այս նոր ողբերգությունը հետաքրքիր եւ ուսանելի է հայերիս համար: Մենք երբեք չենք փախել աշխատանքից, ընդհակառակը՝ մեր ազգի կեսը մեկնում է արտագնա աշխատանքի արտասահման, սակայն մեր պարտքն արդեն անցել է մեր ազգային արտադրանքի կեսի շեմը եւ շարունակում է ավելանալ: Եթե հույն վարչապետ Ցիպրասը հրապարակայնորեն հայտնում էր, որ ողջ Եւրոպան քաղաքական պարտավորություններ ունի Հունաստանի հանդեպ, ապա հայոց վարչապետը պնդում էր, որ քաղաքականությամբ զբաղվելու համար մեծ խելք պետք չէ, ի տարբերություն բիզնեսի: Մենք համոզվեցինք, որ բիզնեսի համար նրան նույնպես մեծ խելք պետք չեղավ՝ հատկապես վերջինիս բացարձակ բացակայության պատճառով:

Մենք սնանկանում ենք ոչ թե հունական ալարկոտության ու մեծամտության, այլ մեր իշխանության ագահության ու ապիկարության պատճառով: Սակայն ինչ տարբերություն խորտակվողին` որտեղ է նա խորտակվում՝ տաք ու աղի Էգեյան ծովում, թե սառն ու քաղցրահամ Սեւանում:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply