ԻՆՉՈՒ՞ ԷՐ ԵԿԵԼ ՀՌՈՄԻ ՊԱՊԸ

0

Սա արդեն պատմություն է եւ վաղը նոր իրադարձություններ, նոր անակնկալներ, նոր սենսացիաներ ստվերելու են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան: Փորձենք եւս մեկ անգամ պատասխանել պարզ ու միամիտ հարցին՝ իսկ ինչու՞ էր նա եկել: Մեծ հաշվով, նա ինքն էր բացատրում պատճառը, մեկ տարուց ավել: Սակայն ամենակարեւոր իմաստը հաճախ խոսքերով չի արտահայտվում, առավելեւս որ այն վաղուց արդեն ասված է ու գրված մարդկության գլխավոր գրքում:
Աստվածաշնչի Ծննդոց գրքի 18-19 գլուխներում հազարամյակներ առաջ էր շարադրված առակը Սոդոմ ու Գոմորի, Աստծո ու Ղովտի մասին:
Լսելով բնակիչների խիստ ու խայտառակ մեղքերի մասին, Աստված որոշեց կործանել Սոդոմն ու Գոմորը, սակայն ականջ դրեց Աբրահամի խնդրանքին պահպանել անմեղներին եւ ասաց. «Եթէ Սոդոմում գտնուի յիսուն արդար, յանուն նրանց ես կը խնայեմ ամբողջ քաղաքը»։ Աբրահամը շարունակում է սակարկել, եւ հասավ համաձայնության, որ անգամ տասը արդար գտնելու դեպքում քաղաքները չեն կործանվելու:
Հիշու՞մ եք, հետո ինչ եղավ…
՛՛Երկու հրեշտակները երեկոյեան եկան Սոդոմ։ Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մօտ։ Երբ Ղովտը տեսաւ նրանց, ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչեւ գետին ու ասաց. «Համեցէ՛ք, տիա՛րք, եկէք մտէ՛ք ձեր ծառայի տունը եւ գիշերեցէ՛ք այստեղ։ Ես կը լուամ ձեր ոտքերը, եւ դուք վաղ առաւօտեան կը շարունակէք ձեր ճանապարհը»…Նրանք ասացին. «Այս քաղաքում դու փեսայ, որդիներ, դուստրեր կամ ուրիշ որեւէ մէկն ունե՞ս։ Հանի՛ր նրանց այս վայրից,
որովհետեւ մենք կործանելու ենք այս քաղաքը, քանի որ սրանց աղաղակը հասել է Տիրոջը, եւ Տէրը մեզ ուղարկել է, որ կործանենք այն»… Նրանք իրար անցան. եւ քանի որ Տէրը խնայել էր Ղովտին, հրեշտակները բռնեցին նրա, նրա կնոջ ու երկու դուստրերի ձեռքերից եւ քաղաքից դուրս հանեցին։ Երբ նրանց դուրս հանեցին, հրեշտակներն ասացին. «Փրկի՛ր անձդ, ետ չնայես, կանգ չառնես այս երկրի որեւէ շրջանում։ Փախի՛ր լեռը, որ միւսների հետ չտուժես»։

Կներեք երկար մեջբորումների համար:Ես միայն ուզում էի բացատրել, թե ինչու էր Հայաստան եկել Հռոմի Պապը: Նա եկել էր հրեշտակի պես զգուշացնելու մեզ, որ այդ Սոդոմն ու Գոմոռը, որում մենք ապրում ենք համարյա մեկ դար՝ շուտով կործանվելու է: Նա եկել էր մեզ փոխանցելու, որ մենք շտապ պետք է հեռանանք, ոչ միայն որդիներով ու դստրերով, այլ ողջ ազգով ու երկրով: Հեռանանք բոլշեւիկ-չեկիստական Սոդոմ ու Գոմորից, փրկվենք Եվրոպական ազգերի ընտանիքում, եւ երբեք ետ չնայենք:

՛՛Տէրը երկնքից ծծումբ ու կրակ թափեց Սոդոմի ու Գոմորի վրայ,
կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց քաղաքների բոլոր բնակիչներին ու երկրի ամբողջ բուսականութիւնը։ Ղովտի կինը ետ նայեց ու դարձաւ աղէ արձան՛՛։

Իմ խորին համոզմամբ՝ սա էր Ֆրացիսկոսի առաքելության իմաստը Հայաստանում: Նա եկավ մեզ վերջին զգուշացումը փոխանցելու, եկավ իբրեւ հրեշտակ, քանզի այս մոլորակում չկա այսօր նրանից առավել բարոյական հեղինակություն ունեցող մարդ: Եւ հենց այս մարդը եկավ Հայաստան փրկելու մեզ, միակ ճիշտ ուղին ցույց տալու: Նրան շարունակ շրջապատում էին Սոդոմի ու Գոմորի ծառաները, փողկապավոր ու սեւազգեստ, ՛՛հրեշտակների՛՛ կեղծ ու սրբապիղծ անվանումներով: Նա լռում էր կամ տխուր ժպտում: Նա նրանց համար ու նրանց մոտ չեր եկել, այլ մեզ մոտ էր եկել: Հասկացա՞նք մենք արդյոք նրա գլխավոր ուղերձը, լսեցի՞նք մենք արդյոք նրա լուռ կանչը:
Եթե չլսենք՝ կործանվելու ենք Սոդոմի ու Գոմորի հետ միասին: Եթե հետ նայենք՝ աղե արձանի կվերածվենք: Առանց այն էլ Հայաստանում շուտով ավելի շատ արձան կմնա, քան մարդ…

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply