ԷՐԴՈՂԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՊՈՒԾԻՆԻՆ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ

0

Անկարայի ու Ամստերդամի միջեւ բռնկված քաղաքական սկանդալը մեծ կորուստներ է պատճառում երրորդ կողմին, որի մասին շատերը մոռացել են: Այդ երրորդ կողմը Մոսկվան է, որի բռնապետ Պուծինը մեծ հույսեր է կապում Նիդերլանդներում մարտի 15-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հակաեւրոպական ազգայնական ուժերի հաղթանակի հետ: Առ այսօր կիսաֆաշիստական գործիչ Գեեր Վիլդերսը, ով խոստանում է Հոլանդիան հանել ԵՄ-ից, միայն 4 տոկոսով է զիջում հարցումներում երկրի իշխող կուսակցության առաջնորդ ու վարչապետ Մաքս Րյուտտեին: Սակայն վերջինիս կոշտ դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ կարող է այս վերջին ժամերին կտրուկ ուժեղացնել նրա դիրքերը, ձայներ խլելով Վիլդերսից: Ինչպես հայտնի է, Կրեմլը հսկայական ջանքեր է գործադրում թուլացնելու համար արեւմտյան ու հատկապես եվրոպական համերաշխությունը, աջակցելով ծայրահեղ աջ եւ ծայրահեղ ձախ քաղաքական ուժերին, ինչպիսիք են Վիլդերսը Հոլանդիայում, Լե Պենը Ֆրանսիայում, Ֆարեջը Մեծ Բրիտանիայում, մի շարք արեւելաեւրոպական գործիչներ, ովքեր ցանկանում են ԵՄ-ի քայքայումը: Այդ ենթատեքստում Պուծինը Ռուսաստանի շուրջը հավաքում է կոշտ ավտորիտար առաջնորդներին, ովքեր վտանգ են տեսնում իրենց իշխանության համար եվրոպական արժեքների եւ ազդեցության մեջ: Սակայն զավեշտալի կերպով նրա բնական դաշնակից Էրդողանը, ում հետ ընդամենը երեք օր առաջ Պուծինն ու Ալիեւը եռակողմ քաղաքական միավորում էին քննարկում, կամա թե ակամա խոչընդոտեց այս հակաեվրոպական ծրագրերին սեփական համառության եւ լկտիության պատճառով: Անվանելով եվրոպացիներին ՛՛ֆաշիստ՛՛, Էրդողանն անսպաեսլի նվեր մատուցեց Հոլանդիայի վարչապետ Րյուտտեին, Գերմանիայի կանցլեր Մերկելին եւ այլ եվրոպամետ գործիչներին, որոնք անմիջապես կոշտ հակադարձեցին թուրք ստահակին եւ դրանով իսկ առիթ ստացան ներկայանալիբրեւ անզիջուն եւ ուժեղ առաջնորդներ: Այսինքն, դրանով Էրդողանը խլեց Եվրոպայի իրական ֆաշիստներից ազգայնական հաղթաքարտերը եւ անզգուշորեն մատուցեց դրանք իր իսկական հակառակորդներին: Կարծում եմ, որ դա լրջորեն թուլացնելու է Վիլդերսի շանսերը եւ այդ դեպքում ՛՛բրեքսիթի՛՛ բացասական ազդեցությունը Եվրոպայի վրա նույնպես զգալիորեն կնվազի, համենայն դեպս նիդերլանդական ՛՛նեքսիտ՛՛ տեղի չի ունենա: Կանցլեր Մերկելի վերընտրման հավանականությունը թվում է բավաակն մեծ, թեեւ անգամ նրա հիմնական մրցակից Շուլցը հանդես է գալիս եվրոպակենտրոն դիրքերից: Իսկ եթե Հոլանդիայում Վիլդերսի պարտությունից հետո պարտվի նաեւ Մարին Լե Պենը Ֆրանսիայում, ապա Պուծինի մեծ խաղը Արեւմուտքի դեմ կփլվի վերջնականապես: Ահա ինչու եւ ինչպես Էրդողանի անհամփերությունն ու ինքնասիրահարվածությունը խանգարում են ռսական դավադրությանը, որի մասն է նա կոչված կազմել: Բռնապետներին խանգարում են սեփական բարդույթները, քանզի սովորելով սուտ խոսել ու սուտ լսել, նրանք ուշ թե շուտ սկսում են իրենք էլ հավատալ այդ ստերին եւ ընկնում են իրենց փորած փոսը: Սպասենք Նիդերլանդներում ընտրությունների արդյունքներին: Եթե ես ճիշտ եմ, ապա Պուծինը սխալվեց:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply