ԹՐԱՄՓՆ ԸՆԴԴԵՄ ԻՍԼԱՄԻ ԵՎ ԻՍԼԱՄԱԲԱԴԻ

0

ԱՄՆ նախագահ Թրամփի ամանորյա ուղերձները ստացվեցին ընդգծված հակաիսլամական: Սկզբից նա ոչ այդքան հաջող միջամտություն գործեց Իրանում բռնկված անհանգստություններին, ՛՛թվիթերում՛՛ հույս արտահայտելով ապստամբության հակակղերական ընթացքի վերաբերյալ: Անկախ նրանից, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, նման ուղիղ ակնարկներ Արեւելքում ընդունված չեն եւ միայն խանգարում են գործին: Սակայն ժամեր անց Թրամփն անցավ Իրանից էլ ավելի արեւելք գտնվող մի իսլամական պետությանը` Պակիստանին, որը տասնամյակներ շարունակ համարվում էր ԱՄՆ թեեւ խնդրահարույց, բայց կարեւոր դաշնակից: Բավական է ասել, որ Պակիստանը միակ իսլամական պետությունն է, որը պաշտոնապես ունի միջուկային զենք: Եւ ահա հունվարի 1-ին Թրամփը որոշեց գլխիվայր անել Քիսինջերի ժամանակներից եկող ավանդույթը եւ սկզբից հայտնեց Իսլամաբադին նախապես խոստացած քառորդ միլիարդ դոլարի ամերիկյան օգնությունից զրկելու մասին, իսկ հետո նաեւ անվանեց ԱՄՆ-ի քաղաքականությունը Պակիստանի հանդեպ ՛՛մեծագույն հիմարություն՛՛ եւ փողերի վատնում, քանի որ ի պատասխան այդ երկրից գալիս է միայն  աջակցություն ահաբեկչությանը եւ գլխացավանք: Դժվար է չհամաձայնվել Թրամփի այս գնահատականի հետ, սակայն դիվանագիտական ու քաղաքական առումներով նման հայտարարությունները մեղմ ասած անզգուշ են:

Մյուս կողմից, եթե դիտենք իրավիճակը զուտ հայկական շահերի տեսակետից՝ իսկ միայն նման դիրքորոշումն է արդարացված մեր պայմաններում, ապա պետք է տեսնել մեզ համար բավական բարենպաստ զարգացումները: Խնդիրը ոչ միայն Պակիստանի ընդգծված հայատյացությունն է՝ դա եզակի մի երկիր է, որը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունն ի նշան համերաշխության Ադրբեջանի հետ: Իսլամաբադը դեռեւս հետագայում սպանված Բենազիր Բհուտտոյի բերանով էր հայտարարում Հայաստանը ՛՛ոսկոր իսլամական աշխարհի կոկորդում՛՛, այսինքն այս երկիրը քաջ գիտակցում էր մեր պետության աշխարհաքաղաքական կարեւորությունը, ի տարբերություն մեր տեղական ու տնաբուծ ՛՛քաղաքագետների՛՛: Ունենալ նման թշնամի, այն էլ միջուկային զենքով, հաճելի հեռանկար չէ, ուստի մենք պետք է որ շնորհակալ լինենք ամերիկյան պահպանողականների սթափ հոռետեսությանը, որն էլ արտահայտեց այսօր Դոնալդ Թրամփը: Իսկ եթե նկատի առնենք բարեկամական Իրանի արդիականացման միտումները, ավելացնենք դրան հսկայական Չինաստանի եւ Հնդկաստանի ընդգծված համակրանքը Հայաստանի հանդեպ, ապա մեր երկրի դիրքերը զգալիորեն ամրանում են արեւելյան ուղղության վրա: Նման դաշնակիցներով Իսլամաբադը այդքան էլ վտանգավոր չէ Երեւանի համար, ուր մնաց Բաքուն, կամ անգամ Անկարան:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply